Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

«Երեք-չորս օր էլ մնամ, իմ իրավունքների ու պարտականությունների շրջանակներում շարունակելու եմ աշխատել»

«Երեք-չորս օր էլ մնամ, իմ իրավունքների ու պարտականությունների շրջանակներում շարունակելու եմ  աշխատել»
08.06.2012 | 00:25

Շաբաթվա սկիզբը բնապահպանության ոլորտում նշանավորվեց Բնապահպանության միջազգային օրով, որը նշվեց հունիսի 5-ին` ՀՀ բնապահպանության թանգարանում։ Բաժակաճառերի, երգչախմբի ուղեկցությամբ Հայաստանի բնապահպանները շնորհավորեցին իրար, իսկ բնապահպանության նախարարի պաշտոնակատար ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մի քանի աշխատակիցների պարգևատրեց գերատեսչական ոսկե մեդալով։ Չնայած բարձր տրամադրությանը, այնուհանդերձ, նախարարի հետ զրուցեցինք առկա որոշ խնդիրների շուրջ։

-Բնապահպանական հասարակական կազմակերպությունների ղեկավարների համոզմամբ` բնապահպանության նախարարությունը պետք է ընդդիմադիր կեցվածք ունենա այն բիզնես-ծրագրերի նկատմամբ, որոնք խախտում են բնապահպանական նորմերը, մինչդեռ նախարարությունն այդ առումով ընդդիմադիր չէ։ Ինչո՞ւ։
-Դուք մոռացաք նշել, որ դա զուտ այդ կազմակերպությունների կարծիքն է։
-Ես այդպես էլ ասացի։
-Ինչպես բիզնես, այնպես էլ ոլորտին առնչվող ցանկացած ծրագրի դեպքում մեր խնդիրն է ապահովել անկողմնակալ քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ` առաջնահերթությունը տալով ոլորտի հասարակական կառույցներին։ Եթե Դուք խորապես ուսումնասիրեք իրականացվող աշխատանքները և նախատեսված ընթացակարգերը, կհամոզվեք, որ ծրագրերը կյանքի կոչելուց առաջ դրանք բազմակողմանիորեն քննարկվում են։ Նշեմ, որ ոչ միայն նախարարության բարձրացրած հարցերի պատասխաններն ստանալու նպատակով է դա արվում, այլև հասարակության շահերից ելնելով։ Հանրային քննարկումների միջոցով հասարակությանը մտահոգող հարցերի շուրջ նախարարությունը բարձրացնում է հարցեր և փորձում լուծումներ գտնել։ Այսինքն, եթե նույնիսկ չենք կարողացել բարձրացնել այս կամ այն հարցը, որը, ըստ հանրային կարծիքի, պետք է վեր հանվեր, այդ բացթողումը լրացվում է հանրային քննարկումների ժամանակ։
-Բնապահպանական ՀԿ-ների կարծիքը նախարարության ոչ ընդդիմադիր լինելու շուրջ երկու մասի է բաժանվում. առաջին հատվածը կարծում է, որ դա պայմանավորված է նախարարի անձով, երկրորդ մասն այն տեսակետին է, որ խնդիրը համակարգային է, և ցանկացած նախարարի պարագայում նախարարությունը չի ընդդիմանալու բիզնես-ծրագրերին։ Երկու տեսակետներից ո՞րն եք իրատեսական համարում։
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։
-Այդ դեպքում, նշեք կոնկրետ մի քանի ծրագիր, որոնց նախարարությունն ընդդիմացել է ի շահ բնապահպանության։
-Ինչպես նշեցի, բոլոր ծրագրերի դեպքում էլ անցկացվում են բազմաթիվ քննարկումներ, որոնց անմիջականորեն մասնակցում են նաև ՀԿ-ները։
-Դա հասկանալի է, բայց խնդրում եմ կոնկրետ ընդգծել. ո՞ր ծրագիրն է մերժվել` ի շահ բնության։
-Օրինակ, Թռչկանի արգելոցի տարածքում բիզնես ծրագրի ներդրումը, որն իրականություն չդարձավ` ի շահ բնության պահպանման։ Ի դեպ, սա այն դեպքերից է, երբ հանրային շահը գերակա համարվեց։
-Այդ դեպքում, ինչո՞ւ ՀԿ-ները նման կարծիք ունեն։
-Կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցն իրենց ուղղեք։ Կարող եմ միայն մեկ անգամ ևս ընդգծել, որ մեր իրավունքների և պարտականությունների շրջանակներում մենք ապահովում ենք օրենքով սահմանված ընթացակարգերը։
-Բնապահպանության միջազգային օրը, որպես ոլորտի պատասխանատու, իրականացվող քաղաքականության մեջ ի՞նչն եք գերակա համարում` ծրագրերի առումով։
-Ըստ էության, բոլոր ծրագրերն էլ կարևոր են, սակայն կընդգծեի պահպանվող տարածքների ընդլայնման ծրագիրը, որը գերակա եմ համարում։ Մասնավորապես, Արփի լճի, անդրսահմանային ազգային պուրակների ընդլայնման գործընթացը։ Նշեմ, որ շուտով կբացվի անդրսահմանային ազգային պուրակը (արդեն իսկ շենքային պայմաններն ապահովված են), որը միակն է, որ սահմանակից է Վրաստանին։
-Մասնագիտական տոնը նշվում է Հայաստանի բնության թանգարանում։ Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կընդլայնվեն շենքային պայմանները։ Արդյոք հնարավոր չէ՞ նոր ներդրումներ ներգրավել։
-Եթե համեմատեք թանգարանը մի քանի տարի առաջ եղածի հետ, կտեսնեք, որ շենքն ամբողջությամբ նորոգված է, նոր սրահներ կան, տեղադրվել է ձկների նոր ակվարիում։
-Այն, ինչ թվարկում եք, նորություն չէ, 2005-2006 թվականներին դա արդեն կար։ Ես ոչ թե նորոգման, այլ շենքային պայմանների ընդարձակման, ջեռուցման ապահովման մասին եմ խոսում։
-Մեր առաջնային խնդիրը ջեռուցման ապահովումն է, որի համար միջոցներ արդեն կան։ Երկրորդ` հնարավորության սահմաններում պետք է փորձենք ընդլայնել շենքային պայմանները։
-Պարոն Հարությունյան, մեր զրույցի վերջում ուզում եմ անդրադառնալ քաղաքական մեկ-երկու հարցի։ Կառավարության անցած նիստից հետո մեզ հետ հարցազրույցում Դուք ասել էիք, որ թեթև կտանեք, եթե որևէ պաշտոն Ձեզ չառաջարկեն նոր կառավարությունում։ Սակայն, ըստ որոշ խոսակցությունների, Դուք մնալու եք Ձեր պաշտոնում։ Այդպե՞ս է։
-Կարծում եմ` բնապահպանության օրը ճիշտ չի լինի խոսել քաղաքականությունից։ ՈՒզում եմ այսօր բաց չթողնել հնարավորությունը` խոսելու բնապահպանական խնդիրների մասին, քանի որ, չասեմ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում կանաչ տարածքների, թթվածնի արտադրության նվազում է նկատվում. սրանք կարևոր խնդիրներ են։ Դրա համար էլ քաղաքականության կամ պաշտոնների շուրջ որևէ հարցի չեմ ուզում անդրադառնալ։ Այն, ինչ Ձեզ հետ հարցազրույցում ասել եմ, ուժի մեջ է։
-Գուցե համոզված եք, որ մնալու եք Ձեր պաշտոնում, դրա համար էլ ասում եք` «թեթև՞ կտանեմ»։
-Ինչ հնարավորություն ընձեռված է ինձ իմ պարտականությունների շրջանակներում, կատարել և կատարելու եմ։ Որոշ լրատվամիջոցներում անհեթեթություններ եմ կարդացել իմ աշխատանքների վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ եթե թեկուզ 3-4 օր էլ մնամ, մինչ նոր կառավարության ձևավորումը, միևնույն է, իմ իրավունքների ու պարտականությունների շրջանակներում շարունակելու եմ աշխատել։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4663

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ