Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Համբերություն հալածանքների մեջ

Համբերություն հալածանքների մեջ
25.07.2022 | 07:20

Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստվածպաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանքների մեջ պիտի լինեն:

Իսկ չար եւ խաբեբա մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորված՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին:
Բ Տիմ. 3; 12-13

Որպես քրիստոնյա ազգ մենք պետք է ի գիտություն ընդունենք այդ քրիստոնեական աքսիոմը, բայց պետք է նաև ճիշտ հասկանանք: Ոչ թե պետք է միշտ այնտեղ լինել, որտեղ հալածանքներ կան, կամ որևէ մեկին հարկադրել, որ պարբերաբար մեզ հալածի, այլ մեզանից անկախ պատճառներից ծագած հալածանքներից չխուսափել, համբերությամբ տանել: Իսկ ովքե՞ր են չար մարդիկ, արդյո՞ք մեզ հալածողներն են: Ո՛չ, չար մարդիկ մեր հալածիչներից մեզ «ազատողներն» ու այս աշխարհում անցնցում կյանք, պայծառ ապագա խոստացողներն են: Նրանք մոլորեցնողներ են, որովհետև պնդում են, որ կյանքը այս աշխարհում է, և Աստծո խոստացած ու Քրիստոսով մեզ պարգևած կյանքը, հանուն որի մենք պետք է համբերենք հալածանքներին, խաբեություն է: Քրիստոնյան միշտ պետք է հալածանքների մեջ լինի և եղած հալածանքի մեջ համբերի, որ չվերածվի ոչ քրիստոնյայի: Որովհետև, երբ չկա հալածանք, քրիստոնյան ընդարմանում է և ընկնում բերկրաթմբիրի մեջ, իսկ երբ վրա է հասնում հալածանքը, չի կարողանում սթափվել ու զգաստանալ և սկսում է արդեն տրտնջալ ու բողոքել:


Քրիստոնյան չպետք է «քամի ծեծի», այլ պետք է հնազանդեցնի իր մարմինը և ամրացնի քամիների դեմ, որպեսզի ինքը չհաղթվի մի բանից, ինչի դեմ ուրիշներին է քարոզում պայքարել. «Չգիտե՞ք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են, թեեւ բոլորն են վազում, միայն մեկն է առնում հաղթության մրցանակը: Այնպե՛ս վազեցեք, որ հասնեք դրան: Ով մրցում է, ամեն ինչում ժուժկալ է լինում. նրանք՝ որպեսզի կորնչելի պսակն առնեն, իսկ մենք՝ անկորնչելին: Արդ, ես ճիշտ այսպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ. այնպես չեմ կռփահարում, իբրեւ թե քամի ծեծեի, այլ ճնշելով ամրացնում եմ իմ մարմինը եւ հնազանդեցնում այն, որպեսզի գուցե ես ինքս խոտելի չլինեմ այն բանում, որ քարոզեցի ուրիշներին» (Ա Կորնթ. 9; 24-27):


Ինչի՞ համար մենք պետք է մարզենք ոչ թե մեր մարմինը՝ կորնչելի պսակն առնելու համար, այս անցողիկ աշխարհի ժամանակավոր հաջողությունների համար, այլ առավել մարզենք մեզ աստվածպաշտության մեջ. ոչ թե այս աշխարհի մարդկանցից ինչ-որ բանով տարբերվելու համար, այլ որովհետև մեր հույսը Կենդանի Աստված է՝ բոլոր հավատացյալների Փրկիչը. «Եւ դու քեզ մարզի՛ր աստվածպաշտությամբ, որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստվածպաշտությունը օգտակար է ամեն ինչի,. եւ նա ունի կյանքի ավետիսը, ա՛յս կյանքի եւ հանդերձյալի: Ճիշտ է այս խոսքը եւ արժանի ամենայն ընդունելության. այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ՝ հավատացյալների» (Ա Տիմ. 4; 7-10):
Աստվածապաշտությունը և պատվիրանապահությունը ջանքեր են պահանջում, պահանջում են համբերություն հալածանքների մեջ, անկախ նրանից՝ մենք մեր սեփական եսի՞ց ենք հալածվում, թե՞ մեր եսից հրաժարվելու համար՝ աշխարհից: Հաճախ ավելի հեշտ է պարզապես երևալ աստվածապաշտ, պարզապես քարոզել, թե ինչն է լավ ու բարի, փարիսեցիաբար դժվարակիր բեռներ բարձել ուրիշներին, բայց սեփական մատով դրանք չշարժել.«Ով որ այս պատվիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կջնջի եւ մարդկանց այդպե՛ս կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի եւ կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի: Բայց ասում եմ ձեզ, որ, եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 5; 19-20):


Գիտենք, որ լավագույն ուսուցումը սեփական օրինակն է: Երբ մենք բարու և լավի մասին ուսուցանում ենք խոսքով միայն, բայց դրական օրինակ չենք տալիս, մենք ամեն դեպքում տալիս ենք վատ և չար օրինակ, գաղջ ու իմիջիայլոց լինելու օրինակ: Մեզ համար Քրիստոս Փրկչի հաղթանակը այս աշխարհի դեմ առ ոչինչ ենք դարձնում, անիմաստ ու աննպատակ:
Հալածանքը միշտ կա, բայց այն զգալի չէ, երբ չկա աշխարհից դուրս գալու ցանկություն ու կամք: Երբեմն Աստված, մեր իսկ շահի համար, թույլ չի տալիս պահ իսկ շեղվել հալածանքի օրակարգից ու երևակայել, թե այս աշխարհում հանգիստ ու հարմարավետություն պիտի ունենանք: Միշտ ցնցում է ու սթափեցնում աշխարհի հոգեկործան թմբիրից, որպեսզի զգաստությամբ կենցաղավարենք, մեր արժեհամակարգի սանդղակում կենսականորեն անհրաժեշտ շտկումներ մտցնենք, մեր կյանքի ուռկանից դուրս հանենք ու դեն նետենք ամեն անպետք բան: ՈՒրախ լինենք Տիրոջով, ուրախ լինենք, որ «մենք աշխարհքի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհից»:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 15450

Մեկնաբանություններ