Հայաստանի և Այսրկովկասի շուրջն անհանգիստ է
01.10.2019 | 00:28
(Նախորդ մասը)
Պետք է ենթադրել, որ այդ իրողությունը (այն, որ Իրանն ու Ռուսաստանը գործակցում են, Չինաստանն էլ «ստվերային» դաշնակից է) գիտակցեցին նաև ԱՄՆ-ում։ Տարօրինակ հաղորդագրություն է տարածել էստոնական ERR հեռուստատեսության լրագրողական հետաքննության «Ականատես» հաղորդման խմբագրությունը, իբր Էստոնիայի տարածքում գործում է գաղտնի ռազմաբազա, որտեղ մարզվում են ԱՄՆ-ի հատուկջոկատայինները։ Ըստ լրագրողների, այն կառուցվել է 2014-ին։ Տապա քաղաքում գտնվում է ՆԱՏՕ-ի զորքերի գումարտակային խմբերից մեկը, սակայն այդ երկրում ամերիկյան հատուկ նշանակության զորքի առկայության մասին նախկինում ոչինչ հայտնի չի եղել։ Գաղտնի օբյեկտը հայտնաբերվել է Պենտագոնի փաստաթղթերի շնորհիվ, որոնցում կետ կար Էստոնիային ավելի քան 15 մլն դոլար հատկացնելու մասին ինչ-որ «առանձնահատուկ օբյեկտի» կարիքների համար։ «Ականատեսի» լրագրողներին թույլատրել են գաղտնի օբյեկտ մտնել նրա գտնվելու վայրը չբացահայտելու պայմանով։ ԱՄՆ-ի բանակի գնդապետ, եվրոպական հատուկ ստորաբաժանումների ավագ սպա Քևին Սթրինգերը հայտարարել է, որ այժմ այդ բազայում ամերիկացիները մարզվում են էստոնացիների հետ համատեղ։ Ճգնաժամային շրջանում հրամանները հատուկջոկատայինների համար գալու են Վաշինգտոնից։ «ԱՄՆ-ի և Էստոնիայի հատուկջոկատայինները ենթարկվում են հատուկ գործողությունների՝ Շտուտգարտում գտնվող եվրոպական հրամանատարությանը։ Այսինքն] նրանք ենթարկվում են ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարությանը եվրոպական հրամանատարության միջոցով»,- պարզաբանել է գնդապետ Սթրինգերը։
Հիշում եմ՝ 2019-ի ապրիլին Լեհաստանում և Ռումինիայում Էստոնիայի դեսպան Էրիկ Մարմեյը հայտարարեց, որ Տալլինը հանդես է գալիս մերձբալթյան երեք հանրապետություններում ԱՄՆ-ի կանոնավոր ռազմական ներկայության օգտին։ Լիտվայի ԱԳՆ անդրատլանտյան հարաբերությունների և անվտանգության քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ռայմոնդա Մուրմոկայտեն նույնպես ամերիկացիներին կոչ է արել ուժեղացնել իրենց ռազմածովային և ռազմաօդային խմբավորումները։ Հանրահայտ է, որ ամերիկացիների ռազմական ներկայությունը կա մերձբալթյան բոլոր երեք հանրապետություններում, որովհետև նրանք ՆԱՏՕ-ի անդամներ են։ Հայտնի է նաև, որ 2016-ից ՆԱՏՕ-ն հետևում է Ռուսաստանին «զսպելու» պաշտոնական ռազմավարությանը. Լեհաստանում ու Մերձբալթիկայում տեղադրվել են լրացուցիչ գումարտակներ, 2018-ին ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր խմբավորումները Լիտվայում ու Լատվիայում։
Սակայն Ռուսաստանում քննադատորեն վերաբերվեցին հաղորդագրությանը։ «Russis Today» (RT) հեռուստաալիքի լրագրողները անհամապատասխանություններ նշեցին էստոնական հեռուստաալիքի «հետաքննության» մեջ, օրինակ, որ Վաշինգտոնի կողմից «առանձնահատուկ օբյեկտի» կարիքների համար Տալլինին հատկացված 15,7 մլն դոլարի մասին հաշվետվությունը բաց է, այսինքն գաղտնի փաստաթուղթ չէ։ Էստոնացի լրագրողները հայտարարում են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել այդ բազան, բայց նրա գտնվելու վայրն իրենք իրավունք չունեն բացահայտելու։ Այդ դեպքում զարմանալի է, որ նրանց թույլ են տվել տեսանկարել «գաղտնի» օբյեկտի ճակատը, հաղորդում է RT-ն։ Բացի դրանից, ամերիկացի գնդապետ Սթրինգերը հաճույքով մեկնաբանեց հատուկ ջոկատի հայտնաբերումը։ RT-ի եզրակացությունը հուշում է, որ էստոնացիների «հետաքննությանը» հավանություն է տվել Պենտագոնը։
Վերլուծելով այդ երկու տեղեկությունը, ես ինձ համար առանձնացրի մի շարք հարցեր, որոնք հատուկ պատասխանի կարիք ունեն։
1) Եթե ԱՄՆ-ի հատուկջոկատայինների նախապատրաստության բազան գոյություն ունի 2014-ից կամ 2016-ից, ապա ինչու՞ էին այդ մասին լռում, բայց որոշեցին այդ հարցը լուսաբանել 2019 թ. սեպտեմբերին։
2) Պենտագոնին ի՞նչը դրդեց հավանություն տալու «առանձնահատուկ օբյեկտի գաղտնիքի բացահայտմանը» հենց 2019-ին, և ինչու՞ էստոնացիները պատրաստակամորեն հանձն առան ամերիկացիներին օգնելը։
3) Ինչպե՞ս արձագանքեցին ՌԴ բանակի և նավատորմի մարմինները, երբ (կարևոր չէ, թե որ թվականին) իմացան ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի գաղտնի ռազմաբազայի մասին, որը, ըստ էության, Ռուսաստանի երկրորդ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի «քթի տակ է»։ Չստանալով այդ հարցերի պատասխանները՝ ոչ մի փորձագետ-վերլուծաբան չի կարող ճշգրիտ գնահատել վտանգի աստիճանը։ Բայց եթե համադրենք էստոնացի հեռուստալրագրողների հաղորդումը այն լուրերի հետ, որ նաև Դոնբասում (բանդերականների օկուպացրած մասերում) 2015-16 թթ. ստեղծվել են գաղտնի բազաներ, որտեղ արևմտյան զինվորական հրահանգիչները մարզում են բանդերական մարդասպաններին ու ահաբեկիչներին, ապա ինքնաբերաբար արվում է մի եզրակացություն, բացառված չէ, որ այնտեղ «մարզվում են» նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների հատուկ ջոկատները։ Հատուկջոկատայինները հաճախ են օգտագործվում հավանական հակառակորդի տարածքում հետախուզադիվերսիոն գործողությունների համար։ Այսպիսով, ՆԱՏՕ-ն իր հետախուզադիվերսիան գործողությունների երկու ուղղություն է պլանավորում ինչ-որ տեսանելի ապագայում. Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի։ Հետաքրքիր է, այդ ուղղություններում Արևմուտքին ի՞նչ է պատասխանում Ռուսաստանը։
Բայց հետո եկան սեպտեմբերի 9-ը և 10-ը, որոնցից հետո աշխարհն ականատես եղավ միաժամանակ երկու պաշտոնանկության։ Թե ինչ է թաքնված ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Թրամփի այդ քայլերի հետևում, մենք չենք քննարկի։ Դիտավորյալ չեմ մեջբերի Մոսկվայի և Վաշինգտոնի պաշտոնական հաղորդումները պաշտոնանկությունների պատճառների մասին։ Պուտինի հրամանագրով պաշտոնաթող է արվել ՌԴ ԱԳՆ-ի «գորշ կարդինալներից» մեկը՝ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Մի այլ հրամանագրով Պուտինն արտգործնախարարի տեղակալ է նշանակել Եվգենի Իվանովին։ Չգիտեմ՝ հավատա՞լ կիևյան «Strana.ua» կայքին, բայց նեոբանդերականները շատ զգույշ ձևով և առանց մանրամասների գրեցին, որ «ՌԴ ԱԳՆ-ում ՈՒկրաինայի խնամարկուն պաշտոնաթող է լինում»։ Մնում է միայն կռահել, որ իսկապես Կարասինը հսկում էր ՌԴ ԱԳՆ-ի աշխատանքի ուկրաինական ուղղությունը, և եթե՝ այո, ապա ինչպես էր հսկում։ Մեզ հայտնի չէ՝ նա կողմնակի՞ց էր «փափուկ կոշտության», որի տարածիչն էր համարվում Պուտինի խորհրդական Վլադիսլավ Սուրկովը, և որը նաև ՈՒկրաինայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն է։
Հարկ եմ համարում նշել, որ Կարասինի պաշտոնանկությունը տեղի ունեցավ ՌԴ բարձրագույն իշխանությունում ծագած «խաղաղ» սկանդալի ֆոնին՝ կապված ԱՄՆ ԿՀՎ-ի լրտեսի հայտնաբերման հետ, այն էլ՝ ռուսական կառավարության ներսում։ Մոսկվայում ու Վաշինգտոնում մեծ աղմուկ հանած լրտեսական սկանդալ բռնկվեց։ Ամերիկյան ու ռուսական ԶԼՄ-ները փորփրում են ռուս նախկին պաշտոնյա Օլեգ Սմոլենկովի պատմությունը. նա բավական բարձր պաշտոն էր զբաղեցնում և հնարավոր է, որ մի քանի տարվա ընթացքում եղել է «ամերիկյան հատուկ ծառայությունների ամենաարժեքավոր իրազեկիչը»։ «CNN» հեռուստաալիքը սեպտեմբերի 9-ին հաղորդել է, որ երկու տարի առաջ ԿՀՎ-ն իբր հատուկ գործողություն է ձեռնարկել Ռուսաստանից իր գործակալին դուրս բերելու համար, քանի որ նա հայտնվել էր տապալվելու սպառնալիքի տակ։ Ընդ որում, դրա համար մեղավոր էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«CNN»-ի վարկածով 2017 թ. մայիսին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ։ ԿՀՎ-ի հատուկ գործողություն իրականացնելու մասին որոշումը կայացվել է հենց այդ հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվում էին Սիրիայի հետ կապված հարցեր։ Թրամփը, բոլորի համար անսպասելի, հայտարարեց, որ տիրապետում է գաղտնի տեղեկության, որը Մոսկվայում մարդկանց մի շատ նեղ շրջանակ գիտի։ Դրանով նա վտանգի տակ դրեց հուսալի և արժեքավոր գործակալին։ Դրանից հետո ԿՀՎ-ն մշակեց այդ մարդուն տարհանելու գործողություն։ Արդեն սեպտեմբերի 9-ի երեկոյան այդ տեղեկությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հաստատեց նաև «Նյու Յորք թայմս» թերթը` տեղեկացնելով, որ իր լրագրողները մի քանի ամիս սեփական հետաքննությունն են արել և բացահայտել, որ գործակալն ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների օգտին գործել է 10 տարուց ոչ պակաս։ Նրան երկու անգամ առաջարկել են լքել Ռուսաստանը, բայց նա հրաժարվել է և Թրամփը նրա տարհանման հետ կապ չունի։ Սակայն սեպտեմբերի 10-ին «CNN»-ը կրկնեց իր այն վարկածը, որ հենց Թրամփն է ԿՀՎ-ին դրդել գործողության ձեռնարկմանը։ Ճիշտ է, այս անգամ հեռուստաալիքը հայտնեց, որ Թրամփը գործակալին փաստացի մատնել է 2017 թ. հուլիսի սկզբին, երբ ՌԴ նախագահի հետ հանդիպում էր «Մեծ քսանյակի» Համբուրգի գագաթնաժողովում։ Նրանց զրույցը կայանում էր փակ դռների հետևում։ Զրույցից հետո Թրամփն իր թարգմանչից վերցրել է բոլոր գրառումները և արգելել բանակցության որևէ մանրամասն հրապարակել։ Այն ժամանակ դեմոկրատները նրան մեղադրեցին, որ Պուտինի հետ գաղտնի գործարք է կնքել։ Բայց այժմ «CNN»-ը այլ պատճառ է նշում. Թրամփը չէր ուզում, որ իրեն մեղադրեն պետական գաղտնիքը հրապարակելու մեջ։
Այդ թեմայով հրապարակումների ալիքը Սպիտակ տանն ստիպել են արձագանքել։ Նախ, պետքարտուղար Մայք Փոմփեոն, այնուհետև ԿՀՎ-ի ղեկավարությունը հայտարարեցին, որ ԶԼՄ-ները կեղծ տվյալներ են ներկայացրել։ Փոմփեոն պնդում է, որ Թրամփը հիանալի գիտի, թե ինչպես պետք է վերաբերվի գաղտնի տեղեկույթին, որը ստանում է ամեն օր։ Ամերիկյան ԶԼՄ-ները մի ամբողջ օր չէին նշում գործակալի անունը, փոխարենը ռուսական ԶԼՄ-ները շատ արագ պարզեցին, որ խոսքը Օլեգ Սմոլենկովի մասին է։ Նա ծնվել է 1969 թ. Իվանովոյում, դիվանագիտական ծառայության է անցել ավելի քան 20 տարի առաջ։ Աշխատել է ՌԴ ԱԳՆ-ի վարչակազմում։ 2000-ականների կեսին դարձել է Վաշինգտոնում ՌԴ դեսպանության երկրորդ քարտուղար։ Հենց այնտեղ է նա մտերիմ հարաբերություններ հաստատել Յուրի ՈՒշակովի հետ, որն այն ժամանակ ՌԴ դեսպանն էր ԱՄՆ-ում։ Այդ ժամանակից Սմոլենկովը մշտապես գնում էր ՈՒշակովի հետևից։ 2008-ին երկուսն էլ հեռացան Վաշինգտոնից։ ՈՒշակովին նշանակեցին Ռուսաստանի կառավարության վարչակազմի ղեկավարի տեղակալ, Սմոլենկովն էլ իսկույն աշխատանք ստացավ կառավարությունում։ Սկզբում նա գլխավոր խորհրդական էր, հետո դարձավ ՌԴ կառավարության վարչակազմի զեկույցներ ներկայացնող (ռեֆերենտ)։ Նախագահի աթոռին Պուտինի վերադարձից հետո ՈՒշակովը դարձավ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնականը։ Սմոլենկովն աշխատանք ստացավ ՌԴ նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչությունում։
Իսկ այժմ ուշադրություն. Կարասինի պաշտոնանկությունը և Մոսկվայում սեպտեմբերի 10-ին ամերիկյան լրտեսի ազգանվան հրապարակումը հանգեցրին այն բանին, որ Թրամփը պաշտոնանկ արեց ազգային անվտանգության գծով իր խորհրդական Ջոն Բոլթոնին։ Համաշխարհային ԶԼՄ-ների կարծիքով, այստեղ գլխավորն այն է, որ Թրամփը հայտարարեց լրագրողներին. «Ջոն Բոլթոնը շատ մեծ սխալներ է արել»։ Որտե՞ղ, կոնկրետ ի՞նչ, հանելուկ է և լրագրողների ու փորձագետների երևակայության առարկա։ Թրամփը Բոլթոնի ոչ մի «շատ մեծ սխալ» չնշեց, իսկ ես չեմ ուզում երևակայել կամ ենթադրել։ Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Բայց ես տեսնում եմ, որ Կարասինի ու Բոլթոնի պաշտոնանկությունները կապակցված են ինչ-որ անտեսանելի թելով, իսկ «ասեղը» տապալված գործակալ Սմոլենկովի գործն է։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Բայց Հայաստանի, հատկապես նրա իշխանությունների համար, հավանաբար շատ դժվար ժամանակ է լինելու, այդ թվում՝ նաև 2020 թվականին։ Մնացած նրբերանգները կաշխատեմ ինչ-որ կերպ լուսաբանել հոկտեմբերին, որովհետև շատ հարցեր չհասցրի շոշափել այս նյութի շրջանակում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ