Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան

Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան
18.05.2018 | 12:47

Հիշու՞մ եք երանելի երկուշաբթիները, երբ բոլորս անհամբեր սպասում էինք հեռուստաթատրոնի հերթական պրեմիերային: Հեռուստաթատրոնի ռեժիսորները ներկայացնում էին իրենց բեմադրությունները: Այդ արվեստագետների թվում էր և տաղանդավոր ռեժիսոր, ինտելեկտուալ ռեժիսոր, բարձր ճաշակ ունեցող, բարձր կարգի պրոֆեսիոնալ, սիրված և սպասված ռեժիսոր Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանը:

Թամարան գերազանց դիպլոմով ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը (ղեկավար՝ հմուտ մանկավարժ Ռաֆայել Ջրբաշյան) և Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նա ազնվական ծագում ուներ: Մայրը՝ Շուշանիկ Ալեքսեևնա Էլիբեկյանը, մեծ դեր է խաղացել Խորհրդային Հայաստանի դպրոցաշինության ստեղծման և կայացման գործում: Շուշանիկ Ալեքսեևնան սիրված ուսուցչուհի էր, վաստակավոր ուսուցիչ: Դասավանդել է Երևանի լավագույն դպրոցներում՝ Պուշկինի, Մռավյանի, Շևչենկոյի անվան: Հայտնի մարդիկ էին և Շուշանիկ Էլիբեկյանի եղբայրները. Հակոբը գիտնական էր, պրոֆեսոր, Սուրենը սովետական ավիացիայի կարկառուն գործիչ էր, Վաղարշակը՝ ճանաչված նկարիչ (ի դեպ, Վաղարշակի տղաներն էլ են հայտնի նկարիչներ՝ Հենրիկը և Ռոբերտը):


Թամարան մոտ 100 հեռուստաներկայացումների և հաղորդումների ռեժիսոր է, հեղինակ: ՈՒնենալով բարձր գրական ճաշակ, նա անդրադարձել է հայ, ռուս, արտասահմանյան գրողների լավագույն գործերին, յուրովի մեկնաբանել այդ ստեղծագործությունները՝ Պուշկին, Չեխով, Նար-Դոս, Յուջին ՕþՆիլ, Ալ. Արաքսմանյան, Վամպիլով, Վարդգես Պետրոսյան, Ֆ. Դյուրենմաթ, Գելման, Թ. ՈՒիլյամս, Վահե Պողոսյան... 1980 թվականի հունվարյան 4 երեկո տոն էր վրացահայերի համար. Վրաստանի հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակում Նոդար Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» ներկայացումը Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանի բեմադրությամբ: Այն ցուցադրվում էր հայերեն՝ առանց թարգմանության և սուբտիտրերի (ենթագրերի): Դա բացառիկ երևույթ էր Վրաստանի հեռուստատեսության պրակտիկայում:


Թամարայի ներկայացումներում զբաղված էին հանրապետության լավագույն դերասանները, նաև երիտասարդներ, որոնց ճանաչում բերեց մասնակցությունը ռեժիսորի բեմադրություններին՝ Էդգար Էլբակյան, Խաչիկ Նազարեթյան, Ալեքսանդր Հովհաննիսյան, Անդրանիկ Հարությունյան, Արշավիր Ղազարյան, Յուրի Ամիրյան, Կարեն Ջանիբեկյան, Նինա Հովսեփյան, Իվետա Բաբուրյան, Էվելինա Շահիրյան, Ջեմմա Կարագյոզյան, Ազատ Գասպարյան, Ժենյա Ներսիսյան, Հայկուհի Խուդավերդյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան...
Թամարան եկավ հեռուստատեսություն, երբ դեռ ստեղծագործում էին հիմնադիրները: Երիտասարդ ռեժիսորը աշխատեց նրանց կողքին, շատ բան սովորեց: Եվ դարձավ մեր հեռուստատեսության առաջատար ռեժիսոր: Երբ Հայաստանը անկախացավ, շատ բան փոխվեց հեռուստատեսությունում: Շատ պրոֆեսիոնալներ մնացին խաղից դուրս, արհեստականորեն. իբր կատարվեց սերնդափոխություն: Նորելուկ ղեկավարները երևի չգիտեին, որ սերնդափոխությունը օրգանական պրոցես է, և սկսնակները պետք է սովորեն փորձառուներից, տաղանդավորներից: Կտրվեց սերունդների կապը: Եվ ճանաչված ռեժիսոր Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանը մնաց հեռուստատեսությունից դուրս:


2009 թվականին ես իմ «Օթյակ» հեղինակային ծրագրում հաղորդում պատրաստեցի Թամարայի մասին: Ահա թե ինչ պատմեց Թամարան իր անցած ուղու մասին:
-Շատ փորձեր արեցի ընդունվելու որևէ այլ ալիք: Երկրորդ ալիք չընդունեցին: «Ա1+»-ում մի հաղորդում արեցի, թշնամացան:
Երևան էին եկել ռուսական արվեստի աստղերը: Ոստիկանական կորդոնը անցա հեշտությամբ, նկարահանումս արեցի, հաղորդումը պատրաստեցի: Եթեր գնաց «ԱՐ»-ով: Դրամ չտվեցին, աշխատանքի չընդունեցին: Բոլորը ինձ գիտեն, իսկ ես գնում եմ որևէ հեռուստատեսություն, ստիպված վիզ եմ ծռում: Դռները փակվել են: Իշխում են ոչպրոֆեսիոնալները, դու չես սազում նրանց: Վիրավորական է: Թքեցի... Հիշում եմ, մի օր գնացի Հ1: Ցույց տվեցի անցատոմսս: Ասացին հին է, հիմա փոխվել է: ՈՒ իմ աչքի առաջ պատռեցին: Վայրենություն է: Կարող էին, չէ՞, որպես հիշատակ թողնել: Ներս էլ չթողեցին, կարծես հանցագործ լինեի: Երիտասարդ աշխատակիցներն էլ ծաղրում էին... Հիասթափվեցի: Երբ հեռուստատեսության ղեկավարն էր Ստեփան Պողոսյանը, նրա աշխատասենյակ մտնելը հեշտ էր: Մտնում էիր, հարցեր լուծում այս կամ այն բեմադրության հետ կապված: Այսօրվա չինովնիկները քմահաճ են՝ կուզեն կընդունեն, կուզեն չեն ընդունի: Եթե հաշիվ չկա, չեն ընդունի: Ամեն ինչ հաշվով է: Մաֆիա: Ես սարսափում եմ չինովնիկ բառից: Գոգոլը լավ էր նկարագրել չինովնիկների ահավոր սորտը:


Խորհրդային տարիներին ոչ ոք ինձ ոչինչ չի արգելել: Ինչ ուզում էի, բեմադրում էի: Բեմադրում էի ամենանոր, լավ, պրոբլեմ բարձրացնող պիեսներ: Ճիշտ է, այն ժամանակ նյարդերս քայքայվեցին, շատ տառապեցի, որովհետև ջնջում էին իմ բեմադրությունները, բայց ես գործի մեջ էի, ստեղծագործում էի: Նայում եմ մոսկովյան ալիքները՝ հին կադրերը աշխատում են, ով էլ եթերում չէ՝ խորհրդատու է կամ դասավանդում է, շրջապատված են հարգալից վերաբերմունքով, ֆինանսապես էլ ապահովված են (ամսագրերից մեկում կարդացի այդ մասին)...
-Երբ ուսանող էի, ստաժիրովկա անցա Մոսկվայի Ե. Վախթանգովի անվան թատրոնում: Հանդիպեցի հրաշք մարդկանց, հայտնի մարդկանց: Շփվեցի հանճարեղ Ռուբեն Սիմոնովի հետ, նրա որդու՝ Եվգենիի հետ:
Երբ արդեն հեռուստատեսությունում էի, Մարատ Մարինոսյանի շնորհիվ ստաժիրովկա անցա Լենինգրադում՝ БДТ-ում:


Յուրսկին բեմադրում էր Հեմինգուեյի «Ֆիեստան»: Ամեն օր գնում էի փորձերի: Մեծ հաճույք ստացա: Ներկայացմանը զբաղված էին թատրոնի աստղերը: Նրանք կիրթ էին, հարաբերությունները՝ հրաշք: ՈՒրիշ աշխարհ էր:
Երևանում նկարահանել եմ Կարաչենցովին, Անդրեյ Միրոնովին, Պլուչեկին, Փոքր թատրոնից՝ Ցարյովին, Կենիգսոնին, երիտասարդ Վիտալի Սոլոմինին, Բիստրիցկայային... Ցավոք, դա էլ ջնջեցին:


Մեր դերասանները ինձ սիրել են, հավատացել: Ճիշտ է, երբեմն առաջացել են և պրոբլեմներ, եղել են կոնֆլիկտներ: Բայց ես միշտ սիրել եմ դերասանին: Հաճախ եմ հանդիպել բարի, ընդառաջող մարդկանց, բայց միշտ զգացել եմ, որ չարն ակտիվ է, իսկ բարին՝ պասիվ: Եթե չարը քեզ «прицел»-ի տակ բռնի, չես պրծնի...
Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ աշխատել եմ Հայկական հեռուստատեսությունում:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Հ. Գ. Վերջերս Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյանը ավարտեց իր երկրային կյանքը: Հեռացավ վիրավորված, չգնահատված... Թաղման արարողությանը ներկա էին չորս հեռուստագործիչ, 5 դերասանուհի և հարազատները: Հեռուստատեսության չինովնիկները նույնիսկ ծաղկեփունջ չէին ուղարկել:

Դիտվել է՝ 5103

Մեկնաբանություններ