Կորոնավիրուսի, այնուհետև ռազմական գործողությունների պատճառով հայաստանյան ընդդիմության գործողությունները պասիվ են, բավարարվում են միայն քննադատությամբ, վերջերս էլ` բավական զուսպ։ Ամառվա արձակուրդային շրջանը ևս քաղաքական գործունեություն ծավալելու բարենպաստ շրջան չէ։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները` մի կողմ, ակնհայտ է, որ այդ դաշտում միավորման լուրջ խնդիրներ կան։ Քաղաքական հայացքները, հավակնություններն ու նախկին տարաձայնություններն անընդհատ խանգարում են` չհարցնելով ո՛չ եղանակ, ո՛չ էլ վիրուսի առկայություն։
Սակայն ընդդիմադիր մի հատված առաջիկայում լրիվ այլ հենքով միավորում է փորձում ստեղծել։ Մեր տեղեկություններով, ձևավորվելու է Ազգային ճակատ, որի հիմնական ուղերձներն առնչվում են ոչ այնքան քաղաքական, որքան ազգային խնդիրներին, հայրենիքի պաշտպանությանը, արժեհամակարգային հարցերին։ Այս հարթակում միավորումը, թերևս, ավելի հեշտ կստացվի, քանի որ քաղաքական պաշտոնների բաժանման, իշխանության մաս դառնալու հարց չի դրվում։ Այս միավորման ակունքում նաև հայտնի ազատամարտիկներ են, պատերազմի բովով անցած տղաներ։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ