Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանն զգուշացնում է հարևաններին, որ թույլ չի տա «դժբախտ պատահարներ ընդհանուր սահմանակետերում»

Իրանն զգուշացնում է հարևաններին, որ թույլ չի տա «դժբախտ պատահարներ ընդհանուր սահմանակետերում»
07.12.2018 | 01:51

(Նախորդ մասը)

Այս նյութի սկզբում հիշատակել ենք, որ Իրանի դեմ տարբեր տարիների գործի են դրվել նաև պակիստանցի բելուջների ավազակախմբեր, մասնավորապես՝ «Ջունդուլլահ» ահաբեկչական խմբավորումը: Այն բանից հետո, երբ Իրանը բռնեց և մահապատժի ենթարկեց ԱՄՆ-ի, Իսրայելի և Պակիստանի բելուջ գործակալ Աբդուլ Մալեք Ռիգիին, «Ջունդուլլահն» ասես ինքն իրեն փլուզվեց կամ վերակազմավորվեց: Մոտավորապես 2014-ից, երբ բելուջների շրջանում տարածում էին գտնում ԻՊ-ը և «Ալ Քաիդան», հանկարծ հայտնվեց «Ջայիշ ուլ Ադլ» ահաբեկչական խումբը: Իրանի դեմ նրա առավել խոշոր ելույթներն էին. 5 սահմանապահի առևանգումը (2015 թ. հունվար), 14 սահմանապահի սպանությունը (2015 թ. ապրիլ), 10 սահմանապահի սպանությունը (2017 թ. ապրիլ): Թեհրանը բացահայտորեն մեղադրում էր Պակիստանի իշխանություններին ինչպես «Ջունդուլլահ», այնպես էլ «Ջայիշ ուլ Ադլ» ահաբեկչական խմբավորումների գործունեությանը մասնակից լինելու մեջ: Օրինակ, 2017-ի ապրիլի միջադեպից հետո Իրանի բոլոր պետական ԶԼՄ-ներում ասվում էր, որ սահմանապահներն սպանվել են հեռահար հրանոթներից, և «պակիստանյան կառավարությունը լիակատար պատասխանատվություն է կրում այդ հարձակման համար»: Ամեն դեպքում, Իրանը վերջնագիր ներկայացրեց Պակիստանին և որոշ ժամանակ հետո, աջակցություն չստանալով Իսլամաբադից, միանձնյա պատժիչ միջոցառումներ ձեռնարկեց: Եվ հայտնի է, որ 2015 և 2017 թթ. իրանական հատուկջոկատայինները դուրս են եկել պակիստանյան տարածք և սեփական ձեռքերով հաշիվ մաքրել ահաբեկիչների հետ: Այսպիսով, օրինաչափ է ենթադրելը, որ «Ջայիշ ուլ Ադլը» ԱՄՆ-ի և Իսրայելի ստեղծածն է՝ փոխարինելու համար վերացած «Ջունդուլլահին»:


Եզրակացությունը միարժեք է. հավանաբար համոզվելով, որ Իրանը պատրաստ է կոշտ կերպով հակազդելու Թուրքիայի և Իրաքի կողմից եկող ահաբեկիչների հարձակումներին, արտատարածաշրջանային ուժերի հաշվին սնվող հրոսակախմբերը փոխել կամ բազմազանեցրել են իրենց հարվածների ուղղությունը: Եվ հոկտեմբերի 12-ին արևելքից Իրանի վրա նրանց հարձակումն այն բանի ապացույցն էր, որ Իրանի շուրջը պատերազմական կրակների և հարևանների հետ հարաբերություններում քաոսի տարածք ստեղծելը արտատարածաշրջանային ուժերի անփոփոխ նպատակն է: Ըստ IRNA գործակալության, այդ օրվա վաղ առավոտյան «Ջայիշ ուլ Ադլ» խմբավորման ահաբեկիչները Պակիստանի տարածքից Իրանի Սիստան և Բելուջստան նահանգի Միրջավե սահմանակետի շրջանում հարձակվել են Լուլակդան գյուղի վրա: Զինված ընդհարումից հետո ահաբեկիչները փախել են Պակիստան, բայց հետները տարել են 11 աշխարհազորայինի և 3 սահմանապահի: Հաղորդում է եղել նաև, որ առևանգվել է միայն 11 աշխարհազորային, իսկ 3 սահմանապահները զոհվել են մարտում: Հետագայում իրանցի զինվորականները ճշտել են, որ Իրանի քաղաքացիներին առևանգելուց առաջ ահաբեկիչներին հաջողվել է նրանց թունավորել և անշարժացնել (զինծառայողների սննդի մեջ քնաբեր են լցրել):


Հոկտեմբերի վերջից Իրանը համբերությամբ սպասում էր, որ Պակիստանը միջոցներ կձեռնարկի առևանգված իրանցիներին հայտնաբերելու և տուն վերադարձնելու համար: Բայց Իսլամաբադը ժամանակ էր ձգում: Մինչև նոյեմբերի կեսը իրավիճակում դրական տեղաշարժ չէր նկատվում, չնայած միջադեպից հետո ԻԻՀ պաշտոնական անձինք, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի բրիգադային գեներալ Մոհամադ Փակփուրը և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մի քանի անգամ այցելել էին Պակիստան՝ այդ հարցը քննարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց հետ: Իսկ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին նույնիսկ մի երկու անգամ սպառնացել է պակիստանցիներին, թե Իրանը պատրաստ է ինքնուրույն հակաահաբեկչական գործողության և իր քաղաքացիներին ազատելու: Միայն նոյեմբերի 15-ին ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարեց. «Առևանգված 14 սահմանապահներից 5-ն ազատված են, ներկայումս ջանքեր են գործադրվում մյուս պատանդներին ազատելու համար»: Ըստ նրա, դրա փոխարեն առևանգողները պահանջում են ազատել մի շարք քաղաքական հանցագործների, բայց անհնար է, որ Իրանը ենթարկվի նրանց պահանջներին: «Իրանցի բոլոր սահմանապահներին ազատելը ժամանակ է պահանջում, բայց անհանգստանալու հիմք չկա»,- ասել է նա:


Թվում էր՝ գործը տեղից շարժվեց: Բայց իսկույն էլ կանգնեց: «Ջայիշ ուլ Ադլի» ահաբեկչությունը բացահայտեց, որ ԻՀՊԿ-ի ներսում որոշակի մրցակցություն կա: ԻՀՊԿ-ի մամլո քարտուղար, գեներալ Ռամեզան Շարիֆը, ի հեճուկս իր հրամանատարի, նույն օրը հայտարարեց, որ այդ հինգ սահմանապահները շուտով կազատվեն, ոչ թե ազատված են: Քանի որ մի շաբաթ հետո, նոյեմբերի 22-ին, իրանցի անձանց ազատման մասին հաղորդագրությունը կրկնվել է, ընդ որում ԻՀՊԿ-ի պաշտոնական հայտարարության տեսքով, դուրս է գալիս, որ ճիշտ էր գեներալ Շարիֆը: Հաղորդվում էր նաև, որ ահաբեկիչները «խոստովանել են» ոչ թե 14, այլ 10 իրանցու առևանգումը: Ի վերջո, բանակցող կողմերը «համաձայնել են», որ պատանդ է եղել 12 մարդ:
Բերենք ևս երկու տեղեկություն, որպեսզի ընթերցողին պարզ լինի, թե պաշտոնական Թեհրանն ինչպես է ներգործել Պակիստանի իշխանության վրա: Բանն այն է, որ նոյեմբերի 15-ի և 22-ի միջակայքում բավական ուսանելի բաներ են եղել: ՈՒսանելի՝ Իրանի բոլոր հարևանների, այդ թվում՝ հարավկովկասյան: Նոյեմբերի 18-ին Իրանի ՆԳ նախարար, դոկտոր Ֆազլին մամլո ասուլիսում չհերքեց կամ չուղղեց ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ Ջաֆարիին և հաստատեց. «ՈՒրախալի լուր. Իրանի հարավ-արևելքում անցյալ ամիս ահաբեկիչների կողմից առևանգված 12 սահմանապահներից 5-ն ազատված են: Պակիստանի կառավարությունը մինչև այժմ լավ է համագործակցել, և մենք հույս ունենք ավարտելու այդ համագործակցությունը, որպեսզի մեր թանկագին սահմանապահները տուն վերադառնան: Մենք նաև ակնկալում ենք, որ Պակիստանը կամրապնդի համագործակցությունը սահմանների անվտանգության բնագավառում»:


Բայց հետո Ֆազլիի խոսքը հաստատ երկիմաստ էր. «Թեհրանն առաջվա պես պատրաստ է Պակիստանի ներսում համատեղ գործողություններ իրականացնելու մնացած 7 զինվորներին ազատելու համար: Մենք ունակ ենք ահաբեկիչների դեմ գործողություններ ձեռնարկելու պակիստանյան տարածքներում, բայց առայժմ նման միջոցների չենք դիմել՝ հարգելով Պակիստանի, որպես մեզ հետ ռազմավարական միասնության մեջ գտնվող երկրի, տարածքային ամբողջականությունը: Եթե նրանք թույլ տան, ապա մենք գործելու ուժ ունենք»: Կա բառերի կամ գործերի այսպիսի դասակարգում՝ ուժի փափուկ սպառնալիք: Մեր կարծիքով՝ Ֆազլին հենց դա էլ հնչեցրել է, որ Իրանը միշտ պատրաստ է գործելու ռազմական միջոցներով՝ լինի դա Պակիստանի հետ համատեղ, թե միայն սեփական ուժերով: Ընտրությունը Պակիստանինն է, առայժմ Թեհրանը դրան չի դիմում, բայց, ինչպես ընդունված է ասել, «մեր համբերությունն անսահման չէ», և, «մի բանի դեպքում», Իսլամաբադը չպետք է կասկածի իրանական ուժայինների վճռականությանն ու պատրաստականությանը: Մասնավորապես՝ ԻՀՊԿ հատուկ ջոկատների, մանավանդ որ ԻՀՊԿ-ի տրամադրության տակ են ոչ միայն «Կոդս» հատուկ ջոկատը, այլև «Սաբերին» ստորաբաժանման իրենց գործընկերները և այլն, և այլն:
Հենց Ֆազլիի հայտարարություններից հետո Պակիստանի վարչապետ Իմրան Խանը իր երկրի պաշտոնյաներին կարգադրեց կրկնապատկել ջանքերը Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ՝ չնայելով Իրանի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի փորձերին: «Իրանը բարեկամ և հարևան պետություն է, որի հետ մենք վաղուցվա հարաբերություններ ունենք,- Իսլամաբադում կայացած մամուլի կոնֆերանսում ասել է Իմրան Խանը:- Մենք ցանկանում ենք ընդլայնել կապերն Իրանի հետ»: Նա նաև հավելել է, որ Իրանի և Պակիստանի առաջնորդները խոստացել են իրենց երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացնել և հասցնել 5 մլրդ դոլարի: Իսկ մշակույթի և առևտրի իրանա-պակիստանյան ֆեդերացիայի նախագահ Հավաջ Հաբիբ ուլ Ռահմանը հայտարարել է. «Պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործի այլ երկրների հետ Իրանի առևտրի վրա և չեն կարող խանգարել նրա առաջընթացին»: Հիշեցնենք, որ նախարար Ֆազլին Պակիստանին հոկտեմբերին էլ էր երկընտրանք առաջարկում. կամ համատեղ գործողություն, կամ Իրանն ահաբեկիչների «հախից կգա» ինքնուրույն, որովհետև «ահաբեկիչները հենակետեր ունեն Պակիստանի ներսում և ապրում են այնտեղ» (ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Փակփուր):


Եվ վերջապես, Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բակերիի նոյեմբերի 27-ի հայտարարությունը. «Իրանը պատրաստ է դիմակայելու ցանկացած սպառնալիքի: Մեր զինված ուժերի զգոնության շնորհիվ թշնամիները չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա: Աշխարհի մեծ տերությունները հասկացել են, որ Իրանի հետ ռազմական բախումը ոչ մի արդյունք չի տալիս: Պետք է այնպես անենք, որ թշնամիները չհամարձակվեն մտածել պատերազմի մասին»: Այնուամենայնիվ, նա վերջում հասկացրեց, որ կա մի ուղղություն, այսինքն՝ հարևան երկիր, որտեղից Իրանը մոտակա ժամանակներում ակնհայտորեն ինչ-որ ռազմական սրացում է սպասում. «Իրանական բանակն Աֆղանստանի հետ ընդհանուր սահմանները պաշտպանելու պատասխանատվություն է ստանձնել, ինչի շնորհիվ այդ սահմանն այսուհետև կդառնա ավելի անվտանգ»: Նա նաև նշեց, որ Աֆղանստանը բախվում է խնդիրների և անվտանգության բացակայության, ինչի պատճառով «ընդհանուր սահմանակետերում կարող են դժբախտ պատահարներ լինել»:


Վերադառնանք Իրանի նախկին փոխարտգործնախարար, այժմ Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային գործերով հատուկ օգնական Ամիր-Աբդոլահիանի վերը մեջբերված մարտյան հայտարարություններին այն մասին, որ ԱՄՆ-ն ԻՊ-ի ահաբեկիչներին Մերձավոր Արևելքից տեղափոխում է Աֆղանստան: Համադրենք նրա վկայությունները գեներալ Բակերիի այն պնդմանը, որ նոյեմբերի վերջից հենց իրանական բանակն է ստանձնել իրանա-աֆղանական սահմանի պաշտպանությունը: Համադրենք նաև Ամիր-Աբդոլահիանի և Բակերիի խոսքերը Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ֆազլիի և գեներալ Մոհամադ Փակփուրի հոկտեմբեր-նոյեմբերի այն հայտարարություններին, որ իրանա-պակիստանյան սահմանին մարտական պատրաստ վիճակում կան բավական ուժեր, որոնք ունակ են ներխուժելու Պակիստան («Մենք գործելու ուժ ունենք»): Ընդհանրացնելով վերոնշյալ ողջ տեղեկատվությունը՝ եզրակացնում ենք, որ ԱՄՆ-Իսրայել երկյակի՝ Իրանի դեմ ուղղված, այս անգամ՝ պակիստանա-աֆղանական կողմից, ապագա գործողությունների ողջ պլանը հաջողությամբ վերծանված է Իրանի հետախուզական համակարգի կողմից: Եվ բանակը մոտեցված է, ընդ որում, ոչ միայն Աֆղանստանի, այլև Պակիստանի սահմաններին: Քարտեզին նայելով կարելի է տեսնել, որ Իրանի «խնդրահարույց Սիստան և Բելուջստան նահանգը սահմանակից է և՛ Աֆղանստանին, և՛ Պակիստանին, իսկ հյուսիսարևելյան Խորասան նահանգը որոշակի «անվտանգության բարձ» ունի՝ ի դեմս Միջին Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների, որտեղից դժվար թե որևէ մեկը համարձակվի լայնամասշտաբ հակաիրանական «խաղեր» սկսել:


Արևելյան Իրանից անցնենք հյուսիսային և հյուսիսարևմտյան Իրանին: Որքան հիշում եմ, նոյեմբերին, Թբիլիսիում «CA-Ir News» հանդեսի հատուկ թղթակից Դավիթ Գափրինդաշվիլին, խոսելով Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օդանավակայան կառուցելու ԱՄՆ-ի որոշման մասին, տագնապով նշեց, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի մեջ չընդունելու դեպքում վրացական տարածքում այդպիսի ռազմական օբյեկտի առկայությունը վկայում է «Իրանի հետ ռազմական բախման դեպքում արագ ծավալման ուժերի հարմար պլացդարմ ունենալու» ԱՄՆ-ի մտադրությունը: Գափրինդաշվիլու գնահատականները վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեին համոզել են, որ, պարզվում է, ամերիկամետ Թբիլիսիում էլ դեռ կան խելամիտ մարդիկ, որոնք հասկանում են, որ «Հարավային Կովկասի երկրներն առանց այն էլ վառոդի տակառի վրա են, ուրեմն էլ ինչու առավել սրեն իրադրությունն ի հաճույս ԱՄՆ-ի: Եվ ակնհայտորեն վախենում են, որ, Աստված չանի, ԱՄՆ-ը կարող է Վրաստանը «պլացդարմ դարձնել ամերիկա-իրանական կամ ամերիկա-ռուսական խնդիրների լուծման համար»: Գափրինդաշվիլին նույնիսկ հիշեցրել է, որ չի կարելի մոռանալ Իրանի ավելի քան 100 հազար վրացազգի բնակիչների մասին: Ժամանակն է, որ Հայաստանը, առավել ևս Ադրբեջանը, խոհեմություն սովորեն Գափրինդաշվիլու և Ցինցաձեի նման վրացիներից: Չէ՞ որ Իրանում ապրող հայերը, առավել ևս ադրբեջանցիները, բազմակի շատ են վրացիներից: Իսկ թե որքան հարավկովկասցի է ոչ միայն մշտապես ապրում Ռուսաստանում, այլև ՌԴ-ի լիիրավ քաղաքացի է և ամենաիսկական «մարդասիրական օգնություն» է ցույց տալիս հայրենիքում ապրող իր հարազատներին ու մերձավորներին, որպեսզի նրանք պարզապես գոյատևեն, ավելորդ է նույնիսկ հիշեցնել: Բոլորը հասկանում են, որ ամերիկամետ կամակատար վարչակարգերը հետագայում էլ են «գրգռելու». որը՝ Ռուսաստանին, որը՝ Իրանին: Ռուսաստանին «գրգռողների» մասին ոչինչ չենք հաստատի կամ ենթադրի: Ինչ վերաբերում է Իրանին, ապա հակաիրանական գործողությունների մասնակիցները կարող են հետաքրքրվել, թեկուզ Աֆղանստանից և Պակիստանից, թե ինչ է նշանակում իրանցի զինվորականների նշանոցում գտնվելը, մանավանդ, երբ սահմանի պաշտպանությունն իր հսկողության տակ է պահում բազմաքանակ և մարտունակ իրանական բանակը, որը փորձառություն է ձեռք բերել այս ու այնտեղ: Եվ, ավելացնենք որպես ամփոփում, պատրաստ է ներխուժման:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3751

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ