France Football հրատարակությունը ներկայացրել է «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: 30 հավակնորդի ցանկում տեղ չի գտնվել այդ տիտղոսը ներկայումս կրող, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար, իսկ Լիոնել Մեսիի ու Քրիշտիանու Ռոնալդուի հավերժական պայքարին եկել է խառնվելու «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը Եվրոպայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել:
Մրցանակին, որն ամենամյա է ու մարզաձևի անհատական ամենահեղինակավոր տիտղոսը (շնորհվում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին), հավակնում են Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Ֆրենկի դե Յոնգը («Այաքս»), ՈՒգո Լյորիսը («Տոտենհեմ»), Սերխիո Ագուերոն («Մանչեստր Սիթի»), Դուշան Տադիչը («Այաքս»), Կիլիան Մբապեն («Պարի Սեն Ժերմեն»), Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»), Դոնի վան դե Բեկը («Այաքս»), Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»), Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոն»), Ալիսոնը («Լիվերպուլ»), Մաթեյս դե Լիգտը («Յուվենտուս»), Կարիմ Բենզեման (Մադրիդի «Ռեալ»), Ջորջինիո Վեյնալդումը («Լիվերպուլ»), Բեռնարդու Սիլվան («Մանչեստր Սիթի»), Սոն Հին Մին («Տոտենհեմ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ռոբերտո Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Էդեն Ազարը (Մադրիդի «Ռեալ»), Ռահիմ Սթեռլինգը («Մանչեստր Սիթի»), Ժուաո Ֆելիշը («Աթլետիկո»), Ռիադ Մարեզը («Մանչեստր Սիթի»), Կևին դե Բրյուինեն («Մանչեստր Սիթի»), Կալիդու Կուլիբալին («Նապոլի») և Անտուան Գրիզմանը («Բարսելոն»):
Ավելորդ չհամարենք նշել, որ դե Յոնգն ու դե Լիգտն անցյալ մրցաշրջանում հանդես են եկել հոլանդական «Այաքսի» կազմում, Ազարը ներկայացրել է անգլիական «Չելսին», Գրիզմանը խաղացել է Մադրիդի «Աթլետիկոյոմ», իսկ Ֆելիշը Մադրիդ բերող իր ճանապարհը սկսել է «Բենֆիկայից»: Հետաքրքիր է, որ 26 տարվա պատմության մեջ առաջին անգամ է, որ այս տիտղոսի հավանական թեկնածուների թվում չէ նրա գործող տիրակալը:
Ինչ վերաբերում է բուն մրցանակին, այն սահմանվել է 1956 թվականին (առաջին մրցանակակիրը անգլիացի Սթենլի Մեթյուզն է): Ռեկորդակիրները Մեսին ու Ռոնալդուն են՝ հինգական անգամ: Փորձագետների կարծիքով՝ այս անգամ տիրակալը կդառնա վան Դեյկը:
2011-2015 թթ. պարգևը հանձնվում էր Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի հետ համատեղ, սակայն վերջինս 2016-ին սահմանեց սեփական մրցանակը, որին էլ այս տարի արժանացավ Մեսին:
Արժե նշել, որ «Տարվա լավագույն խաղացող» անվանակարգից զատ France Football-ը շնորհում է ևս մի քանի մրցանակ: Այսպես՝ ֆրանսիական պարբերականը հրապարակել է լավագույն դարպասապահների 2019 թվականի ցուցակը: Այս տարվանից այն կրում է սովետական հանրահայտ մարզիկ Լև Յաշինի անունը, որն աշխարհում «Ոսկե գնդակին» արժանացած միակ դարպասապահն է: Թեկնածուներն են՝ Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Վոյցեխ Շչաստնին («Յուվենտուս»), Յան Օբլակը («Աթլետիկո»), Կեպա Արիսաբալագան («Չելսի»), Սամիր Հանդանովիչը («Ինտեր»), ՈՒգո Լյորիսը («Տոտենհեմ»), Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոն»), Էդերսոն Մորաեսը («Մանչեստր Սիթի»):
Ներկայացվել է նաև Kopa Trophy-ի՝ մինչև 21 տարեկանների տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների ցուցակը: Նրանք են՝ Լի Կանգ Ինը («Աթլետիկո»), Սամուել Չուկվուեզեն («Վիլյառեալ»), Մոյզե Քինը («Էվերտոն»), Ջեյդոն Սանչոն (Դորտմունդի «Բորուսիա»), Ժուաո Ֆելիշը («Աթլետիկո»), Մաթեյս դե Լիգտը («Յուվենտուս»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Կայ Հավերցը («Բայեր»), Մաթեո Գյուենդուզին («Արսենալ»), Անդրեյ Լունինը («Վալյադոլիդ»):
Ֆրանսիական պարբերականը չի մոռացել և ֆուտբոլիստուհիներին: 20 հավակնորդների թվում են «Ոսկե գնդակի» ներկայիս տիրակալ, նորվեգուհի Ադա Հեգերբերգը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի տարբերակով լավագույն ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն (ԱՄՆ), Բրազիլիայի ընտրանու հարձակվող Մարթան, հոլանդուհիներ Լիկե Մարտենսն ու Սարի վան Վենենդալը, ֆրանսուհի Վանդի Ռենարը, ամերիկուհիներ Ռոուզ Լավելն ու Թոբին Հիտը, ինչպես նաև շվեդուհիներ Կոսովարե Ասլանին ու Սոֆյա Յակոբսոնը:
Մրցանակի հանձնման արարողությունը կայանալու է փարիզյան «Շատլե» թատրոնում, դեկտեմբերի 2-ին: Միջոցառման հանդիսավարներից մեկը լեգենդար Դիդիե Դրոգբան է լինելու:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ