Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդան Օսկանյան. Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև

Վարդան Օսկանյան. Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև
19.04.2022 | 18:01

Հայաստանի այսօրվա վիճակը, ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թվականների իրավիճակին։ Նախքան այս համեմատության մեջ խորանալը՝ միանգամից նշեմ, որ Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից համեմատության որևէ եզր չկա Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի մոտեցումների միջև։


Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Անվտանգության խորհրդի նիստն ընդլայնված էր. խորհրդի անդամներ վարչապետ Ռոբերտ Քոչարյանից, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից և ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանից բացի՝ դրան մասնակցում էին Հայոց համազգային շարժման ընտրանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի և վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի: Այդ ժամանակ ես արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էի և նիստին հրավիրված էի որպես Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցող: Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակ ուներ հիմնավորել իր աջակցությունը Ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ Մինսկի խմբի կողմից այդ օրերին ներկայացված փուլային տարբերակին և համաձայնություն ստանալ մասնակիցներից այդ առաջարկությանն ընթացք տալու համար:
Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձը, բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից: Ավելին, նա կարծում էր, որ հաշվի առնելով այդ օրերի աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զարգացման սահմանափակ հնարավորությունները՝ այլ տարբերակ ակնկալել հնարավոր չէ:


Նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկա Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին, ուր մնաց ինչ-որ հստակեցում այդ հարցի վերաբերյալ: Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն նշում կամ հղում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:
Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը՝ Տեր-Պետրոսյանը ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ և իմ ուղղությամբ մեկնելով ձեռքը՝ ասաց. «Թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերեց: Ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին:


Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ՝ կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը: Եվ ես ասացի այն, ինչին հավատում էի. «Պարո՛ն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:
Պատասխանս հիմնված էր իմ այն համոզման վրա, որ մենք չէինք սպառել մեր դիվանագիտական հնարավորությունները և որ միգուցէ այդ օրերին նպաստավոր չէին մեզ համար միջազգային պայմանները, բայց հաշվի առնելով այդ օրերի աշխարհի հեղհեղուկ իրավիճակը՝ շատ բան կարող էր փոխվել ի նպաստ մեզ, ինչը և տեղի ունեցավ։ Հաջորդ տարիներին Մինսկի խումբը սեղանին դրեց երեք առաջարկ (ընդհանուր պետության, Քի Վեսթի և Մադրիդյան առաջարկները), որտեղ հղում կար Ղարաբաղի կարգավիճակին, և երեք դեպքում էլ՝ Ադրբեջանի կազմից դուրս։


Առանցքային տարբերությունը այդ և այս օրերին այն է, որ Տեր-Պետրոսյանը ընդամենը առաջարկում էր զերծ մնալ կարգավիճակի քնարկումներից՝ այն թողնելով ապագային։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հակված է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե երաշխավորված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։


Եթե այդ օրերին Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։
Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։
Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։
Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ։ Ընտրություններում մեծամասնություն ունենալը չի նշանակում իրավունք ձեռք բերել հայ ժողովրդի համար գոյութենական հարցում կամայական որոշումներ կայացնելու։


Երրորդ՝ Արցախի ժողովուրդը, որի ֆիզիկական գոյության հարցն է դրված նժարին, եղել է անցած տասնամյակների զրկանքների և տառապանքների հիմնական կրողը և իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը և կրկին հաստատեց նրա խորհրդարանը օրերս ընդունած հայտարարությամբ։
Չորրորդ՝ Հայաստանի Ազգային ժողովի հաստատած՝ Փաշինյանի իսկ կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասով կա դրույթ, ըստ որի՝ հետամուտ պետք է լինել Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի իրացմանը «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքը ունի Արցախի ժողովուրդը։


Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Եթե նույնիսկ մի պահ ենթադրենք, որ միջազգային պայմանները նպաստավոր չեն, ապա աշխարհը հեղհեհուկ ու անորոշ է, քան երբևէ, և պարզապես, մեղմ ասած, միամտություն կլինի այս պայմաններում որոշակիացնել Արցախի կարգավիճակը հօգուտ Ադրբեջանի։
Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի երեք պայման․ այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը։ Փաշինյանի և նրա թիմակիցների՝ Ազգային ժողովում ունեցած ելույթները Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության, այսինքն՝ Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին ընդունելու մասին, նախապես արդեն փակել են բանակցություններով Հայաստանի համար ընդունելի ելքի հասնելու բոլոր հնարավորությունները։


Միգուցե նման փաստաթղթի ստորագրումը բարեկամական կապեր հաստատի ներկա իշխանությունների և Ադրբեջանի միջև, բայց վստահաբար չի կարող բարեկամության հիմք ծառայել Հայաստան պետության, հալ ժողովրդի և Ադրբեջանի միջև։

Դիտվել է՝ 8575

Մեկնաբանություններ