«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ով ձե՛զ է ընդունում, Ի՛նձ է ընդունում, և ով Ի՛նձ է ընդունում, ընդունում է Ինձ ուղարկողի՛ն

Ով ձե՛զ է ընդունում, Ի՛նձ է ընդունում, և  ով Ի՛նձ է ընդունում, ընդունում է Ինձ ուղարկողի՛ն
11.01.2019 | 00:47

Սրանք Քրիստոսի խոսքերն են՝ ուղղված Իր առաքյալներին:
Յուրաքանչյուր քահանա առաքյալն է Աստծո և կոչված է մարդկանց Տիրոջ Խոսքը քարոզելու և մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու, սակայն անգիտության խավարի մեջ ընկած մարդը չի կարողանում գնահատել այս բարձր առաքելության մեջ կոչված մարդկանց և շատ հաճախ, տարատեսակ պատճառաբանություններով, իրենց աչքի գերանը չտեսնելով, ուրիշի մեջ են որոնում այն և, առիթ փնտրելով, մերժում նրան՝ սրանով նաև ապստամբելով Աստծո Խոսքի դեմ: Քահանայի հանդեպ հարգանքը հարգանք է Աստծո հանդեպ, քահանային որևէ բան նվիրելը երախտագիտություն է Աստծուն, ինչպես Հիսուս ասաց. «Եվ ով այս փոքրիկներից մեկին միայն մի բաժակ սառը ջուր կտա խմելու՝ իբրև աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: Սակայն տալը պետք է բխի սուրբ սրտից, անարատ հավատքից և այն գիտակցումից, որ ո՛չ թե քահանային, այլ Աստծուն են տալիս, այդ պատճառով պետք է լինի ընտրագույնը, սա մատաղի պես է, և Տերը ընդունում է այն՝ նայելով մարդու սրտին: Քահանան, ծառայության բերումով, մտերմիկ հարաբերություններ է հաստատում իշխանական կառույցների ղեկավարների, գործարարների, հնարավորություն և կարողություն ունեցող մարդկանց հետ՝ ցանկանալով նրանց ևս հաղորդակից դարձնել Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին, նրանց հնարավորություններն օգտագործելով Քրիստոսի Եկեղեցու զորացման գործին, որպեսզի այս տեսակ գործողություններին զուգահեռ Աստծո Խոսքը քարոզելով առաջնորդի դեպի հավիտենական անթառամ կյանք, ըստ Տիրոջ Խոսքի. «Եվ ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ»: Եկեղեցին, լինելով Քրիստոսի Խոսքի կրողը, Նրա նվիրական Արյամբ շաղախված ու հաստատված հաստատուն մի Վեմ, պատրաստ է իր օրհնությունը բաշխելու յուրաքանչյուրին, այն քավարան է մեղավորների համար, փրկություն՝ հաղորդվողների համար և այն, ինչ արվում է Եկեղեցու և եկեղեցականի հանդեպ, Աստված ընդունում է որպես Իր համար կատարված: Խաբուսիկ աշխարհը նյութապաշտության մեջ խեղդված է այսօր, աշխարհային աղաղակները բթացրել են մարդկանց մտքերը, խլացրել ականջները, որպեսզի չլսեն ու չհասկանան և չփրկվեն, հեռու լինեն բարի գործերից և ափսոսան բարիք գործելուց: Մարդիկ երբեմն ցույց են տալիս, թե հավատում են, վկայում են, որ Աստված կա, բայց երբ հարցը հասնում է Պատարագների մասնակցությանը, զոհողությանը, առաքինի ապրելուն, տրտնջում են, բողոքում են ժամանակի սղությունից, իրենց նյութական վիճակից, բայց երբ հարկ է լինում, ամեն ինչ դրամով են չափում, «մեր ձեռքերը քարի տակ չեն»,- ասում են, բայց իրենց համար, միայն ո՛չ քահանային օգտակար լինելու, Եկեղեցուն աջակցելու համար, կարոտյալներին օգնելու համար:


Ժողովրդական ասացվածքն ասում է. «Չտաս խաչին, կտաս արջին», այս խոսքը իրականություն է յուրաքանչյուրիս համար: Երբ մենք Աստծո համար խնայում ենք մեր կարողությունը, ստիպված ենք լինում ուրիշ բաների մեջ օգտագործել, կամ բժշկին ենք վճարում վրա հասած հիվանդությունները բուժելու համար, կամ ծախսում ենք վրա հասած պատուհասների հետքերը վերացնելու համար, կամ...: Մեր կյանքում ամեն ինչ օրինաչափ է, պատահական ոչինչ չի լինում: Հիսուս ասում է. «Աստծունը տվեք Աստծուն, կայսրինը՝ կայսեր» (Ղուկ. 22; 21), սակայն երբ կամովին հրաժարվում ենք Աստծունը տալուց Աստծուն, կայսրը Աստծուն տրվելիքն էլ է վերցնում և՝ ավելիով:
Անշուշտ, քահանան, լինելով միս ու արյունից, կատարյալ չէ, սակայն սխալների գիտակցումը, զղջումն ու ապաշխարությունը, մաքրվելու, սրբվելու, Աստծո հետ միանալու փափագն է, որ Տիրոջը մղում է օրհնելու նրան, հետևաբար դատապարտելի և անհիմն են անվստահությունը, բամբասանքը, պատճառաբանությունները, որովհետև քահանային պատվելով, Հիսուսին է, որ պատվում ենք:


Ասում են, ժամանակներ առաջ մի քահանա դիմում է իր համայնքի կարողություն ունեցող մարդկանց, որոնց հետ մտերմիկ հարաբերություններ ուներ, եկեղեցուն ձի նվիրելու համար, որպես փոխադրամիջոց, և էլի ուրիշ բաներ, որոնք որոշակի ծախսերի հետ էին կապված, սակայն նրանք մերժում են, ասելով. «Տե՛ր Հայր, մենք սակավ դրամի տեր ենք, քեզ միայն էշ կարող ենք նվիրել, մնացածի համար քո գլխի ճարը տես, ուրիշներին դիմի՛ր»: Նշենք, որ ձին ժամանակի ամենաարագ փոխադրամիջոցն էր համարվում, որը շատ պետք էր համայնք ունեցող քահանային արագ տեղաշարժվելու համար: Նրանք մերժեցին այն քահանային, որը մկրտել, պսակել էր, օրհնել նրանց բնակարանները, ամեն օր Աստծո առջև ծնկելիս նրանց հոգու փրկության, կյանքի բարօրության համար աղոթք բարձրացրել Երկինք..., որից իրենց կյանքի, գործերի հաջողության համար պարբերաբար օրհնություններ էին ստացել: Քահանան, մերժում ստանալով, հաջողություն է մաղթում նրանց: Որոշ ժամանակ անց, նրանք, իրենց ուղտերը բարձած ոսկով ու թանկարժեք իրերով, ճանապարհվում են ուրիշ քաղաք՝ գնումներ կատարելու: Ճանապարհին վրա են հասնում ավազակներ և ամբողջությամբ թալանում նրանց ունեցվածքը, իսկ իրենց հարստությունը կորցրած մարդկանցից մեկը նեղսրտած ասում է, Տեր Հայրին մեժեցինք, օրհնություն չստացանք, դրա համար եղավ այդ ամենը, իսկ մյուսներն ասում են. «Ոչի՛նչ կհաշվենք՝ մեր Տեր Հայրին ենք տվել»: «Կհաշվե՛նք», այսպես են մտածում նաև մերօրյա մարդիկ, երբ ստիպված են լինում կորցնելու իրենց կարողության մի մասը, բայց ի՞նչ օգուտ, ի՞նչ վարձք: Ի տարբերություն աղանդավորների, Եկեղեցին ուղեղի լվացում չի կատարում և այդ լվացման հաշվին չի թալանում մարդկանց, այլ ճշմարտապես լինելով Տիրոջ Խոսքի կրողը՝ հորդորում է իր զավակներին անիրավ մամոնայի գերին չլինել, այլ կամավոր զոհաբերությամբ բարիք գործել՝ սրանով նաև ապացուցելով, որ կախում չունենք այս աշխարհի ժամանակավոր, նյութական կյանքից:


Կա՞ արդյոք մեկը, որը ճանաչում է իր ապուպապին, գիտի նրանց գերեզմանի տեղը, իհարկե ո՛չ: Սերունդ է փոխվում, փոխվում է նաև գերեզմանի տեղը, և մոռացվում է ամեն ինչ: Մենք ոչինչ չենք բերել այս աշխարհ, ոչինչ էլ չենք տանելու, մերկ եկել ենք, մերկ էլ կգնանք, մի 70 տարի հետո մեր գերեզմանատեղն անգամ չի հիշվելու` մեր թողածն էլ, ի՞նչ իմանանք` մեր սերունդները վայելելու՞ են, թե՞ տանուլ են տալու աշխարհային թոհուբոհին: էլ ի՞նչ սրտով են մեր հայ դրամատերերը կուտակում իրենց դրամը, մերժում՝ ի շահ Քրիստոսի Եկեղեցու զորացման դիմող հոգևորականին: Ինչպես Սողոմոն Իմաստունն է ասում. «Ով ցորենը խնայի իր բարեկամից, կթողնի թշնամուն». իհարկե այստեղ ցորենը ուղիղ իմաստով պետք չէ ընդունել, այլ ընդհանրապես, որպես նյութական բարիք:


Ասում են մի աղքատ մարդ գալիս է մի գյուղ և մարդկանցից օգնություն խնդրում: Մեկը` անկողին է տալիս, մեկ ուրիշը` հագուստ, մեկը` ցեցը կերած հագուստ, ուրիշները` ցնցոտիներ, ոմանք էլ ոչինչ չեն տալիս: Մարդը հավաքում է ով ինչ տվել է ու ճանապարհ ընկնում: Մեկ օրվա ճանապարհ անցնելուց հետո լսում է, որ այն գյուղը, որտեղից ինքը բարիքներ է հավաքել, ամբողջությամբ այրվել է մարդանց ունեցվածքի հետ միասին: Նա վերադառնում է գյուղ ու վերադարձնում է նրանց ով ինչ տվել էր:
Երբ մեր այս հողեղեն տնակները մեկ օր հողին դառնան, մեզ ընդառաջ գա Քրիստոս, և ինչ որ արել ենք, ու ինչ արել կամ տվել ենք, Աստված մեզ վերադարձնի, ոմանց բարի ու առաքինի գործերի դիմաց` հատուցում, ոմանց ընչաքաղց ու անիրավ գործերի դիմաց` հատուցում:
Էլ ի՞նչ օրհնության է սպասում իրեն «քրիստոնյա համարող», Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Ավազանից հավիտենական կյանքի համար ծնված մարդը և ինչպե՞ս է պատկերացնում իր առաջիկա կյանքը, կամ հոգու փրկության ի՞նչ ճիգեր է գործադրում: Երբ մենք տեսնում ենք թմրամոլ կամ հարբեցող մեկին, հստակ գիտակցում ենք, որ եթե նա չթողնի այն, ինչ անում է, կկործանվի, այսպես և քահանան տեսնում է իր համայնքի զավակներին ու հորդորում ապաշխարության, խոստովանության, խրատում և օրհնում է, ըստ Տիրոջ խոսքի. «ՈՒր մտնեք, խաղաղություն տվեք նրանց, եթե ընդունեն ձեզ, ձեր խաղաղությունը թող հանգչի նրանց վրա, իսկ եթե չընդունեն, ձեր կոշիկները թափ տվեք»: Հետևությունը թողնում ենք ընթեցողին:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1638

Մեկնաբանություններ