Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Է՜հ, թատրոն, թատրոն-3

Է՜հ, թատրոն, թատրոն-3
20.04.2018 | 01:19

(Նախորդ մասը)

ԱՎԱՆԵՍ «ԽԱՆԸ»
1913-ին դերասանների 15-հոգանոց մի մեծ խումբ` Հովհաննես Աբելյանի ղեկավարությամբ, հյուրախաղերի է մեկնում Պարսկաստան: Թիֆլիսից հասնում են Բաքու, սեպտեմբերի 20-ին նստում «Ցեսարևիչ» շոգենավը ու ճանապարհվում Էնզելի: Երկրորդ կարգի 8-հոգանոց նավախցում տեղավորվում են բոլորով, ու Կասպիականի սաստիկ փոթորկի պատճառով շատերը հիվանդանում են ճոճախտով:
Սեպտեմբերի 22-ին տեղ են հասնում, հաջողությամբ ներկայացնում «Նամուս» ու «Չար ոգի» և երկու օր անց մեկնում Ռեշտ:


Դա նեղլիկ, ծուռումռտիկ, կեղտոտ փողոցներով, բայց աղմկալի շուկաներով և առևտրական աշխույժ կյանքով ապրող քաղաք էր: Եվրոպական ոճի տները պատկանում էին շուրջ 200 հայ ընտանիքների ու եվրոպացիների: Դերասաններին տեղացի հայերը տեղավորում են իրենց տներում և պահում մոտ մեկ ամիս: Ամսվա ընթացքում խումբը տալիս է 11 ներկայացում, այդ թվում նաև` պարսկերեն ու ռուսերեն: Ներկայացումները տեղի էին ունենում հայտնի բարերար Հորդանյանի թատրոնում: Այդ մարդը, ի հիշատակ իր վաղամեռիկ որդու, կառուցել էր էլեկտրական լուսավորություն ունեցող պարսպապատ մի ամբողջ հայկական կենտրոն` մեծ բակով մի հոյակերտ շենք, որտեղ օթյակներով թատրոնից բացի, գտնվում էին 6-դասյա դպրոց, ուսուցիչների բնակարաններ, ճաշարան, գրադարան և այլն:
Ռեշտից խումբն անցնում է Ղազվին և հինգ օրում տալիս հինգ ներկայացում:
Հաջորդ կանգառը Թեհրանն էր, ուր խումբը տեղավորվում է դաշնակցական Խեչոյի եղբոր հյուրանոցում ու ներկայացումներ տալիս Արամյան վարժարանի դահլիճում:


Հասույթը լինում է խիստ լավ, ամեն երեկո` երկու տռուզ քսակ ղռան, որը ժողովում ու հանձնում է այդ ժամանակ ոստիկանության պաշտոնյա, նշանավոր ֆիդայի Քեռին:
Սակայն տեղի է ունենում մի տհաճ միջադեպ: «Տրիլբի» պիեսում գլխավոր դերակատար է լինում մի երիտասարդ դերասանուհի, որի դերին հավակնում է նաև խմբի մեկ այլ դերասանուհի: Այդ երկուսից յուրաքանչյուրն ունենում է իր համակիրները, և ահա ներկայացման ժամանակ լսվում են սուլոցներ, աղմուկ: Արդյունքում` ծեծ ու ջարդ, ատրճանակի կրակոցներ, մերկացրած դաշույններ, ճիչ, աղաղակ, կանայք ուշաթափ են լինում, ոմանք էլ դուրս են փախչում պատուհաններից: Մի խոսքով` իսկական խայտառակություն, լավ է զոհեր չեն լինում:
Այդուհանդերձ, հյուրախաղերի ընդհանուր հաջողությունն այնքան զրնգուն է լինում, որ առաջարկ են ստանում թաթարերեն մի ներկայացում տալու շահի պալատում: Հարց չկար, պրոֆեսիոնալներ էին, ուրախությամբ համաձայնում են և անմիջապես երեք վոդևիլ թարգմանում: Պալատը բեմ չուներ, և դերասաններն իրենց գրպանից մի քանի հարյուր թուման ծախսելով` կոկիկ բեմ են շինել տալիս:


Շահ Մահմեդ Ալին գահընկեց էր արվել, ու շահ էր դարձել նրա պատանի որդի Ահմեդը: Քանի որ նախկին շահը գանձարանը կողոպտել էր, եղած-չեղածը տարել, դերասաններին զգուշացնում են, որ մեծ-մեծ բաների հույս չունենան, առավելագույնը` համեստ նվերներ: Սա լսելով, Աբելյանը որոշում է այդքանով չբավարարվել և Քեռուն խնդրում է իր համար խանության աստիճան ձեռք գցել…
Ներկայացումը, որին ներկա էր նաև շահը, ընդունվում է ջերմությամբ, ու վրա է հասնում պարգևատրումը: Դերասաններն ստանում են ոչ թե համեստ, այլ բավական թանկարժեք նվերներ, իսկ Աբելյանն իր ուզածը` շահի խանության ֆերման: Բայց խանությունը ենթադրում էր նաև շքանշան, որն Աբելյանը գնում է… շուկայից: Դա արծաթե անճոռնի, պայտանման ու գույնզգույն կեղծ ակներով զարդարուն մի բան էր, որի տերն իրավունք ուներ հասարակ ապակիները փոխարինելու թանկագին քարերով: Մի բան, որն անելու ոչ հնարավորություն, ոչ էլ ցանկություն ուներ Աբելյանը:


Թատերախմբին հրավիրում են ճոխ խնջույքի, որին ներկա են լինում բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա հյուպատոսներ և մի քանի իսկական հայ խաներ: Վերջիններս ամբողջ երեկոյի ընթացքում ծաղրական հայացքով նայում են Աբելյանի կրծքին բազմած գույնզգույն ապակիներով շքանշանին ու քթի տակ ծիծաղում:
Դրանից ազդված, հյուրանոց գալուն պես նորընծա խանը կրծքից պոկում է շքանշանը ու շպրտում սենյակի անկյունը.
-Ե՜ս քո տվողի…
Հաջորդ առավոտ հյուրանոցի ծաղկազարդ պարտեզում թեյ են խմում: Աբելյանը դիմում է Անդրանիկ Սողոմոնյանին.
-Ա՜յ զոկ, արի մեր ընծաները փոխենք:
-Չէ՜, հաջի ջան, դու մեր հաջին ես, խանությունն էլ քեզ կվայելե:
-Ա՜յ, զոկ շան որդի,- մռմռում է Աբելյանը:
Այն կողմից կատակերգակ Գրիգոր Ավետյանը, թե.
-Ավանես խան, Միանբադ գյուղը մեզ փեշքեշ արա:
Սողոմոնյանը, թե.
-Ավանես խան, Սարդար Բուլաղ գյուղը մեզ փեշքեշ արա:
-Իթիշըն ջհաննումա (կորեք գրողի ծոցը),- վերջնականապես զայրանում է Հովհաննես Աբելյանը:

ՓԱՓԱԶՅԱՆՆ ՈՒ ԹԻԿՆՈՑԸ
1907-ի աշնանը Սիրանույշի խումբը թատերախաղերի մի ամբողջ շարքով հանդես է գալիս Զմյուռնիայում: Հյուրախաղերն անցնում են բավականին անհաջող, և Վահրամ Փափազյանն ու Անդրանիկ Սողոմոնյանը պարապ ժամերն անցկացնում են ձկնորսությամբ:
Մի օր պայմանավորվում են վաղ առավոտյան հանդիպել, նավակով ծով դուրս գալ և անգլիական ռազմանավի ստվերի տակ ձուկ որսալ: Փափազյանը բավական ուշ է գալիս, այն էլ` կոկ հագնված, սափրված և օդեկոլոնով օծված:
-Անդրո ճան, արևդ սիրեմ,- Սողոմոնյանին գրկախառնվելով ու համբուրելով վրա է տալիս,- քո նոր թիկնոց վերարկուդ ինծի տուր: Կարևոր այցելություն մը ունիմ, իրիկվան կվերադարձնեմ: Շատ կսիրեմ թիկնոցդ, կաղաչեմ:
Թիկնոցը սիրում և աչքի լույսի պես պահում էր նաև Անդրոն, հետևաբար մերժում է, բայց Վահրամը օձի լեզու է թափում, և Սողոմոնյանն ստիպված համաձայնում է` երեկոյան հետ ստանալու պայմանով:


Սակայն երեկոյան ոչ Վահրամն է երևում, ոչ թիկնոցը: Փոխարենը հաջորդ առավոտյան ժամը 10-ին Սողոմոնյանի տան առջև կառք է կանգ առնում, որից դուրս է գալիս մի երիտասարդ:
Զմյուռնիայի ամենանշանավոր թաղամասը Քարափն էր, որտեղ գտնվում էին քաղաքի ամենաշքեղ շենքերը, որոնցում բնակվում էին ամենահարուստ հայ, հույն, եվրոպացի վաճառականները: Այդ երիտասարդը Քարափում ապրող մեծահարուստ հայ վաճառականի գործակատարն էր:
-Պարոն N-ը խնդրեց, որ քանի մը վայրկյանով իր մոտ գնալու նեղությունը հանձն առնեք,- ասում է գործակատարը:
Սողոմոնյանը զարմանում է, որովհետև պարոն N-ին թեև ճանաչում էր, բայց չէր հասկանում, թե ինչը պատճառ պիտի լինի նրան այցելելու: Սակայն ճար չուներ, նստում է կառք:
Պարոն N-ը ընդունում է քաղաքավարի, բայց հոնքերը կիտած, թթված դեմքով և Սողոմոնյանին առաջնորդում իր առանձնասենյակ:
-Նստեցեք, խնդրեմ,- և մատնացույց է անում մեծ գրասեղանի մոտ դրված երկրորդ աթոռը:
Սողոմոնյանը նստում է թե չէ` աչքն ընկնում է դիմացը կախված… իր թիկնոցին:
-Տիար Անդրանիկ, ներեցեք, կաղաչեմ, որ Ձեզ անհանգստություն պատճառեցի: Գիտեմ, որ սա թիկնոցը Ձերն է, վասնզի այդ թիկնոցով քանի մը անգամ տեսած եմ Ձեզ իմ վաճառատան մեջ:
-Այո, սխալված չեք,- մի կերպ արտաբերում է Սողոմոնյանը:
-Շնորհակալ եմ: Բայց կաղաչեմ, ըսեք, թե Ձեր սա թիկնոցը ի՞նչ գործ ունի իմ ու կնոջս ննջարանի մեջ:
Շանթահարված Սողոմոնյանը հասկանում է ինչն ինչոց է և որպեսզի իր հանդեպ կասկածները ցրի` ստիպված ճիշտ ու ճիշտ պատմում է եղելությունը:
-Շնորհակալ եմ: Այդպես ալ կգուշակեի,- մռայլադեմ պատասխանում է պարոն N-ը:
«Ձերբակալված» թիկնոցը հետ ստանալով, Սողոմոնյանը դուրս է գալիս` որոնելու Փափազյանին: Բայց «հետախուզման» մեջ գտնվող Վահրամը «հայտնաբերվում» է միայն մի քանի օր անց:

«ԶԸ՛ՌԹ, ԶԸ՛ՌԹ»
Օլգա Մայսուրյանը կրթված, զարգացած, իր դերերի մեջ անմրցակից դերասանուհի էր, հատկապես ռուսական թատերախաղերում: Թիֆլիսում ավարտել էր ռուսական գիմնազիա և հայերենին լավ չէր տիրապետում, բայց աշխատասիրության շնորհիվ բավականին յուրացրել էր հայերենը, ճիշտ է` խոսակցականը:
Թիֆլիսի Արտիստական ընկերության բեմում ներկայացվում էր իշխան Սումբատովի «Դավաճանություն» պատմական դրաման, որտեղ Մայսուրյանը կատարում էր Սուլեյման խանի հարճ Ռուքայայի դերը, որ հետո սիրահարվում է վրաց թագաժառանգ Իրակլիին:
Երրորդ արարում անտառի մեջ Իրակլիի հետ սիրահարական հանդիպման ժամանակ Ռուքայա-Մայսուրյանը նկատում է թփերի մեջ թաքնված Սուլեյմանի ներքինուն` իրեն լրտեսելիս և կյանքը փրկելու համար պահանջում է սիրահարից.
-Սպանի՛ր, սպանիր, նա շուն է, նա մեզ կմատնի:
Սակայն Իրակլին վարանում է, և Ռուքայան նորից է հորդորում: Բայց փոխանակ ասելու «զարկի՛ր, վախկոտ», Մայսուրյանը բղավում է. «Զը՛ռթ, վախկոտ, զը՛ռթ»…
Բարեբախտաբար, վարագույրն իջնում է, վերջ դնելով հանդիսականների աղմուկին:

«ԿՏՈՒՑՆ» ՈՒ ՍԱՊՈԳՆԵՐԸ
Ալեքսանդրապոլցի Չարչին` Մկրտիչ Չարչօղլյանը, աժդահա, բարձրահասակ, երկար ոտքերով ու թևերով, սակայն անհամաչափ փոքր գլխով և էլ ավելի փոքրիկ քթով մարդ էր, ինչի համար ստացել էր Կտուց մականունը: Կատակասեր, սրամիտ, հյուրասեր ընկեր էր, բայց, դժբախտաբար, երբ նրա փարթամ կազմվածքն աստիճանաբար սկսում է ավելի հաստանալ և ընդլայնվել, իսկ կողքին բեմում կանգնածներն ավելի փոքրամարմին երևալ, Կտուցն սկսում է դուրս մնալ դերասանների շարքից ու մոռացության է մատնվում: Նրան մտաբերում են միայն հազվագյուտ դեպքերում:
Այդպիսի դեպք էր, երբ Թիֆլիսում բեմադրում են Հ. Սենկևիչի «Յո՞ երթասը»: ՈՒրսուսի հարմար դերակատար չունենալով` հիշում և Ալեքսանդրապոլից հրավիրում են Չարչօղլյանին: Դրանից հետո ամեն անգամ, երբ Թիֆլիսում ու Բաքվում ներկայացնում էին «Յո՞ երթաս», նրան էին հրավիրում: Պետք էր տեսնել, թե ոչխարի մորթով մարմնի որոշ մասերը ծածկած` ինչպես էր Չարչօղլյանը հպարտորեն, հսկայի քայլերով բեմ մտնում ու հաղթական հայացք ձգում հանդիսականների վրա:


Անշուշտ, դա հպանցիկ երևույթ էր, և որպեսզի ապրուստ վաստակի` Կտուցն սկսում է լուսանկարչությամբ զբաղվել: Բայց ալեքսանդրապոլցի հաճախորդները քիչ էին, և ի վերջո մնում են միայն ռուս զինվորները:
Մի օր զինվոր է գալիս նկարվելու: Կտուցը նրան նստեցնում է արհեստական թղթե ծաղկեփնջով կլոր սեղանի մոտ, ձեռքերը դնում ծնկներին և` ադին, դվա, տրի, երեք օրից համեցեք ստացեք:
Երեք օրից զինվորը գալիս է` կես դյուժին լուսանկարներն ստանալու: Սակայն… ապակին Կտուցի աժդահա ձեռքից ընկել-կոտրվել էր: Այնինչ Կտուցը 3 ռուբլին չի ուզում ձեռքից բաց թողնել: Ելքը գտնում է` բերում է նույն դիրքով նկարված մեկ այլ զինվորի պատկերները:
-Բայց սա ես չեմ, սարատովցի ընկերս` Իվանն է,- անհամարձակ բողոքում է զինվորը:
-Դուռա՛կ, քո սապոգները չե՞ս ճանաչում,- զայրացած պատասխանում է Կտուցը:
Խեղճ զինվորն ի՞նչ պիտի աներ, համաձայնում է…
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ