Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒ ես կերթամ դեպի աղբիւրը լոյսին»

«ՈՒ ես կերթամ դեպի աղբիւրը լոյսին»
14.09.2018 | 03:47

2000 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգի Փարամուս քաղաքի իր գրասենյակում, վաղաժամ՝ 55 տարեկան հասակում, մահկանացուն կնքեց Վերապատվելի, դոկտոր ՄՈՎՍԵՍ ՃԱՆՊԱԶՅԱՆԸ, որը, ինչպես Հայ Ավետարանչական Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Վեր. Ռընէ Լևոնյանն է նշել իր հեղինակած դամբանականում, «մեծ ցնցում եղաւ ամբողջ ժողովրդի համար: Ոչ միայն Հայաստանի Հայ եւ Աւետարանական եկեղեցիների անդամները, հոգեւոր գործիչներն էին սիրում Վեր. Մովսես Ճանպազեանին, այլ նաեւ ողջ Հայաստանի ժողովուրդը… մեծ սէր եւ յարգանք էր տածում նրա հանդեպ»: Դիպուկ է բնորոշել նրան նաև Վեր. Դոկտ. Վահան Յ. Թութիկյանը. «Արդարեւ, Վեր. Մովսես Ճանպազեան ընտիր «իշխան» մըն էր ժամանակակից հայ իրականութեան մէջ, որուն անժամանակ եւ անակնկալ մահը մեծ բաց մը կը թողու մեր անհատական եւ հաւաքական կեանքին մէջ: Իր մատուցած ծառայութիւնները երախտագիտութեամբ պիտի յիշուին ամէնուրէք՝ Մայր Հայրենիքէն մինչեւ Սփիւռքի հեռաւոր գաղութները»:


Նման անհատականությունները եզակի են և բացառիկ՝ իրենց ստեղծագործական և բարիկամեցողական տաղանդով, կազմակերպական անհանգիստ և պրպտող բնավորությամբ: Հայ ժողովրդի պտղաբեր արգանդը նրանց լույս աշխարհ է բերում պատմական իրադարձությունների անհրաժեշտ պահին, անհրաժեշտ ժամանակ և միջավայրում՝ պարտավորեցնելով կրել հանուրին պիտանելության Խաչը, և տիեզերական աներևույթ մի կողմնացույց, ասես կողմնորոշում է նրանց այն ուղղությամբ, որտեղ կա նրանց միջամտության, աջակցության կարիքը, որին նրանք կոչված են Աստվածային հանձնարարականով, բնության թելադրանքով, որը և է՛ անձի երկրային առաքելության բուն իմաստն ու նշանակությունը՝ ի շահ կարիքավորի և մոլորյալի, ի նպաստ նրանց հույսի և հավատի վերարթնացման, առաջնորդվելով մարդուն և հասարակությանը դեպի կատարելություն հորդորող անսասան նպատակասլացությամբ: Միայն թե նրանց հայտնությունն ու ներկայությունն իր ամբողջ էությամբ գնահատվում և արժևորվում է նրանց բացակայության ժամանակ, երբ հեռացման իրողությունը շեշտում է նրանց անդառնալիությունն ու կորստի ահագնությունը, երբ հասկանալի է դառնում նրանց գործունեության խորքն իր բովանդակային ամբողջությամբ: Այդ բացառիկ ընտրյալների կորստյան մեծությունը և գործի հարատևումը համեմատելի են ծառաբունը կտրելուց հետո նրա հաստությունը ճշգրիտ որոշելուն: Եվ դա արդյունքն է այն իրողության, որ նրանց նվիրումն իրենց գործին սահմաններ չի ճանաչում և անանձնական է, հասցեագրված ծանոթին ու անծանոթին, ում անվարան մեկնում է իր ամենահաս օգնության ձեռքը, հաճախ նաև ինքնայրումով մարող մոմի տրամաբանությամբ՝ լույս սփռելով մթան ու խավարի մեջ:
Այդ անհատներն իրենց գործունեությունն իրականացնում են կուսակցությունների, հասարակական և հոգևոր տարբեր կառույցների, կրոնական և այլ կազմակերպությունների միջոցով, որոնք ընդամենը միջոց և գործիք են՝ ծառայեցվող մարդուն, ժողովրդին, հայրենիքին՝ նրա առաջընթացին:


Վեր., դոկտ Մովսես Ճանպազյանը ծնվել է Լիբանանում, Այնճարում: Նրանց բազմանդամ ընտանիքը սերում է Մուսա լեռան արմատներից: Նա հոգևոր հարազատություն է տեսնում Հայ Ավետարանական դավանանքի սկզբունքներում և հիմունքներում, նվիրվում մի եկեղեցու, որը, որպես հոգևոր, կրոնական ուղղվածության շարքի անդամ, ձևավորվել է 1846 թվականին, Կոստանդնուպոլսում և տարածվել Արևմտյան Հայաստանի, Օսմանյան Թուրքիայի հայաշատ բնակավայրերում, մասնավորապես, Կիլիկիայում: Բեյրութի Հայկազյան համալսարանն ավարտելուց հետո ստացել է արվեստի բակալավրի, այնուհետև, նույն քաղաքի Մերձավոր Արևելքի աստվածաբանական դպրոցում` Քրիստոնեական դաստիարակության մագիստրոսի աստիճան: Ծառայել է Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիներում որպես երիտասարդական խմբերի առաջնորդ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ և պատասխանատու:
Վեր. Ճանպազյանը ծառայեց Բրազիլիայում և ՈՒրուգվայում: Նրա արգասաբեր գործունեությունը Հարավային Ամերիկայում ներառում էր նաև համաքաղաքային ամենշաբաթյա ռադիոծրագրեր, ծառայություններ բանտերում, երիտասարդական և հայկական դպրոցներում և համայնքներում: 1980-ից Վեր. Մ. Ճանպազյանը նշանակվում է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության դաշտի առաջին տնօրեն, 1987-ին՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն և դառնում ընդհանուր ղեկավարման պատասխանատու: Նրա արդյունավետ պաշտոնավարմամբ 2000 թվականին Ընկերակցությունը տարեկան իրականացնում է ավելի քան հարյուր տարբեր ծրագիր` օժանդակելով աշխարհի հազարավոր առավել անապահով հայերի: 1989-ի ապրիլին Վեր. Ճանպազյանը գլխավորում է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության պատվիրակության այցը Հայաստան` նպատակ հետապնդելով հիմնել այնպիսի ծրագրեր, որոնց միջոցով Ըկերակցությունն իր մասնակցությունը կունենար ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերակառուցման աշխատանքներին: Այս պատմական այցը և քրիստոնեական համերաշխության ոգին սկիզբն էին Հայաստանում իրականացվելիք մեծածավալ աշխատանքների: 1994 թվականին ՀՀ-ում պաշտոնապես արտոնվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանյան գրասենյակի գործունեությունը: Ի հավելումն վերականգնողական և վերակառուցողական նախագծի` ձեռնարկվեց Հայաստանի հոգևոր պահանջների բավարարման ծրագիր, որը ներառում էր Աստվածաշնչի արևելահայերեն տպագրություն և առաքում, այդ թվում` Սուրբ Գրքի մանկական տարբերակներ, քրիստոնեական գրականության բաշխում, քրիստոնյա ծառայողների ուսուցում և մանուկների քրիստոնեական կրթություն: Վեր. Մ. Ճանպազյանի ջանքերի շնորհիվ Հայաստանի մեծագույն կարիքները, ներառյալ Արցախյան գոյամարտն ու պայքարը, դարձան Ընկերակցության գլխավոր հոգսը: Հաջորդ տասնամյակի ընթացքում կազմավորվեցին ավելի քան երեսուն եկեղեցիներ, և հիմնվեց Հայաստանի Ավետարանական աստվածաբանական ճեմարանը: Ստեղծվեցին մի քանի կրթօջախներ, ինչպես նաև արձակուրդների ժամանակ գործող աստվածաշնչյան դպրոցներ: Կառուցվեցին բժշկական և ատամնաբուժական կլինիկաներ, իրականացվեցին մի շարք ընկերային և հոգևոր ծառայություններ: Ձեռնարկվեցին երեխաների և որբերի հովանավորության ծրագրեր, կանոնավոր օժանդակություն մանկատներին և մանկապարտեզներին, ամառային հանգստի ճամբարներ կարիքավոր ընտանիքների երեխաների համար և այլն:


Ի ճանաչումն Հայ Եկեղեցում և համայնքի կյանքում նրա ունեցած ներդրումների` Վեր. Մովսես Ճանպազյանին շնորհվել է Հայկազյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: 2000 թ. հոկտեմբերի 16-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, «որպես գնահատանք Աստծո Սուրբ Եկեղեցվո, մեր ազգին ու հայրենիքին մատուցած անհուն զոհողության», Մովսես Ճանպազյանին հետմահու շնորհեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշանը:
Նրա ամենօրյա տքնաջան աշխատանքի, խստապահանջության և պահանջկոտության թիրախն ու նշանակետը քաղաքակիրթ հասարակության ձևավորումն էր, իսկ դրան հասնելու ամենահուսալի և վստահելի ուղին մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը, արժանապատիվ և բանիմաց հասարակության ձևավորումը: Պատահական չէ, որ 2004 թվականին Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Վերապատվելի Մովսես Ճանպազյանի անվամբ, իսկ 2018 թ. սեպտեմբերին, ընդամենն օրեր առաջ, դպրոցի գավիթ-ճեմասրահում, նրա մասին պատմող տեղեկատվական վահանակների հարևանությամբ բացվեց Վերապատվելիի բրոնզաձույլ կիսանդրին, որի հեղինակը նրա եղբայրն է՝ Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար, ճարտարապետ Հակոբ Ճանպազյանը: Այդ առիթով Հայաստան էին ժամանել Ճանպազյան ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները: Հանդիսությունը բացեց հիմնարար դպրոցի տնօրեն Քնարիկ Հայրապետյանը, ձեռնարկը ողջունեցին Եվրասիայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ և միության նախագահ Ռընէ Լևոնյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ուրիշներ: Կիսանդրու պաշտոնական բացմանը հաջորդեց գեղարվեստական մասը՝ դպրոցի սաների մասնակցությամբ: Ելույթ ունեցավ նաև Հակոբ Ճանպազյանը, որի կյանքին և գործունեությանը առանձին կանդրադառնանք առաջիկայում: Նշենք միայն, որ նա հեղինակել է քարակերտ ստեղծագործությունների մի ամբողջ հավաքածու՝ հուշարձաններ, խաչքարեր, կիսանդրիներ, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում և քաղաքներում: Իսկ վերջերս, Մայիսյան հերոսամարտերի հաղթանակի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյակի առթիվ, նա Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանին նվիրեց Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին, նաև Հայաստան տեղափոխեց Նիկոլ Աղբալյանի և Լևոն Շանթի կիսանդրիները, որոնք առաջիկայում կտեղադրվեն նախատեսված վայրերում: Չդիմանալով նրա պերճաշուք և իմաստալի խոսքի գայթակղությանը, ցանկանում եմ հատվածներ ներկայացնել ընթերցողին՝ նրան հաղորդակից դարձնելու այն աշխարհայացքային մտածողությանը, որը բնորոշ է ազնվականական կեցվածքով և հոգեբանությամբ ապրող, Հույսի, Հավատի և Սիրո լավատեսական ուղերձներով առաջնորդվող և դրանք շուրջբոլորը սփռող հայրենապաշտ մտավորականին, որն իր ամեն մի օրն ապրում է հայապահպանության, հարազատ ժողովրդի և հայրենի եզերքի ցավերը դարմանելու գաղափարաբանությամբ և հաստատակամությամբ.
«Աստուածաշունչին մէջ, Յովհաննէս Առաքեալի Առաջին Ընդհանրական Թուղթը՝ ուղղուած նորահաստատ առաջին քրիստոնեաներուն, կը բացուի այս սքանչելի գրութեամբ. «Եւ մենք լսեցինք զինք, ու մենք տեսանք զինք, մենք ականատես եղանք իր գործերուն, եւ ահա այս է, որ կը վկայենք իր մասին»:


Այսօր երախտագիտական անխառն զգացումներով առլեցուն հավաքուած ենք բոլորս Վերապատուելի Մովսէս Ճանպազեանի անուան վարժարանի գաւիթին մէջ՝ քողազերծելու հոգևոր հովիվ Վեր. Մովսէս Ճանպազեանի բրոնզեա կիսանդրին:


Մեր Ազգային ու Եկեղեցական պատմութեան անցյալէն մեզի կտակուած հարուստ ավանդներու շարքին կայ փաղանգը հայ լուսմիտ եկեղեցականներուն, որոնց միջոցավ է, որ մեր ազգային և կրոնաբարոյական ենթակառույցը կը դառնայ շեշտակի, կը գօտեպնդուի ու կը շաղկապուի մերօրեայ կեանքին: Եւ Վեր. Դոկտ. Մովսէս Ճանպազեանը իր հոգեւոր ծառայեական տարիներուն եղաւ մեր հոգեւոր եկեղեցական դասու արժանընտիր հոգեւորականներէն մին, որ մեր ազգային եւ քրիստոնեական ապրումները համադրեց՝ դարձնելով զանոնք արտայայտիչները մեր բնաշխարհի կրօնական, հոգեկան, իմացական արժէքներուն եւ իրաւամբ դարձավ Քրիստոսի ընտիր աշակերտն ու բաբախող բազկերակը հայոց քրիստոնէական աւանդին:
Հայ Աւետարանական Համայնքի Տեսիլքի և Առաքելութեան Հոգեւոր Հովիւ…
Այսպես կոչվեցավ Վեր. Մովսես Ճանպազեանը իր ժամանակակից գործընկերներուն և երեւելիներուն կողմե, ու ան յատկանշուեցավ որպէս Քրիստոնէական Հաւատքի, ազգասեր եւ հոգեւոր-բարոյեական ամրակուռ սկզբունքներու եւ անսակարկ նուիրումի եզակի գլխագիր Մարդը:


Ազգային եւ Հոգեւոր պայծառ գաղափարներով տոգորված երիտասարդ Վեր. Մովսէս Ճանպազեանի հիասքանչ տեսիլքով ու ճիգերով վերընձիւղուեցավ Հայ Ավետարանական յամայնքը, նորանկախացած հայրենիքի մէջ ծնունդ առավ նաեւ Հայաստանի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը, որ աստուածահաճոյ ու ազգանուէր իր 27-ամյա աստիճանաւոր վերելքի ընթացքին, առաքելութեան եւ ծաղկազարդումին մէջ ձեռք երկարեց աղետեալներուն, չքաւորին, կարօտեալին, ուսանողին, Արցախի ու Հայրենիքի զաւակներուն և համայն մարդկութեան:
Այո՛, Վեր. Մովսէս Ճանպազեանի կեանքը եղավ հանապազօրեայ պատարագ իր պաշտած ժողովուրդին եւ հայրենիքին համար… Ան գործեց անդադար, քարոզեց հաւատքով, դաստիարակեց ու դարբնեց հայ մարդը՝ անխոնջ և անդադար, մնալով խստապահանջ նախ իր անձին, ապա իր շրջապատին: Մաշեցաւ դանդաղօրէն, ամբողջական նուիրումով իր կեանքը վերածեց լուռ ու կենդանի օրինակի մը՝ ազգային եւ հոգեւոր բարոյեական աներեր հասկացողութեամբ:


Վեր. Ճանպազեան Լոյսի ցոլքեր տուաւ ու Ոգի, Լոյս տուաւ ու Խիղճ և ավելի՛ն, ան տուաւ անտեղիտալի սկզբունքներ՝ իր օրով եւ իրմէ ետք, մեր համայնքի նկարագրային հիմնական յատկանիշները դարձնելով յարգելի աւանդներու եւ նոյնքան իրական չափանիշներու, անոնք դարձան Հայ Աւետարանական համայնքի Քրիստոսակեդրոն շենքը ամրացնող ու գօտեպնդող անսպառ բարոյեական եւ հոգեւոր հարստութիւն: Այսօր, Վեր. Մովսես Ճանպազեանի մահեն 18 տարի ետք եւ Հայաստանի Հանրապետութեան անկախացման փառապանծ 100-ամյակին առիթով՝ հայրենիքի եւ արտերկրի մեր երիտասարդութիւնը, կազմակերպական եւ քաղաքականացման նոր անկիւնադարձային օրեր կապրի: Այսօր, աւելի քան երբեք, Քրիստոնէական մեր աւանդներն ու արժէքները պետք է ըլլան հոգիի եւ խղճի, կարգապահութեան սրբազան օրինակներ, այո՛, մեր բոլորին համար եւ յատկապէս մեր նորահա՛ս սերունդներուն ու, մասնաւորաբար, այս վարժարանի աշակերտութեան համար:
Մենք կը հաւատանք, թե Քրիստոնեական եւ բարոյեական չափանիշներն են, որ պիտի շարունակեն կազմել մեր հայրենիքի փառապանծ վարդահեղեղ արշալոյսի պսակումը:


Սիրելիներ, պատանեկութեանս օրերէն խորաթափանց զգացումներով ապրած եմ ու դաստիարակուած մեր եկեղեցւոյ հոգեւոր եւ ազգային ռահվիրաներու պատմութեան անցեալով, հոգեկան հարազատութեամբ դիտած եմ առիւծասիրտ հերոսներու ազդու քանդակներն ու գեղանկարները, որոնք կերտած են հոգեւոր եւ ազգային նկարագիրս ու կազմաւորած հոգեկան ներաշխարհս՝ հետագային նուիրաբերելու համար ամբողջ էութիւնս հայ ժողովրդին ու Հայաստան աշխարհին: Համեստաբար կը բարձրաձայնեմ, որ ներքին մղումներուս եւ աստուածատուր տաղանդիս արուեստի արտայայտութիւնն ու արդիւնքն է Եղբորս՝ Վեր. Մովսէս Ճանպազեանի այս կիսանդրիի գործը: Փափագս է, որ բրոնզաձոյլ այս կոթողը դառնայ հաւատքի, յոյսի եւ լոյսի ամէնօրյա ներկայութիւն այս վարժարանէն ներս, ինչպէս նաեւ ան դառնայ մեր թանկագին աշակերտութեան կեանքերը հարստացնող Տեսիլքի և Առաքելութեան ցուցանիշ և Քրիստոնէական հավատքի կենարար փարոս:
Հարգանք՝ Վեր. Մովսէս Ճանպազեանի անմեռ յիշատակին, անոր ընդմիշտ ճառագայթող պայծառահրաշ էութեանը: Փառք ու պատիվ Վեր. Ճանպազեան վարժարանի մեջ դաստիարակվող թանկագին աշակերտներուն: Ես վստահ եմ, որ Վեր. Ճանպազեանը այսպես պիտի բանաձեւեր իր միտքը այս պահուս՝ մեջբերելով Դանիել Վարուժանի պայծառամիտ խոսքը. «ՈՒ ես կերթամ դեպի աղբիւրը լոյսին»: Սիրելի աշակերտներ՝ այո՛, դուք վարժարանին ճամբով հավաքաբար կերթաք դեպի աղբիւրը լոյսին: Բարի երթ և հաջողութիւն բոլորիդ»:


Ահա, այսպիսի ոգեղեն բարձր շեշտադրումներով, նախ և առաջ իրենց անձի հանդեպ պահանջկոտությամբ, հանուրի հանդեպ՝ կամեցողությամբ ու բարությամբ է տոգորված մուսալեռցի Ճանպազյանների էությունը: Նրանց տեսակը բացառիկ է: Բայց նրանք կան, մեր կողքին են, ապրում ենք միասին մեր աստվածաշնորհ կյանքը, սակայն հաճախ չենք նկատում միմյանց, չենք ճանաչում կամ, պարզապես, անտարբեր ենք: Մինչդեռ կյանքի առաջընթացը պայմանավորված է մարդու այս տեսակով, նրանց անմռունչ լավատեսությամբ և անխոնջ, նվիրական աշխատանքով, որն օրինակ պետք է լինի վաղվա քաղաքացու բարձրարժեք մշակութային-հոգևոր չափանիշներով դաստիարակության: Առանց այդ արժեքների ներարկման նրանց կյանքը գորշ ու մռայլ կլինի, մինչդեռ որքա՛ն հեշտ, և որքա՛ն դժվար է մեծատառով մարդ լինելը, աշխարհը քո գոյությամբ բարի, հաճելի և գեղեցիկ դարձնելը:
Հիրավի, Ճանպազյան ընտանիքի օրինակը վերահաստատում է այն իմաստությունը, որ աշխարհի ամենաբարձր և պատվավոր պաշտոնը Մարդն է:

Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ