Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մենք առայժմ լուռ լսողի ու մեղմ ժպտացողի վիճակում ենք

Մենք առայժմ լուռ լսողի ու մեղմ ժպտացողի վիճակում ենք
20.10.2015 | 11:11

Նորանկախ Հայաստանի առաջին իսկ օրից քննարկման դրվեց ՀՀ պարենապահովության ու պարենանվտանգության հարցը: Եղան լավատես-պարզամիտներ, ովքեր հայտարարեցին, թե «Ջերմուկ» վաճառելով անգամ կապահովենք երկրին անհրաժեշտ պարենը, իսկ հողի սեփականաշնորհումը Հայաստանը սննդամթերքների առումով ոչ միայն ինքնաբավ կդարձնի, այլև մի բան էլ կարտահանենք: Ավաղ, ոչ մեկը եղավ, ոչ երկրորդն իրականացավ. հայտնվեցինք աշխարհի չորս կողմերից պարեն ու դրա հումք ներկրողի կարգավիճակում, շատ դեպքերում վստահ լինելով, որ դրանց արտադրությունը, պահպանումը, վերամշակումը, բաղադրությունը, սննդային անվտանգության շատ այլ պահանջներ չեն համապատասխանում ցանկալի ու պահանջվող չափորոշիչներին: Ներկրվում է ամեն ինչ` հացահատիկի սերմացու և կարտոֆիլի տնկանյութ, այգեգործության համար ծառ ու թուփ, բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր, շաքարավազի կիսաֆաբրիկատ, երշիկեղենի պատրաստման ամեն ինչ, անգամ մսի փոխարինիչ, կաթնամթերքի ստացման փոշի, զգալի քանակներով հավի, խոզի ու տավարի միս, հատիկազգի բույսեր, սոխ, սխտոր, ստեպղին ¥գազար¤, պահածոներ, հյութեր, մրգեր, բնականաբար նաև արևադարձային մշակաբույսեր: Հասել ենք նրան, որ 2014-ին, ըստ ԱՎԾ-ի, լոլիկի մածուկ արտահանել ենք 347 տոննա, ներմուծել 608 տոննա, կարտոֆիլ համապատասխանաբար 3326 տոննա և 7625 տոննա: Ինչպես չնշես, թե չեք ուզում ձեր լոլիկը մեր ուզած գնով հանձնել, մենք լոլիկի մածուկը հարևան երկրներից կներկրենք: Համանման վիճակ է այս օրերին խաղողի մթերման հարցում: Այս գործընթացը կարծես վերջ չունի: Եթե արևադարձայինի պարագայում այն բացատրելի է, մնացածի առումով որևէ հիմնավոր ու տրամաբանված բացատրություն գտնել հնարավոր չէ: Ասենք, ստեպղին ներկրվում է նաև Իսրայելից, ուր արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարելահողը 1 բնակչի հաշվով հազիվ 350 քառակուսի մետր է, ՀՀ-ի 1600-ի դիմաց, իսկ Չինաստանից ներկրված սխտորի դեպքում այստեղ նշված ցուցանիշը 1000 քմ է: Եվ հարցը, թե ինչու ենք հայտնվել նման վիճակում, հնչում է ինքնաբերաբար:
Այսօրինակ դրությունից խուսափելու նպատակով համաշխարհային տնտեսավարական միտքը պարզ ու հասարակ մի մեխանիզմ է մշակել. գյուղգործունեությունը համակարգող կառույց է հիմնադրել, որը, բնական է, ներդրված է նաև Հայաստանի Հանրապետությունում: ՀՀ գյուղնախարարություն, գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կառույցներ, գյուղգործունեության խթանման ծրագրերի գրասենյակ, ՊՈԱԿ գիտական կենտրոններ, անասնաբուժական ծառայություններ, միջազգային կապեր, համանման այլ մարմիններ: Եվ, այսուհանդերձ, երբ տողերիս հեղինակը մի առիթով ՀՀ կառավարության շենքում իր մտահոգությունը հայտնեց երկրի հիմնավորապես վտանգված պարենապահովության ու պարենանվտանգության առումով, զրուցակից վարչության պետն առանց երկմտելու փաստեց. «Ես էլ եմ գյուղատնտես, սակայն բարձրացված հարցերից ինչքանո՞վ եմ տեղեկացված»: Նշեմ, որ զրույցում իր անզորությունը հաստատող պաշտոնյան որևէ կապ չուներ կառավարության տնտեսական բլոկի հետ: Այսուհանդերձ, հաստատեց, որ ՀՀ գյուղքաղաքականությունը մշակում և իրականացնում է երկրի գյուղնախարարությունը: Արդյո՞ք մեծ զանցանք թե հանցանք թույլ կտամ, եթե կարծիք հայտնեմ, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսական ոլորտի համակարգողն էլ, ասենք, բժշկականի երբեմնի ՈՒՀԱ-ի անդամ է: Այսպես կառավարումը դառնում է սիրողական մակարդակի դրսևորում, խնդիրները դրվում ու դառնում են որոշակի ակնկալիքներից և շահերից ելնելով, գործունեության ցածր արդյունավետության արդյունքում լուծումներ են համարվում հանրության հիմնական մասին ոչ հասու ծառայություններն ու բարձր գները, իսկ այս ամենի հետևանքը, ասենք, տնտեսական անկայուն վիճակը, երբ հավի մսի 5 հազար տոննա արտադրության կողքին 30-35 հազար տոննա` տեղականի կես գնով ներմուծված հավի միս: ՈՒր է թե նման անհանգստություն միայն նշված սննդատեսակի դեպքում ունենայինք: Թե ինչու է յոթ ծովերի հեռավորությունից Հայաստան հասնող կոնկրետ նշված մսատեսակը տեղականի համեմատ այսչափ մատչելի գնահատվում, հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսավարական միտքը որևէ բացատրություն չունի, որը մեր մարդկանց ամենաանհավանական մտորումների է հանգեցնում: Թերևս միակ բացահայտված փաստը հնդկական գոմեշի մսի հետ էր կապված, որն էլ ամբողջությամբ չներկայացվեց հայ հանրությանը:
Ի՞նչ են անում կայացած տնտեսություն ունեցող երկրներն իրենց բնակչության սննդակարգը լավագույնս ապահովելու ուղղությամբ, որը ոչ գյուղքաղաքականություն են համարում, ոչ էլ մի այլ բան: Հողային սահմանափակ թե լիարժեք տարածքներում առաջին հերթին հացահատիկային մշակաբույսեր են աճեցնում, դրանցով բնակչության թվաքանակի հետ որոշակի համամասնություն կազմող կաթնա-մսատու անասնագլխաքանակի կերային լիարժեք բազան են ապահովում, մարդ-արարածին անհրաժեշտ հիմնական կենդանական ծագման սննդամթերքներն ստանում, ապա անցնում սննդակարգի մյուս բաղադրիչներին: Ասվածը հիմնավորեմ համեմատաբար փոքր և մեծ պետությունների օրինակով: Հյուսիսային երկիր Դանիան իր վարելահողերի երկու երրորդն օգտագործում է հացահատիկային բույսերի աճեցման նպատակով, տարին մինչև 8 մլն տոննա բերքը հիմնականում օգտագործում է 1,6 մլն խոշոր եղջերավորի, 12 մլն խոզի, 15 մլն հավի կերային բազան ապահովելուն: Երկիրը միայն խոզի միս արտադրում է 2 մլն տոննա, համաշխարհային շուկայում մրցակցում գերտերությունների հետ: ԱՄՆ-ում հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը հարյուրմիլիոնավոր տոննա է կազմում, երկիրը պահում է 90 մլն խոշոր եղջերավոր, 65 մլն խոզ, 2 մլրդ հավ: Ծանոթացեք Չինաստանի թվերին, ուր մի 25 տարի առաջ պարենային խնդրի պատճառով արգելվեց անգամ երկրորդ երեխայի ծնունդը: 1980-ականներին 1,1 մլրդ բնակչության հաշվով պահվում էր ցածր մթերատու 113 մլն խոշոր եղջերավոր, 240 մլն խոզ և 1,3 մլրդ հավ: Հիմա բնակչությունը 1,3 մլրդ է, նշված անասնագլխաքանակները համապատասխանաբար 115 մլն, 480 մլն և 5,4 մլրդ: Աշխարհում արտադրվող 100 մլն տոննա խոզի մսի 50 մլն տոննան չինական ծագում ունի, որի սպառման արդյունքում է նաև միակուսակցական երկրի իշխանություն-հանրություն հարաբերություններում 1989-ի տյանանմենյան իրադարձություններից հետո բարերար միջավայր տիրում: Երկիրը 2013-ին արտադրել է 205 մլն տոննա բրինձ, 122 մլն տոննա ցորեն և… 218 մլն տոննա եգիպտացորենի հատիկ: Մեկ բնակչի հաշվով բրնձի տարեկան սպառումը 1990-ի 81 կգ-ից 2013-ին իջել է 79 կգ-ի, խոզի մսի սպառումը 20 կգ-ից հասել է 36 կգ-ի:
ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությունը վերջին ցուցանիշի անգամ 10 տոկոսը չի վայելում, թեև խորովածի իշխանահաճո միջոցառումների ցուցադրում ինչքան ուզես: Համանման գործընթաց ՀՀ-ում չի նշմարվում, մեր սննդակարգը շարունակում է պարզ ու հասարակ մնալ, որը մասամբ բավարարելու արդարացմամբ էլ իրավապահ լինի թե զինծառայող, պաշտոնյա թե բուժաշխատող, իր շանսը չի կորցնում… Բայց չենք պահանջում, չէ՞, Դանիայի օրինակով խոզի մսի արտադրություն ծավալել, այլ ընդամենը այդ ցուցանիշի 2 տոկոսից ենք խոսում: Չենք ակնարկում, չէ՞, որ հարկավոր է Իսրայելի օրինակով 550 հազար տոննա հավի միս արտադրել, այլ դրա գոնե 10 տոկոսն ունենալ: Մեկ բնակչի հաշվով 1700 քմ ՀՀ վարելահողային կարողունակություն ունեցող Ավստրիան խոզի միս արտադրում է 600 հազար տոննա, մենք` դրա 1 տոկոսը: Հողազուրկ Սինգապուր երկիրը հավի միս 100 հազար տոննա է արտադրում: Իսկ ահա ըստ ՀՀ կառավարության 2006 թ նոյեմբերի 30-ին հաստատած «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն» փաստաթղթի` 2015-ին արտադրվելու էր 32 հազար տոննա խոզի և 12 հազար տոննա հավի միս, որի անգամ կեսը չի իրականացվել: Կառավարությունն անցած 4 տարիներին երբևէ չի անդրադարձել, թե ինչու չկատարվեցին 2010-ի համար նախատեսված խոզի 25 հազար տոննա և հավի 13 հազար տոննա մսատեսակների արտադրության ցուցանիշները, կամ ինչու է 5 տարվա կտրվածքով գրեթե աննշան աճ նախատեսվել: Սա իսկը ներմուծողների շահերի սպասարկման ցցուն ապացույց է, որն իրականացվում է անգամ Թուրքիայից հավի մսի ներկրման արդյունքում: Շարքային հայաստանցին, հատկապես գյուղաբնակը, հիմնականում երկիրը լքում է ոչ այն պատճառով, որ երկրում գաղջ մթնոլորտ է, այլ որ 40 տարի առաջ գնած «Մինսկ» սառնարանն անջատված է, իսկ ցանկապատի վրայով անցնող գազատարից իր տուն միացում չունի: Նրա կողքով են անցնում նաև կառավարության ֆինանսական աջակցությամբ գյուղհամայնքներում իրականացվող որոշակի ծրագրերը, որոնցում ամրագրված է մի քանի հեկտար հող և ժամանակակից անասնագոմ ունենալու պահանջը: Ահա ինչու թե էլիտար որակվող սերմացուն, թե եվրոպական բարձր կաթնատու կովերը հայտնվում են միայն համեմատաբար կայացած գյուղացիական տնտեսություններում: Միայն տարօրինակն այն է, որ, ասենք, Ավստրիայից գնված, օրը 40 լիտր կաթ տվող կովերն այդպես էլ 7-8-րդ տարում չեն նպաստում ՀՀ-ում կաթնամթերքի արտադրության աճին ու դրա հետ կապված արտադրանքի որակական ու գնային խնդիրների լուծմանը: Մանկությունը գյուղական միջավայրում անցկացրած տասնյակ ծանոթ տանտիրուհիներ ժամանակակից լաբորատորիաներից ճշգրիտ են որոշում առևտրային ցանցի կաթնամթերքի որակը, նախապատվությունը տալով անհատ անասնապահների արտադրանքին, ովքեր հարյուրներով սպասարկում են երևանյան ընտանիքներին: Նրանցից մեկը տողերիս հեղինակին պատմեց, որ յոթ անասնապահական ընտանիքներով պայմանավորվել են օրվա կիթը հանձնել իրենցից մեկին, ով առավոտյան այն թարմ վիճակում հասցնում է իր հաճախորդներին: Մարզն ու համայնքը չեմ նշում, զգուշանալով գյուղնախարարությունից, ուր պատրաստ են այս պարզ գործընթացը կոոպերատիվ հռչակելու և իրենց օգնությունն առաջարկելու: Նման քայլ, օրինակ, համարվում է արոտավայրերում խմոցների ստեղծումը, երբ երկիրն առավել շատ մսատու անասնապահության ճյուղի կայացման կարիքն ունի: ՀՀ-ում ժամանակակից սպանդանոցներ են կառուցվել, որտեղ տարվա ընթացքում գոնե մեկ մորթ չի իրականացվում, անասնապահն իր կենդանուն սպանդի է ենթարկում, երբ վարկի փակման հարց ունի, կամ երիտասարդների ուրախության կազմակերպման հազվադեպ առիթ:
ՀՀ քաղաքացուս այսօրինակ մտահոգություններին 2013-ին տեսեք ինչ է պատասխանել ՀՀ գյուղնախարարը: «Նախարարությունը գնահատում է ձեր մտահոգությունը գյուղատնտեսությունում առկա խնդիրների վերաբերյալ, ձեր փորձն ու գիտելիքները ի նպաստ գյուղատնտեսության զարգացման ու գյուղի բարօրության ներդրման պատրաստակամությունը, սակայն համամիտ չէ ձեր այն կարծիքին, որ նախարարությունը պատրաստակամ չէ լուծելու երկրի պարենային անվտանգության ապահովման խնդիրը և ցուցաբերում է անտարբեր վերաբերմունք: Ինչ վերաբերում է առաջիկա 1-2 տարիներին հանրապետությունում խոզի մսի արտադրության ծավալները 80-100 հազար, հետագայում 150-180 հազար տոննայի հասցնելու խնդրին, ապա հայտնում եմ, որ խոզի մսի արտադրության նման ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան գլխաքանակ և անհրաժեշտ քանակի խտացրած կերեր, որի հնարավորությունն այսօր հանրապետությունը չունի: Խոզի մսի արտադրության նման ծավալների ապահովումը մոտակա տարիների համար կարծում ենք ոչ իրատեսական, քանի որ 80-100 հազար տոննա մսի արտադրության համար, անգամ եթե 1 խոզամայրի հաշվով արտադրվի 1,5 տոննա միս, պետք է ունենալ 55-66 հազար խոզամայր, իսկ 150-180 հազար տոննա մսի արտադրության համար 100-120 հազար գլուխ խոզամայր, մինչդեռ այսօր հանրապետությունում խոզամայրերի գլխաքանակը կազմում է ընդամենը 23 հազար գլուխ»:
Սույն մտահոգության հեղինակս անշուշտ կցանկանար ոլորտի դրական զարգացումների վրա կանգ առնել: Ավա՜ղ: ՀՀ գյուղատնտեսությունում հարցերն ու խնդիրներն անչափ շատ են և լրագրային հոդվածում հնարավոր չէ դրանց որոշակի մանրամասնությամբ անդրադառնալ: Այսուհանդերձ առանձնացնենք, որ գյուղքաղաքականություն որակվող գործընթացը հարկ է նպատակաուղղել հումք արտադրողներին փոքր ու միջին գործարար դարձնելուն, այլ ոչ նրանց արտադրածը չնչին գներով վերամշակողների ձեռնարկություններին հանձնելուն: Հաճելի զգացում եմ ապրում, երբ կաբելային հեռուստատեսության ընձեռած հնարավորության շնորհիվ «Խցւվÿ-TV»-ի հաղորդումների միջոցով ծանոթանում եմ աշխարհի տարբեր երկրներում 1-2 հեկտար հող կամ մի քանի կով ունեցողների կողմից սեփական հումքով արտադրության ծավալմանը, դիտում մառաններում տոննաներով ու դեկալիտրերով արտադրանքը, գյուղաբնակի բարվոք ու գրավիչ կենցաղը: Մարդ-արարածի մեր տեսակից ոչնչով չտարբերվելով, նրանք, թվում է, այլ հատկանիշներով են օժտված, ինչ-որ գերունակություններով, որը նրանք շատ հաճախ հայերիս մեջ են տեսնում:
Մենք առայժմ լուռ լսողի ու մեղմ ժպտացողի վիճակում ենք:


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ