Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին

Արմեն Սարգսյանի հարցազրույցը Society ամսագրին
08.02.2019 | 17:36

-2018-ի ապրիլից ՀՀ նախագահն եք: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին:
- Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի, արվեստի և երաժշտության, այնպես էլ, դժբախտաբար, ողբերգությունների տեսանկյունից: Ավելի քան 1700 տարի առաջ հայերն աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնյա: 11-րդ դարում հայ Բագրատունիները կորցրին Հայաստանում իրենց թագավորությունը: Ավելի ուշ կորցրինք Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը խաչակիրների հիմնական ամրոցն էր: Չնայած այս կորուստներին, հայերը մշտապես եղել են լավ կազմակերպված ու ակտիվ ազգ, որն ուժ է ստացել եկեղեցուց և այն շրջապատող համայնքներից: 20-րդ դարասկզբին հայերն առերեսվեցին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ողբերգությանը, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց կյանքը: Ամեն ընտանիք իր պատմությունն ունի՝ կապված այդ ողբերգական իրադարձության հետ: Իմ տատիկի ընտանիքն այդ ցեղասպանության պատճառով կորցրեց իր առաջին երեխային: Այս ողբերգական դեպքը պատճառ դարձավ ողջ աշխարհում հայկական Սփյուռքի առաջացման՝ ԱՄՆ-ից մինչև Ավստրալիա կամ Ֆրանսիա: Դրանից հետո մենք 100 տարի առաջ հռչակեցինք մեր անկախությունը, սակայն 1918-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից կարճ ժամանակ անց երկիրը Խորհրդային Միության մաս կազմեց: Կազմավորման ավարտից հետո խնդիրներ ի հայտ եկան՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում և այլուր: Մենք հուսով ենք կարգավորել այդ խնդիրը 21-րդ դարում։
- Նախքան ՀՀ նախագահ ընտրվելը Դուք եղել եք Մեծ Բրիտանիայի դեսպանը, Դուք գիտեք դիվանագիտությունն իր ողջ հմայքով:
- Դիվանագիտությունն արհեստ է, և ես բախտ եմ ունեցել հանդիպել լավագույն մասնագետներին: Մինչ այս ես մի քանի կյանք եմ ունեցել: Առաջինը նշանավորվեց տեսական ֆիզիկայի ու հարաբերական աստղաֆիզիկայի նկատմամբ իմ մեծ կրքով: Ավելի ուշ ես դարձա դիվանագետ՝ ծառայության անցնելով շատ երկրներում, անգամ՝ 7 երկրում միաժամանակ, ապա՝ որպես Եվրոպայի ավագ դեսպան: Երրորդ փորձառությունս արդեն խորհրդատվական գործունեության ոլորտում էր՝ այնպիսի խոշոր ընկերությունների համար, ինչպիսին British Petroleum-ն է, ում աջակցում էի Եվրասիայում բիզնես գործունեություն ծավալելու հարցում: Ես նաև գրասենյակներ եմ ունեցել Վիեննայում՝ որպես բարձր տեխնոլոգիական ընկերության ոչ գործադիր խորհրդատու: Մենք ստեղծել ենք խաղեր, որոնք հիմնականում ներկայացվել են Չինաստանում և Կորեայում: Նախագահ լինելը աշխատանք է և միաժամանակ առաքելություն, քանի որ մի կողմից ինձ համար որպես Հայաստանի նախագահ, պարտականությունն է, մյուս կողմից՝ ես այն հաճույքով եմ կատարում։
- Որպես ՀՀ նախագահ՝ որո՞նք են Ձեր հիմնական նպատակները:
- Ամենակարևոր կետերը հետևյալն են՝ հարթել խնդիրներն ու առհասարակ՝ զարգացնել Հայաստանը: Մեր ազգը 21-րդ դարում մեծ հնարավորություններ ունի: Մեր ուժը ոչ թե բնական պաշարներն են, այլ մարդկային ռեսուրսները: Մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Օրինակ, Ռուսաստանում բնակվում են նույնքան հայեր, որքան հենց Հայաստանում: 21-րդ դարում դա առավելություն է, քանի որ մոլորակն ավելի է փոքրանում, իսկ կյանքը դառնում է ավելի արագ:
Աշխարհում խոշորագույն ընկերություններն այլևս նավթային կամ գազային ընկերությունները չեն, այլ տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններն են, ինչպես, օրինակ, Apple-ը և Google-ը: Հայաստանը հնարավորություն ունի լինել, այսպես կոչված, վիրտուալ մետաքսե ճանապարհի՝ տեխնոլոգիաների ու հաղորդակցության առևտրային ուղու մի մասը: Այս մետաքսի ճանապարհն արդեն գոյություն ունի՝ որպես համաշխարհային ցանց այն մարդկանց, ովքեր միացած են իրար վիրտուալ կերպով, և սա է այն դաշտը, որտեղ կարող ես տարածել քո ազդեցությունն այսօր: Սա կարող է լինել Հայաստանի դարը, եթե մենք օգտագործենք տարբեր հասարակություններում հաջողությամբ ինտերգրված, բարձր կրթական մակարդակ ունեցող և գլոբալ ազգ լինելու մեր առավելությունը: Ի հավելումն՝ նշեմ, որ մենք մեր տարածաշրջանի միակ երկիրն ենք, որն ամուր կապեր ունի թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ: Խորհրդարանական հանրապետությունում նախագահը երկրի գործադիր ղեկավարը չէ, սակայն նա գործում է իբրև երկրի գլուխ՝ ազգի համար ցույց տալով ուղին, տեսլականը կամ ռազմավարությունը: Այս աշխարհի միտումների հետ ներդաշնակորեն կարող է աշխատել միայն այն գաղափարը, որը հստակ ծրագիր ունի: Նախագահը պետք է հասկանա ուժեղ և թույլ կողմերն ու գտնի աշխարհում իր երկրի տեղը: Աշխարհը դառնում է ավելի փոքր ու փոխկապակցված, ուստի Հայաստանի ազգային շահերը գտնվում են դրա սահմաններից դուրս:
- Ովքե՞ր են աշխարհում ձեր հիմնական գործընկերները:
- Պատմականորեն մենք լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Նախկինում Հայաստանի մի հատվածը մաս է կազմել Ռուսական կայսրության, և դժվարին ժամանակներում մենք ստացել ենք Ռուսաստանի աջակցությունը: Մենք նաև շատ լավ կապեր ունենք մեր հարևանների՝ Իրանի ու Վրաստանի հետ: Սերտ հարաբերությունների մեջ ենք Եվրոպայի հետ: Պատմականորեն Հայաստանը եղել է խաչմերուկ Արևելքի ու Արևմուտքի միջև: Ընդհանրապես, Հայաստանը պետք է շարունակի խոր և բարիդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, խորացնել կապերը ԵՄ-ի ու Չինաստանի, շատ լավ հարաբերություններ պահպանել ԱՄՆ-ի ու մյուս երկրների հետ:
- Ձեր երկիրը վերջերս շատ մեծ աճի ցուցանիշ գրանցեց: Ո՞րն է դրա պատճառը:
- Այստեղ կարող են մի քանի պատճառներ լինել. կառավարությունը լավ է աշխատել, մարդիկ տքնաջան աշխատել են, միջազգային պայմանները բարենպաստ են եղել կամ էլ պատճառն այս բոլոր գործոններն են միասին վերցրած: Սակայն կարծում եմ, որ կարող ենք ավելի բարձր աճի ցուցանիշ գրանցել: Հայաստանն ունի տարածաշրջանում լավագույն բանկային և ՏՏ ոլորտներից մեկը:
- Ի՞նչ եք մտածում Ավստրիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին:
- Ես պատրաստ եմ խորացնել մեր հարաբերությունները: Մենք բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ձեր աջակցությունն այն գաղափարին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական ճանապարհով այլընտրանք չունի: Ակնկալում եմ ապագայում քննարկումներ ունենալ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի, կառավարության և վարչապետի հետ՝ առաջ մղելու և զարգացնելու մեր հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլև մշակութային հարթակներում: Ինչ-որ առումով ես նաև ավստրիական մշակույթի դեսպանն եմ, քանի որ մինչ օրս 18 տարի շարունակ այցելել եմ Ֆուշլ լիճ և Զալցբուրգ (Զալցբուրգում ամեն տարի ամռանը կազմակերպվում է երաժշտական փառատոն). կա՞ մեկ այլ նախագահ, ով արել է նման բան:
- Ո՞րն է եղել Ձեզ վրա խոր ազդեցություն թողած վերջին գիրքը:
- Ընդհանրապես, ես շատ եմ կարդում, սակայն գիրքը, որով ներկայում ամենաշատն եմ տարված, այն գիրքն է, որի վրա աշխատում եմ: Գիրքն այն մասին է, թե ինչպես է գործում քաղաքականությունը 21-րդ դարում, և ես այն անվանել եմ «Քվանտային քաղաքականություն»:
- Ձեր կարծիքով, ի՞նչն է կյանքում ամենակարևորը:
- Կյանքում շատ կարևոր բաներ կան. ժամանակը, օրինակ, դրանցից մեկն է:
Բոլորս այս մոլորակի վրա ունենք որոշակի ժամանակ, և կան շատ քիչ բաներ, որոնք ժամանակից ավելի արժեքավոր են, ինչպես սերը մերձավորներիդ կամ երկրիդ հանդեպ: Դու կարող ես զոհաբերել ժամանակդ հանուն սիրո: Ուստի, եթե չես սիրում քո աշխատանքը, ինչո՞ւ պետք է անես:

Դիտվել է՝ 2191

Մեկնաբանություններ