Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քանի զբոսաշրջիկ «խրտնեց»

Քանի զբոսաշրջիկ «խրտնեց»
16.07.2019 | 01:44

Սևանա լճի աղետալի վիճակը բացահայտեց, վեր հանեց նախկին ու ներկա իշխանությունների վերաբերմունքն ազգային հարստության հանդեպ։ Ջուրն իր հետ ոչ միայն կեղտը ջրի երես հանեց, ուղիղ և փոխաբերական իմաստով, այլև ցույց տվեց, թե որքան անտարբեր կարող է լինել երկրի ղեկավարությունը նման հարցերում։ Բոլորին էլ ակնհայտ է, որ Սևանի կանաչելը 1-2 տարվա խնդիր չէ, սա տարիների բարձիթողի վիճակի ապացույցն է։ Նախկին իշխանությունների ապաշնորհ գործունեության հետևանքով լճի հիվանդությունն օր օրի խորացավ, ու հիմա կանգնած ենք Սևանը փրկելու խնդրի առաջ։ Սակայն դեռ մեծ հարց է՝ արդյոք անդառնալի կորուստներ չե՞ն եղել։


Բայց արի ու տես, որ այսօրվա իշխանությունն էլ նախկիների հետքերով է գնում, և անգամ իշխանության մաս դարձած պաշտոնյայի, որին անհասկանալի պատճառներով աշխատանքից ազատեցին, այս օրերի սկանդալային բացահայտումները ոչ մեկին չեն անհանգստացնում։ Հանրությունը մնացել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կցկտուր բացատրությունների հույսին։ ՈՒշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բոցաշունչ ելույթ չի ունենում, անգամ լայվ չի մտնում, որ ասի, թե նախկինները կերան, թալանեցին Սևանը, իսկ իրենք եկել են փրկելու։ Իսկ լռությունը գիտեք, թե ինչի նշան է։


Մի կողմ թողնելով ստեղծված իրավիճակի բոլոր պատճառները, ընդամենն արձանագրենք, որ զբոսաշրջության այս շրջանում, երբ Սևանա լիճը ամենագրավիչ վայրն է ներգնա և արտագնա տուրիզմի համար, իշխանությունում որևէ մեկին չի անհանգստացնում, թե այս վիճակը քանի զբոսաշրջիկի, հագստացողի «խրտնեցրեց», քանի՞սն էլի նախընտրեցին Վրաստան գնալ, անգամ այն պարագայում, որ ներքաղաքական իրավիճակն այնտեղ այնքան էլ կայուն չէ։ Երբ անիմաստ վիճակագրական թվերով ամեն անգամ հասարակությանը շեղում են, թե այսքան զբոսաշրջիկ եկավ Հայաստան, այսքան գումար ծախսեցին, մի անգամ մտածե՞լ են` իսկ ի՞նչ են «մատուցում» այդ զբոսաշրջիկին, որ ոչ միայն վախից չփախչի Սևանից, այլև դրսում Հայաստան այցելել ցանկացողների մի խմբի էլ սարսափելի բաներ չպատմի անառողջ լճի մասին։ Ինչ վերաբերում է թվերին, նախորդ շաբաթ կառավարության ղեկավարը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով հայտարարեց, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի շատ են ծախսել։ Սա հարուցեց պաշտոնյաների զարմանքը։ Դժվար չէ ընդամենը մեկ տարի հետ գնալ ու հիշել, թե նախորդ տարի այս ժամանակահատվածում ինչ էր կատարվում երկրում։ Իշխանափոխության գործընթաց էր, երկիրը քաղաքական թատերաբեմ էր դարձել, նոր-նոր էր կառավարություն ձևավորվում, և հազիվ թե որևէ զբոսաշրջիկ ցանկանար այդպիսի անկայուն երկրում իր հանգիստն անցկացնել։ Եվ այս ֆոնի վրա մարդիկ մեծ առաջընթաց են ներկայացնում այս տարվա զբոսաշրջիկների՝ Հայաստանում ծախսած փողերի չափը։ Ի՞նչ խոսք, զրոյի հետ համեմատած ցանկացած թիվ շատ մեծ ու ահռելի է թվում։ Տեսնես հաջորդ տարի Սևանա լիճ այցելած զբոսաշրջիկների թվի մասին ի՞նչ կասեն մեր իշխանությունները։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ