ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության հերթական երկու տուրը կկայանա նոյեմբերին։ Ինչպես տեսնում եք, առանձնապես երկար սպասելու բան չկա, եթե ժամանակային գործոնն ենք հաշվի առնում։ Փոխարենը սպասելու բան կա ակնկալիքների առումով, թեպետ դրանց իրականություն դառնալու դեպքում հնարավոր դրական տեղաշարժն առանձնապես խոշոր չի լինելու։ Սակայն հայկական ֆուտբոլն այնպիսի վիճակում չէ, որ այդ նվազագույնի համար էլ չուրախանանք։ Սպասումները նկատի ունենալով՝ հարկավ պիտի հուսավառ հայացքով նայեինք մեր մոտակա ռեզերվին, սակայն մասնավորապես մեր 21 տարեկանների ընտրանին Եվրոպայի որակավորման փուլում այնպիսի խայտառակ հաշվով պարտություն է կրել իր շվեդ տարեկիցներից, որ մարդ վախենում է հանդիպման հաշիվը հիշատակել, ու որպեսզի հանդիպման ելքից անտեղյակ ընթերցող զանգվածին ծանր սթրեսի փորձությանը չենթարկենք, այսպես ասենք՝ մերոնք խաղացել են առանց... դարպասապահի։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Նախորդ տուրում վրացիների հետ դիմակայության օրինակով մեր հավաքականն Էստոնիայի ընտրանու հետ պայքարում էլ հասավ արագ գոլի՝ մրցակցի դարպասը գրավելով մոտավորապես նույն րոպեներին, սակայն նորից չկարողացավ պահպանել հաղթական առավելությունը։ Տանտերերը մերոնց պատասխանեցին նույնքան արագ գոլով, ու այս հաշիվը պահպանվեց մինչև վերջ։ Սա նշանակեց, որ մինչ նոյեմբեր մենք մնալու ենք հինգ միավորով ու երրորդ տեղում՝ ընդամենը մեկ միավորով հետ մնալով ավելի բարձր հորիզոնականներում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի ու Վրաստանի ընտրանիներից։
Հարկավ ոչ այս երրորդ տեղն է մեր հավաքականի ուժերի սահմանայինը, ոչ էլ այս հինգ միավորը. խմբում ինչ-որ արտակարգ կարողությունների ընտրանիներ չեն ընդգրկված, որ այսպես մտածենք։ Այնպես որ, ամեն ինչն էլ առջևում է՝ թե վերընթացը, թե վարընթացը։
Բնականաբար, նախընտրելին առաջինն է։
Վրաստանի հավաքականը մոտ էր արտագնայում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն ծնկի բերելուն, սակայն հավելյալ ժամանակում տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար պատժվել է 11-մետրանոցով՝ 1։1։
Արձանագրենք՝ վերջին երկու տուրի հանդիպումները մեր խմբում առավելություն չեն բերել ոչ մեկին, ամեն ինչ մնացել է նախկինի պես։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու այս անգամվա հոգեառը Լեհաստանի հավաքականը եղավ։ Ինչ խոսք, հանդիպման ելքի վրա էական ազդեցություն ունեցավ սկսած 15-րդ րոպեից հյուրերի 10 հոգով մնալը, սակայն անգամ նման պայմաններում 3։0 հաշվով պարտվելն արդարացված չէ։
Այս հաղթանակը լեհերին յոթ միավորով հանեց աղյուսակի առաջին հորիզոնական, քանի որ իտալացիները սեփական հարկի տակ չկարողացան կոտրել հոլանդացիների դիմադրությունը՝ 1։1։ Իտալացիներն ունեն վեց, հոլանդացիները՝ հինգ միավոր։ Թե այս եռյակից որն է լինելու երրորդ ավելորդը, կիմանանք նոյեմբերին։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Խմբայինում հիմնական մրցակցի՝ Դանիայի ընտրանու նկատմամբ նախորդ տուրում հաղթանակ տոնելուց հետո յոթ միավորի տեր դարձած Անգլիայի հավաքականը, թվում է, լուծել էր իր բուն խնդիրը, սակայն դանիացիների հետ հանդիպումը էապես խճճեց ամեն ինչ։ Անգլիացիների այս պարտությունը՝ 0։1, թերևս արտակարգ բան չդիտարկենք, քանզի կողմերի առաջին խաղում էլ նրանք համոզիչ չեն եղել։ Պիտի որ հիշեք՝ այն ժամանակ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Հավելենք միայն, որ դանիացիներն էլ ունեն յոթ միավոր ու լրացուցիչ գործակիցների հաշվին երկրորդ տեղում են։
Արտագնայում վստահ է հանդես եկել ինը միավորով խմբային լիդերությունը ստանձնած Բելգիայի ընտրանին՝ 2։1 հաշվով առավելության հասնելով իսլանդացիների նկատմամբ։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Ինչպես աշխարհի առաջնության վերջին եզրափակչում, այնպես էլ հիմա Խորվաթիայի ընտրանին շարունակում է կոմպլեքսավորված մնալ ֆրանսիացիներից։ Այս խաղարկության շրջանակներում կողմերի առաջին դիմակայությունում գրանցված հաշվի համեմատ այս անգամ համամասնորեն արձանագրվել է դարպասի կրկնակի պակաս գրավում՝ 2։1, ու թերևս սա էլ եղել է տանտերերի գլխավոր ձեռքբերումը։ Նկատենք՝ անգամ սեփական հարկի գործոնը խորվաթներին աջակից չի եղել, թեպետ կորոնավիրուսի պարագայում ի՞նչ սեփական հարկի մասին կարող է խոսք լինել, երբ տրիբունաները դատարկ են։
Այս պարտությունից հետո պարզ դարձավ, որ խորվաթներն այս խաղարկությունում այլևս գործնական ոչ մի խնդիր չեն կարող լուծել, քանզի դաշտը մնացել է երկու կտրիճներին՝ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականներին։ Այո, տասը միավոր է գրանցված նաև պորտուգալացիների անվան դիմաց։ Նրանք 3։0 հաշվով պարտության են մատնել շվեդներին։ Նկատենք, որ տանտերերը հանդես են եկել առանց գլխավոր հարվածային ուժի։ Հավանաբար տեղյակ եք, որ դրական է եղել Քրիշտիանու Ռոնալդուի հանձնած թեստը. նա մեկուսացված է։
A ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Իրենց երկրորդ դիմակայությունում էլ Գերմանիայի ու Շվեյցարիայի ընտրանիները չկարողացան ի հայտ բերել ուժեղագույնին։ Առաջին շրջանի մրցակցության համեմատ տարբերությունն այն էր, որ եթե այնտեղ մեկական, այստեղ երեքական գոլ փոխանակեցին։ Ընդ որում, գերմանացիները կարողացել են իրավիճակ փրկել 0։2 հաշվով զիջելու պայմաններում։ Եվ այնուամենայնիվ, այս մրցակցությունը երկուսին էլ պահեց ունեցած բնագծերում՝ գերմանացիները երկրորդն են, շվեյցարացիները եզրափակում են աղյուսակը։
Շատ հետաքրքիր մրցակցություն ծավալվեց ՈՒկրաինա-Իսպանիա դիմակայությունում։ ՈՒկրաինացիները յոթ միավորով աղյուսակը գլխավորող իրենց օրվա մրցակցի նկատմամբ հաղթանակի հասան՝ 1։0, ու միավորների քանակով՝ վեց, հավասարվեցին գերմանացիներին։ Մի խոսքով, սա բոլոր առումներով չափազանց հետաքրքիր խումբ է։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Երկու դիմակայությունում էլ արձանագրվել է նվազագույն հաշվով արդյունք։ Ռումինիայում ավստրիացիները պարտության են մատնել տեղի հավաքականին, սեփական հարկի տակ էլ նորվեգացիներն են անզիջող եղել Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։ Երկուսն էլ ունեն ինը միավոր, լրացուցիչ գործակիցների հաշվարկով առաջին տեղում է Ավստրիայի հավաքականը։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Կատարյալ խենթություն է եղել Սլովակիա-Իսրայել դիմակայությունը։ Առաջին խաղակեսը 2։0 հաշվով շահելուց հետո տանտերերը «հաջողացրել» են երեք գնդակ բաց թողնել ու տանուլ տալ հանդիպումը։ Իսրայելցիների երեք գոլի հեղինակն էլ Զեհավին է։ Հաղթական գոլը նա խփել է հանդիպման հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ։ Նկատենք, որ Սլովակիայի ընտրանին ամբողջ խաղն անցկացրել է 11 հոգով։ Այնպես որ, տանտերերի պարտությանը նաև այս կտրվածքով արդարացում չկա։ Այս հաղթանակը Իսրայելի ընտրանուն օգնեց մնալու պայքարի մեջ։ Այն ունի հինգ միավոր ու ընդամենը մեկով է զիջում Չեխիայի հավաքականին, որը արտագնայում նվազագույն հաշվով պարտություն է կրել շոտլանդացիներից։ Վերջիններս տասը միավորով առավել քան վստահ գլխավորում են խմբայինը։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Սերբերի հետ ողջ հանդիպմանը հետապնդող կողմ էր Թուրքիայի ընտրանին ու կարողացավ խուսափել պարտությունից՝ 2։2։ Այս ոչ-ոքին ավելի քան տեղին էր Ռուսաստանի ընտրանու համար, որը սեփական հարկի տակ անկարող եղավ կոտրելու հունգարացիների դիմադրությունն ու բավարարվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ Նկատենք, որ սա ռուսների երկրորդ անընդմեջ ոչ-ոքին էր, ինչը վկայում է, որ թիմի առաջնագծում ինչ-որ բան խաթարված է։ Ինչևէ։ Փաստենք, որ հենց նրանք են առաջին հորիզոնականում՝ ութ միավոր։ Հունգարացիները հետ են ընդամենը մեկ նիշով։
B ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Ֆինլանդիան երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու ինը միավորով երկրորդ հորիզոնականում է։ Մրցակիցը նվազագույն հաշվով զիջած Իռլանդիայի ընտրանին էր, որը չորս խաղում ընդամենը երկու միավորի տեր է դարձել։ Առաջինն այստեղ ՈՒելսի ընտրանին է, որը նվազագույն հաշվով առավելության է հասել բուլղարացիների նկատմամբ ու միավորների թիվը հասցրել տասի։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Նախորդ տուրում չեռնոգորցիներից կրած պարտությունից հետո Ադրբեջանի հավաքականը Կիպրոսի ընտրանու հետ խաղում առավելագույնը, որ կարողացավ անել, միավոր կորզելն էր։ Գրանցվել է գոլազուրկ արդյունք։
Փոխարենը շատ ավելի հետաքրքիր մրցակցություն ծավալվեց խմբային մյուս խաղում, որտեղ ուժեր չափում էին Չեռնոգորիայի ու Լյուքսեմբուրգի ընտրանիները։ Նկատենք, որ երեք խաղից բացարձակ արդյունք ունեցող տանտերերի համար միանգամայն բավարար կարող էր լինել և ոչ-ոքին՝ նկատի ունենալով մրցակցից երեք միավորի պոկվածությունը։ Մեկական գոլ փոխանակելուց հետո խաղն այդ տրամաբանությամբ էլ զարգանում էր այնքան ժամանակ, մինչև որ հյուրերը խփեցին, ինչպես պարզվեց, հաղթական գոլը։ Մրցավարի հավելած ժամանակում կրքերը առանձնապես են շիկացել, բանն ավարտվել է երեք ֆուտբոլիստի կարմիր քարտով պատժելով։ Նկատենք, որ հյուրերը տվել են առաջին խաղում կրած պարտության պատասխանը։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 3
Հունաստան-Կոսովո դիմակայությունում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, տանտերերը չեն կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Փոխարենը գոլերի առատություն է եղել Մոլդովա-Սլովենիա դիմակայությունում, սակայն միայն մեկ թիմի դոմինանտությամբ՝ 0։4։ Սլովենացիներն ունեն տասը, հույները՝ ութ միավոր։
C ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 4
Վերջին երկու խաղում, նույնպես արտագնա, երկրորդ գոլազուրկ ոչ-ոքին խաղաց Ալբանիայի ընտրանին։ Մրցակիցը Լիտվայի հավաքականն էր, որը նույն ալբանացիների հետ առաջին խաղը շահել էր 1։0 հաշվով։ Երկուսն էլ ունեն հավասար՝ հինգական միավոր։ Նրանց այս ոչ-ոքիից առավելագույն շահող կողմ եղան բելառուսները, որոնք սեփական հարկի տակ 2։0 հաշվով պարտության մատնեցին Ղազախստանի հավաքականին ու յոթ միավորւվ ստանձեցին խմբային առաջատարությունը։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 1
Լատվիա մեկնած Մալթայի ընտրանին կարողացավ մեծ համբերություն դրսևորել, մինչև վրա հասավ վարձատրման ժամը։ Մրցավարի հավելած յոթերորդ րոպեին մալթացիները խփեցին հանդիպման միակ հաղթական գոլն ու չորս խաղից հինգ միավորով երկրորդ հորիզոնականում են։
Ինչպես և սպասվում էր, Ֆարերյան կղզիների ընտրանին շանս չտվեց Անդորրայի հավաքականին և, դիմակայությունը շահելով երկու անպատասխան գնդակի առավելությամբ, այժմ արդեն տասը միավորով է միանձնյա գլխավորում խումբը։
D ԼԻԳԱ, ԽՈՒՄԲ 2
Երկու տուրից հետո վեց միավոր ունեցող Ջիբրալթարի ընտրանուն, թող որ երեք խաղից հետո, կարող էր հավասարվել Լիխտենշտեյնի հավաքականը, սակայն սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել խմբային երրորդ թիմի՝ Սան Մարինոյի ընտրանու դիմադրությունը։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։ Լիխտենշտեյնցիներն ունեն չորս միավոր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ