ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Լուկաշենկո. «Մենք այնպես կանենք, որ Թուրքիային լավ լինի»

Լուկաշենկո. «Մենք այնպես կանենք, որ Թուրքիային լավ լինի»
17.01.2019 | 16:55

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի դաշնակիցը համարվող Բելառուսը մտադիր է խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ` մասնավորաբար ռազմաքաղաքական ասպարեզում: Պաշտոնական այցով Մինսկ ժամանած Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հայտնեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Հաճելի է հանդիպել մի մարդու, որը կոչված է նախանշել Թուրքական Հանրապետության ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունը, հատկապես հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է ձեր տարածաշրջանում», - հայտարարել է Բելառուսի նախագահը` գովեստի խոսքեր շռայլելով թուրքական բանակի հասցեին: «Մենք ուշի ուշով հետևում ենք Թուրքիայի զինված ուժերի գործողություններին: Ես շատ բարձր եմ գնահատում դրանց արդյունավետությունը և ամենակարևորը` այդ գործողությունների ծրագրված բնույթը: Մենք հասկանում ենք, որ ձեզ համար շատ դժվար է, ձեր երկրի վրա մի շարք հզոր պետություններ այսօր հուժկու ճնշում են գործադրում: Բայց ես կարծում եմ, որ Թուրքիայի համարձակ ժողովուրդը կկարողանա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ոչ միայն Թուրքիայի ներսում են, այլև դրսից են ներկրվում»` ասել է Լուկաշենկոն: Նա խոստացել է, որ առաջիկայում Մինսկը կանի հնարավորը Թուրքիայի հետ փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:


«Մենք մշտապես եղել ենք ձեր երկրի վստահելի բարեկամն ու գործընկերը: Մենք միշտ աշխատել ենք այնպես անել, որ Թուրքիային լավ լինի: Դուք պետք է իմանաք, որ մենք հավատարիմ կմնանք քաղաքական այդ կուրսին թե՛ տնտեսական ասպարեզում, թե՛ քաղաքականությունում և թե՛ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում», - խոստացել է Բելառուսի նախագահը:


Չնայած Հուլուսի Աքարի այցի մասին թուրքական և բելառուսական կողմերը գերադասում են սահմանափակ տեղեկատվություն տրամադրել, ակնհայտ է, որ քննարկման առանցքային թեման Մինսկի և Անկարայի ռազմատեխնիկական համագործակցության խորացումն է: Թուրքիայի պաշտպանական գերատեսչության թվիթերյան պաշտոնական էջում մի շարք լուսանկարներ են զետեղվել, որոնցից պարզ է դառնում, որ Հուլուսի Աքարը այցելել է Բելառուսի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ` ծանոթանալով արտադրանքին: Դատելով լուսանկարներից` Աքարին հետաքրքրել են հատկապես բելառուսական արտադրության նռնականետերը և դիպուկահար հրացանները: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները զարգանում են ոչ միայն ռազմական, պաշտպանական ոլորտներում, այլև տնտեսության, մշակույթի, սոցիալական ասպարեզներում: Կարծում եմ, որ մեր երկու պետությունների ղեկավարների կողմից ձեռնարկված ջանքերը արդեն իսկ դրական արդյունքներ են տալիս», - հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը:
2015-ից ի վեր գործում է Ռազմարդյունաբերական համագործակցության թուրք-բելառուսական խորհուրդը, որի աշխատանքի առաջին արդյունքները արդեն իսկ տեսանելի են:


2018-ի հուլիսին Թուրքիան հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության օպերատիվ-մարտավարական «Խան» հրթիռային համակարգերը, որոնց ստեղծմանը մասնակցել էր նաև բելառուսական կողմը: Մինսկը նաև հայտարարում էր, որ առաջիկա տարիներին զարգացնելու է հրթիռների արտադրության սեփական ծրագիրը` հաշվի առնելով թուրքական փորձը:


Բելառուսի ներքին գործերի նախարարությունը իր կազմում գործող հատուկ նշանակության ջոկատների համար թուրքական արտադրության հրազեն է ձեռք բերել: Այս գործարքի մանրամասները և ֆինանսական ծավալները կողմերը չեն գաղտնազերծում:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ