Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փաշինյանի դաշինքը հավաքեց 70% տոկոս

Փաշինյանի դաշինքը հավաքեց 70% տոկոս
10.12.2018 | 12:29

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթում է «Իմ քայլը» դաշինքը: Վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ալյանսը ստացել է 70%` բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկների նախնական հաշվարկով: Հայաստանի խորհրդարան են մտնում «Իմ քայլը»` 70,45%, ԲՀԿ-ն` 8,37% և ԼՀԿ-ն` 6,37%` հաղորդեց ԿԸՀ-ն` 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո: Երկրի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին երկու դաշինք ու 9 կուսակցություն: ԱԺ մտնելու համար կուսակցությունները պիտի հավաքեին 5%, դաշինքները` 7%: Ընտրական օրենսգրքով խորհրդարանում նվազագույնը 3 քաղաքական ուժեր պիտի լինեն: Նախկինում իշխող, այժմ ընդդիմադիր ՀՀԿ-ն առաջին անգամ ԱԺ չմտավ` ստանալով 4,7%: Կուսակցությունը խորհրդարանում ներկայացված էր օրենսդիր մարմնի ձևավորումից սկսած` 1995-ից:


ԿԸՀ-ի տվյալներով` ընտրություններին մասնակցեց ընտրողների 48,63%-ը, որ 2017-ի ԱԺ ընտրություններից քիչ է` այն ժամանակ ընտրատեղամասեր գնաց 60%-ը: Հայաստանի պատմության առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվանում են հայկական թավշե հեղափոխության ավարտը` 2018-ի ապրիլ-մայիսին զանգվածային ցույցերը հանգեցրին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Մայիսի 8-ին Աժ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Բայց օրենսդիր մարմնում ՀՀԿ-ն ուներ մեծամասնություն:


«Մենք արդեն հասել ենք մեր գլխավոր նպատակին` իրոք ազատ, թափանցիկ, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը»` ասաց Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո: Աժ արտահերթ ընտրությունների անցկացումը նրա առանցքային խոստումներից մեկն էր: Բայց ընտրությունների անցկացման ժամկետները տարաձայնությունների պատճառ դարձան: ՀՀԿ-ն կողմ էր արտահերթ ընտրությունների անցկացմանը 2019-ի մայիս-հունիսին: «Ընտրություններն անցկացվում են շտապողականության մթնոլորտում, բառացիորեն երկու ամիս առաջ է հայտարարվել արտահերթ ընտրությունների ժամկետի մասին: Ես գտնում եմ, որ դա խարխլեց քաղաքական դաշտի միավորման, նոր դաշինքներ ձևավորելու, ներկուսակցական գործընթացների` այդ թվում համագումարներ հրավիրելու ու այլ հնարավորությունները»` ասաց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որ գլխավորում է ՀՀԿի ընտրացուցակը: Փաշինյանը խոսում է ազատ ու ժողովրդավարական ընտրությունների մասին, իսկ ՀՀԿ-ն` քվեարկության ժամանակ խախտումների և ճնշումների: ՀՀԿ-ի հայտարարության համաձայն` հենց դա էր նշանակում Վճռաբեկ դատարանի որոշումը` ընտրությունների նախօրեին կալանավորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Ակնհայտորեն` իշխանությունն ու Փաշինյանը անձամբ են կազմակերպել նրա ձերբակալությունը նախընտրական շրջանում` ամրապնդելու համար երկրում վախի մթնոլորտը, ուժի ցուցադրության ու քաղաքական ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու նպատակով»` այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ն Վճռաբեկի որոշումը: Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո բազմաթիվ նախկին պաշտոնյաների ու նրանց հարազատների մեղադրանքներ ներկայացվեցին: Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ` 2008-ի մարտի 1-ին ցուցարարներին ցրելու ժամանակ, երբ ուժայինների ու ցուցարարների բախումներում 10 մարդ զոհվեց: Ռոբերտ Քորարյանն այդ ժամանակ նախագահն էր: Այդ գործով մեղադրվում են նաև ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հարությունյանը հետախուզման մեջ է, Խաչատուրովին գրավով ազատ են արձակել: Փաշինյանը հերքում է քրեական գործի ու ընտրությունների կապը: «Ես չեմ մեկնաբանելու Քոչարյանի ձերբակալությունը ընտրությունների նախօրեին, որովհետև այդ գործընթացը, այդ քրեական գործը վաղուց է սկսվել ու, իհարկե, ոչ մի կապ չունի ընտրությունների հետ: Գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու հետաքննությունը շարունակվում է»` ասել է Փաշինյանը:
Նորընտիր խորհրդարանում նվազագույնը կլինեն 101 պատգամավոր (6-րդ գումարման ԱԺ-ում 105 էր): Որ Փաշինյանի «Իմ քայլը» մեծամասնություն կունենա, ոչ ոք չէր կասկածում: Թավշե հեղափոխության առաջնորդը մնում է պոպուլյար Հայաստանում:


Ընդդիմությունը պետք է ստանա 30%, բայց ռեալ ընդդիմություն այսօր Հայաստանում չկա և ընտրողները շատ քիչ են վստահում քաղաքական կուսակցություններին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի: «Իմ քայլին» ձայն տվողները իրականում քվեարկում են անձամբ Նիկոլ Փաշինյանին: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով` Հայաստանի ժողովրդավարական զարգացման սպառնալիքը Փաշինյանի բարձր վարկանիշը չէ, այլ` Սահմանադրությունը: «Սերժ Սարգսյանը իր համար է ստեղծել Սահմանադրությունը և վարչապետն ունի անսահմանափակ իշխանություն: Ու այդ ամենը հիմա անցել է Փաշինյանին: Նա խոստացել էր սահմանադրական փոփոխություններ, որպեսզի իշխանության թևերն ավելի հավասարակշռված լինեն, բայց մի քանի օր առաջ ասաց, որ մենք նոր Սահմանադրություն ունենք, պետք է դեռ սպասել, Փաստացի` նա հրաժարվել է իր մտադրությունից, նրան դուր է գալիս այդքան իշխանություն ունենալը»` ասում է Ստեփան Դանիելյանը:

BBC


Հ.Գ. Հետընտրական Հայաստանի առանցքային խնդիրներից է Սահմանադրության փոփոխությունը, բայց դա միակ մտադրությունը չէ, որից Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է` պատճառաբանելով, թե Սահմանադրությունը նոր է, թողնենք` աշխատի, նրա գլխավոր խնդիրը դառնալու է մեծամասնությունը, որ ստացել է ԱԺ-ում ու փաստը, որ այդ մեծամասնության մեծամասնությունը հոդաբաշխ խոսքի ու մտքի ունակ չէ և ամեն ինչ նորից կամ ինքն է անելու, կամ ՔՊ-ն մասնատվելու է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ