Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնագետներն ապացուցել են Եսայի մարգարեի գոյությո՞ւնը

Հնագետներն ապացուցել են Եսայի մարգարեի գոյությո՞ւնը
23.02.2018 | 00:09

Հնագետները հայտարարել են, որ գտել են Եսայի մարգարեի գոյությունն ապացուցող առաջին իրեղեն ապացույցը` հաղորդում է The Daily Beast-ը` հղում անելով Biblical Archaeology Review (BAR) ամսագրին: «Ապացույցը կավի փոքր կտորն է 0,4 դյույմ երկարությամբ կնիքով, որի վրա գրված է «Եսայի մարգարե»` բացատրում է Կանդիդա Մոսը: Կնիքը գտնվել է Երուսաղեմում հին աղբակույտի պեղումներում: Այնտեղ եղել են արձանիկներ, հախճապակե անոթների կտորներ, փղոսկրե իրեր և մի քանի «բուլլեր»` կնիքներ, այդ թվում` Եզեկիել թագավորի: Պեղումները ղեկավարող իսրայելցի հնագետ Էյլաթ Նազարը հաստատում է, որ Եզեկիելի բուլլերի հետ եղել են ևս 22 բուլլեր` այդ թվում Yesha'yah[u] Nvy գրությամբ, որ թարգմանվում է «Եսայի մարգարե»: Եթե հաշվի առնենք Եսայի մարգարեի նշանակությունը կրոնի պատմության մեջ, գտածոն շատ կարևոր է և հուդայականների, և քրիստոնյաների համար:
Եսայիի գրքի համաձայն` նա մարգարե էր և ապրել է մ.թ.ա. 8-րդ դարում: Եսային սկսել է քարոզել Հուդայական Օզիա թագավորի օրոք, ապրել է մի քանի թագավորների իշխանության շրջանում` Օզիայի, Իոաֆանի, Ախազի, Եզեկիելի: «Քրիստոնյաները նրան այնքան էին սիրում, որ գրել են «Եսայիի համբարձումը»` պատմություն նրա մարտիրոսական մահվան ու երկինք համբարձվելու մասին» գրում է հեղինակը: Էնդրյու Դևիսը (Բիրմինհեմի համալսարան) ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Առանց Եսայիի մենք կզրկվեինք կրոնական պոեզիայի ամենավշտալից, բայց և ամենալավատեսական էջերից ու իրենց ժամանակի համար վիթխարի կրոնական նորարարություններից»: Հիմա առաջին անգամ մենք ունենք նրա ենթադրյալ «ստորագրությունը»:

Դա ոչ միայն Եսայի մարգարեի գոյության ապացույց է (գիտնականները երբեք էլ լրջորեն չեն հերքել նրա գոյության փաստը), այլև գուցե մ.թ.ա. 8-րդ դարում երուսաղեմյան հասարակության մեջ նրա դերի ցուցիչը: Ոչ բոլորը, որ սեփական կնիք ունեին, սոցիալական բարձր կարգավիճակի տեր էին (կնիքը անձը հաստատելու միջոց էր), բայց Աստվածաշնչում ասվում է, որ Եսային թագավորի խորհրդականն էր և թագավորը նրանից խորհուրդներ էր հարցնում: Որ նրա կնիքը գտնվել է Եզեկիելի կնիքի հետ, հաստատում է արքունական մարգարե լինելը, որ մեզ պատմում է Աստվածաշունչը: Մազարը, այնուամենայնիվ, նշում է, որ կնիքի մի քանի տառ հավանաբար պոկվել է: Բացի այդ` կնիքների մեծ մասում տիրոջ անունը նշված է հորը հղումով` այսինչը` այսինչի տղան: Եսայիի կնիքի վրա նշված է նրա մասնագիտությունը (մարգարե): Biblical Archaeology Review-ի խմբագիր Ռոբերտ Կարգիլն ընդգծում է, որ հոդվածը գրված է զգույշ և պատասխանատու և ամսագիրը ձեռնպահ է մնում կատեգորիկ պնդումներից, որ գտնվել է հենց Եսայի մարգարեի կնիքը: Կարգիլն անձամբ գտնում է, որ Մազարը իրոք գտել է Եսայիի կնիքը և դա մարգարեի գոյության «առաջին հնագիտական ու արտաաստվածաշնչյան հիշատակումն է»:
Կանդիդա ՄՈՍ, The Daily Beast


Հ.Գ. Մարդիկ անընդհատ կորցնում են ու գտնում: Եթե Եզեկիել արքայի ու Եսայի մարգարեի կնիքները գտնվել են 29 դար հետո, Էդգար Դեգայի բախտը բերել է` նրա 2009-ին կորած կտավը գտել են ընդամենը 9 տարի հետո: Հիմքեր կան ենթադրելու, որ գտնված կտավը Էդգար Դեգայի «Խորիստներն» է` Օրսեի թանգարանի հավաքածուից: Կտավը, որ նկարվել է 1877-ին, գտել են մաքսատան աշխատողները Սենա և Մառնա դեպարտամենտում ավտոբուսի պահասրահը զննելիս, փետրվարի 16-ին: ՈՒղևորների մեջ «բեռի» տիրոջը հայտնաբերել չի հաջողվել: Նրան որոնում են: «Ամեն ինչ վկայում է, որ գտնվել են «Խորիստները» Փարիզի Օրսե թանգարանի հավաքածուից, որ 2009-ին փոխանցվել էր Մարսելի Կանտինի թանգարանին` ցուցադրության համար»` ասել են մաքսավորները France Presse-ին: Կտավը փոխանցվե է Օրսեի մասնագետներին` ինքնությունը հաստատելու համար: Հիմա Օրսեում Դեգայի մահվան 100-ամյակին նվիրված ցուցահանդես է գործում: Թանգարանից խնդրել են չշտապել եզրակացությունների մեջ, քանի դեռ չի հաստատվել Դեգայի վրձնին պատկանելը: 2009-ի դեկտեմբերի 31-ին կտավն անհետացել էր Մարսելի թանգարանից չպարզված հանգամանքներում: Ոստիկանությունը հետքեր չէր գտել: Կտավը գնահատվում է 800 000 եվրո:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ