Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախախնամության խորհրդապաշտական խաչաձևումներ

Նախախնամության խորհրդապաշտական խաչաձևումներ
26.10.2018 | 02:12

Անշուշտ, տեղին չէ այլ երկրի դեսպանին գնահատական տալը, այդ բանն անելու իրավասու է նրա վերադասը: Բայց չեմ կարող դրվատանքի խոսք չասել մի դիվանագիտական ներկայացուցչի մասին, որը Հայաստանում ոչ միայն իր երկրի շահն էր ի պաշտոնե պաշտպանում, այլև զգալի ներդրում ունեցավ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:
Խոսքը ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության նախկին դեսպան Էրիկաս Պետրիկասի մասին է:

Նախապատմությունը հետևյալն է: 1928 թ. Սորբոնի համալսարանի շրջանավարտ, ապագայում հանրահայտ արվեստաբան, համեմատական արվեստի ու հետազոտությունների հիմնադիր, հայկական մշակույթի և ժառանգության ուսումնասիրման անվանի պատմաբան Յուրգիս Յուրգիսի Բալտրուշայտիսը (1903-1988) այցելում է Ջուղա և լուսանկարում գերեզմանատան խաչքարերն ու տապանաքարերը: Այն պատմական հուշարձանները, որոնք բարբարոս ադրբեջանցիները ոչնչացրին 2005 թվականին:
1937 թ. հունիսի 30-ին Փարիզի «Լյութեսիա» ռեստորանի ընդարձակ դահլիճներից մեկում «Հայ մտավորականների ակումբի» ատենադպիր Հ. Պերպերյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է գինեձոն` ի պատիվ արվեստի պատմաբան Յ. Բալտրուշայտիսի: Առիթը նրա նշանակալի նեդրումն էր հայ ճարտարապետության ուսումնասիրման ասպարեզում, ինչն արտահայտվել էր «ՈՒսումնասիրություններ Վրաստանի և Հայաստանի միջնադարյան արվեստի վերաբերյալ», «Խաչաձև կամարների խնդիրն ու Հայաստանը», «Շումերական արվեստ, ռոմանական արվեստ» մենագրություններում: Բացի այդ, Յ. Բալտրուշայտիսը հայ ճարտարապետության վերաբերյալ երեք բանախոսություն էր կարդացել Լոնդոնի Վարբուրգ ակադեմիայում, մեկն էլ` Փարիզի Արվեստի և հնագիտության ակադեմիայում:
Հավաքույթին, որին ներկա էին բազմաթիվ փարիզահայեր, այդ թվում` Արշակ Չոպանյանը և Հայ ուսանողաց միության նախագահ Բալաբանյանը, բացման խոսքով հանդես է գալիս գրող Լևոն Բաշալյանը, իսկ Բալտրուշայտիսի գործունեության մասին հանգամանալից զեկուցմամբ ելույթ է ունենում հայագետ Արմենակ Սագըզյանը:


Ջերմ ընդունելությունից ազդված հյուրը երախտագիտություն է հայտնում և հայտարարում, թե հայ արվեստի ուսումնասիրման բնագավառում դեռևս անելու, քննելու ու մեկնելու շատ բան կա, և ինքը, ի թիվս հայ հետազոտողների, կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:
1986 թ. Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը անգլերեն հրատարակում է Յուրգիս Բալտրուշայտիսի և Տիգրան Գույումջյանի «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» գիրքը՝ լիտվացու կատարած լուսանկարներով: Տ. Գույումջյանը Յ. Բալտրուշայտիսի աշակերտն էր և օգնել էր ուսուցչին խմբավորել ու նկարագրել Ջուղայի գերեզմանատան մշակութային արժեքների պատմական լուսանկարները:


Ահա այսքանը նկատի առնելով՝ դեսպան Է. Պետրիկասը խանդավառվում է և անցնում գործի:
Նրա նախաձեռնությամբ ու ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աջակցությամբ 2015 թ. Մատենադարանում կայացավ վերոհիշյալ գրքի շնորհանդեսը:
2017 թ. դեկտեմբերի 15-ին Մատենադարանում տեղի ունեցավ նույն գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Թարգմանությունը կատարվել էր դեսպանի բարեկամներ Ա. Ղազարյանի, Կ. Ռամոսի և ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի օժանդակությամբ:
2018 թ. մարտի 7-ին ՃՇՀԱՀ-ում բացվեց Յ. Բալտրուշայտիսի հուշանկյունը, իսկ օգոստոսի 28-ին Է. Պետրիկասի և «Պետրոս Ալոյան» հիմնադրամի շնորհիվ սահմանվեց Յ. Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակ:
Հրաշալի է, փառք ու պատիվ Լիտվայի դեսպանին:
Բայց, ըստ իս, կատարվեց «անարդարություն». հաշվի չառնվեց լիտվացի արվեստաբանի հոր գործոնը: Այնինչ, եթե դա տեղի ունենար, միգուցե հոր ու որդու հուշանկյուն բացվեր, ասենք, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Իսկ ո՞վ էր հայրը:


Յուրգիս Կազիմիրի Բալտրուշայտիսը (1873, Կովնոյի նահանգի Պոանտվարձե գյուղ- 1944, Փարիզ) նշանավոր պոետ-սիմվոլիստ էր, թարգմանիչ ու դիվանագետ: Նա կոմպոզիտոր Ա. Սկրյաբինի, բանաստեղծներ Վ. Իվանովի, Կ. Բալմոնտի և Վ. Բրյուսովի մտերիմն էր: Վերջին երկուսի հետ մինչև բոլշևիկյան հեղափոխությունը հիմնել էր «Սկորպիոն» հրատարակչությունը, իսկ 1919-ին ընտրվել Մոսկվայի գրողների միության նախագահ: 1922-ին նշանակվել էր Մոսկվայում Լիտվայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան, միաժամանակ հանդիսանալով Թուրքիայում ու Պարսկաստանում Լիտվայի դիվանագիտական ներկայացուցիչ: 1939 թ. մեկնել էր Փարիզ, ուր նշանակվել էր դեսպանության խորհրդական:
Բալտրուշայտիս-ավագը սկզբում ռուսաց լեզվով է գրել` շուրջ 300 բանաստեղծություն, ապա և` մայրենի լիտվերենով: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Ինքը, լինելով թարգմանիչ, 1916 թ. Վ. Բրյուսովի «Հայկական պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայի համար թարգմանել էր հայ բանաստեղծներ Ալ. Ծատուրյանի և Վ. Թեքեյանի ստեղծագործությունները:
Սակայն խաչաձևումներն այսքանով չեն ավարտվում:
Մոսկվայի սրտում՝ Արբատի հարևանությամբ, Կենտրոնական վարչական օկրուգի Պրեսնենսկի շրջանում գտնվում է Պովարսկայա փողոցը: Այն ձգվում է Նովի Արբատից մինչև Կուդրինսկայա հրապարակ, ընկած է Բոլշայա Նիկիտսկայա ու Նովի Արբատ փողոցների արանքում: Ահա այդ փողոցի թիվ 24 հասցեում կա երկհարկանի մի գողտրիկ առանձնատուն, որը համարվում է պատմաճարտարապետական հուշարձան և Մոսկվայում մոդեռն ոճի երկրորդ շինությունն է: Պատին փակցված է Բալտրուշայտիս-ավագի հուշատախտակը, և մոսկվացիները խոսակցական լեզվով շենքը պարզապես անվանում են «Բալտրուշայտիսի տուն»: Պատճառն այն է, որ 1920-1940 թթ. այդտեղ էր գտնվում Լիտվայի Հանրապետության դեսպանատունը: Բայց որքանո՞վ է արդարացի այն կոչել «Բալտրուշայտիսի տուն»:
Մարդու մտածելակերպը (հատկապես` խորհրդային ժամանակներից սերող) չի փոխվում հասարակական-քաղաքական կացութաձևի փոփոխման և անգամ սերնդափոխության հետ, այն շարունակում է ընթանալ իներցիայի ուժով, և դա կարող է տևել տասնամյակներ: Այս տեսակետը լիովին կիրառելի է նաև վերոնշյալ առանձնատան պարագայում:
Բանն այն է, որ 1899-1900 թթ. շենքը կառուցել էր տվել Մոսկվայի պատվավոր քաղաքացի, 1-ին գիլդիայի վաճառական Մովսես Սիմոնի Սահարբեկյանը (Моисей Семенович Саарбеков, 1840-ական թթ. - 1917): Դա նրա՛ տունն էր, որտեղ թե՛ ապրում էր, թե՛ աշխատում: Մ. Սահարբեկյանի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել, չկա անգամ լուսանկարը: Հայտնի է, որ ձկնարդյունաբերողներ և աշխարհահռչակ նավթարդյունաբերողներ Լիանոսյանների (Лианозов) ազգականն էր և Աստրախանից ձուկ էր ներկրում Մոսկվա: Բացի այդ, մերձմոսկովյան Պոդոլսկի շրջանում, Վլադիմիր տանող խճուղու վրա ուներ նավթավերամշակման, այն ժամանակվա բառապաշարով` քիմիական, գործարան: Այդտեղ էր գտնվում նրա անունը կրող «Սաարբեկովի խուտորը», որտեղ սեփական տուն ուներ, իսկ գյուղի բնակիչներն աշխատում էին գործարանում:
Մոսկվայում բնակություն հաստատելու համար էլ կառուցում է Պովարսկայայի առանձնատունը:

Լուսադեմ էր, ու Մոիսեյ Սեմյոնովիչն արթնացավ մեջքի սուր ցավից: Դա այնքան անտանելի էր, որ նա գոռաց: Կինը, երեխաներն ու աղախինները թափվեցին ննջարան: Իսկույն մարդ ուղարկեցին հայտնի պրոֆեսոր Եվգենի Պոլոզովի հետևից: Տարեց բժիշկը եկավ, պայուսակից հանեց գործիքները, զննեց հիվանդին, գլուխը տարուբերեց և ասաց.
-Է՜հ, աղավնյակս, պատճառը ձեր երիկամներն են, ամենայն հավանականությամբ քար ունեք:
Մոիսեյ Սեմյոնովիչը մի կերպ զսպեց տնքոցն ու հարցրեց.
-Ի՞նչ է պետք անել, պրոֆեսոր, ցավն անտանելի է:
-Վիրահատություն, աղավնյակս, և որքան շուտ,՝ այնքան լավ: Մինչ այդ ես ձեզ դեղեր կնշանակեմ, բայց դա ելք չէ: Ձեզ միայն վիրահատությունը կփրկի:
-Ես հիվանդանոց չեմ գնա, ատելով ատում եմ հիվանդանոցները: Եվգենի Վլադիմիրովիչ, եթե ասում եք այլ ճար չկա, ապա համաձայն եմ վիրահատվելու, բայց վիրահատությունն իմ տանը պետք է անեք:
Պրոֆեսորը պենսնեն հանեց ու տարակուսեց.
-Ի՜նչ եք ասում, աղավնյակս, դա անհնար է: Եթե անգամ ամբողջ բուժանձնակազմը բերեմ, վիրահատեմ, պատկերացնու՞մ եք ինչ կլինի, եթե արյան վարակ ստանաք: Բավական է մի փոշու հատիկ թափանցի և՝ վերջ: Ո՛չ, ես նման քայլի չեմ դիմի:
Պովարսկայան, իրոք, կեղտոտ փողոց էր, գիշերուզօր դեսուդեն սլացող կառքերը փոշու ամպեր էին բարձրացնում, ու թեպետ տան պատուհանները մշտապես փակ էին, բայց դա չէր օգնում, աղախիններն ամբողջ օրը զբաղվում էին փոշի սրբելով:


Սաարբեկովը մի պահ մտածեց և ասաց.
-Ես այդ հարցը կլուծեմ, պրոֆեսոր, Դուք պատրաստվեք վիրահատության:
-Դե՜, դե՜,-քրթմնջաց բժիշկն ու թողնելով դեղատոմսը, հեռացավ:
Կանչեցին Սաարբեկովի գործերի կառավարչին, որին Մոիսեյ Սեմյոնովիչը, ցավից գալարվելով, մի գրություն թելադրեց ու ստորագրեց:
Նամակը հասցեագրված էր Մոսկվայի քաղաքագլուխ Ալեքսանդր Անդրիանովին, երկու կողմից Պովարսկայան փակելու խնդրանքով, քանի որ Մ. Ս. Սաարբեկովը պատրաստակամություն էր հայտնում սեփական միջոցներով… սալահատակելու փողոցը:
Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը փակելը, անշուշտ, ակնհայտ անհարմարություններ կստեղծեր մոսկվացիների համար, սակայն իրողությունը, որ փողոցը սալապատելու խիստ ծախսատար գործը ստանձնելու էր 1-ին կարգի վաճառականը, առանց քաղաքի բյուջեից կոպեկ իսկ խնդրելու, խնդիրը լուծեց:
Մի քանի օրից քաղաքագլուխը համաձայնությունը տվեց, Պովարսկայան փակվեց, և սկսվեցին շինարարական աշխատանքները:
Բայց Սաարբեկովն ի՛ր նպատակն էր հետապնդում: Սալարկումը մի քանի օր բուռն թափով ընթանում էր, երբ նա հրավիրեց պրոֆեսոր Պոլոզովին ու խնդրեց-պահանջեց, որ վիրահատությունը կատարի իր տանը, այլևս խոչընդոտ չկար: Եվ որպեսզի մերժում չստանար, ասաց.
-Եվգենի Վլադիմիրովիչ, երիկամներիցս հանած ամեն քարի համար ես ձեզ կվճարեմ հազար ռուբլի:


Դա այնքան ծանրակշիռ փաստարկ էր, որ բժիշկը համաձայնեց:
Վիրահատությունից մեկ շաբաթ անց պրոֆեսորն այցելեց հիվանդին: Սաարբեկովն իրեն լավ էր զգում, ցավեր գրեթե չկային:
-Քանի՞ քար եք հանել, պրոֆեսոր,- հարցրեց:
-Ճիշտ քառասուն, աղավնյակս,- ժպտաց բժիշկը:
Սաարբեկովը հայացքը նետեց իր գործերի կառավարչին և ասաց.
-Վճարիր…
40 հազար ռուբլի՝ 40 ավազահատիկի համար:

Ահա էսպիսի բաներ: Եթե Մոսկվայում լինեք, այցելեք Պովարսկայա, նայեք Մովսես Սահարբեկյանի առանձնատանը ու մտաբերեք հայ գրականության և արվեստի երախտավորներ, լիտվացի հայր ու որդի Բալտրուշայտիսներին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Յ. Բալտրուշայտիս-ավագը
  • Յ. Բալտրուշայտիս-կրտսերը  երիտասարդ տարիքում
Դիտվել է՝ 3889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ