Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչ են վկայում կորոնավարակով հիվանդների դիահերձումները

Ինչ են վկայում կորոնավարակով հիվանդների դիահերձումները
23.04.2020 | 11:46

Ի սկզբանե Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) խորհուրդ չէր տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը, որ բժիշկները պաշտպանվեն վարակումից: Սակայն Համբուրգից ու Բազելից հետազոտողները դա արել են ու առաջին եզրակացություններն են ներկայացրել՝ գրում է Süddeutsche Zeitung-ը: Բազելի համալսարանական հոսպիտալում դիահերձվել են կորոնավարակից 20 մահացածներ: «Բոլորն ունեցել են հիպերտոնիա,-ասում է պաթոլոգիաանատոմիական բաժնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Ցանկովը:-Պացիենտների մեծ մասն ունեցել է նաև խիստ արտահայտված ճարպակալում, այսինքն՝ քաշի ավելցուկ»: Մահացածների մեջ գերակշռել են տղամարդիկ: 2/3-ը ունեին կորոնար անոթների վնասվածքներ, 1/3-ը՝ շաքարախտ: Ավելի վաղ ունեցած հիվանդությունների բացահայտումից բացի Ցանկովի թիմի բժիշկները ուսումնասիրել են մահացածների թոքերը: «Թոքաբորբ ունեցել է պացինետների ամենաքիչ մասը,-ասում է նա: -Մանրադիտակի տակ մենք տեսանք թոքերի միկրոշրջանառության ծանր խախտումներ»: Դա նշանակում է, որ թթվածնի փոխանակությունն այլևս չի գործել և բացատրում է հիվանդների դժվարությունները թոքերի արհեստական օդափոխության ժամանակ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Ինչքան ուզում ես՝ կարող ես պացիենտին թթվածին տալ, թթվածինը պարզապես առաջ չի գնում: Ռոբերտ Կոխի ինստիտուտն արդեն հետ է կանչել դիահերձում չանելու հորդորը՝ նշելով կարևորությունը և անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Դատաբժշկական փորձագետ Կլաուս Պյուշելը Համբուրգ-Էպենդորֆի համալսարանական կլինիկայից մարտի 22-ից ապրիլի 11-ը կորոնավարակից մահացածների 65 դիահերձում է արել: Süddeutsche Zeitung-ի, NDR և WDR հեռուստառադիոընկերությունների տրամադրության տակ է նրա զեկույցը, որ անցյալ շաբաթ ուղարկվել է Համբուրգի առողջապահության վարչություն: Պրոֆեսորը հաստատել է զեկույցի իսկությունը, բայց չի ցանկացել հարցերի պատասխանել: Միայն ասել է, որ Համբուրգում 100-ից ավելի դիահերձումներ են արվել և բոլոր դեպքերում հաստատվել են նախկինում ունեցած հիվանդությունները:


Զեկույցը համընկնում է Բազելում արված որոշ եզրակացությունների հետ: Օրինակ՝ մահացածների մեծ մասն ունեցել է սրտի հիվանդություններ: Զեկույցի համաձայն՝ Համբուրգում դիահերձված 61 պացիենտից 55-ը նախկինում սիրտանոթային հիվանդություններ է ունեցել՝ հիպերտոնիա, ինֆարկտ, աթերոսկլերոզ, այլ խնդիրներ սրտի հետ: 46-ը՝ թոքի հիվանդություններ: 28-ը՝ այլ օրգանների վնասվածքներ՝ երիկամների, լյարդի կամ տրանսպլանտացված օրգանների: 16-ը տառապել է դեմենցիայից, մյուսները՝ քաղցկեղ են ունեցել, քաշի ավելցուկ կամ շաքարախտ: Աշխարհում դեռ շատ քիչ են Covid-19-ից մահացածների համակարգային ուսումնասիրությունները: Մարտի վերջին Պեկինի համալսարանական կլինիկայի բժիշկները ներկայացրին 29 դիահերձումների տվյալներ: Նրանք ընդգծեցին, որ վիրուսը ախտահարել է ոչ միայն թոքերը, այլև իմունային համակարգը և այլ օրգաններ: Lancet գիտական ամսագրում Ցյուրիխի համալսարանի պաոթոլոգաանատոմները հաղորդել են, որ վարակը հարուցե է տարբեր օրգանների անոթների ծանր բորբոքում: Նրանք ուսումնասիրել են երկու մահացածների և մեկ առողջացածի: Դա բացատրում է, թե ինչու՞ են մահացել թոքերի արհեստական օդափոխության կարիք չունեցող հիվանդները: Իտալիայում առողջապահության վարչությունը հրապարակել է զեկույց, որտեղ թվարկվում են 1738 մահացածների հիվանդությունները: Սակայն զեկույցը հիմնվում է ոչ թե դիահերձումների, այլ հիվանդների բժշկական թերթիկների տվյալների վրա: Այնտեղ նույնպես հախախ են հանդիպում հիպերտոնիան, շաքարախտը, կորոնար անոթների հիվանդությունները: Վիճահարույց հարցին պատասխանելու փորձ՝ պացիենտները մահանում են վիրուսի՞ց, թե՞ ուղեկցող հիվանդություններից, արվել է միայն Համբուրգի դատաբժշկական փորձագետ Կլաուս Պյուշելի զեկույցում: 65 մահացածներից 61-ի մահվան պատճառ նշված է Covid-19-ը, 4-ի դեպքում վիրուսը մահվան պատճառ չէ: Այս տարբերությունները բազելցի պաթոլոգաանատոմ Ցանկովն անվանում է «ակադեմիական»: «Եթե ես քաղցկեղ ունեմ ու ինձ մեքենա է հարվածում, դա չի նվազեցնում վարորդի մեղքը»՝ ասում է Ցանկովը: Իհարկե, նախկինում բազում հիվանդություններ ունեցած պացիենտների կյանքի տևողությունը ավելի կարճ է, քան առողջների: Բայց առանց Covid-19-ի բոլոր այդ պացիենտներն ավելի երկար կապրեին, գուցե մեկ ժամ, գուցե մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ տարի ու բազում տարիներ:
Մարկուս Գրիլ, Գեորգ Մասկոլո, Հանես Մունցինգեր, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Ծանր թեմա է, շատ ծանր, բայց միանշանակ է, որ Հայաստանում հնարավորինս արագ պետք է գործի դիահերձարան կորոնավարակից մահացածների համար: Նրանց մահը ողբերգություն է, բայց այդ ողբերգությունը կարող է և պետք է կանխի ուրիշների մահվան ողբերգությունը՝ հնարավորություն տալով ուսումնասիրել Covid-19-ի բոլոր հնարավորությունները, ազդեցությունները օրգանիզմի վրա, որպեսզի ծանր վիճակում գտնվող հիվանդների ճիշտ բուժում կազմակերպվի: Համաշխարհային բժշկական մամուլում հրապարակումները հեռավոր պատկերացումներ են տալիս, կոնկրետ ուսումնասիրությունը պրակտիկ օգնություն է այստեղ ու հիմա: Իսկ առողջապահության նախարարը եղած ֆինանսները ծախսում է բուժսարքավորումների ու հատկապես թոքերի օդափոխման ապարատների գնման վրա, որ փաստացի, այդքան էլ արդյունավետ չեն՝ ինչպես դիահերձումներն են վկայել: Դիահերձարանի գոյությունը Հայաստանում նաև նպաստելու է բժշկագիտության զարգացմանը՝ հայ բժիշկներին հնարավորություն տալով իրենց տվյալները ներկայացնել համաշխարհային բժշկագիտության ասպարեզում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ