Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բերձորի ոդիսականը. Նաիրի Հոխիկյան

Բերձորի ոդիսականը. Նաիրի Հոխիկյան
24.08.2022 | 07:26

Բերձորի, Աղավնոյի ու Սուսի մասին տարբեր քննարկումներն ու շահարկումները անվերջ են, մանավանդ որ քաղաքական շահեր ունեցող մարդիկ դրանց պակասը երբեք չեն ունենա, իսկ սովորական մարդիկ հաճախ այդպես էլ չեն իմանում իրականությունը։


Ի՞նչ եղավ Բերձորի ու հարևան երկու գյուղերի հետ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո՝ 1,5 տարվա ընթացքում։ Այդ ամբողջ ժամանակ ինքս ականատես ու մասնակից եմ եղել, և որոշեցի հենց առաջին դեմքով պատմել այն, ինչ տեսել եմ։ Այս շարքով փաստերով ու հստակ անուններով, դեպքերի ժամանակագրությամբ հատ-հատ կներկայացնեմ, թե ինչպես Բերձորը չհանձնվեց 2020-ի նոյեմբերին, ինչ որոշվեց, ինչպես մարդիկ աստիճանաբար վերադարձան ու ինչու քաղաքական ուժերը չցանկացան պայքարել Բերձորի համար։
Պատմությունը կլինի տհաճ, բայց իրական։


ԲԵՐՁՈՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ
(մաս 1-ին)
1992-ի գարնանը հայրս տանը գրեթե չէր լինում։ Ես 6 տարեկան երեխա էի, մեծերի խոսակցություններից հասկանում էի, որ Լաչինի համար կռիվներ են գնում, բայց թե ինչ է Լաչինն ու ինչու են կռվում հայերն ու ադրբեջանցիները, դեռ լավ չէի գիտակցում։ Միայն գիտեի, որ ադրբեջանցիները նույն թուրքերն են, որոնք ուզում են ղարաբաղցիներին սպանել։
Մի օր, երբ հայրս տանն էր, հարցրի, թե ինչի են հայերը կռվում Լաչինի համար։ Ասաց՝ դա կարևոր կռիվ է, եթե մերոնք վերցնեն քաղաքը, մենք ավելի արագ կհասնենք հաջողության։ Լաչինը մեզ համար կյանքի ճանապարհ է, ցամաքով վերջապես կկապվենք Արցախի հետ։
Հայրս ակտիվ աշխատում էր մարտական խմբերի կազմավորման և Արցախ ուղարկելու առումով։ Մի օր, տպավորիչ հիշում եմ, ինքն էլ տուն բերեց զինվորական համազգեստը։ Այդ օրն ինձ համար առանձնահատուկ հպարտություն էր։
Մի օր էլ հայրս տուն եկավ շատ բարձր տրամադրությամբ, արցունքն աչքերին։ Ինձ գրկեց ու սկսեց արտասվել։ Հայրիկիս երբեք չէի տեսել արտասվելիս։ Մի քանի օր հայրս տուն չէր եկել, ու ինձ համար անհասկանալի էր, թե ինչու է այսպես ուրախ, ու եթե ուրախ է, ինչու է արտասվում։


Վերջապես կարողացավ արտաբերել՝ Լաչինը արդեն մերն է։ Այդ օրը 1992-ի մայիսի 18-ն էր։
Հետագա տարիներին Լաչինը անվանափոխվեց Բերձոր, չնայած հայկական պատմական անունը եղել է Սարալանջ։ Հետո արաբները գրավել ու անունը դարձրել են Աբդալլար, իսկ 1921-ից հետո ադրբեջանցիներն անվանել են Լաչին։ 1992-ին ազատագրված հայկական բնակավայրը դարձավ Բերձոր։ Դժվարությունների մեջ սկսեց գեղեցկանալ, ծաղկել։ 1996-ին սկսեցին կառուցել եկեղեցին, որը 1998-ին ստացավ Սուրբ Համբարձման անվանումը։
Դպրոցական տարիներին Արցախում չեմ եղել։ 2006-ից արդեն հաճախակի սկսեցի գնալ Արցախ ու ամեն անգամ Բերձորով անցնելիս առանձնահատուկ հպարտություն էի զգում, գալիս հայրիկիս պատմում էի Բերձորի ամեն քարի ու թփի ավելացման մասին։
2010-ի սեպտեմբերին հայրիկիս հետ նստած զրուցում էինք։ Կրկին խոսեցինք Բերձորի մասին։ Ասաց՝ դա մեզ համար արժանապատվության ու կյանքի խորհրդանիշ է։ Պիտի ամեն ինչ անենք, որ հանկարծ ոչ մի վտանգ չսպառնա Բերձորին, այլապես մեր արժանապատվությունը ոտնատակ կտանք։


Օրեր անց հայրս մահացավ։
2020-ի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան մեր ջոկատով մտանք Բերձոր։ Գնում էինք պատերազմին մասնակցելու։ Մինչև Բերձոր հասնելը՝ անցանք Աղավնոյով։ Կամուրջը շրջանցեցինք համանուն գետի միջով։ Գյուղը մի քանի զինակիցներով հսկում ու պաշտպանում էր համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը։ Այդ օրը Անդրանիկի հետ չկարողացա խոսել, ուշ ժամ էր, մենք էլ շտապում էինք Ստեփանակերտ։ Վստահ էի, որ այս հատվածին ոչինչ չի սպառնալու։ Լուսադեմին հասանք Ստեփանակերտ ու անցանք առաջադրանքների կատարմանը։
2020-ի նոյեմբերի 2-ին ծանոթ տղաներից մեկն ասաց, որ Բերձորի վրա անընդհատ արկեր են ընկնում, քաղաքը թշնամու թիրախում է, բայց անտառային տեղանքի շնորհիվ մերոնք կարողանում են լավ պաշտպանվել։ Մոտակայքում թշնամին լավ ջարդ է կերել ու նահանջել։ Աղավնոյի Անդրանիկի ջոկատին հաջողվել է փոքրաթիվ տղաներով հետ շպրտել թշնամուն, թեպետ ուժերն անհավասար էին, ու ադրբեջանցիները կարող էին գրավել Աղավնոն, բայց Անդրանիկի հաստատակամության ու չնահանջելու շնորհիվ գյուղը պահել են։
2020-ի նոյեմբերի 11-ին զանգեցի Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական Դավիթ Բաբայանին։ Վաղուցվա մտերիմներ ենք։ Ասաց՝ Բերձորին վտանգ չի սպառնա, պիտի մեզ մնա ամեն գնով։ Ես արդեն վերադարձել էի Երևան՝ աշխատանքի։
2020-ի նոյեմբերի 19-ին Հ1-ի նկարահանող խմբով ինձ գործուղեցին Արցախ՝ հետպատերազմյան վիճակը լուսաբանելու։ Նոյեմբերի 20-ին գնացի Ակնա (Աղդամ)։ Հոգին տակնուվրա անող զգացում էր տեսնելը, թե ինչպես են դուրս գալիս հայկական զինված ուժերը և նրանց փոխարեն ցինիկ ժպիտով տեղավորվում ադրբեջանական զորքերը։
2020-ի նոյեմբերի 24-ին Բերձորում էի։ Ծանոթացա քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի հետ։ Համեստ ու միաժամանակ հաստատակամ տղա էր։ Երկար զրուցեցինք վարչակազմի շենքի մոտ, որը բարձունքի վրա էր։ Երևում էին ներքևում՝ նորակառույց բազմաբնակարան շենքի բակում խաղացող երեխաները։ Նարեկն ասաց, որ պահելու ենք Բերձորը, շուտով կրկին կաշխատեն դպրոցներն ու հիվանդանոցը։ Թեպետ որոշ արոտավայրեր ու ցանքատարածություններ կորցրել ենք, բայց Բերձորցիները անգործ չեն մնա, մի բան կանեն, կապրեն այստեղ, որ թուրքը տեսնի ու աչքը դուրս գա։


Շրջեցի Բերձորի տարածքում։ Վերադարձել էր բնականոն կյանքի։ Բարձրացա վերևի դպրոց, որ կառուցվել էր «Թեքեյան» բարեգործական մշակութային կենտրոնի ջանքերով։ Ազգային դպրոցի օրինակ էր։ Դպրոց տանող աստիճաններին գրված էին հայ մեծանուն պատմական գործիչների անունները։ Աշակերտներն այդկերպ ամեն օր տեսնում ու ճանաչում էին ազգային դեմքերին։
2020-ի դեկտեմբերի 1-ին Երևանում հանկարծ զանգ ստացա։ Ասացին, որ մարդկանց համատարած հանում են Բերձորից։ Ասել են, թե այս բնակավայրն էլ են հանձնում Ադրբեջանին։ Մարդիկ համատարած լքել են Բերձորը, այդպես է եղել հրահանգը վերևից։ Զանգեցի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանին։ Ասաց՝ իրեն խիստ հրահանգ է իջեցվել հանել մարդկանց, քանի որ օրեր անց Բերձորը պիտի հանձնվի Ադրբեջանին, ինքն էլ չէր կարող մարկանց չզգուշացնել այդ մասին։ Բայց հիմնական աշխատանքն արել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը։ Նա է կառավարության հետ անմիջական շփվողը։ Չէր ուզում, բայց հրահանգ էր եկել, պետք է լքել Բերձորը։


Մի քանի օր անց Բերձորում էի։ Վերածվել էր ուրվական քաղաքի։ Մի քանի հոգի մարդ էր մնացել, որոնցից մեկը Բերձորի խորհրդանիշ դարձած՝ կենտրոնական հրապարակի խանութի Արմենը՝ կնոջ հետ։ Մի քանի բառ փոխանակեցինք։ Հիմա արդեն ռուսներն էին դարձել խանութի մշտական հաճախորդ։ Ռուս խաղաղապահների հետ էլ զրուցեցի։ Նոր-նոր էին տեղավորվել, դեռ չէին ընտելացել բնակավայրին։ Քաղաքապետ Նարեկն ասաց՝ չի հասկանում, թե ինչու մարդկանց տեղահանեցին, եթե այդքան արագ չէր հանձնվելու։ Աղավնոյի մասին խոսք չկար, քանի որ Անդրանիկը հայտարարել էր՝ մեկ քայլ չի նահանջելու, գյուղը թուրքեր չեն մտնելու։


2020-ի դեկտեմբերի 11-ին Ստեփանակերտում էի։ Զրուցեցի Դավիթ Բաբայանի հետ։ Ասաց, որ ամեն ինչ անում են Բերձորը պահելու համար, ու չնայած Ադրբեջանը սկզբունքորեն պահանջում է, որ հանձնենք, բայց Արցախը ոչ մի կերպ դրան համաձայն չէ, Երևանի հետ են հիմա քննարկում, տեսնենք, ինչ կարող ենք անել։ Ռուսների հետ են նաև խոսում, բացատրում Բերձորի կարևորությունը։
2 օր անց հստակեցվեց, որ Բերձորը մեզ է մնում։ Ուրախությունս անսահման էր, ու այլևս չէր էլ հետաքրքրում, թե ում շնորհիվ մեզ մնաց։ Կարևորը՝ Բերձորը չտվեցինք։


Շարունակելի

Դիտվել է՝ 10750

Մեկնաբանություններ