Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սևերակ

Սևերակ
22.03.2019 | 03:28

Ցեղասպանության անմեղ զոհերը վերացական արարածներ չէին, նրանք միս ու արյուն ունեցող մարդիկ էին, կենդանի հոգիներ՝ իրենց նիստուկացով, վարքուբարքով, ավանդույթներով ու սովորություններով, խինդ ու ծիծաղով, և ապրում էին բնականոն կյանքով:


«Ցեղասպանության հուշամատյան» խորագրի ներքո ես կանդրադառնամ նահատակների ընդհատված կյանքին:

Տիգրանակերտից (Դիարբեքիր) 80 կմ հարավ-արևելք, Եդեսիա (ՈՒրֆա) տանող ճանապարհին գտնվում էր Սևերակ քաղաքը: Անվանումն ուներ զուտ հայկական ծագում: Բանն այն է, որ IV-V դդ. հռոմեացիների տիրապետության շրջանում, նրանք քաղաքի տեղում սև քարերով ու սև շաղախով բերդ էին կառուցել, որը գինու ու գինեգործության աստվածի անունով կոչել էին Դիոնիսի բերդ: Այստեղ տեղակայված էին զինվորներ, իսկ շրջակայքում շինված էին բազմաթիվ տներ, որոնց թիվը հետզհետե աճել էր: Հետագայում, երբ քրիստոնյաները բազմանում են, հայերը բնակավայրն անվանում են Սև ավերակ, քանզի քաղաքի հողը սև էր, իսկ տները սալահատակված էին սև քարերով: Ժամանակի ընթացքում անվանումը ձևափոխվում է Սևերակի կամ Սևերեկի:
Լուսավորչական հայերն ունեին Սբ. Թորոս եկեղեցին, հայ բողոքականները՝ իրենց ժողովարանը, հայ կաթոլիկները՝ իրենց եկեղեցին: Բոլոր եկեղեցիներին կից գործում էին դպրոցներ:
Հայապատկան էին ամբողջ առևտուրը և արհեստագործությունը, այսինքն՝ տնտեսական հիմնական լծակները գտնվում էին հայերի ձեռքում:
Մինչև Ցեղասպանությունը քաղաքում և շրջակայքի 8 գյուղերում՝ թուրքերի, քրդերի, զազաների և ասորիների հետ համատեղ, բնակվում էր 14 հազար 500 հայ:

ԿԱՆԱՅՔ
Հարսանիքը տեղի էր ունենում այսպես: Մեկ ձի՝ զարդարված զանազան ձեռագործներով, թաշկինակներով, գլխի ծածկոցներով, սավաններով և այլն, ուղարկում էին աղջկան բերելու, մյուս ձիով գնում էին տղայի տուն:
Հարսնացուին հայրական տնից տանելու ժամանակ հարսանքավորները երգում էին.
Պապի՛կ, քու հալալ հացդ եմ կերեր,
Ըրէ՛ ինձ հալալ:
Մամի՛կ, քու հալալ կաթդ եմ ծծեր,
Ըրէ՛ ինձ հալալ:
Աղբէ՛ր, քու հալալ աղդ եմ կերեր,
Ըրէ՛ ինձ հալալ:
Քոյրի՛կ, քու հալալ ջուրդ եմ խմեր,
Ըրէ՛ ինձ հալալ:

Ապա հարսանքավորները գնում էին Սբ. Թորոս եկեղեցի, ուր տեղի էր ունենում պսակադրության արարողությունը: Եկեղեցուց վերադառնալուց հետո հարսն ու փեսան 3 օր առագաստի սենյակ չէին մտնում առանց քավորի ու քավորկնոջ թույլտվության:
Նորահարսը առավոտ կանուխ, երեսը՝ փակ, ելնում էր տան մեծերի ձեռքին ջուր լցնելու ու սուրճ պատրաստելու: Նա առնվազն 3 տարի իրավունք չուներ մեծերի հետ խոսելու, մինչև տան գլխավորը հրաման չտար:


Հարսը 40 օր տնից դուրս չէր գալիս, ինչից հետո նրա ծնողները գալիս էին, նորահարսին տանում եկեղեցի, ապա՝ իրենց տուն ու պահում մեկ շաբաթ: Այդ ժամկետից հետո փեսայի ծնողները գնում և հարսին բերում էին իրենց տուն:
Բոլոր արարողությունները, այցերն ուղեկցվում էին երգ ու պարով, քեֆ-ուրախությամբ:
1915 թ. թուրքերն ու քրդերը նախ առևանգեցին հարուստների աղջիկներին ու հարսներին, ինչպես, օրինակ, Մկրտիչ Գալեմքարյանի Ազնիվ ու Տիգրանուհի դուստրերին՝ Հանոյենց Թովմասի սպանված երկու որդիների ջահել կանանց, Պժոյենց Կրպոյի Աննային, Արապենց Արոյի Աննային, Ալթուն Գոգոյենց Մարիամին, Հանոյենց Թովմասի Եսթերին և Աննային:
Մյուս կանանց ենթարկեցին զանգվածային բռնաբարումների ու ողջ-ողջ այրեցին:

ԵՐԵԽԱՆԵՐ
Սևերակցի կինը ծննդաբերում էր իր ծնողների տանը: Նորածնին՝ մի քանի լաթերի մեջ փաթաթած, 8 օր պառկեցնում էին ոչ թե օրորոցի մեջ, այլ մաղի վրա: ՈՒթ օր անց ամուսնու ծնողները գնում էին հարսին ու երեխային բերելու: Բայց, նախ, երկու կողմի խնամիներն ու ազգականները մանկիկին տանում էին եկեղեցի՝ մկրտելու:
Կնունքի արարողությունից հետո քահանայի ուղեկցությամբ վերադառնում էին տուն, ուր տերտերը օրհնում էր օրորոցը: Մինչ այդ, մինչև Աստծո օրհնությունը չիջներ, ոչ ոք իրավունք չուներ նորածնին համբուրել:
Ծննդկանը 40 օր տնից դուրս չէր գալիս: Քառասունքից հետո խնամիներն ու ազգականները քեֆ-ուրախությամբ, երգ ու պարով նվերներ էին տալիս նորածնին:
Երեխաները մեծանում էին քրիստոսապաշտության մեջ և ունեին անգամ իրենց աղոթքը.
Աղաչեմ, քեզ կանչեմ, ո՜վ իմ Տէրս,
Զօրացուր իմ տկար ոտքս,
Ներէ՛ իմ բոլոր մեղքերս,
Որ ես քու գառնուկդ ըլլամ:
Ո՜վ Տէր, ներէ ինձ, Աստուած իմ,
օրհնէ զիս,
Երթամ դպրոց, սորվիմ գրել կարդալ,
Ապագայի մարդ ըլլամ,
Դառնամ ազգիս օգտակար:

Սևերակից ՈՒրֆա տանող ճանապարհին, Եփրատի վրա կար Չամ-չայի կամուրջը, որը 30 մետր բարձրություն ուներ: 1915 թ. թուրքերն ու քրդերը այստեղ մայրերի ձեռքից խլեցին 1-8 տարեկան բոլոր մանուկներին ու նետեցին գետը:

Աքսորի օրօր
Ա՜խ, օրօ՜ր, օրօ՜ր,
Մանկիկս, օրօ՜ր,
Կ՛երթանք մենք աքսոր,
Դէպի սեւ Տէր-Զօր:

Չունիս օրօրան,
Որ քեզ օրօրեմ,
Մարմինդ մանկական
Հոն հանգչեցընեմ:

Օրօ՜ր ըսեմ քնացիր,
Մշի՜կ, մշի՜կ քնացիր.
Դաժան ճամբան մի՛ մոռնար,
Որ չդառնաս դուն օտար:

Ա՜խ, օրօ՜ր, օրօ՜ր,
Մանկիկս, օրօ՜ր.
Կ՛երթանք մենք աքսոր,
Դէպի սեւ Տէր-Զօր:

Ասացվածքներ
Սատանան վրան նստեր է – անտեսանելի է դարձել, կորել է
Առխէ (առուէ) թռնալ – տաճկանալ, թրքանալ
Ջրով քաղաք – Կ. Պոլիս
Պաղ քաղաք – Կարին
Ամմօն (հորեղբայր) – Ռուսաստան
Սև գլուխ – վարդապետ
Բրդոտ գլուխ – պարսիկ
Բարձր ծառը թոթուեր է – մոլլան մինարեից կանչել է
Թուլի պուլի – պճնասեր
Քուչի շփիկ – փողոցների թափառաշրջիկ
Գըշտ ու գըռըշտ – աղմկալից:

ՇԱՔՈՆ
Սևերակում կար մի ծերունի, որը 1915 թ. արդեն 65 տարեկան էր: Քարտաշ էր, անուն-ազգանունը՝ Սարգիս Կարապետյան, բայց բոլորն անվանում էին Շաքո: Տարիքի հետ մի քիչ խելապակասել էր ու մի քիչ էլ հայհոյասեր դարձել, բայց բոլորի՝ հայի, թուրքի, քրդի, ասորու կողմից սիրված էր:
Մի օր Շաքոն Մեյդան շուկայի միջով անցնում է և հասնում Հաջի Բեքիրի խանութի մոտ: Թուրք խանութպանն ասում է.
-Շաքո աղբար, այստեղ արի,- ապա նստեցնում է կողքին, կատակներ անում, հետո ավելացնում,- ես վեց օխայանոց (1 օկկան, օխան=2 կգ 225 գ) քարի կարիք ունեմ, մի լավ բան սարքիր՝ բեր:
Շաքոն թե՝ մեկ շաբաթում հազիվ կարողանամ շինել:
Խանութպանը մեկ մեջիդ է տալիս և ասում.
-Սա ծախսիր, երբ քարը բերես՝ լրիվ վարձդ կտամ:
Մեկ շաբաթ անց Շաքոն քարը շալակած բերում է: Հաջի Բեքիրն ուրախանում է.
-Հապա տեսնենք՝ քարդ լա՞վ ես կշռել, լա՞վ ես շինել:
Քարը կշռում են, և ի՜նչ՝ քարը ինը օխայանոց էր: Թուրքը թե.
-Ես քեզնից վեց օխայանոց եմ ուզել, դու ինձ ինը օխայանոց ես բերել…
Շաքոն պատասխանում է.
-Երեք օխան թող իմ կողմից քեզ նվեր լինի, դու ինձ վեց օխայի դրամը տուր:

ԷՇԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մահմուդ էֆենդին հայ հյուր ուներ, որին պատվելու համար հրավիրում է Փոս բաղնիքի դիմաց գտնվող իր լայնարձակ պարտեզ:
Նրանց դիմավորում է պարտիզպան Մուստաֆան, որին էֆենդին կարգադրում է անհրաժեշտ պատրաստություն տեսնել: Քիչ անց փառավոր սեղանը պատրաստ է լինում:
Մահմուդը հարցնում է պարտիզպանին, թե լավ է, արդյոք, խնամում այգին ու կենդանիներին: Մուստաֆան էլ թե՝ 15 տարի ձեռքից եկածն անում է, ոչ մի ջանք չի խնայում:
Այդ խոսքի վրա էշը հանկարծ սկսում է զռալ ու սմբակով գետինը փորել:
Մահմուդը հարցնում է.
-Մուստաֆա, այս էշն ինչու՞ է զռում, կամ ծարավ է, կամ քաղցած:
-Աղա, գիտե՞ս ինչու է զռում,-պատասխանում է Մուստաֆան,-արդեն 10 տարի է, ինչ իր հետ չեմ խոսում, քեն եմ պահում: Իրեն կերակրում, խնամում եմ, բայց քենս պահում եմ, պատժում եմ անհնազանդության համար: Հիմա զռալով քեզ է բողոքում:
-Էշը չորքոտանի է,-ասում է էֆենդին,-եթե լեզուդ հասկանար, ինչու՞ պիտի էշ լիներ, քեզ նման պարտիզպան կդառնար: Մի խոսքով, դու էլ էշից չես տարբերվում, որովհետև եթե խելք ունենայիր, տասը տարի էշի հետ քեն չէիր պահի:
Ապա դառնում է իր հայ հյուրին և ասում.
-Գիտե՞ս, բարեկամ, մեր՝ թուրքերիս մեջ տգետ, քեն պահող, էշ մարդիկ շատ կան:

ԿԱՆՉ ՄԸ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔԷՆ
Հայրենիքէն տխուր ձայներ կը լսուին,
Կարծես ժայթքած մեր լեռներու ժայռերէն:
Չէ՞ք լսեր դուք այդ ձայները տխրագին,
Որպէս հառաչ ձեր թշուառ մօր
սուրբ սրտէն –
«Ի՛մ որդեակներ, մինչեւ ե՞րբ զիս
պիտ մոռնաք.
Որու՞ն բաշխեմ ես իմ վարդերն ու գորով,
Հողս բերրի, ջուրս անուշ, քնքոյշ հով…
Ա՜հ, առանց ձեզ ես մնացի աւերակ…»՛:

ՎԵՐԱԴԱՐՁ
1956 թ. Թովմաս անունով մի հայ Բեյրութից վերադառնում է իր ու ծնողների ծննդավայր Սևերակ: Այցելում է վաղուցվա ծանոթ երկաթագործ Ալիշեր Մչոյին, որը որդու անունը դրել էր Քաֆըր՝ ի պատիվ քաղաքի հայակուլ հրեշի:
Սուրճ են խմում ու զրուցում: Թովմասին հետաքրքրում էր Սբ. Թորոս եկեղեցու ճակատագիրը, և խոսակցությունը տանում է այդ ուղղությամբ:
-Քորանենց Իբրահիմ էֆենդին 25 հազար օսմանյան ոսկով գնեց ավերած եկեղեցու ու դպրոցի բոլոր քարերը, երկաթներն ու սյուները,-ասում է Ալիշեր Մչոն:
-Դու ներկա՞ էիր,-հարցնում է Թովմասը:
-Այո՛: Իբրահիմ էֆենդին ինձ անձամբ ասաց, որ երկաթներն իրեն պետք են: Ես հսկեցի գործավորներին եկեղեցու տանիքից մինչև պատերին հասնելը:
-Պատերի միջից ինչ-որ բան դուրս եկա՞վ:
-Ոչ, միայն եկեղեցու մուտքի ձախ կողմում, երբ պիտի դառնաս խորանին, փոքրիկ սենյակ կար, որտեղ կային սպիտակ շապիկներ ու քահանաների սև զգեստներ:
Ապա ավելացնում է.
-Երբ մյուռոնի ավազանը բարձրացրինք, տակից դուրս եկավ մի երկաթե արկղիկ: Մեջը կար 5 հազար անգլիական ֆունտ, 10 հազար օսմանյան ոսկի: Ինձ տվեցին 1000 ոսկի, մնացածը տարան Իթթիհատի ակումբ, ու նահանգապետը, ոստիկանության հրամանատարը և ազատ արձակված ավազակների պետը մեջ-մեջ արեցին:
-Ի՞նչ արեցին եկեղեցու արծաթե խաչերն ու աղոթագրքերը:
-Խաչերը կառավարությունը տարավ, իսկ գրքերը հավաքեցին ու հենց եկեղեցու մեջ վառեցին:
-Բողոքականաց ժողովարանն ու ասորիների եկեղեցին ի՞նչ եղան,-հարցնում է Թովմասը:
-Կառավարությունը ժողովարանը 10 հազար ոսկով ծախեց Քուչ Ամիրայենց Ռյուշդի էֆենդիին, իսկ ասորիների եկեղեցին՝ 8000 ոսկով` Շարաբթուլի Յոմեր աղային:
Տեսնելով Թովմասի անտրամադիր ու մտածկոտ վիճակը, Ալիշեր Մչոն ասում է.
-Արի գնանք, քեզ բան ցույց տամ:
Տանում է խոհանոց ու ցույց տալիս մյուռոնի ավազանը, քարը ու մի երկաթե խաչ:
Զարմացած Թովմասը հարցնում է.
-Սրանք ի՞նչ ես անելու:
-Թող մնան, պետք կգան,-պատասխանում է Ալիշեր Մչոն,-մի օր հայերը կվերադառնան, եկեղեցի կկառուցեն, կրկին իրենց կտամ:

1915 թ. հունիսի 10 - օգոստոսի 1 ժամանակահատվածում թուրքերը կազմավորեցին մահվան հինգ քարավան և անխտիր բոլոր սևերակցի հայերին կոտորեցին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ