Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Լումաներ

Լումաներ
26.01.2018 | 10:54

ԾԵՐ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ


Առաջին աշխարհամարտը` հայ ժողովրդի ողբերգության սկիզբը, առաջ բերեց նաև մարդասիրական համերաշխության, խղճի զարթոնքի մինչ այդ չլսված, աներևակայելի դրսևորում: Ցեղասպանությունից փրկված հազարավոր գաղթականներին, որբերին ֆինանսանյութական օգնություն ցուցաբերեցին ինչպես Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի կառավարություններն ու հասարակական կազմակերպությունները, այնպես էլ ազգակիցներն իրենք: Ստեղծվեց ներազգային համախմբվածության մի նախանձելի իրավիճակ, երբ մերձավորին օգնության ձեռք մեկնելը, կարեկցանքը դարձան կենսակերպ: Դա առաջին հերթին արտահայտվեց ինքնակամ դրամական նվիրաբերություններով, որոնց մասնակցեցին առանց բացառության աշխարհի բոլոր այն բնակավայրերը, որտեղ կային հայեր:
Այսպես, Սբ Էջմիածնում, ուր ապաստան էր գտել գաղթականների մի հոծ զանգված, 1915 թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 30-ը ստացվեց 95938 ռ. 21 կոպեկ դրամական օգնություն: Ամենախոշոր նվիրատվությունը կատարել էր Պողոս Նուբար փաշան` 15000 ռուբլի: Բայց ընդհանուր գումարում կար մեկը, որի մասին կուզեմ պատմել: Արդեն տևական ժամանակ ձեռքիս տակ է մի փաստաթուղթ, որը ստեպ-ստեպ կարդում եմ և հուզվում…
Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսն ստացավ այսպիսի մի հեռագիր. «Վեհափառ Տէր: Ինքս 70-ամյա մի պառաւ և աղքատ կին եմ, մեր ազգի տառապանքները ինձ անչափ ցաւ են պատճառում, բայց ձեռքովս ոչինչ անել չի գալիս: ՈՒստի իմ մէջքով 300 կուժ ջուր կրելով և վաճառելով, ստացել եմ 3 ռուբլի (կուժը 1 կոպէկով), որը ուղարկում եմ Ս. Օծութեանդ, խոնարհաբար խնդրելով գործադրել ըստ Ձեր բարեհայեցողութեան:
Թամարա Խաչատրեանց
19 հոկտեմբերի 1915 ամի
Շուշի»:


«Արարատ» ամսագիրը մասնավորապես այսպես բնութագրեց. «Մի աղքատ կին, Աւետարանի աղքատ այրի կնոջ ճշմարիտ պատկերով հայ ժողովրդի տառապանքների մասին այս ճգնաժամին հանդէս է գալիս և բուռն ցանկութեամբ ինքն էլ կամենում է մասնակցել և ամոքել նորա ծով վշտերը գոնէ ամենանուազագոյն չափով: Բայց որպէսզի կարողանայ թեթևցնել ուրիշների տանջանքները` նախ ինքն իրեն ենթարկում է տանջանքների, որոշում է երեք հարիւր անգամ կուժը առնել գնալ աղբիւրը` մոռանալով իւր ծերութեան ցաւերը, և երեք հարիւր անգամ էլ ծեծելով ուրիշների դռները` վաճառել 300 կուժ ջուրը, ժողովել երեք ռուբլի և դնել ազգային թշուառութեան սեղանի վրայ, որ գուցէ դորանով կարողանայ ամոքել մէկի վիշտը, սրբել մէկի արտասուքը: Սա մի այնպիսի գեղեցիկ օրինակ է, որ շատ շատերի համար խրատական կարող է լինել:
Մեր կարծիքով 70-ամեայ պառաւ կնոջ տիպն աւելի վեհ է, քան Աւետարանի աղքատ կնոջ: Աւետարանի աղքատ այրին, ճիշտ է, ձգել է գանձանակ իւր ամբողջ ունեցուածքը` երկու լուման, իսկ 70-ամեայ պառաւ կինը ոչ թէ պատրաստին է տալիս, քանի որ ոչինչ չէ ունեցել, այլ իւր ազգային գնահատելի զգացմունքները հանդէս բերելով հանդերձ` իւր կորացած ու ծերացած մէջքով երեք հարիւր անգամ կժով ջուր է կրում, ձեռք բերում երեք ռուբլին և ուղարկում Հայոց Հայրապետին, որպէսզի Վեհափառն էլ իւր բարեհայեցողութեամբ գործադրի թշուառների համար այդ երեք լուման:
Եօթանասունամեայ պառաւ կնոջ ուրուականը պէտք է հետևի մեր այն հարուստ տղամարդկանց և կանանց, որոնք մոռացած ներկայիս ազգային տառապանքները` զլանում են որևէ կերպ օգնել մեր թշուառներին, զլանում են ամենափոքրիկ չափով անգամ բաժին հանել իրենց ունեցուածքից այդ խեղճերին»:
Անձամբ ինձ համար Պողոս Նուբար փաշայի և Թամարա Խաչատրյանցի նվիրաբերած գումարները նույն արժեքն ունեն, քանզի երկուսն էլ ազգ էին փրկում, ամեն մեկն իր չափով: Բայց խիստ մտահոգում է մեկ այլ հանգամանք` երբվանի՞ց մեկմեկու նկատմամբ դարձանք այդքան անտարբեր։
Հավելեմ միայն, որ շուշեցի ծեր կնոջ գումարն ամենանվազը չէր, ամենափոքրը Վերնի (ներկայիս Ալմաթի) քաղաքի 1-ին մասի պրիստավի ուղարկած 1 ռուբլին էր: Հա՞յ էր այդ մարդը, թե՞ այլազգի, չգիտեմ:

«ՄԱՐԴՈՑՄԵ ՀԵՌՈՒ, ԲԱՅՑ ԱՍՏՈՒԾՈ ՄՈՏԻԿ»


Հարություն Պողոսի Պեզճյանի (1771, Կ. Պոլիս - 1834, Կ. Պոլիս) մասին շատ եմ գրել, այդ թվում մի ամբողջ բաժին եմ հատկացրել «Հայրենիքս անձէս աւելի կը սիրեմ» էլեկտրոնային գրքում: Հիշեցնեմ միայն, որ կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների՝ վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից 1825-1834 թթ. դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ դրամահատարանի տնօրենը։ Բայց իր դիրքն օգտագործեց ազգին ու եկեղեցուն անմնացորդ ծառայելու համար. կառուցեց եկեղեցիներ, վարժարաններ, հիմնեց Սբ Փրկչյան ազգային հիվանդանոցը, Պոլսո պատրիարքի միջոցով բազմիցս դրամական նվիրատվություններ կատարեց համայնքին։
Միով բանիվ, ես նրան համարում եմ արևմտահայության Ալեքսանդր Մանթաշյանցը:
Այսօր առաջին անգամ հրապարակում եմ նոր դրվագ այդ մեծ ազգակցի կյանքից:

Ամեն օր Պոլսո մուրացիկները կանգնում էին ամիրա Հարություն Պեզճյանի ճամփի երկու կողմերում և օրհնության խոսքեր մրմնջում` վստահ նրա առատաձեռն գթասրտության վրա: Ամիրան, իրոք, սիրում էր ողորմություն բաժանել: Թեպետ գիտեր, որ այդ մուրացիկներից շատերը խաբեբաներ են` կեղծ հաշմանդամներ, ձեռնատներ ու թշվառ ձևացողներ, բայց տարբերություն չէր դնում իսկականների ու խեղճերի միջև: Սարսափելի զայրանում էր միայն, երբ տեսնում էր կույր ձևացողի, որովհետև առանձնակի համակրանք էր տածում կույրերի նկատմամբ` նրանց համարելով Աստծո ընտրյալներ:


Մի իրիկուն Ենի գաբուի իր շեն տան պատուհանի մոտ ամիրա Փիշմիշյանի հետ նստած է լինում, երբ նկատում է փողոցով անցնող մի կույր մուրացիկի, որը ձեռնափայտը քարերին զարնելով` տխուր ու հոգեհմա երգ էր ձայնում:
-Փիշմի՛շ,- ասում է Պեզճին,- հեղ մը սվոր նայե և եթե կրնաս` մի՛ փղձկիր:
Փիշմիշ ամիրան հայացք է նետում մուրացիկին ու ժպտում:
-Ինչու՞ ժպտեցար,- հարցնում է Պեզճին:
-Որովհետև կեղծ է,- պատասխանում է Փիշմիշը:
-Կե՞ղծ… Վա՜յ, կաթնավեր…
Ապա մուրացիկին բերել է տալիս, որն իրոք կուրությունը կեղծում էր, մի լավ գանահարում, հետո փառավոր հացկերույթով պատվում և ասում.
-Մեյ մըն ալ քեզ կույր ձևացած չտեսնեմ, կլսե՞ս: Մարդ խաբելու միջո՞ց կպակսեր, որ Աստուծո ընտրյալները կկեղծես…
Եվ «կույրի» ձեռքի մեջ մի բուռ դրամ է դնում` գավազանի հարվածները մոռացնելու համար:
Երբ մուրացիկը հեռանում է, Փիշմիշը Պեզճիին հարցնում է.
-Ամիրա՛, իրա՞վ կույրերը Աստուծո ընտրյալներն են:
-Հապա՞,- պատասխանում է Պեզճին,- Աստված աչքերնուն լույսը առեր է, որպեսզի մեզի պես մեղավորներու թերությունները չտեսնեն: Մարդ մարդու սատանա է, չե՞ս գիտեր, մարդիկ իրարու նայելով կմոլորին: Երևակայե կույրին երանությունը, որ ոչ մեկ ծուռ բան կտեսնե: Ասոր համար արդեն կույրերը մարդոցմե հեռու, բայց Աստուծո մոտիկ կըլլան…

ԴԺԲԱԽՏ ՏԵՍՈՒՉԸ


Վանի ամենապատվարժան քաղաքացիներից մեկը Համբարձում Երամյանն էր, ով ավելի քան 30 տարի իր անունը կրող ծաղկյալ դպրոց էր հիմնել: Վանեցիների մի քանի սերունդ նրա շնորհիվ կրթություն էին ստացել ու նյութական փայլուն դիրքի հասել: Բայց քչերը գիտեին, թե նա ինչպիսի դժվարությամբ էր պահում դպրոցը, վճարում ուսուցիչների ամսականները: Իսկ պահում էր պարզապես ինքնազոհողությամբ` տունը, կահ-կարասին գրավ էր դրել, տոկոսով փող առել, որ կանգուն մնա Երամյան վարժարանը:
Երբ վրա հասավ պարտքերը մարելու ժամկետը, ուսուցչապետը հայտնվեց անելանելի վիճակում: Ոչ ոք չօգնեց, անգամ հարյուրավոր շրջանավարտները: Եգիպտոսում ապրող մի հարուստ վանեցի, տեղեկանալով դպրոցի անմխիթար իրադրության մասին, 300 օսմանյան ոսկի տրամադրեց, և ժամանակի մամուլը լայնորեն թմբկահարեց այդ փաստը, փառաբանական խոսքեր շռայլեց: Բայց ոչ մեկը ձայն չհանեց, երբ «բարերարը» մի ձեռքով տվեց, մյուս ձեռքով հետ առավ փողը` տեսուչին թողնելով ծանր պարտքի տակ, իսկ վարժարանը` փակվելու վտանգի առաջ:
Կասեք` զարմանալի բան չկա, անհատական ազգանվիրումի ու կոլեկտիվ երախտամոռության սովորական պատմություն է: Արտառոցը, սակայն, այն էր, որ Համբարձում Երամյանը կույր էր…

Կ. ՊՈԼՍԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԵՐԹԸ ԵՎ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԸ


1909-1910 թթ. Թուրքիայի մայրաքաղաքում լույս էր տեսնում «հՑՈՎոցսՖրՍՌպ վՏՉՏրՑՌ» («Ստամբուլի նորություններ») շաբաթաթերթը` Կ. Պոլսի միակ ռուսական տպարանում: Նպատակն էր «Ռուսաստանի և Թուրքիայի միջև մշակութային ու տնտեսական կապերի փոխշահավետ զարգացումը»: Խմբագիրն էր ռուսահպատակ դիվանագետ ու հրապարակախոս Ջելալ-էդ-դին Կորկմասովը, որի միջոցներով, ինչպես նաև այլ անձանց դրամական նվիրատվություններով էլ թերթը հրատարակվում էր: Ջ. Կորկմասովը դիմեց ռուսական կառավարությանը, խնդրելով թույլ տալ, որ թերթն առանց մաքսատուրք վճարելու մուտք գործի Ռուսաստան, սակայն վարչապետ Պ. Ստոլիպինը մերժեց. նյութերի մասնագիտական վերլուծությունը պարզել էր, որ թերթը վարում է «պանօսմանական քարոզչություն»: Մյուս կողմից, խմբագրական քաղաքականությունը չէր համապատասխանում երիտթուրքերի քաղաքական ու քարոզչական պահանջներին, ինչը հանգեցրեց ճնշումների: Այս ամենը պատճառ դարձավ, որ 33 համար հրատարակվելուց հետո «Стамбульские новости»-ն 1910 թ. հունիսի 13-ին փակվի:


Սակայն թերթն իր կարճ կյանքի ընթացքում «հասցրեց» անդրադառնալ հայ մշակույթին, մասնավորապես` թատրոնին: 1909 թ. համարներից մեկում «Կ. Պոլսի թատրոնները» հոդվածում Ծ. հ-Ռռ ստորագրությամբ հեղինակը գրեց. «Թատրոն բառի բուն իմաստով, որպես դրամատիկական արվեստ, Կ. Պոլսում գոյություն չունի: Բացի տիկին Սիրանույշի հայկական թատերախմբից, մյուս բոլոր ներկայացումները ծառայում են լոկ զվարճությանը և ստիպված հարմարվում ժողովրդի ճաշակին, ինչպես սովորաբար լինում է մշակութապես հետամնաց երկրներում:
Դրամատիկական արվեստում առաջնության դափնին անկասկած պատկանում է այդ տաղանդավոր հայ դերասանուհուն` իր համակրելի թատերախմբով: Տիկին Սիրանույշը շարունակում է ավանդույթները այն հայ դերասանների, որոնք Թուրքիայում դրամատիկական արվեստի հիմնադիրները եղան: Հայերն են հիմնել առաջին թուրքական թատրոնը, որի սկզբնական դերասանական խմբերը կազմված էին բացառապես հայերից: Առհասարակ հայերը Թուրքիայում ներկայանում են որպես բարձր քաղաքակիրթ տարր, նրանք այդ երկրին տվել են բազմաթիվ բանաստեղծներ, նկարիչներ, ճարտարապետներ ու դերասաններ»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ