Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գանձասարը պայծառացել է և այնքան է պայծառացել, որ արևի պես սկսել է լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը

Գանձասարը պայծառացել է և այնքան է պայծառացել, որ արևի պես սկսել է լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը
29.06.2018 | 04:39

Հասարակական-քաղաքական գործիչ, «Մխիթարիչ» բարեգործական ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանին Հայաստանում շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի այս պատմությունը, որն իր հորից՝ Վարդան Ստամբոլցյանից, լսել և իր հուշերում պահել է նա: Հայոց աշխարհում կատարված, ինչպես նաև հայերիս հետ կապված այս և մեկ այլ հրաշքի մասին ստորև ներկայացվող վկայություններն իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը:


1918 թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ հայոց աշխարհում ամենուրեք խառնաշփոթ էր և անորոշություն, Սեյիդ Իսային 15-հազարանոց զորքով, Վարդենիսի՝ այն ժամանակ Բասարգեչարի, գերակշռող թուրք-ազերի բնակչության և Քելբաջարի թուրքերի աջակցությամբ, որոշում են վերջապես լիովին հայաթափել այդ տարածաշրջանը։ Հայկական մի քանի գյուղերի բնակիչներ վարդենիսցի մեծահարուստներ Արզոյան Հովհաննեսի և Բոյախչու Ղարիբ աղայի գլխավորությամբ հավաքվում են Վարդենիսում և կազմակերպում են ինքնապաշտպանություն: Բոլոր հայերը համախմբվում են և, որպես ճշմարիտ քրիստոնյաներ, միասնաբար, ամեն հնարավոր միջոցներով դիմակայում են թուրք հրոսակների գրոհներին։ Միաժամանակ չեն դադարում նաև պատարագներն ու աղոթքները հայոց եկեղեցում։

Պաշարումն ու հայության հերոսական ինքնապաշտպանությունը ձգվում են ամիսներ։ ՈՒժերը չափազանց անհավասար էին և, ի վերջո, հունիս ամսին հայտնի հետախույզ Սահակ Պողոսյանն ու համագյուղացի Բաղիշ Պետրոսյանը հնարամտությամբ կարողանում են դուրս գալ պաշարումից և օգնություն ստանալու հույսով հասնել շրջակա հայկական բնակավայրեր ու Նոր Բայազետ։ Նրանք լուր են տալիս այդ ժամանակ բազմահազարանոց հայ գաղթական զանգվածի հետ այնտեղ գտնվող Զորավար Անդրանիկին, որ հայությունը Բասարգեչարում պաշարման մեջ դեռ դիմակայում է, և խիստ անհրաժեշտ է օր առաջ օգնության հասնել։ Չկարողանալով թողնել գաղթականներին` Անդրանիկը խորհուրդ է տալիս դիմել վարդենիկցի հայտնի խմբապետ Տաղլարի Աղաբեկին, որն այդ ժամանակ գտնվում էր Զանգեզուրում և արդեն տեղյակ էր դեպքերին: Բանագնացները վերադառնում են Բասարգեչար` զենք ու զինամթերքի որոշ պաշարով: Բասարգեչարցիները վճռականորեն շարունակում են ինքնապաշտպանությունը: Շուտով օգնության են հասնում Աղաբեկը` Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ գյուղերի մոտ 700 կամավորներով համալրված իր զորախմբով, ինչպես նաև Ներքին Գետաշենից Նիկոլ Դրամփյանը և Լճաշենից հայտնի հայդուկապետ Ռուբեն Թարփոշյանն իրենց խմբերով: Թիկունքից հարվածում են տասն անգամ իրենց գերակշռող թուրքական ուժերին, գլխովին ջախջախում ու կոտորում են ողջ թուրքական բանակը: Վերացվում է պաշարումը, ապա արդեն միավորված զորախմբերով ամբողջ Վարդենիսն ազատագրում են թուրքական ներկայությունից, որոնց մնացորդներն էլ փախչում են Ադրբեջանի խորքերը։


Ավաղ, երբ եկան բոլշևիկները, առաջին բանը, որ արեցին, Արզոյան Հովհաննեսին կախաղան հանելն էր, հետո խաբելով Զանգեզուրից կանչում, հետ են բերում Աղաբեկին և նույնպես սպանում են: Իբրև այս ամենի տխուր վերջաբան` հետ բերեցին թուրքերին և վերաբնակեցրին ողջ Վարդենիսի տարածքում, ուր, որպես գերակշռող մեծամասնություն, նրանք մնացին մինչև ղարաբաղյան շարժման օրերը։


Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռազմաճակատից վերադարձավ նաև Վարդան Ստամբոլցյանը, ում տուն հաճախ այցելում էր մի ադրբեջանցի, որը նրա ընտանիքի «քիրվան» (եղբայր) էր համարվում և գալիս էր Վարդենիսի կիրակնօրյա շուկա առևտուր անելու։ Այդ ժամանակ նա արդեն բավական տարեց մարդ էր՝ 100 տարեկանին մոտ և ապրեց մինչև 115 տարի։ Մի անգամ միասին բակ դուրս գալուց հետո, այդ ծերունին ձեռքը մեկնում է գյուղի մի ծայրի ուղղությամբ և հարցնում. «Վարդան, ա՜յն կողմում ի՞նչ կա»։ Պատասխանում է. «Սուրբ Վարդան քարայրն է, որտեղ, ըստ ավանդության, Ավարայրի ճակատամարտից առաջ եղել է Վարդան Մամիկոնյանը, և որտեղից առայսօր աղբյուր է բխում»։ Հետո ծերուկը ձեռքը մեկնում է նախկին գերեզմանոցի կողմ և կրկին հարցնում. «Ա՜յ այս կողմում ի՞նչ կա»։ «Այնտեղ գտնվում է տեր Խաչատուրի գերեզմանը. նա եղել է 19-րդ դարում Վարդենիսի քահանաներից մեկը, որին ժողովուրդը հիշում է որպես բարեպաշտ հոգևորականի»։ Ըստ ավանդության, նա պատարագներից հետո վերցնում էր սննդամթերք, դուրս էր գալիս գյուղի եզրը, կանչում էր գայլերին, կերակրում էր և հորդորում, որ գյուղի անասուններին չվնասեն։ Մահից հետո ժողովուրդը յուրովի սրբացրել էր տեր Խաչատուրին, նրա գերեզման վկայելը մարդկանց մեջ ընդունված էր որպես ճշմարիտ խոսքի վերջին հավաստիք։


Ապա ծերունին նորից ձեռքը մեկնում է մի այլ ուղղությամբ ու հարցնում. «Ա՜յ այնտեղ, բա այնտեղ ի՞նչ կա»։ Վարդանը նորից պատասխանում է. «Այնտեղ` արտերի մեջ կա մի խոնարհված, խաչաձև եկեղեցու հիմք, որը Թուխ Մանուկ է կոչվում»։ Ադրբեջանցին շարունակում է. «Գիտե՞ս, Վարդան, երբ 1918 թվականին մենք շրջապատել էինք Վարդենիսը և մեկ տարի պահեցինք պաշարման մեջ ու ամեն անգամ, երբ առավոտյան գրոհում էինք, փորձելով գրավել այն, մեր դեմ օդով դուրս էին գալիս երեք հեծյալներ։ Մեկն այդ քո ասած քարայրի կողմից էր գալիս՝ սպիտակ ձիով մի զրահավոր զորավար, մյուսն այդ գերեզմանի կողմից՝ սև ձի հեծած մի սևազգեստ հեծյալ, և երրորդը՝ քո ասած Թուխ Մանուկի կողմից՝ մի կիսամերկ մանուկ հեծյալ։ Այդ երեք հեծյալները շարունակ պտտվում էին պաշարման եզրով, և մենք այլևս անկարող էինք լինում անցնել այդ օղակից։ Իսկ երբեմն էլ լինում էր այնպես, որ մեր մեջ կռիվ էր ընկնում, ու մենք անհասկանալի կերպով միմյանց էինք կոտորում»։
Այս պատմությունը հետագայում ևս երեք-չորս անգամ ծերունին պատմել է:
Նմանաբնույթ մի հրաշք էլ կատարվել է Երուսաղեմում: Սրբոց Հակոբեանց վանքի պահապանները փրկել են այնտեղ պատսպարված Հայոց թաղամասի բնակիչներին: Մերձավորարևելյան բախումը, հատկապես, երբ այն վերաճել էր պատերազմի, անդրադարձել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա: 1948 թ. առաջին արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Երուսաղեմի Հայոց թաղամասի բնակիչները խաչաձև հրետակոծությունից պատսպարված են եղել Սրբոց Հակոբեանց վանքի (հիմնադրվել է 4-րդ դարի սկզբում սբ Գրիգոր Լուսավորչի կողմից, սբ Տրդատ արքայի հովանավորությամբ և աջակցությամբ, ճիշտ այն տեղում, ուր քրիստոնեության առաջին դարերից ի վեր ապրում էին հայ վանականներ և հոգ տանում սրբավայրերին) ամուր պատերի հովանու ներքո, իհարկե, նախ և առաջ եկեղեցու ներսում:


«Միայն մեկ գիշերվա ընթացքում մոտավորապես 1000 արկ պայթեց Սրբոց Հակոբեանց եկեղեցու մերձակայքում, դրանցից ոչ մեկը չդիպավ անմիջապես շինությանը, և ոչ մի վնաս չհասցվեց եկեղեցուն, որն ուղղակի հրաշք է համարվում,- գրել է Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը (Настоятель монастыря Святых Архангелов. Кандидат богословских наук "Размышления на тему Халкидона. Армянское достояние на святой земле", Иерусалим 2010, стр. 68-69):- Այդ գիշեր բազմաթիվ մարդիկ (դրա մասին վկայել են ոչ միայն հայերը, այլև հրեաներն ու արաբները) տեսել են երեք այրերի պատկերներ, որոնք եկեղեցու գմբեթի վրա կանգնած՝ իրենց լայնատարած ձեռքերով պաշտպանում էին եկեղեցին դեպի այն սլացող արկերից:


Դրանք էին Սրբոց Հակոբեանց տաճարում ամփոփված սբ Հակոբ Տյառնեղբայրը, սբ Հակոբ Գլխադիրը և 4-րդ դարի երուսաղեմյան Մակար եպիսկոպոսը»:
Պատմությունը եզրափակենք Աշոտ Հունանյանի փոխանցած և Արցախի ու Պարգև սրբազանի հետ կապված մի տեսիլքով, որը թեև հրաշք չէ, տեսիլք է, սակայն հրաշքի նման է այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ու նախապես հայտնվեց այդ տեսիլքով:
1985 թվականի հուլիսին երկու հավատացյալ եղբայր Երևանից մեկնել են Արցախ: Նրանք ծագումով արցախցի էին, բայց ծնվել էին Երևանում: Յոթ օր ծոմ պահելուց հետո Գանձասարի վանքում աղոթք են արել ու խնդրել Աստծուն, թե` Տեր, հայտնիր մեզ, ի՞նչ է սպասում ապագայում մեր հայրենիքին, մանավանդ Արցախ աշխարհին: Եկեղեցիները փակված են, հավատացյալների բանակը սակավացած: Այս աղոթքին ի պատասխան, Աստված տեսիլք է ուղարկել նրանց: Եղբայրները նախ տեսել են ողջ Արցախը մռայլ գույների մեջ, ժողովուրդը մուգ զգեստներով է եղել ու տխուր:


Հանկարծ, շողշողացող լույսերի մեջ, երկնքից իջել է Աստվածածինը և աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց է տվել զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց է տվել, այնտեղ փոքրիփոքրե արյուն է թափվել: Հետո տեսիլքի մեջ երևացել է Գանձասարը, որ պայծառացել է և այնքան է պայծառացել, որ արևի պես սկսել է լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Ամեն մի բլրի վրա ոսկե խաչ է եղել, որն իր հերթին լուսավորել է մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երևացել է, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով են եղել և փառաբանել են Աստծուն: Շատ լուսավոր տեսարան է եղել ամբողջ Արցախի վրա, և ողջ Արցախի տարածքով երկնքում գրվել է ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՎԱՏՔ:
Երբ եղբայրները վերադարձել են Երևան և տեսիլքը պատմել Գուրգեն սարկավագին, որն այն ժամանակ ծառայում էր Սբ Էջմիածնում, նա մեկնել է, թե նախ որոշ չափով արյուն պետք է թափվի Արցախում, ապա մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ասել, որ դրանից հետո Գանձասարը պետք է բացվի, և այնտեղից պետք է օրհնությունը տարածվի ամբողջ Արցախով մեկ: Հավատքը վերելք պետք է ապրի, և Արցախը պետք է միանա Հայաստանին կամ պիտի դառնա Հայաստանի մի մասը: Տեսիլքն ուրախությամբ մեկնելուց հետո Գուրգեն սարկավագն իր կարծիքն է հայտնել, թե գուցե տասնյակ տարիներ հետո միայն այս ամենն իրականանա (այդ օրերին ո՞վ կմտածեր, թե երեք տարի անց շարժումը պիտի սկսվեր): Գուրգեն սարկավագի մեկնությունը լսելով, եղբայրներից փոքրը, որպես տեսիլքի շարունակություն, ժպտալով ասել է նրան` դու էլ Արցախի առաջնորդը պիտի լինես:
«Երբ քսան-երեսուն տարի հետո եպիսկոպոս դառնամ, գուցե և Արցախի առաջնորդը լինեմ»,- պատասխանել է սարկավագը:


Սակայն Աստված նախօրոք է տնօրինում ամենայն բարին, և ահա տեսիլքից ընդամենը երեք ամիս անց սարկավագին աբեղա ձեռնադրեցին, իսկ երեք տարի անց էլ, երբ եպիսկոպոս ձեռնադրեցին, շարժումն արդեն սկսվել էր: Այնժամ Գուրգենը, որը վերանվանվել էր Պարգև և արդեն եպիսկոպոս էր, հասկացել է, որ տեսիլքում զգուշացվածը շատ արագ էլ պետք է կատարվի, ոչ թե տասնյակ տարիներ հետո: Եվ արյուն պետք է թափվի, և պատերազմ պետք է լինի, և պետք է պատերազմում Արցախը հաղթի ու միանա Հայաստանին: Եվ իսկապես էլ, ամեն բան, ըստ Աստվածածնի տեսիլքի, արագ ընթացավ, և Պարգև եպիսկոպոսը առաջնորդ կարգվեց համայն Արցախ աշխարհին:


Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ