Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չկա չարիք ո՛չ գինու, ո՛չ էլ փողի մեջ. մեղքը դրանց չարաշահումն է

Չկա չարիք ո՛չ գինու, ո՛չ էլ փողի մեջ. մեղքը դրանց չարաշահումն է
09.11.2018 | 02:44

Երբ խոսք է բացվում է հոգեկան առողջությունը վերադարձնելու հնարավորության մասին, դա նշանակում է վերադարձնել այն, ինչով պահպանվում և վերականգնվում է այն, այսինքն, վերադարձ բոլոր առաքինություններին ու դրական բարոյական հատկանիշներին, որոնցով օժտված էր մարդ և, սակայն, կորցրեց:
Եվ եթե ելնենք այն գաղափարից, որ ցանկացած չարիք բարու ժխտումն է, նշանակում է, որ ամեն մեղանչող մարդ ի սկզբանե ուներ առաքինի հատկանիշների մի պաշար, որոնցից զրկվեց, սակայն առանց դրանց չէր կարող ձևավորվել ոչ մի մեղք:


Այսպիսով, ստացվում է, որ ժլատությունը ժխտումն է առատաձեռնության, պոռնկությունը` ողջախոհության, սնափառությունը` համեստության: Բայց առաքինությունները թեև մեղքով ժխտվում են, սակայն չեն ոչնչանում, այլ աղավաղվում են, և մեղքը, այսպես ասած, վերցնում է առաքինությունների զորությունից և հաղորդում նրանց հակառակ` ոչ բնական ուղղություն: Այսպիսով, նայելով այլանդակ մի հանցագործի, կարելի է պատկերացնել, առանց չափազանցման, թե ինչքան մեծ առաքինություններով էր օժտել նրան Արարիչը սկզբից: Տեսնելով ապականված հոգու տգեղությունը, կարելի է միայն ենթադրել, թե որքան գեղեցիկ էր նա ստեղծված, և որքան շատ են նրանից խլել: Մեղքերի մեջ մնալը կամ դրանց դեմ պայքարելը յուրաքանչյուր մարդու կամքի ընտրությունն է, որը կայանում է ոչ թե խոստովանության ժամանակ գործած մեղքերը թվարկելու մեջ, այլ մեղսական մտքերի, ցանկությունների և արարքների հանդեպ վերաբերմունքը փոխելու: Սուրբ հայրերը սովորեցնում են, որ դա բոլորի համար մատչելի ուղի է` վերագտնել հոգու նախաստեղծ գեղեցկությունն ու առողջությունը, և մարդը մինչև իր կյանքի վերջը ունի հնարավորություն կանգնելու այդ ուղու վրա:


Եկեղեցու սուրբ հայրերը ասում են, որ յուրաքանչյուր մեղք շողոքորթում է հոգին և շոյում մարմինը, որ ամեն մեղք քաղցր է թվում և հաճելի, իսկ պտուղները շատ դառն են, զզվելի ու անտանելի: Երբ մարդ կատարում է որևիցե արարք, նա առաջնորդվում է կամ բարոյական նկատառումներով և փնտրում հոգուն օգտակարը, կամ անտեսում է բարոյական կողմը: Այս դեպքում կարելի է ասել, որ նրա վարքագիծը, միևնույն է, որոշվում է բարոյական հատկանիշներով, սակայն` բացասական (ստություն, ագահություն, ինքնահավանություն և այլն). Այսպիսով նա սովորություն է ձեռք բերում որոշ արարքներ կատարելու, և դրանք հետագայում դառնում են նրա համար սովորական: Այսուհետ նկատվում է մեղքերի աճը: Այն անցնում է հիմնականում երեք աստիճան: Առաջինը բնորոշվում է վարքագծի և այն ծնող պատճառի համաչափությամբ (ուժեղ նեղացրին` ուժեղ նեղացավ, թեթև նեղացրին` թեթև նեղացավ): Իսկ երկրորդ աստիճանում համաչափությունը վերանում է (ուժեղ նեղացրին` ուժեղ նեղացավ, թեթև նեղացրին, միևնույն է` ուժեղ նեղացավ): Երրորդ աստիճանում, երբ մեղքը վերածվում և դառնում է կիրք` ստրկացնելով մարդուն, նեղացնող արդեն պետք չէ, մարդ ինքը համառորեն փնտրում և գտնում է, թե ում վրա բարկանա, ումից նեղանա կամ ուտել-խմելու առիթ է փնտրում և այլն: Քանի որ մարդու բնության մեջ առկա է բարուն ձգտելու հատկությունը, շատերը, ովքեր այս կամ այն մեղքին կապվածություն ունեն, փորձում են ապացուցել` իբր մեղքի մեջ ոչ մի վատ բան չկա, որովհետև մեղքի վատությունը ընդունելով, արդեն չեն կարողանա անխոհեմ մեղքին ծառայել: ՈՒրիշները պարզապես նշում են իրենց մեջ մեղքի առկայությունը, սակայն չեն ուզում այն տեսնել ու պայքարել դրա դեմ: Դա որպես կանոն վերաբերում է այն մեղքերին, որոնք դարձել են մարդու համար այնքան սովորական, որ արդեն չեն նկատվում: Այդ իսկ պատճառով, որևիցե մեղքի ժխտումը մարդու մեջ նկատվում էր սուրբ հայրերի կողմից` որպես անվիճելի ապացույց հենց ժխտվող մեղքի առկայության: Արդարացնելով սեփական մեղքերը` մարդիկ դրանով վկայում են, որ մեղքը բնական է, հետևաբար` օրինական: Սակայն այս հետևության անհեթեթությունը երևում է միանգամից, եթե անգամ մակերեսորեն դիտարկենք այն ազդեցությունը, որ մեղքը թողնում է մարդու հոգու և մարմնի վրա: Օրինակ, նեղացկոտ մարդուն ուղեկցում է էմոցիոնալ վիճակը, որը բնորոշվում է լարվածությամբ, կախվածությամբ, կասկածանքներով, ամոթով և վախով: Նույն էմոցիոնալ ֆոնը ուղեկցում է ուրիշ այլ մեղքերի դեպքում: Սակայն այս էմոցիոնալ վիճակը առաջանում է այն մարդկանց մոտ, որոնց հոգու զգայունությունը դեռ չի բթացել մեղքից, և հոգին դեռ պահպանել է ազդվելու հատկությունը, հետևաբար պահպանել է իր կենդանությունը, որովհետև այն, ինչ կենդանի է, զգում է, իսկ մեռածը անզգա է: Այսպիսով, մեղանչողը, կարելի է ասել, զգում է դիսկոմֆորտ, որը կարելի է ավելի հստակ բնորոշել «ցավ» բառով, իսկ եթե այն հարատև է, «հիվանդություն» բառով: Իսկ հիվանդության վերջը մահ է, եթե չսկսվի ապաքինումը: Թեև խոսքը մեղք երևույթի մասին է, պետք է նշել, որ ազատվել այդ «մահ-հիվանդություն-ցավ-դիսկոմֆորտից» հնարավոր է միայն հաղորդակից լինելով առաքինություններին, որոնք կենդանագործում են, որոնցից յուրաքանչյուրը առաջացնում է ուրախության, երջանկության, հանգստության, վստահության և արդարության զգացում, և որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է առնում սիրուց և ինքնազոհողության (ծառայության) ձևով է արտահայտվում:


Որքանով մարմինը ենթակա է հոգուն, այնքանով էլ հոգեկան վիճակը արտացոլվում է մարմնի կենսագործունեության վրա, ազդեցություն է թողնում մարմնի մեջ կատարվող պրոցեսների վրա և դրանց խանգարման դեպքում ուշ, թե շուտ բերում է մարմնի հիվանդության: Ամենից հաճախ նման վնասների (հիվանդությունների) պատճառ են դառնում այն մեղքերը, որոնց թելադրանքին մարդ լիարժեք տրվել չի կարող արտաքին կամ ներքին հանգամանքներից ելնելով, սակայն այդ մեղքերը գործելու ցանկությունը բորբոքում է իր մեջ:
Այն, ինչ բնական է որևէ կենդանի էության համար, չի կարող վնասել իրեն: Այդպես էլ մեղքը, եթե բնական լիներ մարդու համար, չէր պատճառի այդքան տհաճություններ ու հիվանդություններ: Բոլորին հայտնի է, թե ինչպես է տանջվում հարբեցողը ո՛չ թե սթափ վիճակում լինելուց, այլ չբավարարված վիճակից, երբ չի կարող խմել իր ուզածի չափ: Բայց նաև նման տանջանքներ են բերում մարդուն չբավարարված շնությունը, որկրամոլությունը, ինքնահավանությունը, ագահությունը և այլն: Գերիշխող կիրքը բավարարելու հնարավորությունից մարդու կախվածությունը շատ հավանական է որ դեր է խաղում ապագա դժոխային տանջանքների ձևավորման մեջ, որովհետև մարմնից զրկված հոգին, որ ստրկացած էր երկրավոր կյանքում մեղքերից, տանջվում է կրքերից, որոնք արդեն հնարավոր չէ բավարարել կամ այլ բանով լրացնել: Այս տանջանքները, երևի, թե՛ այս կյանքում, թե՛ հանդերձյալում չի կարելի բացատրել որպես խղճի տանջանք, որովհետև ամոթն ու խղճահարությունը բնությամբ դրական հատկանիշներ են և չեն կարող տանջանք պատճառել, ինչպես և բարությունը, համբերությունը և այլ առաքինություններ: Եվ ընդհանրապես, մեղքի առաջացման պատճառը պետք չէ տեսնել արտաքին առարկայի կամ երևույթի մեջ: Նույնիսկ այն բաները, որոնք ընդունված է մեղքի պատճառ համարել, սուրբ հայրերը ասում են, որ չկա չարիք ո՛չ գինու, ո՛չ էլ փողի մեջ. մեղքը դրանց չարաշահումն է:

Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ Տեր ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 2712

Մեկնաբանություններ