Ամեն ինչի սկիզբը դրեց դիվիզիոնի բացահայտ հետնապահ «Դիժոնին» տանուլ տված «Պարի Սեն Ժերմենը»։ Այս ախտը մեկ օր անց վարակեց «Բարսելոնին», որը ֆրանսիական գրանդ ակումբի պես նույնպես խաղը շահում էր արտագնայում, սակայն նրա պես ճզմվեց։ Պարզապես մի փոքր ավելի մեծ հաշվով։ Այս երկուսը բավական էին տուրը գերակումբների համար ձախողված որակելու համար, սակայն վարակը հասել էր և բունդեսլիգա, որտեղ խայտառակ պարտություն կրեց «Բավարիան»։ Կրակն այն է, որ այդ ճանապարհին էին նաև պրեմիեր լիգայի առաջին երկու հորիզոնականներում գտնվողները։ Մի խոսքով՝ կատարյալ խելահեղ արդյունքների տուր։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի վերին երկու հորիզոնականները զբաղեցնող «Լիվերպուլն» ու «Մանչեստր Սիթին» տուրի հանդիպումներն «Աստոն Վիլայի» ու «Սաուտհեմպտոնի» հետ «կառուցեցին» նույն սցենարով։ Առաջինը՝ հյուրընկալվելիս, երկրորդը՝ սեփական հարկի տակ։ «Կառուցեցինը» չակերտված ենք ասում, քանզի երկուսն էլ խաղը տանուլ տալիս են եղել՝ վերջնահաշվում հաղթանակի հասնելով նույն 2։1 հաշվով։ «Քաղաքաբնակները» հաղթանակը կորզել են հանդիպման 86-րդ րոպեին, մերսիսայդցիները՝ հավելյալի չորրորդին։ Այնպես որ, ինչպես տեսնում ենք, շահում է մինչև վերջ համառողը, չհուսահատվողը։ «Լիվերպուլը» առաջին տեղում է 31, Պեպ Գվարդիոլայի սաները հաջորդում են 25 միավորով։
Ընդգծված երկու առաջատարներին հետապնդող «Լեստերն» ու «Չելսին» արտագնա հանդիպումներ են ունեցել։ Առաջինը «Կրիստալ Պալասին» պարտության է մատնել երկու անպատասխան գնդակի առավելությամբ, երկրորդը նույնպես երկու գոլ է հեղինակել` բաց թողնելով մեկը։ Արդյունքում երկուսն էլ իրենց անվան դիմաց ունեն 23-ական միավոր, զբաղեցնում են երրորդ-չորրորդ հորիզոնականները։
Լավագույն հնգյակը եզրափակում է սեփական հարկի տակ «Վուլվերհեմպտոնի» հետ ոչ-ոքի (1։1) խաղացած «Արսենալը»։ «Զինագործների» անվան դիմաց 17 միավոր է։
ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի առաջարը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», «Բայերի» հետ արտագնա խաղում տոնեց հերթական հաղթանակն (2։1) ու 22 միավորով վստահորեն շարունակում է մնալ իր գործին։ Լուրջ տեղաշարժեր կատարեցին «Վոլֆսբուրգին» երեք անպատասխան գնդակի առավելությամբ սեփական հարկի տակ ծնկի բերած Դորտմունդի «Բորուսիան» ու «Մայնցին» հյուրընկալած «Լայպցիգը»՝ 8։0։ Նրանք 19 ու 18 միավորով երկրորդ-երրորդ հորիզոնականներում են։
Այս առաջքայլը նրանց հաջողվեց նաև ի հաշիվ նրա, որ հերթականներում ձախողվեցին մինչ այդ 18 և 17 միավոր ունեցող «Բավարիան» ու «Ֆրայբուրգը»։ Նկատենք, որ վերջինիս առնչությամբ «ձախողվել» բառը ակնհայտ գերազանցումով է օգտագործված, քանզի այն գոնե մինչև այժմ չի եղել էն թիմը, որ օրվա մրցակցի՝ «Վերդերի» համեմատ ընդգծված առավելություն ունենար իր պատմությամբ։ Բոլոր դեպքերում նշենք, որ խաղավարտը մեկ խաղացողով պակաս անցկացրած «Ֆրայբուրգը» հավելյալ ժամանակում գոլ է հեղինակել ու խուսափել պարտությունից՝ 2։2։
Ինչ վերաբերում է «Բավարիային», երկրի գործող չեմպիոնը կատարելապես խայտառակվել է ֆրանկֆուրտյան դիմակայությունում՝ «Այնտրախտին» զիջելով 1։5 հաշվով։ Ճշմարտությունը պահանջում է ասել, որ հանդիպման արդեն իններորդ րոպեից մյունխենցիները մնացել են տասը հոգով, բայց եղածը հանգիստ ընդունելու համար 1։5-ը ականջը չափից դուրս ծակող հաշիվ է։ «Այնտրախտը» 17 միավորով կարող էր մնալ առաջին վեցյակում, եթե «Աուգսբուրգին» հյուր գնացած «Շալկեն» երեք միավորով հետ դառնար վոյաժից։ Շտապենք ասել որ նրան դա անելը հաջողվել է, թեպետ խաղի ընթացքում երկու անգամ եղել է հետապնդողի դերում։ Այստեղ գրանցվել է 3։2 հաշիվը։ «Շալկեն վեցերորդ հորիզոնականում է, «Լայպցիգի», «Բավարիայի», «Ֆրայբուրգի» հետ նույն 18 միավորի դաշտում։
ԻՍՊԱՆԻԱ
«Լևանտեին» հյուր գնացած «Բարսելոնն» այս մրցաշրջանի արտագնա հանդիպումներում կրեց իր արդեն երրորդ պարտությունը։ Ընդ որում պարտվեց այնպիսի հանգամանքներում, երբ դժբախտության մասին ոչինչ չէր գուժում, ոչ էլ դրա համար բավարար հիմքեր ուներ ծրարած իր ծալքերում։ Տանտերերից ընդամենը յոթ րոպե պահանջվեց վերջնական 3։1 հաշիվը ձևակերպելու և աղյուսակի առաջին հորիզոնականը կատալոնյան ակումբից մնացածների համար ազատելու համար։ Այդ մնացածները հինգն էին՝ ներառյալ «Ռեալը», սակայն նրանցից միայն երեքը կարող էին օգտվել այդ հնարավորությունից, քանի որ «Սևիլիան» ու «Աթլետիկոն», «Գրանադան» ու «Ռեալ Սոսիեդադը» մրցում էին իրար հետ։
Գանք հերթականությամբ։ «Սևիլիա»-«Աթլետիկո» պայքարը ոչ մեկին էլ չբերեց առավելություն, կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած՝ 1։1։ «Բարսելոնին» գահընկեց անելու հարցում (ժամանակագրական առումով) հաջորդը «Բետիսին» հյուրընկալած Մադրիդի «Ռեալն» էր։ «Արքայականը» որքան էլ ջանաց, այդպես էլ չկարողացավ գտնել հյուրերի դարպասը բացող բանալին։ Արդյունքում գոլազուրկ ոչ-ոքի, 11 խաղից հետո (ինչպես գիտեք՝ երկրում քաղաքական լարվածության պատճառով հետաձգվել է Բարսելոնում կայանալիք էլ կլասիկոն) միավորներով՝ 22, հավասարում կատալոնյան ակումբին ու, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, երկրորդ հորիզոնական։ Միջանկյալ նկատենք, որ Զինեդին Զիդանի գլխավորությամբ հանդես գալու տարիներին «Ռեալն» առաջին անգամ «Սանտյագո Բեռնաբեուում» խաղն ավարտեց գոլազուրկ հաշվով։
«Գրանադա»-«Ռեալ Սոսիեդադ» մրցակցությունում առավել հաջողակ եղան հյուրերը, ովքեր խաղը շահելով 2։1 հաշվով (հաղթականը խփվել է խաղավարտին մոտ)՝ հավաքեցին 22 միավոր, ճիշտ այնքան, որքան ունեին «Բարսելոնն» ու «արքայականը», ու հանգրվանեցին երրորդ հորիզոնականում, մինչդեռ եթե հաղթեին տանտերերը, տուրի արդյունքներով լա լիգան կունենար միանձնյա առաջատար։ «Գրանադան» բավարարվեց առաջին վեցյակը եզրափակելով։
ԻՏԱԼԻԱ
Թուրինում ու Բոլոնիայում ունեցած հերթական հանդիպումները հաղթանակով են ավարտել սկուդետեի առաջին երկու հորիզոնականներում դիրքավորված «Յուվենտուսն» ու «Ինտերը»՝ հավասարապես հանդիպելով կատաղի դիմադրության։ «Ծեր սինյորան» դիմակայությունը շահել է ի հաշիվ մրցակցությունում արձանագրված միակ գոլի, «Ինտերին» երեք միավոր է պարգևել հանդիպման հավելյալ ժամանակում Լուկակուի խփած գոլը՝ 2։1։ Ի դեպ, նա դարձել է դուբլի հեղինակ։
Վերջին երկու խաղում վաստակած մեկական միավորներին «Նապոլին» այս անգամ ավելացնելու ոչինչ չունեցավ, քանզի «Ռոման» սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեց նեապոլցիներին՝ դուրս մղելով նաև առաջին վեցյակից (նկատենք, որ ներքին առաջնության վերջին հինգ խաղում Կառլո Անչելոտիի սաները 15 հնարավորից վաստակել են ընդամենը վեց միավոր, ինչն աղետալիորեն ցածր ցուցանիշ է չեմպիոնական հավակնություններ ունեցող թիմի համար)։
Իլիչիչի ոչ մարզական պահվածքի համար առաջին խաղակեսի ավարտին մոտ արդեն իսկ 1։0 հաշվով պարտվող «Ատալանտան» մնաց տասը հոգով, ինչն անհամեմատ հեշտացրեց օրվա մրցակցի՝ «Կալյարիի» գործը։ Դարպասի մեկ գրավում էլ եղավ երկրորդ խաղակեսին, և հյուրերը մրցակցի հարկից տուն դարձան երեք միավոր վաստակած։
«Միլան»-«Լացիո» դիմակայությամբ ավարտվեց սկուդետեի 11-րդ տուրը։ Այստեղ հաղթանակը տոնել են հյուրերը (2։1) ու 21 միավորով տեղ զբաղեցրել չորրորդ հորիզոնականում։ Նույնքան միավորով նրան հաջորդում են «Ատալանտան» ու «Կալյարին»։
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի հերթականում գրանցվեց չսպասված արդյունք։ Աղյուսակը եզրափակող «Դիժոնը» հյուրընկալելիս կամային հաղթանակի հասավ բացահայտ առաջատար՝ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ (2։1)՝ վերջինիս դատապարտելով կորցրածը գոնե մասամբ հետ բերելու անօգուտ չարչարանքների ու թողնելով ունեցած 27 միավորով։
«Ստրասբուրգի» նկատմամբ տնային խաղում «Անժի» նվազագույն հաշվով հաղթանակը թիմին 20 միավորով բարձրացրեց երկրորդ հորիզոնական։
Չնայած «Բորդոյից» 0։2 հաշվով կրած պարտությանը՝ «Նանտը» շարունակում է մնալ երրորդ տեղում։ Միավորներով՝ 19, նրան հավասարվեց «Մարսելը», որը սեփական հարկի տակ երեք միավոր է վաստակել «Լիլից» (2։1), թիմ, որը տուրը մեկ հայտնվում է լավագույն քառյակում ու դուրս թռչում այնտեղից։ Սույնը մեծապես թելադրված է նրանով, որ թիմերը գրեթե հավասար չափով միավորներ ունեն, ինչն էլ պայմանավորում է արագընթաց վայրիվերումները՝ կախված հաջողությունից կամ դրա հակառակից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ