Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախաբոլշևիկյան Երևան

Նախաբոլշևիկյան Երևան
02.02.2018 | 04:38

1916 թ. տպագրված Լեռ Կամսարի (Արամ Թովմաղյան, 1888, Վան-1965, Երևան) այս ստեղծագործությունը վերահրապարակելիս չէի կարողանում ձերբազատվել այն մտքից, թե շփվում եմ ժանրի արևմտաեվրոպական կամ ռուս դասականի: Քանզի երիտասարդ հեղինակին հաջողվել է ստեղծել անմեռ կերպար:

Լեռ Կամսար
ԽԱԶԷԻՆ ՄՈՒԽԱՆ
(ֆելիետոն)
Երբ ան իր սովորական այցելութեան ժամանակ մահճակալիս մօտ նստած կը լռէ, շատ անգամ մտքէս անցած է. «Արդէօք եթէ օր մը քակեմ այս մարդու կազմուածքը, պիտի յաջողե՞մ կրկին վերաշինել զայն»: ՈՒ միշտ ալ անկարելի գտած եմ այս ինչու որ բնութիւնը անոր կազմուածքին ատաղձը մինիմումի հասցուցած է: Իրաւ է անցելոյն մէջ Քրիստոսը Երուսաղէմին տաճարը խօստացեր է քակել և երեք օրէն շինել, և ներկայիս մէջ դերձակ մը կրնայ տափատ մը քակել ու վերաշինել, սակայն պարզ է, որ նորակառոյց տափատը կամ տաճարը միշտ բան մը փոքր կուգայ իր նախապատկերէն: Թէև, հարկաւ դարձեալ կրնայ իր մկրտութեան անուն` «տափատ»-ը պահպանել: Միայն, գուցէ «փոքր տափատ» մականունով ինչպէս աշխարհագրութեան մէջ «փոքր Հայք», «փոքր Ասիա» և այլն:


Բայց դուն եկուր սա նայէ, որ խազէինս իր երկրորդ շինութենէն վերջ կրնայ նոյն իսկ իր մարդ կոչումէն զրկուիլ, վասն զի տեսնելով այդքան պզտիկ մարմին մը, ոչ մի կենդանաբան պիտի զիջէ զայն «մարդ» կոչել, իր սեռին այլասեռումն ի նկատի ունենալով: Բայց հարկ է մեզ սուբեկտիւ դատողութիւններ մէկդի թողուլ և օբեկտիւ ուսումնասիրութեամբ միայն առաջ ընթանալ:
Աղէկ չեմ յիշեր աշխարհագրագէտները երկիրը ուսումնասիրելու ժամանակ հիւսիսայի՞ն թէ հարաւային բևեռէն կըսկսին: Ըստ իս, որ բևեռէն ալ սկսելու ըլլան, ճիշտ բևեռային կէտի մասին լռութեամբ պիտի անցնեն, իբրև գիտնականաց համար անհասանելի տարածութիւն մը: Ես ալ նմանապէս եթէ սկսելու ըլլամ նկարագրել խազէինս, անոր հիւսիսային բևեռէն` այսինքն մարդակազմօրէն ըսած, գլուխէն պիտի սկսիմ, բայց գագաթէն սկսեալ բաւական տեղ լռութեամբ պիտի անցնեմ, մինչև հասնեմ անոր ճակատին կէսերը, ուր հասարակային գիծերու նման կը խտանան արևելքէն արևմուտք երկարող կնճիռներ. անկէ դէպի հիւսիս մշտական աշխարհի սահմանները ըլլալով, ցարդ ուրիշների աչքերն չեն կրցած բարձրանալ անոր գլուխն ի վեր: Իրաւ, տարիներ շարունակ ապրելով խազէինիս տանը, ոչ մէկ անգամ տեսած եմ զանի գլխաբաց, անանկ որ տրադիցիային հիմունքով միշտ կարծած եմ, որ անոր գլխարկը անոր մարմնին մէկ զգայարանքը կը կազմէ և անբաժան է գլուխէն: Չի կարելի երևակայել զայն առանց գլխարկի, ճիշտ այնպէս, ինչպէս տուն մը առանց առաստաղի: ՈՒ… եթէ օր մը տունէն ներս մտած պահուս ան դէմս ելլէ առանց գլխարկի, պիտի ներողութիւն խնդրեմ, որ օտար տուն մըն եմ մտեր և հարցնեմ միաժամանակ. «Ներողութիւն, որտեղ կը գտնուի խազէին Մուխանի տունը»:


Խազէին Մուխան Միխակեանցը բաղկացած է գլուխէ, իրանէ և զոյգ մը վերջավորութիւններէ, որոնցմէ իրանն ու վերջավորութիւնները մինչև կրունկը հասնող արխալուղին հովանոյն տակ կազմած են մէկ դաշնակցական հատուած և գլուխին հետ յարաբերութիւն կը պահպանեն Մուխանի պարանոցին միջոցաւ: Մուխանը ապրած ըլլար մարդակերութեան շրջանին, իբրև պասուց նիւթ, պիտի ուտուէր նոյն իսկ Մեծն պահոց սրբազան օրերին, առանց ամենաչնչին մեղք մը աւելցնելու մեղաց տոպրակին մէջ: Եթէ ըստ մասանց բանի քննելու ըլլանք Մուխանին, պիտի մարդաբանական դերանուն կոչենք զայն, իբրև մարդուն տեղ դրուող էակ մը և հոլովենք իր համապատասխան դերանուանց կարգին: Անոր դէմքին վրայ կաշին ու ոսկորը կը միանան իրարու առանց շաղկապի մը, կամ ինչպէս հասարակօրէն կըսուի, առանց մկանի: Տիրող երևոյթը Մուխանի դէմքին վրայ անոր ոսկրացած քիթն է, որ երկարելով որոշուած սահմանէն վար, խիստ հսկողութեան տակ է առեր բերանը, ատոր պատճառով է անշուշտ, որ բերանը այնքան սակաւախօս ու զգուշաւոր է դարձեր: Օրական միայն երեք անգամ կը բացուի բերանը, պատշաճաւոր իշխանութեանը թոյլտւութեամբ, ըսելու համար իր աղախնին. «Զապէլ, հաց շինիր» կամ «Զապէլ, հաց չե՞ս շինի», բերանին մէջ լինդերը պարպուած փամփուշտակալներու կը նմանեն, անանկ որ ծամելու ատեն թուշը ներկայացնող կաշին տեղատւութեան և մակնթացութեան մէջ կիյնայ ու մերթ ալ անանկ թափով մը կուլ կերթան թուշերը, որ պահ մը նորէն ետ գալու յոյսդ իսպառ կը կտրի սիրտէդ: Խազէին Մուխանի աչքերը դէմքին վերաբերմամբ չեզոք դիրք մը բռնած են: Եւ երբ Աստուած ստեղծագործութեան ժամանակ հրամայած է ջուրերուն փոս տեղերը անցնել, կերևի այս հրամանը իրենց մասին կարծելով է, որ բիբերը գլորուել բուն են դրել Մուխանին խոռոչներուն մէջ ու «աչք» կոչուել: Միակ նկատելի հարթութիւնը Մուխանին երեսին վրայ անոր արևակէզ ճակատն է, որու տարածութիւնն ի նկատի ունենալով, ամենայն իրաւամբ զայն Մուխանի անապատ կը կոչեմ: (Չըշփոթել, կաղաչեմ, Մուղանի անապատին հետ): Ժպիտը անսովոր բան է խազէինի դէմքին վրայ, վասնզի այնպիսի գործողութիւն մը որպիսին է ժպիտը, կը պահանջէ դէմքին վրայի բոլոր զգայարանաց միահամուռ գործակցութիւնը, որը կը բացակայէ: Բայց բոլորովին չէ, չի կարելի ըսել, կը պատահի, որ ան տարուայ մէջ մէկ անգամ կը ժպտի… ու ժպիտին պատճառը, գէթ սա վերջին տարիներս, միշտ ալ դրացիին հաւն է եղեր, որ վեհանձնաբար Մուխանին հաւնոցին մէջ ածեր է: Կը յիշեմ առաջին ժպիտը, այդ հազար ութը հարիւր… չեմ գիտեր քանիին էր, վերջապէս ռուս-թրքական պատերազմէն ետքը պատահեցաւ: Բայց գիտնալու էք, որ ուշ եկող ժպիտը ուշ ալ կանհետի: Եւ իրաւ, դիտուած է ժպիտներ Մուխանի երեսին վրայ, որ ամբողջ օր մը մնացած են: Տարուած ըլլալով իր միտքերով խազէին կը մոռնայ յաճախ առաւօտեան սկիզբ առած ժպիտը վար առնել երեկոյին: ՈՒ կը մնայ ժպիտը Մուխանի երեսին վրայ այնպէս, ինչպէս օր մը առաջ ներկայացուած թատրոնի մը աֆիշը փողոցին որմին վրայ: Խազէին Մուխանին ժպիտը ինքնըստինքեան շատ բարդ կազմութիւն չունի: Զոյգ մը կնճիռէ չակերտներ վարէն օգնութեան կը փութան դէպի վեր անծանօթ ուղղութեամբ մը: Ընչացքը, յանկարծակիի եկած, իւր ինչ ընելիքը չիմանալով, մեղմիկ կերերայ վերին շրթունքին վրայ, իսկ քիթը կը տարակուսի իր համաձայնութիւնը յայտնելու կատարուած իրողութեանը մասին: Կատարեալ ֆուտուրիստ մը ըլլալու է մէկը, որ կարողանայ երևակայել թէ սա մարդը ժամանակ մը երեխայ է եղեր, ունեցեր է կլոր թուշեր ու փոքրիկ քիթ, պտտեր է գլխաբաց ու մանաւանդ կծեր է մայրիկին մատը, կծեր…


Ահա այն բոլորը, ինչ որ կարելի է ըսել խազէին Մուխանի ժպիտի մասին:
Հիմա դառնանք անոր կաբային: Կաբան այն է Մուխանին համար, ինչ որ կեղևը ծառին: Կեղևին պէս պինդ գրկած է իր բունը, անոր պէս թանձր և անանկ սեղմ կաղապարուած անոր մարմնին վրայ, որ եթէ զայն լեցնելու ըլլանք ոևէ կաւանիւթով կամ բրոնզէ հալուածքով, դուրս կուգայ ոչ այլ ոք, եթէ ոչ` խազէին Մուխան: Երբ գիշերները Մուխանը կը փոխադրուի կաբայէն յանկողին ու պատէն կը կախէ կաբան, մատներովդ պիտի փորձես անպատճառ, համոզուելու համար, որ բնակութիւն չկայ հոն: ՈՒ կը կարծէս թէ կաբային բովանդակութիւնը քանի մը րոպէով միայն դուրս ելաւ նորէն վերադառնալու համար: Ճիշտ այնպէս, ինչպէս կրիան մի քանի րոպէով փորձէ դուրս գալ իր ամանէն: Մուխանին կաբան փոխանակ հիննալու, մաշուելու, ընդհակառակն կը զարգանայ ու կը նորնայ, վասնզի կերակուրի ժամանակ ոչ պակաս սնունդ կառնէ, քան ինքը խազէինը: Կարելի է առանց հմուտ քիմիագէտ մ’ըլլալու ամբողջ տարուան մը ճաշացուցակը հանել Մուխանին կաբային առաջամասը ենթարկելով թեթև քիմիական վերլուծութեան: Անանկ որ անկարելի է դարձեր խազէին Մուխանի համար ընդարձակ պատառ մը բերան տանել, առանց անոր համառօտագրութիւնը կաբայի սրտին վրայ դրոշմելու:


Չեմ յուսար որ այսքան տեղագրական ծանօթութիւնք բաւական համարուի փողոցին մէջ քալած ատեն զայն ճանչնալու համար: Ապա ուրեմն պիտի ըսեմ ձեզ և այս.
-Անծանօթ օտարական, եթէ քեզի պատահի Երևան մտնել և մայթին վրայ հանդիպի քեզի մարդ մը, որուն հաւասարակշռութիւնը կը պահպանեն իր երկու կողմը գտնուած գրպանները իրենց հաւասարաչափ բովանդակութեամբ, ու եթէ մէկ գրպանէն քանի մը մսխալ ծանրութիւն հանելու պարագային անոր ձեռքին գլորուելու վախը զգաս` գիտցիր որ ան է քո փնտրածը: ՈՒ մի վարանիր մօտենալ ու ըսել կարօտակէզ. «Բարև, խազէին Մուխան, քե՜ֆ, հա՜լ…»:

ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ


1902 թ. Այրարատյան նահանգի Կոտայքի գավառի գլխավոր քաղաք Երևանն ուներ 29 հազար բնակիչ, որի կեսը հայ էր, մյուս կեսը` թուրք, ռուս և այլազգի: Նախկին ծուռումուռ քուչաների փոխարեն բացվել էին լայն, ուղիղ փողոցներ` երկու կողմերում տնկված ծառերով: Ջերմի ու տենդի բուն հանդիսացող քաղաքամերձ ճահիճները ցամաքեցրել էին ու կառուցել գեղեցկատես քարաշեն տներ: Պատրաստ էր երկաթուղին, որով Երևանը կապվել էր Ալեքսանդրապոլի ու Թիֆլիսի հետ: Քաղաքում չկային ձիաքարշ, հեռախոս և էլեկտրական լուսավորություն:
Թե քաղաքում և թե շրջակա գյուղերում մեծ քանակությամբ արտադրվում էին բամբակ, բրինձ, ցորեն, գարի և խաղող. վերջինից պատրաստում էին հարյուրավոր տակառ գինի և օղի: Վաճառականությունը բավական զարգացած էր և գտնվում էր հիմնականում հայերի ձեռքում, թեպետ վերջին տարիներին այստեղ հաստատվել էին նաև օտար դրամատերեր:
Արտադրական ձեռնարկությունների թիվը խիստ սահմանափակ էր: Փոխարենը բավական լավ վիճակում էր կրթությունը, Երևանում գործում էին հայոց թեմական հոգևոր դպրանոցը, ռուսական արական և իգական գիմնազիաները, ռուսաց ուսուցչական սեմինարիան, քաղաքային Պուշկինյան և մի քանի այլ ուսումնարաններ:


Հայերն ունեին 7 եկեղեցի, թուրքերը` 7 մզկիթ, ռուսները` 1 եկեղեցի, և հրեաները` 1 սինագոգ: Փողոցներից ամենանշանավորը Աստաֆյանն էր, որ ձգվում էր հյուսիսից հարավ` քաղաքի ամբողջ երկայնքով:
Երևանի «տեսարժան» վայրերն էին Թոխմախ գյոլ արհեստական լճակը, Մամռի ջրանցքը, Դալմա (ծակած) ջրանցքը, Զանգվի կամուրջը և Սարդարների պալատը: Քաղաքը զբաղեցնում էր 3649 դեսյատին (1 դես. = 1,09 հա) կամ 35,03 քառակուսի վերստ տարածք:
Այժմ տեսնենք, թե երևանցի հայ կանայք ինչպես էին նախապատրաստվում ձմռանը:
Նահապետական ընտանիքի հայուհին խնայող էր, տնտեսող ու հաշվարկող: Գարնանը նա աքաշներով` կավե մեծ ամաններով, բոխի, պոլի և զոխ էր աղ դնում, ամբողջ տարվա պանրի պատրաստություն տեսնում: Ամռանը պտուղներ էր չորացնում, ցորեն առնել տալիս, ջրով լվանում և աղալ տալիս, յուղի ու քաղցրեղենի հոգս քաշում, Սևանի կողակը աղ դնում: Աշնանը թոնրի մոտ օրերով լավաշ էր թխում ամբողջ ձմեռվա համար, վարունգը թթու դնում, խաղող, տանձ, խնձոր կախ անում, միսը ղավուրմա դնում, դեղձաչիր և ալանի պատրաստում, սուջուխ եփում: Այդքանից հետո ընտանիքը ձմռանն ուտելու հոգս չէր ունենում:
Հայ նահապետական ընտանիքի սիրած կերակուրներից էր արշտայով քաշովին: Արշտան Հայաստանի դդմորչն էր` մակարոնը, որը պատրաստում էին հետևյալ կերպ: Խմորի գնդերը մեկ-մեկ դնում էին սեղանատախտակին, գրտնակով տափակեցնում, հետո օխլավով` բարակ ու երկայն գլանաձև ձողով, բոլորովին բարակեցնում` մինչև գրեթե լավաշի չափ, ապա դանակով կտրտում, թել-թել անում: Այդ թելերը լվացած շորերի նման կախում էին բակում կապած պարանների վրա` կիզիչ արևի ճառագայթների տակ: Չորացած արշտան բովում էին, մանրացած կտորները լցնում տոպրակների մեջ և չոր տեղում պահում:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ