Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխարհը 1989-ից հետո ավելի քիչ է փոխվել, քան 1789-ից հետո

Աշխարհը 1989-ից հետո ավելի քիչ է փոխվել, քան 1789-ից հետո
05.11.2019 | 11:37

«Պատմության ավարտ» չեղավ, իսկ արևմտյան մոդելը անհաջողության մատնվեց իրեն իբրև ունիվերսալ պարտադրելուց՝ գտնում է Յուրի Ռուբինսկին՝ պատմաբան, քաղաքագետ, խորհրդային նախկին դիվանագետ, որ 89 տարեկանում ղեկավարում է ՌԴ ԳԱԱ Եվրոպայի ինստիտուտի ֆրանսիական հետազոտությունների կենտրոնը, Le Figaro-ին հարցազրույցում:

«Երբ սկսեց փլուզվել Բեռլինի պատը, ես Փարիզում, խորհրդային դեսպանատանն էի ու ուղիղ եթերում հետևում էի պատի անկմանը: Հիշում եմ վիթխարի անհանգստությունը, որ տիրում էր ոչ միայն Մոսկվայում, այլև Եվրոպայում, թե ինչ է լինելու Գերմանիայի հետ: Մենք հասկանում էինք, որ աշխարհը, որ կազմակերպվել է 1945-ին Գերմանիայի պարտությունից հետո, սկսում է քանդվել,- հիշում է Ռուբինսկին:- Մեր գլխավոր խնդիրն էր խուսափել երրորդ համաշխարհային պատերազմից Եվրոպայի կենտրոնում: Այդ ժամանակ ԳԴՀ-ում տեղակայված էր 500000 սովետական բանակ: Գորբաչովի վիթխարի և անվիճելի ծառայությունն է, որ բացառեց ուժի կիրառումը և վճռեց բարյացկամ դիտորդ լինել պատմականորեն անխուսափելի գործընթացում: Գորբաչովը, թերևս, առաջինը հասկացավ, որ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու միակ միջոցը Եվրոպայում աշխարհաքաղաքական անվտանգության նոր տարածք ստեղծելն է: Բայց նրա փորձն այնքան էլ հաջող չստացվեց»:


«Այդպես հաճախ է լինում պատմության մեջ՝ համակարգը կործանողները նորի կառուցողը չեն դառնում: Նա կարծում էր, որ կարող է ամեն ինչ վերակառուցել, բայց չստացվեց: Նա ցանկանում էր ամեն գնով կանխել արյունահեղությունը: Պուտինն իր մասնագիտությամբ և կրթությամբ լիովին նույնականացրեց իրեն սովետական վարչակարգի ու համակարգի հետ: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթողների ժառանգն է: Նրա կարծիքով, ու նա դա քանիցս է կրկնել, ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի մեծագույն աղետն էր: Բայց պատմությունը անկանխատեսելի ընթացք ընտրեց: 30 տարի առաջ մենք մտածում էինք, որ դարձել ենք կողմերից մեկի հաղթանակի ու նրա հակառակորդի անհետացման վկան, բայց Ռուսաստանը չանհետացավ: Մենք «պատմության ավարտ» ու աամբողջ աշխարհում ժողովրդավարական մոդելի տրիումֆ չապրեցինք, որ հայտարարում էր Ֆրենսիս Ֆուկույաման: Չի կարելի ասել, որ աշխարհը 1989-ի նոյեմբերի 9-ից հետո փոխվել է այնքան, որքան 1789-ի հուլիսի 14-ից հետո (Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը): Աշխարհը 1989-ից հետո ընդհանուր ոչինչ չունի նախկինի հետ, բայց չի հանգեցրել աշխարհի ունիֆիկացմանը, որի հույսն ունեին Վաշինգտոնում կամ Փարիզում»՝ ըստ Ռուբինսկու:


«Հայացքը Կենտրոնական Եվրոպային ու ոչլիբերալ դեմոկրատիաների հայտնությունը հստակ ցույց է տալիս արևմտյան մոդելի վիճարկումը: Այդ վիճարկումն ընդհանուր ոչինչ չունի հին ռեժիմը վերականգնելու ցանկության հետ, սակայն կա արևմտյան մոդելից հիասթափություն, որ չարդարացրեց ազտության, հավասարության ու եղբայրության հույսերը, որ կային 2008-ի համակարգային ճգնաժամի ժամանակ ու ֆինանսական կապիտալիզմի չարաշահումների: Առաջընթացը միանշանակ չէր: Պատի փլատակներում ծնված հույսերը հասկանալի են ու արդարացված, բայց չտվեցին սպասված արդյունքները»՝ գտնում է Յուրի Ռուբինսկին: «Այսօր ոչ մի մոդել՝ ոչ ամերիկյանը, ոչ չինականը, ոչ ռուսականը, ոչ եվրոպականը, չի կարող հավակնել գերակայության: Իհարկե, ուրախության պատճառներ կան՝ անհետացել է երկբևեռ գաղափարական դիմակայությունը: Բայց կան և տագնապի պատճառներ: Անհետացել է վստաությունը: Ստիպված ենք արձանագրել տարրական քաղաքավարության անհետացումը, որի օգնությամբ հնարավոր էր համաձայնության հասնել: Երբ լսում եք՝ ինչպես է ԱՄՆ նախագահը իր գործընկերներից մեկին անվանում ապուշ, այդ նորամուծությունը ձեզ զրկում է խոսքի ունակությունից: Ընդհանրապես՝ կա հիմնական երաշխիքների անհետացման զգացողություն: Ու հայտնվում է ինչ-որ վտանգավոր ու անվերահսկելի աշխարհ»՝ եզրակացնում է Յուրի Ռուբինսկին:
Լոռա Մանդևիլ, Le Figaro


Հ.Գ. 89-ամյա նախկին դիվանագետի մտավախությունն ու նույնիսկ վախը վտանգավոր ու անվերահսկելի աշխարհից, որտեղ չկան երաշխիքներ, կիսում են շատերը: Պատմության ավարտ չեղավ, բայց նաև հասկանալի չէ՝ թե ինչ եղավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը դեռ փոխվում է: Արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել: Հետևանքները՝ նույնպես: Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսվել՝ հիբրիդային պատերազմի տեսքով, որ ներառում է տարածաշրջանային լոկալ պատերազմները, փափուկ ու կոշտ ուժի կիրառումը, պատժամիջոցները, տնտեսական ու տեղեկատվական պատերազմները, ու այս ամենը չի ընկալվում իբրև պատերազմ, որ ավելի վտանգավոր է դարձնում իրավիճակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ