ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը գնեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը

«Քոնթուր գլոբալ» ընկերությունը գնեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը
30.01.2014 | 12:48

Ամերիկյան էներգետիկ ընկերությունը 250 միլիոն դոլարով ձեռք է բերել Հայաստանի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների համալիրը։ Այս գործարքը ամերիկյան ամենամեծ ներդրումն է Հայաստանի տնտեսությունում։
Որոտանի հիրդրոէլեկտրակայանների համալիրի գույքի առուվաճառքի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև։
Նյու Յորքում տեղակայված «Քոնթուր գլոբալ» ընկերությունը 180 միլիոն դոլար կվճարի Որոտանի ՀԷԿ-երի համալիրի համար, առաջիկա վեց տարում ևս 70 միլիոն էլ կներդնի համալիրի արդիականացման և վերանորոգման համար։
Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Պայմանագրի ստորագրումից առաջ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Գարի Լիվսլին գոհունակություն են հայտնել գործարքի առնչությամբ և կարևորել նախատեսվող ներդրումային ծրագրերը:
«Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը: «Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահը: Նա գտնում է, որ գործարքը կարող է նպաստել արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն էլ հույս է հայտնել, որ այս գործարքը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
«Քոնթուր գլոբալ» ընկերությունը ունի 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան:

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ