Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանի ու Իսրայելի միջև սև կատու անցավ

Ռուսաստանի ու Իսրայելի միջև սև կատու անցավ
20.09.2018 | 13:23

Ռադիոէլեկտրոնային հետախուզության ռուսական Ил-20 ինքնաթիռի ողբերգական միջադեպից հետո, որ խփվեց Հմեյնիմ ռազմաբազա վայրէջքի իջնելիս և զոհվեցին ռուս զինվորականներ, հնչեցին գնահատող հայտարարություններ: Իսրայելի վարչապետը հեռախոսեց Կրեմլի հետ, որի ընթացքում կատարվածը պարզելու փորձ ձեռնարկվեց: Մինչ այդ ՌԴ ՊՆ-ն միջադեպի պատասխանատվությունը դրեց Իսրայելի վրա, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի հետ խոսակցությունից հետո կատարվածն անվանեց «ողբերգական պատահական հանգամանքների շարք»:

Այնուհանդերձ, կան առանցքային հարցեր, որ պատասխան են ուզում: Առաջին` պատահակա՞ն է իսրայելյան ավիացիայի Դամասկոս թռիչքի փաստը Սոչիում ՌԴ նախագահի ու Թուրքիայի նախագահի բանակցությունների ավարտի և Իդլիբի նահանգում ապառազմականացված գոտու ստեղծման պայմանավորվածության պահին: Սոչիի հանդիպումը վաղուց անոնսված էր: Իսրայելը նախկինում էլ ավացիոն հարվածներ էր հասցնում Սիրիայի օբյեկտներին, որ անվանում էր իրանական ուժերի դեմ ուղղված: Եթե նույնիսկ չլիներ Ил-20-ի միջադեպը, իսրայելյան ավիացիայի թռիչքները այդ պահին ընկալվում են կամ իբրև ցույց, կամ` սադրանք: Երկրորդ` ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարեց, որ Իսրայելը ռուսական կողմին նախազգուշացրել է հարվածից մեկ րոպե առաջ, որը բավարար չէր Ил-20-ը հարվածի տակից դուրս բերելու համար: Բայց մեզ առաջ հավատացնում էին, որ Ռուսաստանի ու Իսրայելի պաշտպանական գերատեսչությունների միջև կա գործողությունների սերտ համակարգում, հատկապես Լաթաքիայի ու Տարտուսի գոտում, որ պաշտպանում են ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը: Ստացվում է` այս դեպքում համակարգում չի եղել և կատարվել է` ինչ կատարվել է` հարվածը հասցվել է սիրիական բանակի օբյեկտին, ուր իբր տեղափոխվում էին ինչ-որ «բարձր ճշգրտության» զենքեր` Լիբանան «Հեզբոլահին» փոխանցելու համար: Բայց այնտեղ և ռուս զինվորականներն են: Ի՞նչը ստիպեց Իսրայելին ռիսկի դիմել: Երրորդ` ինչու՞ Մոսկվան այդքան ալարկոտ արձագանքեց իսրայելական ավիացիայի թռիչքներին Սիրիայում, թեկուզ նույնիսկ ինչ-որ «իրանական օբեյկտների» վրա, որ Իսրայելն անվանում է իր համար սպառնալիքի գործոն: Մնում է եզրակացնել, որ Սիրիայում չկա Ռուսաստանի ու Իրանի գործողությունների անհրաժեշտ համակարգում և Իսրայելի գրոհը Սիրիայի իրանական օբյեկտների վրա ընկալվում է գործողություն, որ բացարձակապես ոչ մի ալյանսի հետ կապված չէ: Ուրվագծվում է Իսրայելի գործողությունների սցենարը` Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Իդլիբի պայմանավորվածությունների ձեռքբերման պահին առանձին ընդգծվում է իրանական գործոնը, որին ստեղծված իրավիճակում Մոսկվան ու Անկարան պետք է արձագանքեն: Ստացվում է, որ Իսրայելը լուծում էր մեկ խնդիր, բայց բախվեց լուրջ պրոբլեմի: ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Սիրիայում խփված ռուսական Ил-20-ի և անձնակազմի զոհվելու մեղքը ամբողջությամբ իսրայելական կողմի վրա է:

Անհրաժեշտ տվյալների հավաքումն ու վերլուծությունը թույլ կտա վերականգնել իրադարձությունների ճշգրիտ պատկերը: Այնուամենայնիվ, գտնում է իսրայելական Haaretz-ը` «Իսրայելը Մոսկվայի հետ ճգնաժամի մեջ հայտնվեց, որ կարող է խանգարել Իրանի դեմ պայքարելուն»: Առայժմ Ռուսաստանը պետք է ուժեղացնի Սիրիայում իր զինվորականների անվտանգության միջոցառումները: Ռուսաստանի ու Իսրայելի միջև մեծ սև կատու անցավ, խզվեց քաղաքական վստահությունը, որ կարող է ձեռնտու լինել սիրիական ռեբուսի որոշակի մասնակիցների: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռի ողբերգական միջադեպն իրեն տխրեցրեց, բայց և հաղորդեց, որ ԱՄՆ զինվորականները «ցնցող աշխատանք» են կատարել Սիրիայում տարածաշրջանը ԻՊ-ի զինյալներից ազատագրելու գործում: «Շուտով» այդ աշխատանքը նրանց համար կավարտվի:


Իսկ CNN-ը հիշեց գործարքի նախագծի մասին, որ մտադիր էին առաջարկել ամերիկացիները Ռուսաստանին Սիրիայի հարցում Հելսինկիում Թրամփի ու Պուտինի հանդիպման նախօրեին` Դամասկոսի վերահսկողությանը հանձնել Հորդանանի սահմանի երկայնքով տարածքների մի մասը, որ վերահսկում են Վաշինգտոնի աջակցությունն ունեցող ընդդիմադիրները: Փոխարենը ԱՄՆ նախագահը իբր մտադիր էր ստանալ ընդդիմության` այլ շրջաններ անարգել դուրս բերելու երաշխիքներ և ցանկանում էր չեզոք գոտի ստեղծել` նոր բախումները կանխելու համար: Գործարքը պետք է արագացնի սիրական կոնֆլիկտի գոտուց ԱՄՆ զինվորականների դուրսբերումը` հաղորդել է CNN-ը: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը ուժեղացնելու է ճնշումը Թեհրանի վրա, որ դուրս բերի իր զինվորականներին Սիրիայից: Ու՞ր է տանում այս ամենը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իսրայելական օդուժի ղեկավարը այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ կքննարկի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման:
Ռուսաստանն ընդունել է, որ իր դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը, սակայն մեղադրում է Իսրայելին անխոհեմ գործողությունների համար, որոնք բերել են ինքնաթիռի կործանմանը: Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային կայանները կրակ են բացել առանց թիրախների տարբերակման, չճշտելով՝ կա՞ օդում ռուսական ինքնաթիռ։


Շվեյցարական Le Temps-ը գրում է, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է` և գայլերը կուշտ լինեն, և ոչխարները` ողջ, իրեն վերապահելով դատավորի դերը սիրիական կոնֆլիկտում: Սիրիական օդուժի հարվածը ուղղված էր իսրայելական F-16-ին, բայց խփվեց ռուսական Ил-20-ը` սիրիական ափից 35 կիլոմետրի վրա: Սկզբում ՌԴ ՊՆ-ն մեղադրեց ֆրանսիական Auvergne ավիակրին, որ լողում էր Լաթաքիայի ուղղությամբ, Ил-20-ը խփելու համար, հետո զայրույթն ուղղվեց Իսրայելի դեմ: ՊՆ հայտարարության մեջ աննախադեպ կոշտ արտահայտություններ էին` «գիտակցված սադրանք» և «անպատասխանատու գործողություններ»: Իսրայելի դեսպանը հրավիրվեց ՌԴ ԱԳՆ: Լարված իրավիճակը լիցքաթափվեց Վլադիմիր Պուտինի ու Բենյամինն Նետանյահուի հեռախոսազրույցով: Պուտինը ձեռնպահ մնաց Դամասկոսին քննադատելուց, բայց խոստացավ, որ «միջոցներ կձեռնարկվեն, որ բոլորը կնկատեն»: Իսրայելը ցավակցություն հայտնեց զոհվածների ընտանիքներին և պատասխանատվությունն ամբողջությամբ դրեց Ասադի վրա, նաև Իրանի ու Հեզբոլահ ահաբեկչական խմբավորման: Իսրայելի ՊՆ-ն ՌԴ ՊՆ-ին պատասխանեց, որ Ил-20-ը գրոհի ժամանակ իսրայելական ինքնաթիռներին մոտ չէր և С-200-ը արձակվել է, երբ իսրայելական F-16-ներն արդեն վերադարձել էին Իսրայելի օդային տարածք: Մոսկվայի ու Դամասկոսի միջև սեպ խրելու նպատակով` Իսրայելի ՊՆ ընդգծում է, որ «սիրիական հրթիռային հրանոթները կրակել են անկանոն` առանց համոզվելու, որ օդում չկան ռուսական ինքնաթիռներ»:
Պուտինի հաշտարար տոնց կարելի է եզրակացնել, որ Բենյամին Նետանյահուն կարողացել է նրան համոզել` պահպանելու գործող իրավիճակը, որ թույլ է տալիս Իսրայելին շարունակել իր օդային գրոհները Սիրիայի վրա:


Die Welt-ը գրում է, որ Ռուսաստանը Իսրայելի հետ լավ հարաբերություններ է պահպանում և աչք է փակում, ժամանակ առ ժամանակ քննադատելով, որ Իսրայելը 200 ավիահարված է հասցրել Սիրիային: Այդ դիրքորոշման պատճառը Մոսկվայի մտադրությունն է` զսպել իր բարդ դաշնակցին` Իրանին: Մոսկվան հանդուրժում էր Իսրայելի գրոհները, պայմանով, որ ռուս զինվորականները չպետք է տուժեն: Երուսաղեմն անցավ կարմի գիծը: Ռուսաստանի ու Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը մտավ փակուղի` ըստ փորձագետների, և դա կարող է ավելի մերձեցնել Մոսկվային ու Իրանին: Իսրայելը զգուշանում է, որ Մոսկվան կարող է С-300 զենիթահրթիռային համակարգեր տրամադրել Սիրիային` ուժեղացնելով Իրանի դիրքերը: Կան նաև հակառակ տեսակետներ, որ Մոսկվան ավելի ու ավելի է գիտակցում, թե որքան թունավոր է դառնում Իրանի ներկայությունը Սիրիայում: Իրանամետ ուժերը ջանում են գոծել ռուսական օբյեկտների մերձակայքում` դժվարացնելով իսրայելական հարվածները: Դա աննկանխատեսելի ռիսկեր է ստեղծում և կարող է պարտադրել, որ Մոսկվան ճնշում գործադրի Թեհրանի վրա արգելելու իրանամետ զինյալներին իր ռազմական օբյեկտների շրջակայքում տեղակայվել: Այդպիսի գոտիների ձևավորումը լավ նորություն կլիներ Իսրայելի համար:


Կհարցնեք` իսկ Դամասկո՞սը: Բայց ո՞վ ասաց, որ Սիրիայի պատերազմում լուծվում են սիրիական հարցեր` ամբողջ Մերձավոր Արևելքն է ներքաշված այդ պատերազմում իր հակասական շահերով, որ իր հերթին ներքաշել է գերտերություններին` իրենց ավելի հակասական նպատակներով: Մի մոռացեք նավթի ու գազի պաշարները և ճանապարհները վերահսկելու խնդիրը, որ իրենց առաջադրել են արաբական պետությունները, Թուրքիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ