Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ժողովրդավարությունն այն ապրանքը չէ, որը կարելի է ավելի թանկ վաճառել

Ժողովրդավարությունն այն ապրանքը չէ, որը կարելի է ավելի թանկ վաճառել
20.07.2018 | 03:08

Երբ գրանցվեց «թավշյա հեղափոխություն» անվանումը կրող գործընթացի հաղթանակը, և տեղի ունեցավ իշխանափոխություն, հայաստանյան հասարակության մեջ բավականին լուրջ արտաքին քաղաքական ակնկալիքներ ձևավորվեցին։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ այդ ակնկալիքները ձևավորվել էին նաև իշխանության մեջ, և դրանք հիմնականում, ըստ նրանց, պայմանավորված էին նրանով, որ Եվրամիությունը, Արևմուտքը, գնահատելով հեղափոխության խաղաղ, ժողովրդավարական եղանակը, բոլորովին այլ աչքով կսկսեն նայել Հայաստանին։


Եվ անցած շաբաթ Բրյուսել մեկնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրոք լուրջ սպասելիքներ ուներ, որ բրյուսելյան հանդիպումների արդյունքում կունենա կոնկրետ առաջարկներ, խոստումներ, գուցե նաև ինչ-որ կոնկրետ արդյունքներ։ Սակայն, ինչպես երևում է, ամեն ինչ սպասվածի պես չանցավ: Եվ հենց Բրյուսելի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը բավականին ուշագրավ հայտարարություններ արեց լրագրողների մոտ։ Լուրջ հավակնություններ ունենալով Եվրամիությունից՝ վարչապետը նշեց, որ ԵՄ-ն ձևական առումով շատ ջերմորեն ողջունում է հեղափոխական գործընթացները, սակայն կոնկրետ գործի դա չի վերածվում։ Նույնիսկ առաջարկում է ԵՄ պաշտոնյաներին, եթե աջակցություն չի լինելու, և տարբերություն չեն տեսնելու իր և Սերժ Սարգսյանի իշխանությունների միջև, ապա պետք է տոնայնությունը համապատասխանեցնեն փաստացի գործ չանելու մակարդակին։ Սա, իհարկե, սկանդալային գնահատական էր, որը առաջին հայացքից թվում է, թե օգնում է նույնիսկ էմոցիոնալ տիրույթում:


Բայց այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում պրագմատիկ դաշտում։
Թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների միակ ակնկալիքը Եվրամիությունից, եթե ուշադրություն չդարձնենք թե՛ նախկինների ու թե՛ նորերի հռետորաբանությանը, այնուամենայնիվ հասկանալի է, որ նախ և առաջ ֆինանսական աջակցությունն է։ Եվ որպեսզի հնարավոր լինի բարձրացնել համագործակցության ձևաչափը ԵՄ-ի հետ, պետք է դիտարկել եվրոպական այս կոնգլոմերատի հայկական հետաքրքրությունները։ Իսկ ԵՄ-ին, ինչպես և աշխարհաքաղաքական ցանկացած ազդեցիկ կենտրոնի, իհարկե հետաքրքրում են Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, վարքագիծը, ԵՄ անդամ երկրների տնտեսական շահերը Հայաստանում, և վերջապես՝ ՀՀ գործուն դերակատարումը տարածաշրջանում՝ նախ և առաջ անվտանգության համատեքստում։


Թավշյա հեղափոխության ընթացքում, առավել ևս իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում է, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ լուրջ ռեվերսներ չեն լինելու։ Այսինքն՝ Հայաստանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանը շարունակում է մնալ ՀՀ ռազմավարական գործընկերը, Եվրամիության հետ գործելու է համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում և այլն։ Այսինքն՝ արտաքին քաղաքականության ոլորտում պահպանվում է այն, ինչ կար մինչ հեղափոխական շրջանը։ Ավելին, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու այց է ունեցել Ռուսաստան, կայացել է երկու հանդիպում նախագահ Պուտինի հետ, որոնց ընթացքում Փաշինյանը շատ թափանցիկ հայտնում է իր նվիրվածությունը նախկին ռազմաքաղաքական և տնտեսական դաշնակցային պայմանավորվածություններին, աշխարհաքաղաքական նախասիրություններին միջազգային կազմակերպություններում կոորդինացված գործելու պրակտիկային և այլն։ Այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, ԵՄ-ի համար որևէ նոր որակական փոփոխություն չի բերել։


Տնտեսական առումով նույնպես հասկանալի է, որ Հայաստանը՝ որպես շուկա, ԵՄ անդամ երկրներին և եվրաչինովնիկ-բիզնեսմեններին առանձնապես չի հետաքրքրել նախկինում, չի հետաքրքրում նաև այսօր։ Պատճառները տարբեր են, շատ դեպքերում օբյեկտիվ՝ ՀՀ փոքր շուկա, պատերազմական երկիր լինելու հանգամանքը, այժմ նաև անորոշությունը՝ կապված իրականացվող տնտեսական քաղաքականության հետ և այլն։ Գուցե արձանագրվի, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կբերի տնտեսության ազատականացման կամ դեմոնոպոլիզացիայի, սակայն դա հեռանկարային այն գործոնը չէ, որ ԵՄ հետաքրքրությունն արդեն իսկ մեծանա մեր երկրի նկատմամբ։


Անվտանգության գործոնի առումով պետք է ասել, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որն իսկապես կարող է հետաքրքրել Արևմուտքին ու Եվրամիությանը։ Սակայն Հայաստանի՝ արտաքին քաղաքական, ռազմաքաղաքական ռևերսներ չանելու մասին հայտարարություններից պարզ է նաև, որ ՀՀ-ն, տարածքային առումով լինելով իրոք լուրջ գործոն, այնուամենայնիվ, ռուսական ազդեցության գոտի է։ ԵՄ-ն Հայաստանը որպես իր համար պիտանի և հնարավոր անվտանգության գործոն որևէ կերպ չի դիտարկում, քանի որ այստեղ գլխավոր խաղացողը Ռուսաստանն է։ Նույնիսկ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը դարձյալ լիակատար ինքնուրույն գործոն չի դիտարկվում։ Այսպիսով տարածաշրջանային անվտանգության ոլորտում նույնպես Հայաստանը ԵՄ-ին առաջարկելու ոչինչ չունի կամ չի ցանկանում՝ սովորականի պես «ջայլամի քաղաքականություն» վարելով։
Բայց այս պարագայում ի՞նչ է առաջարկում Հայաստանը ԵՄ-ին, որի դիմաց լրջորեն ակնկալում է վերջինիս աջակցության ծավալների մեծացում` փորձելով այդ ակնկալիքները տեղավորել «ավելին ավելիի դիմաց» ձևաչափի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանը որպես առավելություն առաջարկում է ժողովրդավարությունը։ Եվ պատահական չէ, որ Փաշինյանը ՆԱՏՕ-ում նշում էր, թե Ադրբեջանի ոտնձգությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ ոչ միայն մեր դեմ են, այլև առհասարակ ժողովրդավարության։ Փաստորեն, որպես խրախուսման համար ԵՄ-ին առաջարկվող լրացուցիչ «ապրանք» առաջարկվում է ներկայիս Հայաստանի ժողովրդավարությունը։ Պրագմատիկ քաղաքականության մեջ պարզ է, սակայն, որ ժողովրդավարությունը պահանջարկ վայելող ապրանք չէ, այն ընդամենը մեծ քաղաքականությունում մարկետինգային մի գործիք է, որը ցանկության դեպքում օգտագործում են, իսկ եթե ցանկություն չկա, ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում դրա վրա։ Եվ նույն Եվրոպայում շատ են երկրները, որոնք ժողովրդավարությամբ առանձնապես աչքի չեն ընկնում, սակայն գտնվում են հարցեր որոշողների առաջին շարքերում։


Այսպիսով՝ վերոնշյալ երեք ամենակարևոր գործոնները հաշվի առնելով՝ պետք է ասել, որ Հայաստանը որևէ նոր բան չի առաջարկում Եվրամիությանը։ Առաջարկում է չորրորդը՝ ժողովրդավարությունը, ինչը ԵՄ-ում որևէ մեկին չի հետաքրքրում։ Առավել ևս, որ Եվրամիությունն այժմ բավականին ծանր վիճակում է, ունի հսկայական տարաձայնություններ և՛ ԱՄՆ-ի հետ, և՛ քրոնիկ խնդիրներ Ռուսաստանի հետ։ Նկատենք, որ Եվրամիությունն այժմ խնայողական ռեժիմի վրա է և ավելորդ գումարներ չի ծախսում։ Պատահական չէ, որ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին միանգամից արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, որ շարժվում են այն ուղեցույցով, ինչ գրված է համապարփակ և ընդլայնված համաձայնագրում։ Համաձայնագրի ընդունումից հետո որևէ բան չի փոխվել, որևէ նոր որակ չի ստեղծվել, սակայն ԵՄ-ն բաց է, և եթե կան առաջարկներ, ապա կարող են արվել։
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի առջև նաև հարց է բարձրացնում, որ կա՛մ պետք է առարկայորեն լինեք Հայաստանի հետ, կա՛մ ՀՀ-ն առանց ԵՄ-ի էլ կարող է իր ծրագրերը լուծելու փորձեր անել։ Այս հայտարարությունը նախազգուշացում է, որ սուրբ տեղը դատարկ չի մնալու, և ԵՄ-ն թող չզարմանա, եթե հետագայում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ այլ գործընկերներ էլ ի հայտ գան, ի հայտ գան այն դաշտում, որը Հայաստանը նախատեսում էր Եվրամիության համար։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կա՛մ տոնայնությունն իջեցրեք, կա՛մ աջակցությունը մեծացրեք, խոսում է այն մասին, որ ԵՄ-ն, աղմուկ բարձրացնելով ՀՀ հետ հարաբերությունների համատեքստում, ուղերձներ է հղում նաև առ Ռուսաստան։ ՌԴ-ին թվում է, թե Հայաստանն իր թիկունքում ինչ-ինչ խաղեր է խաղում։ Արդյունքում ԵՄ-ից ոչինչ չստանալով՝ ռուսների հետ մնում է հարաբերությունների փչացման վտանգը։ Ինչևէ, այս ամենը նաև շատ նման է ՀՀ նոր իշխանությունների կողմից քաղաքական սակարկություններ սկսելուն:


Եվ ինչպես երևում է` Եվրամիությունն ընդունել է Նիկոլ Փաշինյանի նետած ձեռնոցը, և սկսել է իր սակարկությունը։ Նկատենք, որ ԵՄ-ն բավականին արագ է փորձում հարցերը լուծել, և նույնիսկ առաջիկայում պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ նշված խնդրի շուրջ բանակցությունները սկսելու համար։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն էլ հայտարարել է, որ ներկայացվելու են ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր։ ՈՒշագրավ է, որ որպես կանոն, նման կետերով աջակցություն ստանում են անկախության առաջին տարիներին։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, դատելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի՝ օրերս արած հայտարարություններից, «հայկական նոր ժողովրդավարությունը» չի տպավորել նաև ԱՄՆ իշխանություններին: Ամենայն հավանականությամբ, այնտեղ նույնպես ավելի շոշափելի և բովանդակային առաջարկներ են ակնկալում ՀՀ նոր իշխանություններից: Մյուս կողմից` գուցե այն, ինչ չի հաջողվում ստանալ Արևմուտքից, փոխհատուցվի Ռուսաստանից, ուր, ի դեպ, մոտ օրերս հերթական այցն է կատարելու վարչապետ Փաշինյանը:

Դիտվել է՝ 9349

Մեկնաբանություններ