Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵՄ-ն հավանություն տվեց բրեկզիտի երկու սցենարի

ԵՄ-ն հավանություն տվեց բրեկզիտի երկու սցենարի
23.03.2019 | 15:27

ԵՄ ղեկավարները համաձայնել են բրեկզիտը հետաձգել երկու հավանական սցենարներով` մինչև ապրիլի 12-ը կամ մայիսի 22-ը` նայած Համայնքների պալատը կվավերացնի՞ բրեկզիտի համաձայնագիրը, թե՞ ոչ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեց Բրյուսելի պայմանների հետ և Համայնքների պալատին կոչ արեց քվեարկել հօգուտ համաձայնագրի ու անորոշությանը վերջ դնել: Բազմաժամյա բանակցություններից հետո ԵՄ ղեկավարները վճռեցին, որ եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթ, այնուամենայնիվ, հավանություն տա նախկինում մերժված համաձայնագրի նախագծին, բրեկզիտը կհետաձգեն մինչև մայիսի 22-ը: Բայց եթե Համայնքների պալատը երրորդ անգամ մերժի համաձայնագիրը, Լոնդոնին կտրվի ժամանակ մինչև ապրիլի 12-ը, որ տեղեկացնի իր հետագա գործողությունների մասին: Մեծ Բրիտանիան պետք է կողմնորոշվի` մասնակցելու՞ է Եվրախորհրդարանի ընտրություններին, որ անցկացվում են մայիսին:

«Եթե դուք վճռեք չկազմակերպել այս ընտրությունները, դուք չեք կարող մնալ ԵՄ-ում եվրոպական ընտրություններից հետո` ինչ էլ լինի,- ընդգծեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:- Հիմա պատասխանատվությունն ամբողջությամբ բրիտանացիների վրա է»: Թերեզա Մեյը նախօրեին ասել էր, որ «վճռականորեն դեմ է, որ խնդրի բրիտանացիներին մասնակցել եվրոպական ընտրություններին բրեկզիտի հանրաքվեից 3 տարի հետո»: Իսկզբանե Մեծ Բրիտանիան ԵՄ-ից ծրագրում էր դուրս գալ մարտի 29-ին: «Ապրիլի 12-ը նոր մարտի 29-ն է»` ասաց Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Մինչև ապրիլի 12-ը, նրա խոսքով` բոլոր սցենարները հնարավոր են: Իբրև իրադարձությունների զարգացման հավանական տարբերակներ նա թվարկեց Բրիտանիայի խորհրդարանում համաձայնագրի վավերացումը, բրեկզիտ առանց համաձայնագրի (no deal), բրեկզիտի հետաձգումը երկար ժամանակով ու նույնիսկ բեկանումը: Թերեզա Մեյը եվրոպացի գործընկերներին խնդրում էր բրեկզիտը հետաձգել մինչև հունիսի 30-ը, բայց այդ խնդրանքը մերժվեց Եվրախորհրդարանի մայիսի 23-26-ի ընտրությունների հետ կապված իրավաբանական խնդիրների պատճառով:
RFI


Հ.Գ. Բրյուսելը, փաստացի, մերժեց Մեյին: Բայց` չմերժելով: Բրեկզիտի սագան շարունակվում է: Դատելով բրիտանական թերթերից` Համայնքների պալատը կարող է նորից մերժել համաձայնագիրը: Ապրիլի 12-ին սկսվում է Եվրախորհրդարանի նախընտարական քարոզարշավը և ԵՄ-ն պիտի իմանա` կմասնակցի՞ Բրիտանիան ընտրություններին, թե՞ ոչ:
Հինգշաբթի օրը` ԵՄ նիստից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասաց. «Բրիտանիայում քվեարկության բացասական արդյունքի դեպքում մենք շարժվում ենք դեպի բրեկզիտ` առանց համաձայնագրի: Մենք բոլորս դա գիտենք: Այսպիսի օրերին ու պահերին այդ մասին կարևոր է ուղղակի ասել»: ԵՄ ղեկավարները մեծամասամբ ուզում են առանց համաձայնագրի բրեկզիտից խուսափել: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսել մեկնելուց առաջ Բունդեստագում ասաց, որ «մինչև վերջին օրը, մինչև վերջին ժամը» պայքարելու է այդ ելքի դեմ: Մինչև մարտի 29-ը առանց համաձայնագրի բրեկզիտ չի լինի, իսկ ապրիլի 12-ից հետո՞: Բրյուսելը վճիռը թողեց Լոնդոնին:


Համայնքների պալատում բրեկզիտի համաձայնագրի ընդունման շանսերը նվազում են նաև այն պատճառով, որ կառավարությունը դեռ չի բացատրել, թե ինչպես է հաղթահարելու Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերկոուի արգելքը` փաստաթուղթը վերստին քվեարկության դնել առանց փոփոխության: Բրյուսելը հայտարարեց, որ բրեկզիտի նոր բանակցությունների, ուրեմն փոփոխությունների չի գնա: Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Կորբինը նույնպես Բրյուսել էր մեկնել և հանդիպել էր բրեկզիտի հարցով բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնիեի ու Եվրահանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Մարտին Սելմայրի հետ: Լրագրողներին Կորբինն ասել է. «Մենք լի ենք վճռականությամբ` գտնել պայմանավորվածության այնպիսի ձև, որը կբացառի բրեկզիտն առանց համաձայնագրի և կապահովի կառուցողական հարաբերություններ ԵՄ-ի հետ ապագայում»: Մանրամասների մասին Կորբինը չի հայտնել, միայն խոստացել է, որ հաջորդ շաբաթ կշարադրի Համայնքների պալատում: Լեյբորիստները դեմ չեն բրեկզիտին, նրանք ուզում են ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր, քան առաջարկում է վարչապետը: Սագան շարունակվում է` կամ պարոդիա, կամ էպիտաֆիա դառնալու հեռանկարով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ