Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր երեխաների քայլերը մանկուց ուղղենք դեպի Աստված

Մեր երեխաների քայլերը  մանկուց ուղղենք դեպի Աստված
14.09.2018 | 00:08

«Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր, որ երկնքում է» (Մատ. 18:10):

Հիսուսն այս զգուշացումը կատարում է շատ կտրուկ և հստակ, դրանով իսկ շեշտելով այն մեծ կարևորությունը, որը Նա տալիս է երեխաների բարոյական կերպարին և դաստիարակությանը: Եվ իսկապես, ի՞նչը կարող է ավելի շատ շեղել երեխային դեպի չար ուղին, քան մեծերի, հատկապես ծնողների վատ ու բացասական օրինակը: Մարդը, որն իրեն պատասխանատու ծնող է համարում իր զավակների համար, չի կարող անտարբեր մնալ նրանց բարոյական նկարագրի, նրանց՝ իբրև Աստծո զավակ կայանալու կամ չկայանալու հարցում:


Հատկապես մեր օրերում, երբ դեռ չկազմավորված ու շուտ տպավորվող երեխային շրջապատում է գայթակղությունների և չար ու վատ օրինակների մի ամբողջ հորձանուտ, իսկ ծնողները հաճախ ուղղակի ունակ չեն լինում այդ հորձանուտը սանձելու կամ իրենց երեխաներին հեռու պահելու այդ ամենից, հարց տանք ինքներս մեզ. արդյո՞ք մենք բավարար քայլեր ու միջոցներ ենք կիրառում մեր երեխաներին իբրև աստվածավախ ու բարեպաշտ մարդիկ դաստիարակելու համար, թե՞ մեր հանցավոր անտարբերությամբ ինքներս ենք պատճառ դառնում նրանց բարոյալքմանը: Մի՞թե, իբրև ծնող, մեր միակ պարտականությունը նրանց նյութական բարեկեցությունն ապահովելն է, թե՞ դրանից առավել պարտավոր ենք նաև բարոյական մարդ դաստիարակել:


Երեխաներին պետք է բարություն և առաքինություն սովորեցնել փոքր հասակից: Շատ հաճախ ծնողները և ուսուցիչներն ասում են` երեխա է, կմեծանա՝ կսովորի, երեխա է, չարություն էլ կանի՝ կանցնի: Բայց սա ճիշտ չէ: Ճշմարտությունն այն է, որ մեծերն Աստծո առջև պատասխանատվություն են կրում իրենց երեխաների համար դեռևս մանուկ հասակից և պարտավոր են նրանց ընտելացնել բարեպաշտությանն ու առաքինություններին կյանքի առաջին իսկ օրերից: Ծնողները պետք է նաև զգույշ լինեն, որ իրենց չափազանց թողտվությամբ կամ անտարբերությամբ չփչացնեն երեխաների վարքն ու բնավորությունը՝ դրանով իսկ բարկացնելով Աստծուն:
Ծնողները պետք է լավ հիշեն, որ եթե կամենում են իրենց զավակներին բարիքի մեջ տեսնել, ապա հենց մանկությունից նրանց լավ պիտի դաստիարակեն, քանի որ բարի ծառը բարի պտուղ է տալիս: Իսկ եթե անտարբերության մատնեն, ապա երեխաները անառակ կյանքով կապրեն և ծնողների համար պատուհաս կդառնան, քանի որ նրանց հետ իրենք էլ պիտի պատժվեն:


Երեխաները Եկեղեցու փոքրիկ, բայց շատ կարևոր անդամներն են և Եկեղեցում ունեն շատ առաջնային դեր ու նշանակություն. այս հանգամանքը ծնողները պետք է լավ գիտակցեն և հասկանան: Ցավոք, շատ հաճախ տեսնում ենք, թե ինչպես ծնողները երեխաներին մասնակից չեն դարձնում եկեղեցու կյանքին կամ արարողություններին, պատճառաբանելով, թե փոքր են, չեն հասկանում, արարողությունները երկար են՝ այդքան չեն համբերի: Այստեղից էլ սկսվում է սխալը: Չէ՞ որ երեխաների համար օրինակը հենց ծնողները պետք է լինեն: Այդ իսկ պատճառով ծնողներն առաջին հերթին իրենց կյանքը պետք է լցնեն հոգևոր ապրումով, որպեսզի իրենց երեխաները ևս հաղորդակից լինեն դրան: Աստված իրենց կյանքում պետք է ունենա ոչ թե վերջին, այլ առաջնային դեր և տեղ:


Իբրև ծնողներ, մենք հաճախ չենք գիտակցում, որ մեր դերը հենց այս առաքինությունն է։ Մեր երեխաների քայլերը դեռ մանկուց ուղղենք դեպի Աստված: Եվ միգուցե մի պահ անկեղծորեն մեզ հարց տանք` իսկ մեր քայլերն արդյո՞ք դեպի Աստված են ուղղված: Եթե մենք մեր փոքրիկներին ամեն օր տալիս ենք նյութական սնունդ, որպեսզի նրանք ֆիզիկապես ուժեղ լինեն, ապա պարտավոր ենք տալ նաև ամենակարևորը՝ հոգևոր սնունդ: ՈՒստի շատ կարևոր է, որ մենք՝ ծնողներս, փոքր հասակից նրանց նվիրենք մեր Եկեղեցուն: Պետք է փոքր տարիքից աղոթել սովորեցնենք: Եթե մենք դա չանենք, կյանքի նեղությունները նրանց մի օր կսովորեցնեն, և դա ցավալի կլինի: Մեզնից յուրաքանչյուրն էլ մտածում է ինչպես պաշտպանել իր երեխային այս աշխարհի չարիքներից, և լավագույն պաշտպանությունը Աստծո հետ լինելն է: Պետք է փոքր հասակից Հիսուսի հետ ապրել սովորեցնել, խոսել սովորեցնել ու, ամենակարևորը, Նրա պես մտածել սովորեցնել: Քանզի չկա ավելի լավ պաշտպանություն, քան մեր Տեր Հիսուսի հետ ապրելը: ՈՒստի մենք էլ մեր երեխաներին մոտեցնենք մեր Փրկչին. Ավետարան կարդանք նրանց համար, պատմենք նրանց Աստծո մասին, սովորեցնենք նրանց համբերել, սիրել, ներել, Եկեղեցու ճամփան սովորեցնենք նրանց: Գալու է մի ժամանակ, երբ չարությունն աշխարհի վրա այնքան է շատանալու, որ փրկությունը լինելու է միայն Աստծուց:
Բոլոր արատների ու մեղքերի մեջ մեզ Աստծուց բաժանող առաջին մեղքն արծաթասիրությունն է: Այդ պատճառով ծնողները չպետք է մտածեն այն մասին միայն, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք բոլորից հարուստ դառնան բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով, որքան էլ նրանք շատ բանի պակասություն ունենան, կենսական ու պատանեկան ինչպիսի հրապուրանքներ էլ հանդիպեն: Չէ՞ որ եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, ապա որքա՜ն ավելի է պահանջվելու երեխաների համար: Թեկուզ մեկի ունեցվածքը մեծ և թանկարժեք լինի, բայց եթե նա լի չէ դա առաքինաբար տնօրինելու եռանդով, ամեն ինչ կոչնչանա և նրա հետ կվերանա: Իսկ եթե հոգին ազնվաբարո է և իմաստությամբ լեցուն, ապա տանը թեկուզ ոչինչ կուտակած չլինի, աներկյուղ կարող է տիրանալ ցանկացած բարիքի: Այդ պատճառով չպետք է անտարբեր լինել երեխաների նկատմամբ, իմանալով, որ եթե նրանք իրենց լավ պահեն Աստծո հետ ունեցած հարաբերություններում, ապա հարգված և փառաբանված կլինեն նաև երկնային կյանքում:
Ով անփույթ է իր երեխաների հանդեպ, թեկուզ մյուս հարցերում լավ և կարգին մարդ լինի, միևնույն է, այդ մեղքի համար արժանանալու է ծանրագույն պատժի:


ՈՒստի, ո՜վ զավակ ունեցող ծնողներ, մշտապես արթուն եղեք, ջանք ու եռանդ մի խնայեք ձեր զավակներին կրթելու գործում և իմացեք, որ Աստված ձեզ նրանց վրա երկրորդ արարիչ է կարգել, ինչպես Նա ինքն է կրթում ձեզ Իր հանդեպ երկյուղի, բարեպաշտության, սուրբ ու անբիծ օրենքների միջոցով (քանի որ Տիրոջ օրենքներն անբիծ են), այնպես էլ ձեզնից պահանջում է նույնն ուսուցանել։ Այդ դեպքում Իր պարգևներին՝ ձեր զավակներին, ոչ մի չարիք չի մոտենա:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2099

Մեկնաբանություններ