Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գազարը մեր գյուղի բրենդն է, բայց Արամուսի անունն է դուրս եկել»

«Գազարը մեր գյուղի  բրենդն է, բայց Արամուսի անունն է դուրս եկել»
02.10.2018 | 01:00

ԱՐԵՎՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ «ԺՈՂՈՎԱՐԱՆՈՒՄ»


Արևշատ համայնքում աշխատատեղի բացակայության պատճառով երիտասարդների 70 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի: Սա խնդիր է գյուղի համար, որն էլ դարձել է գյուղամիջյան տաղավարում հավաքված տղամարդկանց ամենօրյա զրույցի թեմա: Նոր իշխանություններից նրանց սպասելիքը կենսաթոշակի ու նպաստի չափի ավելացումն է: «Էսօր մարդը տանից դուրս ա գալիս, գրպանը մի կոպեկ չկա, թոշակս տուն չի հասնում, պարտքերս եմ փակում: Տանը հեչ օգուտ չեմ տալիս, դեռ լավ ա, մի աման ճաշ տալիս են (հավաքվածները ծիծաղում են- հեղ.): Ժամանակին հովիվ եմ աշխատել, խոպան եմ գնացել, հիմա ուժս չի պատում: Էսօր երկու տղաներս Ռուսաստանում են, շինարարությունում են աշխատում»,- պատմում է հավաքված տարեցներից մեկը:


Զրուցակիցներից մեկը որոշել է մոռանալ խոպանի ճանապարհը: «ՈՒթ ամիս մնացի Մոսկվայում, բայց աշխատանք չկար, լավ չէր, թողեցի եկա: Շուրջ 20 տարի աշխատել եմ ՈՒկրաինայում, Յակուտիայում, գործերս լավ էին, ընտանիքս էլ տարել էի: Հետո աշխատանքն էլ կտրվեց, եկամուտն էլ, վերադարձել եմ, աշխատանք չկա, հողամասս եմ մշակում: Գյուղում գազ կա, բայց փայտով ենք տաքանում: 5 խորանարդ մետր փայտը 130 հազար դրամ է, աթարի հետ վառելով ձմեռը դուրս ենք հանում: Հիմա մեր ուզածն էն ա, որ մեր մշակած գազարը, կարտոֆիլը կարողանանք վաճառել, թե չէ դրսից բերում են, մերի գինը գցում: Պատահում ա, որ գազարը հոտում ա, խաշվում ա եղանակի պատճառով, տուժում ենք: Գյուղում ցորեն-գարի մշակողներ էլ կան, փոխանակում են ուրիշ մթերքների հետ»:
Խոսակցությանը միջամտում է մեկ ուրիշը: «Էս տարի մեր գյուղում եղանակն անձրևային էր: Գազարի ու կարտոֆիլի բերքն արդեն հավաքում ենք: Էս մեր ժողովուրդը գազարով էր ապրում, տեսան մեր գործը լավ ա, սկսեցին Թուրքիայից գազարներ կրել, մեր գործին խփել, բա դա ազնիվ ա՞: Գազարի կիլոն մեզ մոտ 50-100 դրամ է կամ էլ թափում ենք, բա որ չենք կարողանում իրացնել, ի՞նչ անենք: Իսկ Երևանում գազարի կիլոն ահագին թանկ է, մենք 80-100 դրամով տալիս ենք վերավաճառողներին, նրանք էլ 300-400 դրամով ծախում են»:
Մեկ ուրիշի համոզմամբ էլ՝ անարդարությունը պատել է աշխարհը: «Նպաստ չեն տալիս, ինչ ա թե մի կով ունեմ: Բա էդ մի կովը ութ երեխա կպահի՞: Որ բոլոր երեխեքի համար փող տան, լավ էլ կապրենք»:


Հավաքվածներից միայն աֆղանական և արցախյան պատերազմների մասնակից Մերուժ Հովհաննիսյանն է ապահովված աշխատանքով: Գյուղի դպրոցի տնտեսվարն է: Նեղսրտում է, որ, լինելով 2 երկու պատերազմների մասնակից, որևէ արտոնությունից չի օգտվում: Սիրով ներկայացնում է գյուղի վերանորոգված երկհարկանի դպրոցի բարվոք վիճակը, գազով ջեռուցվող դասասենյակներն ու լաբորատորիաները, որ դպրոցում սովորող 270 աշակերտները (25-ը՝ 1-ին դասարանցի) սովորում են լավ պայմաններում:
Այսպես ամեն օր հավաքվում, քննարկում են գյուղի, տարածաշրջանի ու աշխարհի նորություններն ու հանգում եզրակացության, որ կարևորը աշխարհի խաղաղությունն է:

«ԵՍ ԻՄ ԳՅՈՒՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԵՏՆ ԵՄ»


2005 թվականից Արևշատի համայնքապետ Սայադ Խաչատրյանի հետ զրույցը ծավալվեց համայնքի խնդիրների շուրջ:
Արևշատն ունի 2142 բնակիչ, 670 տնտեսություն; Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ: Համայնքապետի խոսքով՝ տարին բարենպաստ էր գյուղատնտեսության համար, թեև անձրևոտ էր, սակայն կարկուտը չվնասեց, արևն էլ չայրեց դաշտերը:


«Տասնամյակներ շարունակ մեր գյուղի բնակիչները հմտացել են գազարի, կարտոֆիլի, կաղամբի մշակման գործում: Հատկապես գազարի մշակումը միշտ էլ եկամտաբեր է եղել: Նախկինում գազարը շատ է արտահանվել Խորհրդային Միության երկրներ, տարի է եղել, որ 10 հազար տոննա գազար է արտահանվել, սակայն այսօր մրցակցությունը մեծացել է, էլ նախկինը չի: Գյուղում կա 1700 հեկտար ջրովի հողատարածք, որից 130 հեկտարի վրա միայն գազար է մշակվում: Գազարի բրենդն իրականում պատկանում է մեր գյուղին, բայց Արամուսի անունն է դուրս եկել, դեռ երգ էլ են գրել դրա մասին: Արամուսի գազարը սիրուն է, հարթ, բայց մերը շատ է համով, սորտերի տարբերություն կա: Իրենց գազարը համ ու հոտ չունի, մերն ուրիշ է, քաղցր է, դե պիտի մի քիչ էլ գովենք մերը»,- ասում է Սայադ Խաչատրյանը:
Խոսք է բացվում արտագաղթի մասին: Համայնքապետի փոխանցմամբ՝ գյուղից ոչ մի երիտասարդ չի մեկնում, իսկ երբ ակնարկեցի համագյուղացիների նշած 70 տոկոս արտագաղթի մասին, ասաց, որ գյուղացիների սովորությունն է՝ ամեն ինչից դժգոհել: «Լավ, հաշվենք, որ սեզոնին 100-150 հոգի գնում են, բայց հետ են գալիս ու որոշում, որ էլ չեն գնալու, քանի որ դրսից էլ փող չեն բերում: Խոպանը ընտանիք, երկիր կառուցելու համար չէ, այն վնասում է, դա ամեն ինչի վերջն է, էնտեղ ընտանիքներ են ստեղծվում, էստեղ՝ քանդվում»:
Արևշատում շուրջ 100 աշխատատեղ ապահովող 3-4 անասնապահական ֆերմա կա՝ 50 գլուխ խոշոր եղջերավոր անասունով: Ավելին պահելու համար արոտավայրերում անասունների խմելու ջուր չկա: Մսամթերքի իրացումից շատերը գոհ են, քանի որ «ղասաբները» կիլոգրամը 2600-2700 դրամով խնդրում են: Իսկ ահա 1 լիտր կաթը գյուղացին հանձնում է 110-120 դրամով:


Համայնքի սեփական միջոցները կազմում են 2 մլն 900 հազար դրամ, պետական հատկացումները՝ 22 միլիոն, որը բավարարում է այնքան, ինչքան բավարարում է:
Արված աշխատանքներից համայնքապետը թվարկում է Լինսի հիմնադրամով վերանորոգված դպրոցը, գյուղն ունի մանկապարտեզ, որտեղ հաճախում է 80 երեխա (հաճախում են անգամ շրջակա գյուղերից), սպորտ հրապարակ, հիմնանորոգված համայնքապետարանի շենք, արվեստի դպրոց, ուր գործում են երգի ու պարի խմբակներ, լուծվել է խմելու և ոռոգման ջրի խնդիրը, ասֆալտապատվել և լուսավորված են համայնքի կենտրոնական փողոցները, գյուղը գազաֆիկացված է, գյուղից դուրս 3 հեկտար մակերեսով հիմնվել և ոռոգման ջրով ապահովված է սոսիների անտառը: Համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցում վերանորոգումից հետո հաճախ են տեղի ունենում հարսանիք և կնունք, նշվում եկեղեցական տոներ:
Սայադ Խաչատրյանի փոխանցմամբ՝ աշխատող գյուղացին ամեն ինչից օգուտ ստանում է, պարզապես հոգսն ու ծախսն է շատ: Անապահով ընտանիքներ կան, որոնց բյուջեից օգնություն է հատկացվում:


«Ես իմ գյուղի շահերի պետն եմ, ամեն հարցում պատրաստ եմ աջակցելու իմ բնակչին, կզարմանամ, եթե մեկը դժգոհի ինձնից, եթե դժգոհեց, ուրեմն արդարություն չկա»,- հրաժեշտից առաջ ասաց համայնքապետը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ