Զինվորի դին պիտի խաղաղությամբ ճանապարհել
04.02.2020 | 00:08
2020-ի մեկ ամսվա ընթացքում արդեն չորրորդ մահվան դեպքն է գրանցվում զինված ուժերում։ Վերջին ողբերգությունը տեղի ունեցավ հունվարի 30-ին։ Արցախում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան բոթը հասավ հարազատներին։ Որդեկորույս ծնողների բուռն ցասումն ու ըմբոստությունը խիստ հասկանալի են։ Զինվորի հարազատներն ու համագյուղացիները, ինքնասպանության վարկածին չհավատալով, որոշեցին դիակը Արմավիրից Երևան բերել։ Ճանապարհին բախվեցին ոստիկանական պատին, պաշտպանության նախարարի հետ զրույցից հետո նրանք դադարեցրին երթը, վերադարձան գյուղ և զինվորի դին հողին հանձնեցին։
Զինվորների մահվան այսպիսի դինամիկան մտահոգիչ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ինչու՞ հնարավոր չէ, ի վերջո, բանակում կարգավորել միջանձնային հարաբերությունները, հաշիվներ մաքրելու արատավոր սովորությունը։ Այստեղ պատկան նախարարությունը դեռ շատ անելիքներ ունի, սակայն պետք է իրականության մյուս երեսն էլ դիտարկել։ Բանակը մեր հասարակության հայելին է, մի ուրույն աշխարհ, որտեղ ավելի ցցուն են դառնում մեր հանրային կյանքի արատները, մեր երեխաների դաստիարակության իրական բացերը։ Ամեն զինվոր իր ընտանիքի վարքն ու բարքն է այնտեղ տանում, այս իսկ պատճառով պետք չէ բանակը մեզանից առանձին կառույց դիտարկել։ Սակայն սա չի նշանակում, որ պաշտպանության նախարարությունը նման դեպքերում արդարացում ունի։ Այդ կառույցի գործառույթներից մեկն էլ այն է, որ խիստ հսկողություն սահմանի, հետևի կարգուկանոնին և ճիշտ աշխատանքներ իրականացնի՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով զինվորների միջև հաշվեհարդարները։
Այսպիսի ողբերգական դեպքերում իսկապես դժվար է ինչ-որ բառով մխիթարել այն ծնողին, որի զավակը ոչ թե հայրենիքի համար է զոհվել, այլ սեփական ծառայակցի, հայրենակցի ձեռքով է սպանվել։ Բայց նախօրեի երթին ականատես լինելով, մի միտք հանգիստ չէր տալիս. մի՞թե ճիշտ է սպանված երիտասարդի դին երթով մայրաքաղաք բերելը։ Սա, բնականաբար, առաջին դեպքը չէ, նախկինում էլ եղել են նման իրավիճակներ։ Հասկանալի է զավակ կորցրած ծնողի վիշտը, բայց մահացած երիտասարդի աճյունը ինչու՞ են «տանջում»։ Որքան էլ դաժան է հնչում, բայց նրան այլևս հետ չեն բերի։ Ահավոր էր տեսնել երկու կողմի՝ ոստիկանների և հարազատների բախումը, իսկ մեջտեղում զինվորի դիակը, որին մեկ այս կողմ էին քաշում, մեկ այն։ Սա այն դեպքն է, որ չարժե ավելորդ բառեր ասել, բայց պետք է հանգուցյալի հոգին խաղաղությամբ ճանապարհել, նա արդեն անհաղորդ է երկրային կյանքի չարին ու բարուն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ