«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուբեն Սևակի նման ազգային հերոսը պատիվ կբերեր աշխարհի ցանկացած քաղաքակիրթ ազգին

Ռուբեն Սևակի նման ազգային հերոսը պատիվ կբերեր աշխարհի ցանկացած քաղաքակիրթ ազգին
20.04.2018 | 01:09

Վերջերս Փարիզի ամենամյա Գրքի սալոնում, որտեղ հրավիրված երկիրը Ռուսաստանն էր, բախտ ունեցա ձեռք բերելու ռուսական արդի արձակի թերևս ամենաճանաչված անուն, երեսունիննամյա Դմիտրի Գլուխովսկու «Ապագա» («Будущее»)՝ 37 լեզվով թարգմանված հակաուտոպիական բեստսելլերը, որտեղ ներկայացված է 26-րդ դարի միասնական Եվրոպան իր բարձր, տեխնոկրատ, ժողովրդավար-տոտալիտար և կատարելապես ոգեզուրկ քաղաքակրթությամբ: Մարդկությունը վերջապես իրականացրել է իր բոլոր երազանքները, գրեթե նույնացել աստվածների հետ, դարձել անմահ, անձնագրով երեքհարյուրամյա տղամարդը քսանհինգ տարեկան շենշող երիտասարդի տեսք ունի:


Վեպը լուրջ խոսակցության առիթ է տալիս, բայց հիմա կուզեինք առանձնացնել տվյալ պահին մեզ հետաքրքրող մի տեսարան: Համաեվրոպական լիդերներից մեկն իր հերթական ճառախոսության ընթացքում ցավով նկատում է, թե ինչպիսի՜ հրաշքներ կարող էր գործել Բեթհովենը, եթե սինթետիկ նվագախումբ ունենար, և Կոպեռնիկոսը, եթե կարողանար օգտվել տիեզերքի նվաճման արդի հնարավորություններից, հատկապես, եթե այդ երկու հանճարները մեզ նման անմահ դառնային:
Գաղափարն ինձ ոչ միայն զառանցագին, այլև գռեհիկ ու սրբապիղծ թվաց: Բեթհովենն իր՝ Աստծուց տրված երկրային կյանքում արդեն հրաշքներ արարեց և դրանով իսկ անմահացավ, ուստի կենդանի նվագախմբի՝ թեկուզ կատարյալ նմանակում հանդիսացող սինթետիկի կարիքը պիտի չունենար նոր հրաշքներ արարելու համար:


Բայց ո՜վ զավեշտ, հակաուտոպիական գրականությանը բնորոշ մտայնությունը, այս էլ որերորդ անգամ, արտահայտվում է մեր օրերում և մի՛շտ ու միա՛յն Ռուբեն Սևակի առիթով:
Աթենքի «Ազատ օր» թերթի այս տարվա փետրվարի 15-ի համարում լույս տեսած «Ռուբէն Սեւակ (Չիլինկիրեան, 1885-1915). Արդարութեան եւ ցասումի անաւարտ երգը» հոդվածում հեղինակ «Ն.»-ն գրում է. «Փետրուար 15-ի այս օրը, 133 տարի առաջ, լոյս աշխարհ եկաւ հայ գրականութեան մեծատաղանդ դեմքերէն Ռուբէն Սեւակ, որ միայն 30 տարի ապրեցաւ եւ չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժէք արդիւնաւորել Արդարութեան եւ Ցասումի երգը հնչեցնելու իր կոչումն ու առաքելութիւնը, որովհետեւ ցեղասպանը բրտօրեն կտրեց կեանքին թելը, բիւրաւոր նահատակներուն հետ, նաև Ռուբէն Սեւակի» (ընդգծումը մերն է՝ Ալ. Թ.) :
Նախ, ընդունենք, որ «Ն.»-ն նկատելի առաջքայլ է արել բանաստեղծի ժառանգության գնահատման հարցում: Տարիներ առաջ, միևնույն թերթում, միևնույն առիթով, Ռ. Սևակին նա բնորոշեց լոկ որպես «խոստմնալից» բանաստեղծ, բնորոշում, որը հայկական մամուլում վաղուց ի վեր գործածական չէ: Վերջին անգամ այդ բառը կարդացել եմ «Պիոներ կանչի» էջերում` 60-ական թվականներին: Այսօր ամենահամեստ գնահատականը «տաղանդավորն» է, որը, ամենայն հավանականությամբ, շուտով գործածությունից դուրս կգա: Չէ՞ որ «հանճարներ» են գալիս, որքա՜ն ուզեք:


Ինչպես երևում է, Ռ. Սևակը հետմահու, որոշ չափով, «խոստումը» կատարել է, այլապես ի՞նչ կերպ բացատրել, որ նախորդ հոդվածի համեմատ «Ն.»-ն փոքր-ինչ ավելի առատաձեռն է գնահատման հարցում: Այո, ընդամենը փոքր-ինչ, քանի որ Ռ. Սևակը «չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժեք արդիւնաւորել», քանի որ «միայն 30 տարի ապրեցաւ»: Ահա թե ինչու: Ա՛յ, եթե մի հիսուն կամ գոնե Չարենցի պես քառասուն տարի ապրեր, անպայման ավարտին կհասցներ «իր կոչումն ու առաքելութիւնը», անշուշտ, մինչև վերջ կատարելով իր տված «խոստումը»:


Ես չեմ հիշում, Ռ. Սևակից անհամեմատ ավելի քիչ ապրած՝ քսանմեկամյա Պետրոս Դուրյանի կամ քսաներկուամյա Միսաք Մեծարենցի ժառանգությունը գնահատելիս նման մեծահոգի վերապահումներ արվե՞լ են։ Անգամ 17 տարի 9 ամիս ապրած Հերանուշ Արշակյանի առիթով այդ «ախուվախերը» չեն հնչում, իբր, խե՜ղճ աղջիկ, ինչե՜ր կգրեր, եթե այդպես կանուխ չհանգչեր… Հապա երեսունմեկ տարի ապրած Դանիել Վարուժանը կամ երեսնամյա Մատթեոս Զարիֆյանը… Չեմ հիշում, որ երբևէ որևէ մեկը Վարուժանի մասին գրեր, թե «խոստմնալից» է կամ թե «չկրցաւ լրիւ կենսագործել ու լիարժեք արդիւնաւորել» իր «խոստումը»: Այդպես ասողին պարզապես խաչ կհանեին: Բայց չգիտես ինչ մի անհայտ հրովարտակով, իրավունք է տրվել ոմանց Ռուբեն Սևակին շարունակ և անպատիժ վիրավորել ու նվաստացնել, համեստագույն ու անշուք մի անկյուն հատկացնել նրան մեր գրականության պատմության մեջ:


Հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ սփյուռքի թերթերից մեկի գրական հավելվածում ճանաչված գրականագետը բանաստեղծի հարյուրամյակի առիթով, ասես ստիպողաբար գրված հոդվածում, կեսբերան գնահատում էր նրան՝ դիտելով լոկ որպես երկրորդական մի անուն դարասկզբի արևմտահայ գրականության համապատկերում: Իսկ մեր ակադեմիականներից մեկն էլ Ռ. Սևակին գնահատելիս համեմատում էր իր ժամանակի մեծ և նույնիսկ փոքր բանաստեղծների հետ, և Ռ. Սևակը շարունակ «պարտվողի», լավագույն դեպքում այդ մեծերի ուշիմ աշակերտի դերում էր: Այո, կարելի է, երբեմն անհրաժեշտ այս կամ այն բանաստեղծին գնահատելիս համեմատել իր ժամանակակիցների հետ՝ ավելի ճիշտ արժևորելու համար նրա տեղը գրականության պատմության մեջ, սակայն ոչ նվաստացնելու համար: Առավել վիրավորական և անհեթեթ էր, երբ հայաստանցի դեռափթիթ լրագրողուհիներից մեկն էլ Ռ. Սևակին ո՛չ ավել, ո՛չ պակաս «թրքասեր» անվանեց: Իսկ Ռ. Սևակի՝ Երևանում տպագրված ռուսերեն ժողովածուի առաջաբանում թարգմանիչը, առանց դույզն իսկ ամոթի, գրեց, որ բանաստեղծի նահատակության պատմությունը հորինովի է, պարականոն, սուտ, երբ դա հաստատված է ութ հոգու վկայությամբ, որոնցից մեկն էլ թուրք էր: Ո՞ր մեկն ասենք…


Ռուբեն Սևակի նման ազգային հերոսը պատիվ կբերեր աշխարհի ցանկացած քաղաքակիրթ ազգին, և ամեն ինչ կանեին, որպեսզի նրան մեծարելով իրենց մեծարեն: Առանց վարանելու կարող ենք ասել, որ նա ոչ միայն համահայկական, այլև համաշխարհային առումով այն եզակի անուններից մեկը եղավ, որը կարողացավ իր ստեղծագործությամբ և անթերի ապրած կյանքով համատեղել ստեղծագործական և բարոյական հանճարները: Քսան տարեկանում հայտնվելով Եվրոպայի սրտում` նա կարողացավ միանգամից մտնել իր ժամանակի համատեքստի մեջ, գրեց գործեր, որոնք ոչնչով չեն զիջում իր ժամանակի մեծ անունների բանաստեղծություններին: Ինչ վերաբերում է նրա բարոյական սխրանքին, ապա 20-րդ դարի համաշխարհային ամբողջ գրականության մեջ ընդամենը մեկը՝ լեհ գրող Յանուշ Կորչակը, կարող է կանգնել նրա կողքին: Մանկագիր և մանկաբույժ, որը 1942 թ. օգոստոսին չընկրկեց մահվան առջև և իր կյանքը փրկելու համար չհրաժարվեց իր բարոյական սկզբունքներից:
Այսօր, Ռուբեն Սևակի հերոսական նահատակությունից 103 տարի անց, կարողացե՞լ ենք արդյոք հարկ եղածի չափ գնահատել ու հասկանալ նրա՝ բանաստեղծի և մարդու մեծությունը…

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 2285

Մեկնաբանություններ