Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

N 31-ի ազդականչերը

N 31-ի ազդականչերը
01.06.2018 | 01:28

ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ


N 31-ը Կույբիշև քաղաքի Կրյաժ թաղամասում տեղակայված գնդի N 1 վաշտի ծածկագիրն էր։ Օրապահը վերցնում էր դարչնագույն հեռախոսի սև ընկալուչն ու խրոխտ զեկուցում. «N 31-ը լսում է»։ Գունդը քաղպաշտպանական զորամիավորում էր, ծագել էր սառը պատերազմի ենթատեքստում և անփառունակ գոյատևում էր, ինչպես խորհրդային յուրաքանչյուր ավանդույթ։
Այստեղ էին զորակոչվում բոլոր նրանք, ովքեր ֆիզիկական (հիմնականում` սովետոլոգիական) տվյալներով անզոր էին համալրելու կանոնավոր զորքերը, ասենք, ծովային դեսանտը, տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները։ Միաժամանակ ավելի տանելի մարդաբանական որակ ունեին, քան անհրաժեշտ էր շինգումարտակների (նշանավոր «ստրոյբատի») շարքերը համալրելու համար, ուր զորակոչում էին բուհեր չընդունված, չափավոր շիլ, խուլ, բութ և հումորի զգացումից զուրկ ջահելներին։

ԱՅԴՊԵՍ ԷՐ ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՆԱԿՈՒՄ
Մեր վաշտի հրամանատարն էր ադրբեջանցի Մագերամովը։ Թուխ էր խափշիկի պես և... արհամարհված։ Այսպես էր մեր օրերի բանակում. քեզ կամ ընդունում էին, կամ արհամարհում։ Բոլոր չընկալված ենթասպաներն ու սպաներն անխտիր դաջված էին։ Մականուններով։ Ենթասպա, համատեղությամբ էլ «յազվա» Մակուշկինն ավելի հանրահայտ էր որպես եֆրեյտոր Կուկուշկին։
Մագերամովը Կապչյոնին էր։ Քինոտ էր ու տխմար հոգեբան։ Հոգեբանությունը սպայի հիմնական զենքն էր։ Սա հասկանալու համար, թերևս, հարկ է լինել նորակոչիկների առաջին բաղնիքում։ Սոդոմ-Գոմորը դրա համեմատությամբ «Մեծ թատրոնի» բուֆետն էր։ Թանձր գոլորշու և բանակային օճառի թախտաբիթիահոտ եռուզեռում մերկանդամ չուվաշ, ղազախ, թաթար, հրեա, էստոնացի, վրացի, ուզբեկ, խախոլ, հայ և ռուս ջահելների մարմիններն էին։ Վարդագույն խոճկորի պես, դժգույն ու պեպենոտ, բարդու նման սլացիկ, ծերունականորեն կնճռապատ, օրիորդավարի թմբլիկ ու անսպասելի հալումաշ եղած։ Հուզականորեն միամիտ էին գանգատուփերը, միևնույն սարքով խուզված։ Սրան հավելած բազմալեզու ձայնարկությունները, խրոխտ հայհոյանքը` ուղղված չգիտես թե ում, սակայն մայրենի լեզվով, դժգոհ բառաչն ու մելամաղձոտ բայաթին։ ՈՒղղակի ցնցող էր նորակոչիկների տեսքը բաղնիքից հետո։ Որևէ գլխարկ կամ շինել, սապոգ և ուսադիր իրենց տեղում չէին։ Ծառայության ընթացքում էր այն «նստում» զինվորի վրա։ Դա վաստակել էր պետք։


Յուրաքանչյուր վաշտում կար առնվազն տասն ազգություն։ Այսինքն` տասն ազգային բանահյուսվածք, գումարած բազմաթիվ բնավորություններ։ Պե՞տք էր, որ սպան հոգեբան լիներ։ Անհրաժեշտ էր նույնքան, որքան գազան վարժեցնողը կրկեսում պիտի քաջ գիտենար հպատակ աղվեսի, սիրամարգի կամ ուղտի վարքն ու տրամադրությունը։ Բաղնիքի նախասրահի անմոռաց բույրը...
Մեզ սպասարկող բաղնիքում մի ընդարձակ նախասրահ կար, որ ընդհանուր էր կանանց բաժանմունքի հետ։ «Կազյոննի» ԺԺՁ-ահոտը խառնվում էր ռուս տիկնանց պարծանք «Красная Москва» օծանելիքի զգլխիչ բույրին։ Դա տագնապալի հույսեր էր ներշնչում։ Մի երկու ամիս համբերություն ու էս լրբերը հերթ կկանգնեն գնդի դարպասների առաջ։ Սա յուրաքանչյուր նորակոչիկի երազանքն էր, բայց թե ինչու պիտի արծիվ սպաներով գերհագեցած քաղաքի լիացած էգերը մեր անվարժ գիրկը նետվեին, չէր հետաքրքրում որևէ մեկին։

«КРАСАВИЦА, УВАЖАЙ СОЛДАТА И ЛОЖИСЬ С НИМ СПАТЬ»

ՈՒզբեկ Կադիրովի հասակը ճիշտ 151 սմ էր։ Նա անդուլ անիծում էր իր յոթ պորտը ավելորդ սանտիմետրի համար։ Բանն այն է, որ մինչև 150 սմ հասակ ունենալու դեպքում բանակ չէին զորակոչում։ Սպասում էին մինչև զորակոչիկը բոյ քաշի։ Մինչև 28 տարեկանը։ 18 տարեկանում նրա հասակը 149 սմ էր, 28-ում` արդեն 151։ Նրան, իհարկե, զորակոչեցին։ Զինվորական կանոնագրքից Կադիրովը յուրացրել էր մի դրույթ, թերևս ամենակարևորը. սպաներն ու ենթասպաներն իրավունք չունեն վիրավորելու զինվորի, հատկապես ազգային փոքրամասնության արժանապատվությունը։ Դրա համար սովետական օրենսդրությունը խիստ պատիժ էր սահմանել։ Սա հնարավորություն էր տալիս նրան մատների արանքով նայելու ծառայությանը երկու տարի շարունակ։ Սրանից էր նաև բխում նրա շատ ինքնատիպ վարքը. ձախ թաթը գողունի դուրս էր հանում մատները գրեթե ծածկող թևքից ու երեք մատի կոմբինացիան ուղղում Կարմիր բանակի սրբություն սրբոցներին` քաղբյուրոյի անդամների լուսանկարների հսկա վահանակին, N 1 պահակակետի կարմիր դրոշին, որ տեղակայված էր գնդի շտաբում, և... գրադարանավարուհի Մարֆայի հետույքին։


Պետք է նշել, որ եռամատ կոմբինացիան շարքային Կադիրովի միակ մարտական ձեռքբերումն էր։ Մի օր նա անհետ կորավ գնդի տնտեսությունը հսկող 3-րդ պահակակետում։ Խաղաղ ու ձյունալի եղանակ էր։ Պիտի փոխարինեի Կադիրովին` պայմանանշանն ասելուց և պահեստների անխաթարությունն ստուգելուց հետո։ Սերժանտ Մուշկավեցի հետ մտանք տարածք և սկսեցինք ինքներս փնտրել ուզբեկ ժողովրդի պանծալի թերմացքին։ Տագնապի ազդանշանով ժամանած պահակազորը նրան հայտնաբերեց պատահաբար։ Ամենամութ անկյունում ի հայտ էր եկել անհայտ ծագմամբ ձնակոլոլ մի թումբ։ Եղջերվի մուշտակում փաթաթված-քնածը Կադիրովն էր։ Հետո նրա մարտական ողջ ծառայությունը սահմանափակվում էր գնդի խոհանոցում ողջ գիշեր կարտոֆիլ մաքրելով։ Կադիրովին հաճախ էր կանխարգելում Կրյաժ թաղամասում շրջող զինվորական պարեկը, երբ վերջինս փոստ էր ուղևորվում հայրենի Ֆերգանայի հետ կապ հաստատելու կամ ծանրոց ստանալու։ Պարեկին շատ էր զարմացնում զինվորական համազգեստով շրջող յոթանասունամյա ծերուկը։ Նրա դեմքը կնճռոտ էր ինչպես ժամկետանց թթու վարունգը։

ՈՒնե՜ր Կադիրովն իրավունք ատելու Մարֆային։ Նախկին գեղեցկուհին բավականին անթաքույց էր մերժել Կադիրովի սիրահետումը, որը սահմանափակվեց «Կրասավիցա, ուվաժայ սալդատա ի լաժիս ս նիմ» նրբագեղ հաճոյախոսությամբ, նաև սեխի չրի շարանը որպես սիրո առհավատչյա, Մարֆայի վիզը նետելով։ Խոստովանեմ, սցենարն իմն էր, և ինչ խոսք, ինքս էլ հետագայում զգում էի եռամատ կոմբինացիա` ուղղված հոնքամիջիս։ Երբ քնած էի։

ԵՐԲ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՈՒՀԻՆ ՆԵՐԽՈՒԺԵՑ ԳՈԳՈԼԻ «ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ» ԲՈՍՏԱՆԸ, ՈՒՂԵՂՍ ՄԹԱԳՆԵՑ


Գրադարանավարուհին երկու տասնամյակ էր, ինչ ամուսնալուծված էր։ Բայց գրադարանը դատարկ էր։ Լսեցի, որ ստացել են փափագելի «Շվեյկի արկածները»։ Սուրացի գրադարան առաջին պատեհ պահին։ Այնտեղ զով էր ու անամպ երկինք։ Գիրքը վերցրի` լսելով շնորհավորանք իմ ընթերցողական նուրբ ճաշակին։ Հետո ցենտներանոց գայթակղության հեղեղը դուրս եկավ պատնեշի հետևից։ Նստեց դիմացի աթոռին։ Ծաղկազարդ խալաթը, անշուշտ, նախատեսված էր ավելի նրբակազմ մեկի համար։ Բնականաբար, Շվեյկը ձեռք գցելու բերկրանքը սահուն տեղը զիջեց յասամանի թունդ բույր արձակող կիսամերկ տիկնոջը գուրգուրելուն։ Աչքերիս առջև մառախուղ էր։ Ակամա հիշեցի վաղ պատանեկությանս այն օրը, երբ Չարենցավանի խուլիգանների պարագլուխ Հիլոտը, որպես հատուկ հարգանքի նշան, ինձ հրամցրեց թեթև չափաքանակով պլանը։ Մեկ-երկու ներքաշում և հանկարծ չգիտես որտեղից հայտնված փղերը սկսեցին վալս պարել մոտակա ավազահանքի ինքնաթափերի հետ։ Ի դեպ, ինքնաթափերը անխտիր նարնջագույն էին։ Իսկ փղերի ականջներից կախված էր Լենինի մեկական գլուխ` շրջանակված «Մեռել տփողների» բնօրրան Ալափարս գյուղի դդմի չորացրած կորիզներով։


Մարֆան առաջին գրոհս խափանեց, դավադիր շշնջալով, որ նախ պիտի գրականությունից խոսենք, չէ՞ որ սա գրական աշխարհ է։ Խոսեցինք։ Խոսեց նա։ Ծայրեծայր ներկայացրեց ողջ Շվեյկը, անցավ Պավել Կորչագինին ու երբ ներխուժեց Գոգոլի «Մեռած հոգիների» բոստանը, ուղեղս մթագնեց։ Ժամուկես հետո ես զորանոցային կյանքը սիրեցի անկեղծ սիրով։
Դրսում արև էր ու առաջին անգամ առանց նենգության զինվորական ազնիվ պատիվ տվեցի Կուկուշկինին, սպայակազմի և զինվորականության մղձավանջ, նշանավոր քաղաքական որովայնախոս քաղղեկ Կատյուկին, որն, օրինակ, պնդում էր, որ յուրաքանչյուրը գնդում, քուն թե արթուն, պիտի հիշի, թե ինչ էր Չապաևի ձիու օրիորդական անունը, քանի կիլոգրամ էր կշռում 1905-ին ցարական սպայի տապալած առաջին հեղափոխական բուլիժնիկը և այսպես շարունակ։ Բայց երբ անթերի զինվորական պատիվ տվեցի նաև խոզապահ Խարիտոնին, որին, վրայից փչող ահարկու բույրերի պատճառով, ոչ ոք յոթ մետրից մոտ չէր թողնում, ինձ հասցրին բուժսանմաս։

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՎԱՇՏԻ ԱՆԵԾՔՆ ԷՐ ՈՒ ՕՐՀՆԱՆՔԸ


Լենկոմնատան յուրաքանչյուր վաշտի անեծքն էր ու օրհնանքը։ Քանզի հենց այստեղ էր հեռուստացույցը։ Ընդարձակ սենյակում, շաբաթը երկու օր մենք քաղպարապմունքի էինք։ Սպան խրոխտ կարդում էր համաշխարհային իմպերիալիզմի դեմ անողոք պայքարի հերթական տրակտատը, մենք ծուլորեն գրի էինք առնում։ Ընդ որում` նույն ջանասիրությամբ էին գրում և՛ անհամեմատ գրագետ ռուսները, և՛ քիչ թե շատ ռուսերենում վարժ տղաները (այդ թվում` ես), և՛ անհույս տառաճանաչները։ Վեց ամիսը մեկ անգամ քաղաքամայր Մոսկվայից ժամանող զինվորական հանձնախումբը, ի թիվս այլ վարժանքների (պտտաձողի վրա, վազքուղում...), ստուգում էր զինվորների քաղաքական պատրաստվածության աստիճանը։ Լենկոմնատայում, ի դեպ, մենք սղագրում էինք ավելի շատ, քան որևէ հումանիտար բուհի ուսանող։

Մութն ընկնելուն պես վաշտի արտոնյալներս (բանակային կյանքում արտոնյալության մեկ հիմնական չափանիշ կար. ծառայողական փորձառությունը) թաքուն որևէ ֆիլմ էինք դիտում կամ համերգ ունկնդրում «Վրեմյա» գրոհային-խարդախ ծրագրի ավարտից հետո։ Գունդը ննջում էր։ Խավար սենյակում հեռուստացույցի խլացած ձայնն էր և մեր սիգարետներից սահող ծուխը։ Օրապահը հատուկ ազդականչով տեղեկացնում էր վտանգի մասին։ Չնայած վաշտի սպաները կարող էին նաև շրջանցել նրան ու սենյակ մտնելով գրողի ծոցն ուղարկել բոլորիս։ Այդպես հազվադեպ էր լինում։ Մագերամովի գալով Լենկոմնատայի բոհեմը սկսեց ճաքեր տալ։ Առավոտյան գնդի տողանի ժամանակ մեկ առ մեկ ընթերցում էին գիշերը զվարճացողներիս անունները, համապատասխան հետևություններով։ Մատնիչին գտնել չէր հաջողվում։ Մագերամովը թաքուն սենյակ էր մտնում։ ՈՒ մնում անհայտ։ Ցանկացած այլ սպայի դեմք, այնուամենայնիվ, կուրվագծվեր։ Նրանը` չէ։ Մագերամով-Կապչյոնու թուխ մորթը մութ սենյակին էր միաձուլվում բավականին համերաշխ։ Նա թունդ խավարում աննկատ էր ինչպես սև աքաղաղը փայտածխի պահեստում։ Այսպես լուծվեց մեր գիշերային բոհեմը։ Կապչյոնին մեր աչքում էլի մի աստիճանով բարոյազրկվեց, շրջանցեց Մարֆային և գնդի խոհարար, ադրբեջանցի զինվոր Մուստաֆա Բայրամովին։

ԲԱՅՐԱՄՈՎԻ ԱՉՔԻ ՏԱԿԻ ԿԱՊՏՈՒԿՆԵՐԸ ՉԷԻՆ ՀԱՍՑՆՈՒՄ ԲՈՒԺՎԵԼ


Բայրամովը գնդի սննդային մղձավանջն էր, բազմատաղանդ գաստրոնոմիական ճողվածք։ Զինխոհարարական վեցամսյա դասընթացներ ավարտած այս սեխագլուխ սուբյեկտը ցնցող հնարամտությամբ կարողանում էր զինվորական ապուրներն ու երկրորդ ճաշատեսակը վերածել անգույն ու համազուրկ խյուսի։ Հնարավոր չէր, առհասարակ, պարզել նրա եփած ճաշերի բաղադրությունը։ Մենք մխիթարվում էինք նախաճաշին տրված քաղցր թեյով և կարագով, ընթրիքի ժամանակ մատուցվող տապակած ձկով և բարձրորակ հացով։ Ի դեպ, ճաշարանում մի անշուք ամբիոն էր կառուցված։ Զինվորականների ծննդյան օրերը գրվում էին պաստառի վրա, և երկու-երեք զինվոր հրավիրվում էին տոնական ճաշի։ Բայրամովը խոհարարական արվեստի նոր հանելուկներ էր առաջարկում։ Տոնական «манная каша-ն անյուղ էր, առանց շաքարի և եփված էր ջրով։ Միակ տանելի ուտեստը նրա ձեռքով պատրաստված... կիսելն էր, միշտ տաք, քաղցր ու բուրավետ։ Գնդի արձագանքը, բնականաբար, համարժեք էր։ Բայրամովի աչքի տակի կապտուկները չէին հասցնում բուժվել։ Մուստաֆային շանսատակ էին անում սովորաբար մթության քողի տակ, կեսգիշերից հետո, երբ նա զորանոց էր հասնում քունն առնելու։ Այսօր էլ գլխի չեմ ընկնում. նա սննդամթերքը գողանու՞մ էր, թե՞ պարզապես թքած ուներ իր պարտականությունների վրա։

«ՆԱՏՕ-Ի ՀՐԹԻՌՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՐՈՒՅԿԻ ՀԵՏՔՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԳՈՒՆԴԸ ԵՎ
ՈՉՆՉԱՑՆԵԼ»


Քաղաքապաշտության մեր առանձին-մեքենայացված գնդի վերահսկիչը գեներալ Սուկովն էր։ Նենգ ծերուկ էր։ Անսպասելի հայտնվում էր ամայի դաշտում դիրքավորվող գնդի զբաղեցրած տարածքում ու անհեթեթ հրամաններով բոլորի հոգին բերանը բերում։ Ձմռան ահասարսուռ գիշերով երկու ժամ ճանապարհ ընկած գնդի համար լուսաբացի կարճ դադարը, համաձայնեք, երկնային մանանա էր։ Սուկովը, թափ տալով հրամանատարությանը, ստիպում էր գործել համաձայն մարտական առաջադրանքի։ Սա նշանակում էր, որ չէր կարելի թեկուզ աննշան խարույկ վառել (որով սառցակալած թեյն էինք տաքացնում) ու ջերմացնել կապտած ձեռքերը։ Նաև անհրաժեշտ էր սառցաձյան մետրանոց խորանարդներ պատրաստել և շրջափակել զինվորական տեխնիկան, քանի որ «ՆԱՏՕ-ի հրթիռները կարող են խարույկի հետքով հայտնաբերել գունդը և ոչնչացնել»,- բարբաջում էր նա և վերադառնում իր աշխատավայրը` Մերձվոլգյան զինվորական օկրուգի խնամված ու տաքուկ շտաբը։ Հասկանալի է, որ այդ պահերին անգամ Կատյուկն էր մեր աչքում նվազ զազրելի երևում։ Ի դեպ, գեներալի իսկական ազգանունը Սերեբրեննիկով էր։
(շարունակելի)

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7673

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ