Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին

Բաց նամակ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին
17.01.2014 | 11:10

Ձերդ գերազանցություն
Մենք քաջատեղյակ ենք համաշխարհային գլոբալ և օրեցօր ահագնացող էներգետիկ և էկոլոգիական պրոբլեմներին և հասկանում ենք դրանց վտանգավորության աստիճանը համայն մարդկության համար: Հայաստանը հանդիսանում է աշխարհի այն եզակի երկրներից մեկը, որի քաղաքացիները 1990-ական թվականներին ճաշակել են ռեալ էներգետիկ ճգնաժամի դառը պտուղները, և զարմանալի չէ, որ Հայաստանը, չունենալով բնական էներգառեսուրսների հուսալի պաշար, պետք է առաջինը փորձեր լիարժեքորեն օգտվել արևի աստվածատուր էներգիայից, որի պաշարները, ճիշտ օգտագործման դեպքում, բավարար են բնակչության էներգետիկ կենսունակությունը ապահովելու համար: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի գիտական միտքը սկսեց աշխատել այդ ուղղությամբ, և հատկապես Հայաստանում է, որ պետք է ծնվեր արևային էներգիայի մասսայական օգտագործման կամ հելիոֆիկացիայի ծրագիրը: Իր էներգետիկ անկախության ապահովման համար Հայաստանը, ցավոք, արևից բացի, ուրիշ էներգառեսուրսներ չունի: Այսօր երկրի էներգետիկ կարիքները բավարարվում են բացառապես ներկրվող գազի և միջուկային վառելիքի հաշվին: Մեր կողմից առաջարկվող հելիոֆիկացիայի ծրագիրը համալիր ծրագիր է, որն ընդգրկում է արևային տեխնիկայի առավել էֆեկտիվ DVH-տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի նախագծման, նրանց մասսայական արտադրության կազմակերպման, այլ երկրներ նրանց արտահանման, աշխարհի բոլոր արևոտ երկրներում հելիոֆիկացիայի գործընթացը համատեղ կազմակերպելու հարցերը: Արևային տեխնիկայի մասսայականացման մեր հայկական տարբերակը էապես տարբերվում է այլ երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերից, առաջին հերթին, օգտագործողների համար կիրառվող հելիոհամակարգերի բարձր շահութաբերության, նրանց սպասարկման պարզության, անվտանգության, հուսալիության և այլ տեսակետներից: Բացի ջերմային կամ էլեկտրական էներգիայի առավել էժան աղբյուր լինելուց, այն թույլ է տալիս կազմակերպել շահավետ բիզնես գյուղմթերքների վերամշակման և առողջ սննդի արտադրության համար հատուկ մշակված մոտ 200 լրացուցիչ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Հայաստանի հելիոֆիկացիայի գործընթացի հետ զուգահեռաբար մենք կարող ենք նախաձեռնել հելիոֆիկացիայի գործընթացը աշխարհի այլ երկրներում: Հելիոֆիկացիայի համար անհրաժեշտ արևային տեխնիկայի արտադրությունը կամ հելիոտեխնիկական արդյունաբերության նոր ոլորտը մենք պլանավորել ենք կազմակերպել Գյումրի, Սպիտակ, Վանաձոր և 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած հայկական այլ քաղաքներում` տեղի բնակչության համար ընթացքում լուծելով նաև գործազրկության ցավոտ հարցերը: Հաջորդ քայլում նախատեսում ենք աշխարհի տարբեր երկրներում կազմակերպել հելիոտեխնիկական բազային գործարաններ` տեղական շուկաները սպասարկելու համար: Չստացվեց, մեր սեփական կառավարության անհեռատես քաղաքականության պատճառով հելիոֆիկացիայի մեր ծրագիրը տեղում երկար դոփելուց հետո ձախողվեց, հնարավոր է, որ վերջնականապես: 2013 թ. դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքեց գազօգտագործման մի սադրիչ պայմանագիր, որը, փաստորեն, 30 տարով խոչընդոտելու և տնտեսական լծակներով ամեն կերպ սահմանափակելու և արգելափակելու է Հայաստանում այլընտրանքային էներգիայի լայնամասշտաբ օգտագործման բոլոր փորձերը:
Հասկանալով, որ հելիոֆիկացիայի գործընթացը խիստ կարևոր նշանակություն ունի աշխարհի բոլոր երկրների համար, որ այն համայն մարդկության ճակատագիրն է, մենք առաջարկում ենք հելիոֆիկացիայի գործընթացը սկսել այն երկրներից, որտեղ կստեղծվեն նպաստավոր պայմաններ։ Օրինակ, ՈՒրուգվայից, Ավստրալիայից, Նիկարագուայից, Եթովպիայից կամ ՄԱԿ-ի անդամ այլ արևաշատ երկրներից: Մեր մասնագետները պատրաստ են ցանկացած երկրի իշխանությունների, շահագրգիռ կազմակերպությունների և գործարարների հետ քննարկելու հելիոֆիկացիայի մեր ծրագիրը, տրամադրելու անհրաժեշտ ինֆորմացիա, անցկացնելու շնորհանդեսներ, կազմակերպելու քննարկումներ և ցուցահանդեսներ ցանկացած ֆորմատի հանդիպումների ժամանակ, այդ թվում` 2014 թ. սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի կողմից Նյու Յորքում կազմակերպվող «արևային» սամմիթում: Հավատում եմ, որ ՄԱԿ-ի անդամ երկրների իշխանությունները և աշխարհի առաջադեմ մարդկությունը սատար կկանգնեն երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի մեր ծրագրին` աշխարհի էկոլոգիական և էներգետիկ անվտանգությունը գերադասելով աշխարհի հզորագույն էներգետիկ ընկերությունների կորպորատիվ շահերից: Իմ գիտական խմբի նախաձեռնած 20-ամյա գիտահետազոտական և պրակտիկ աշխատանքների փորձը ցույց տվեց, որ արևի էներգիայի օգտագործման բնագավառում տեխնիկական և տնտեսական բնույթի անլուծելի խնդիրներ չկան: Արևային էներգիայի մասշտաբային օգտագործման բոլոր խոչընդոտները արհեստածին են, հակամարդկային են, եսասիրական են, անբարոյական են, իմպերիալիստական են: Աշխարհում խորացող էկոլոգիական և էներգետիկ խնդիրները, ի վերջո, կստիպեն, որ վերացվեն արևի էներգիայի լայնածավալ օգտագործման դեմ մերթ ընդ մերթ դրվող տնտեսական և քաղաքական բնույթի արգելքները և միահամուռ ուժերով աշխարհի ժողովուրդները կվերացնեն համաշխարհային էկոլոգիական աղետի վտանգը: Աշխարհը աշխարհ է դարձել միայն արևի ուժով, և նրա փրկությունը միայն արևի մեջ է: ՈՒրիշ ճանապարհ չկա: Աստված մեզ այնքան խելք տա, որ այդ իրողությունը գիտակցենք և արևի էներգիայի օգտագործման խնդրում մարդկության համար ավելորդ դժվարություններ չստեղծենք: Միևնույն է` մի ափով արևը չես փակի:


Հարգանքով` Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Դիտվել է՝ 3592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ