Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է

Նիկոլ Փաշինյան. Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը մեր առաջին խնդիրն է
25.10.2020 | 20:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար այս դժվար պահին մեր երկիր այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար:

«Իհարկե, մենք ձեր ներկայությունը և աջակցությունը զգում ենք ոչ միայն այն պահերին, երբ ֆիզիկապես մեր կողքին եք, այլև ձեր գործունեության ընթացքում՝ մեր բարեկամ Ֆրանսիայում գործունեություն ծավալելիս: Նաև ցանկանում եմ գնահատանքի խոսքեր ասել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության վերաբերյալ: Նա առաջին միջազգային առաջնորդն էր, որ այս իրավիճակի մասին խոսեց ճշմարտության լեզվով՝ հստակ արձանագրելով, որ Ղարաբաղի դեմ ծավալված պատերազմում ներգրավված են վարձկաններ Սիրիայից և որ այս պատերազմի հիմնական հրձիգը Թուրքիան է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի նախագահի հետ գտնվում է մշտական կապի մեջ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ վարչապետը նշել է, որ առաջնագծում շարունակում է մնալ լարված: «Ըստ էության, Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը՝ բերելով ամենատարբեր պատճառաբանություններ: Մեծ հաշվով, իրավիճակը հետևյալն է. այն կոմպրոմիսը, որը Հայաստանի համար ընդունելի է լինում, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի: Սա նորություն չէ, և այս իրավիճակը մենք տեսել ենք բանակցային գործընթացում բավականին երկար ժամանակ: Կարող եմ բերել 2011-ի օրինակը, որպեսզի պարզ լինի, որ սա նոր ձեռագիր չէ: 2011-ին, երբ կար հայտնի կազանյան պրոցեսը, Հայաստանի Հանրապետությունը գնացել էր որոշակի փոխզիջումային տարբերակի և կար կարգավորման համաձայնեցված տեքստ, բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ստորագրել՝ ավելի կոշտացնելով իր դիրքորոշումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր նրբություն է: Վարչապետի խոսքով՝ ողջ միջազգային հանրությունն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի փոխզիջումային տարբերակով, ինչը հասկանալի է:

«Փոխզիջում նշանակում է, որ կողմերը պետք է որոշակի ճկունություն ցուցաբերեն իրենց նախնական նշաձողերից, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը որոշակի նշաձողի իր բաժին զիջումն անում է՝ հաջորդ պահին արդեն այդ իրավիճակը սկսում է ընդունելի չլինել Ադրբեջանի համար և նա ավելին է պահանջում: Հենց այս միտումն ու գործընթացն է, որ բերել է պատերազմի: Պատերազմի ընթացքում էլ այդ նույնն է տեղի ունենում, սկսած Մոսկվայի հայտարարությունից: Նաև նախագահ Մակրոնի միջնորդությամբ ձեռք բերվեց համաձայնություն և Ադրբեջանը շարունակաբար ու հետևողական խախտում է հրադադարի պայմանավորվածությունները»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այստեղ էլ շատ մեծ է և վճռական Թուրքիայի դերը, որովհետև ամեն անգամ, երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից ԱԳ նախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ իրենց կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: «Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև ըստ էության կարող ենք ընկալել, որ մարտական գործողությունների ամենաշատը 1/3-րդն է կառավարվում Ադրբեջանի նախագահի կողմից, որովհետև այնտեղ ներգրավված են թուրքական զինվորականներ, ահաբեկիչներ և վարձկաններ, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից, որոնք գտնվում են հենց Ադրբեջանում»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն ավելացրել է, որ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի պատկերացումները շարունակում են մնալ նույնը: «Կարծում ենք, որ հարցը չունի ռազմական լուծում և պետք է գտնենք փոխզիջումային տարբերակ: Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի և նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների և ախորժակի սահմանը: Հետևաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը պատասխանել է ֆրանսիացի պատգամավորների հարցերին, որոնց ընթացքում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների հետ քննարկումներին, Թուրքիայի ապակառուցողական գործելաոճին և տարածաշրջանային նկրտումներին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում Իսրայելի անուղղակի ներգրավվածությանը, հայ ժողովրդի կողմից միջազգային հանրությունից ունեցած ակնկալիքներին: Վարչապետն ընդգծել է, որ հայ ժողովրդի համար կարևոր խնդիր է մնում Արցախի կարգավիճակի հստակեցումն ու ինքնորոշման իրավունքի կիրառումը:


Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանգամանալից քննարկման համար և տեղեկացրել, որ պատրաստվում են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Դիտվել է՝ 1819

Մեկնաբանություններ

28.03.2024