Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Է՜հ, թատրոն, թատրոն-1

Է՜հ, թատրոն, թատրոն-1
06.04.2018 | 07:00

ԹԱՍԸ


1907-ի աշնանը հայ բեմի հռչակավոր դերասանուհի Սիրանույշի թատերախումբը Թիֆլիսից մեկնում է Կ. Պոլիս` հյուրախաղերի: Սկյութար թաղամասի ժողովասրահում պատրաստվում են ներկայացնելու Զուդերմանի «Հայրենական տուն» պիեսը: Հանդերձասենյակում զգեստափոխվում են, երբ ներս է մտնում խմբի գործավար Սմբատ Քեսեճյանը: Կարճահասակ, վտիտ, արագաշարժ և արագախոս մարդ էր` քրտինքը մշտապես ճակատին ու Պոլսո ցեխը վրան:


-Տիկին Սիրանույշ, արևդ սիրեմ, պղինձե թասդ քանի մը վայրկյանի համար կուզեմ:
-Թասս ի՞նչ պիտի ընես, Սմբատ,- հարցնում է զարմացած Սիրանույշը:
-Ոտքդ պագնեմ, խիստ անոթի եմ: Քովի ճաշարանը պատվական իշկեմբե չորբասը (փորոտիքի ապուր-Խ.Դ.) ունի, բայց ուզածնիս չափ խոշոր աման չունի: Շուտ ըրե, կաղաչեմ:
-Սմբատ, տղաս, չըլլար, թասս չեմ կրնար տալ,- պատասխանում է Սիրանույշը:
-Արևդ սիրեմ, ի՞նչ կըլլա, շեքեր չէ, որ հալի: Նորեն աղվոր մը կլվամ և քեզի կբերեմ,-պնդում է Սմբատը:
Սիրանույշը դեմքին լուրջ արտահայտություն է տալիս և նորից մերժում.
-Սմբատ, հասկցիր, որ չըլլար կըսեմ:
Բայց Սմբատը համառում է.
-Ջանըմ, ի՞նչ տեսակ Սիրանույշ ես, ինչու՞ կխնայես կոր, թասդ չուտեմ, յա՛: Առջի անգամը չէ, քանի մը անգամներ, քուկիդ բացակայությանը առեր-տարեր, մեջը ապուր կերեր եմ:
Համբերությունը հատած` Սիրանույշը գոռում է.
-Չըլլար, մարդ, չըլլար կըսեմ: Ատիկա չիշիս ամանն է…
Սմբատը գլխապատառ դուրս է փախչում:
1914-ի պատերազմի ժամանակ Քեսեճյանը Լոնդոնում սեփական սրճարան ուներ, այդտեղ էլ մեռավ:

ՍԻՐԱՆՈՒՅՇՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԸ
Արշավիր Շահխաթունին` Աշոն, որին վիճակված էր Հայաստանի Հանրապետության օրերին դառնալու Երևանի զինվորական պարետ, ապա տարագրվել Փարիզ, տաղանդավոր դերասաններից էր:
Խիստ գեղեցիկ տղամարդ էր` բարձրահասակ, թիկնեղ, թավ հոնքերի տակ բոց աչքերով ու զորեղ ձայնով: Եթե ավելացնելու լինենք նրա զվարթախոս, կատակասեր բնավորությունը, ապա Աշոյի պատկերը կամբողջանա:
Շահխաթունին մի հատկություն էլ ուներ` սիրում էր երևակայության ուժով պատմություններ հորինել և դրանք այնպիսի ոգևորությամբ ու ջերմությամբ շարադրել, որ հավատում էին թե շրջապատը և թե ինքը:
1913-ին Սիրանույշի թատերախումբը, որի մեջ էր և Շահխաթունին, հյուրախաղերի է մեկնում Բաքու: Մայիլյանի թատրոնում (այժմ` Ադրբեջանի օպերայի ու բալետի պետական թատրոն) պիտի ներկայացնեին Լ. Շանթի «Հին աստվածները», որտեղ Աբեղայի դերակատարը Աշոն էր: Թատերաշրջանի բուռն ժամանակն էր, թատրոնի փորձասենյակը զբաղված էր, և Սիրանույշը հանձնարարում է 2-3 ժամվա համար վարձով մի սենյակ ճարել` փորձ կատարելու համար:
Աշոն մի տուն է ճարում և ամբողջ բազմամարդ խմբին առաջնորդում այդտեղ: Խցկվում են մի փոքրիկ սենյակի մեջ, որի կից սենյակից լսվում էր երեխաների աղմուկ, ներթափանցում էր զուգարանի գարշահոտ, այնպես որ լուրջ փորձ կատարել չի հաջողվում:


Երբ վերջապես կիսատ-պռատ փորձն ավարտվում է, Սիրանույշը քսակից մի արծաթե ռուբլի մետաղադրամ է հանում ու մեկնում Շահխաթունուն` սենյակի վարձը վճարելու համար:
-Տիկին, երկու ռուբլի է վարձը,- ասում է Աշոն:
-Ի՜նչ, երկու ռուբլի սա խոզաբունին երկու ժամվան համա՞ր… Սևցուր, իրեն մեկ ռուբլին էլ կբավե:
Եվ սեղանին է նետում ռուբլանոցը, որը գլորվելով ընկնում է գետնին:
Աշոն ասես դրան էր սպասում, դեմքին լուրջ արտահայտություն է տալիս, աչքերը չռում, ուսերը բարձրացնում, ձեռքը դնում ծնոտին և աղաղակում.
-Տիկին Սիրանույշ, այս ի՞նչ արիք:
-Ի՞նչ ըրի, տղաս,- զարմանում է Սիրանույշը:
-Դեռ հարցնում եք ի՞նչ արիք: Դուք մահացու հանցանք գործեցիք:
-Ի՞նչ կըսես, չոճու՞խ ես, ի՞նչ է, Աշո:
-Այո՛, այո՛,- ձայնին դրամատիկ երանգ հաղորդելով` պաթոսով պատասխանում է Շահխաթունին,- դուք մի աներևակայելի, մի քստմնելի ոճիր գործեցիք: Դուք ռուս անհաղթ բանակի սպայիս ներկայությամբ իմ մեծազոր կայսրին` Նիկոլայ II-ին, ոտքի տակ նետեցիք (մետաղադրամի վրա ցարի պատկերն էր), առոչինչ համարելով այն երդումը, որ ես տվել եմ իմ կայսրին` հավատարմորեն ծառայելու նրան մինչև արյանս վերջին կաթիլը: Օ՜, ես պարտավոր եմ իսկույն ևեթ հայտնել ոստիկանությանը:
Սիրանույշը իրոք վախենում է ու գույնը գցում.
-Է՜, Աշո, կատակդ կբավե, հայդե երթանք:
-Ի՞նչ, կատա՞կ եմ անում: Հիմա կտեսնեք կատակը: Ես պարտավոր եմ իսկույն ևեթ հայտնել ոստիկանությանը: Այո, պարտավոր եմ, որովհետև ձեր մեջ կարող են գտնվել մարդիկ, ովքեր ինձ ծուղակի մեջ գցելու համար հայտնեն իմ դավաճանության մասին և ինձ էլ ձեզ հետ միասին կախաղան հանել տան: Թող ո՛չ ոք չհամարձակվի դրամը գետնից վերցնել:
Եվ սաստիկ աղմուկով դուրս է գալիս սենյակից:
-Ամա՜ն, չոճուխներս, աս ի՞նչ փորձանք եկավ գլխուս,- հազիվհազ մրմնջում է Սիրանույշը,-ետևեն վազեք, խայտառակություն մը չհանե: Սա ռուբլին գետնեն առեք:
Մինչ դերասանները միմյանց երես էին նայում, ներս է մտնում Շահխաթունին` մի ոստիկանի հետ:


Դերասանները կարկամում են: Սիրանույշի թուքը ցամաքում է, վախից նստում է աթոռին ու սկսում ծխախոտ փնտրել: Աշոն դառնում է ոստիկանին` մատը տնկելով դեպի Սիրանույշը:
-Այս տիկինը մեր խմբի հերոսուհին է, հիվանդ, ջղային մի կին: Մենք վարձեցինք այս սենյակը երկու ռուբլով, որ այստեղ երկու ժամ փորձ անենք: Սակայն երեխաների աղմուկից, չորս կողմից փչող խայտառակ հոտերից այս տիկինը ավելի ևս հիվանդացավ, և չկարողացանք փորձել մեր պիեսը: Ասացեք, պարոն ոստիկան, ինչպե՞ս վարվենք:
Շահխաթունու խոսքը, բնականաբար, ռուսերեն էր, իսկ Սիրանույշը բացարձակապես ռուսերեն չգիտեր: Եվ Արշոյի` իր վրա մի քանի անգամ մատնացույց անելը նրան պատել էր սարսափով, և խեղճ կինը աղաչական հայացքով նայում էր ոստիկանին:
Մի պահ մտածելուց հետո ոստիկանը բարձրաձայն հայտարարում է.
-Իրավունք ունեք չվճարել: Ես իսկույն կկարգադրեմ,- և դուրս է գալիս սենյակից:
Աշոյի ու դերասանների բաձրաղաղակ ծիծաղից միայն ուշքի գալով, Սիրանույշը` հիստերիկ լացն ու ծիծաղը միախառնած, հազիվ մրմնջում է.
-Աման, Աշո, աս ի՞նչ ըրիր, քիչ մնաց սպանեիր ինձ:

«ԿԱՐՃԵՎԱՆԻ ՀԱՎԸ»
Սիրանույշի թատերախումբը Գանձակում ներկայացնում էր Նևեժինի «Երկրորդ երիտասարդություն» դրաման:
Երրորդ արարին Վիտալիի դերակատար Մաթևոս Աղայանը պիտի հարձակվեր իր հոր սիրուհու վրա և ատրճանակի կրակոցով սպաներ: Բայց ատրճանակը դատարկ էր, մոռացել էին բեմական փամփուշտներով լիցքավորել:
Աղայանը մի քանի անգամ չրթչրթացնում է, որից հետո սիրուհու դերակատարը փռվում է բեմին, իսկ Մաթևոսն էլ այդքանով բավարարվելով` բղավում է.
-Ա՜, այդպե՜ս, ես մորս վրեժը լուծեցի,- և ծափ ու սուլոցների տակ վարագույրը փակվում է:
Կրակ կտրած Սիրանույշը հարձակվում է Աղայանի վրա.
-Ծո՛, անշնորհք, գոնե խեղդեիր:
-Վա՜յ, զարմանալի կին ես, հա՞վ է, ինչ է, որ խեղդեի,-պատասխանում է Աղայանը:
-Հավը դու ես, դու, հավի խելք ունես: Հա՛վ…
-Ներողություն, տիկին Սիրանույշ, ես աքաղաղ եմ, այն էլ Գողթան գավառի Կարճևան գյուղի աքաղաղ,- հպարտորեն պատասխանում է Աղայանը:
Բայց, միևնույն է, այդ օրվանից Աղայանի մականունը մնաց «Կարճևանի հավ»:

ԱԴԱՄՅԱՆՆ ՈՒ «ԴՌՆԱՊԱՆԸ»
Հայ բեմի փառապանծ աստղերից մեկը` Պետրոս Ադամյանը, մի զարմանալի հատկություն ուներ` իր կենցաղի համար փող չէր խնայում, շռայլորեն մսխում էր, բայց չափազանց ժլատ էր գործընկերների նկատմամբ:
Բաքվում ապրում էր «Մետրոպոլ» առաջնակարգ հյուրանոցում: Քաղաքի թիվ 1, ամենանոր և շքեղ կառքը, որ մյուս կառքերի համեմատությամբ կրկնակի թանկ էր, ժամերով սպասում էր հյուրանոցի առաջ, որպեսզի Ադամյանին թատրոն տանի: Ամեն օր հյուրանոցի դռնապանին 5-ռուբլանոց թղթադրամ էր նետում` մուշտակը իր վրայից հանելու և կախելու համար: Այն ժամանակ 5 ռուբլին մեծ գումար էր, բավական է ասել, որ 4 ռուբլով կարելի էր մի լավ ճաշել բարձրակարգ ռեստորանում: Եթե մյուս դերասանները ամսական հազիվ 40-50 ռուբլի էին ստանում, ապա Ադամյանը` 400:
Մի օր փորձի ժամանակ դերասան Ավալյանը Ադամյանից 5 ռուբլի պարտք է խնդրում` մի քանի օրից վերադարձնելու պայմանով, բայց մերժվում է: Նույն օրը ուշ գիշերով Ադամյանը պիտի վերադառնար հյուրանոց, և այդ մասին գիտեր մերժված Ավալյանը:
Նա 20 կոպեկով մի շիշ օղի է առնում, գնում հյուրանոց և դռնապանին հարբեցնելու աստիճանի խմեցնում: Ապա անսթափին տանում է վեր, պառկեցնում քնելու, իսկ ինքը իջնում է, հագնում դռնապանի համազգեստը, դնում գլխարկը, լույսը պակասեցնում ու կանգնում սանդուղքի տակ:


Բարձր տրամադրությամբ, գինովցած գալիս է Ադամյանը: Գլխահակ Ավալյան-դռնապանն առնում է համբավավոր դերասանի թանկարժեք մուշտակը և կախում: Առանց ուշադրություն դարձնելու դռնապանին, Ադամյանը գրպանից մի 10-անոց է հանում, նետում նրան և աստիճաններով բարձրանում: Երբ հասնում է աստիճանի ծայրին, Ավալյանը ներքևից ձայն է տալիս.
-Պետրոս ջան, շատ շնորհակալ եմ, հինգ ուզեցի` տասը տվեցիր…

«ՍԵՐԹՈՒԿԸ»
Հայ բեմի համեստ ուժերից էր Ռշտունին, որը գեղեցկադիմության շնորհիվ սիրահարների երկրորդական դերեր էր կատարում: Բայց սիրունատեսությանը զուգահեռ, ուներ անչափ մազոտ մարմին, ինչը մշտական զվարճանքի առիթ էր հանդիսանում:
Թիֆլիսի Արտիստական թատրոնում ներկայացումից առաջ զգեստափոխվելիս Ռշտունին սերթուկ է խնդրում, զգեստապահ Բալիցկին էլ ասում է.
-Սերթուկի վրայից սերթուկ ես հագնելու՞:
Մի օր Ալեքսանդրապոլում ընկերների հետ գնում է Ձիթողցոնց բաղնիք: Օրն ամպոտ է լինում, բաղնիքում էլ տաք ջրի գոլորշին բարձրանալով` գրեթե կատարյալ մթություն է տիրում: Քիսաչին ներս է մտնում իր գործն անելու և տեսնելով ջրերի մեջ նստած «սևաթույր» Ռշտունուն` բղավում.
-Ա՜յ օղուլ, առաջ մեմ սերթուկդ հանե:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ