Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արթուն մնանք Տիրոջ հետ

Արթուն մնանք Տիրոջ հետ
25.09.2022 | 11:49

Այդպե՜ս, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ Ինձ հետ: Մատթ. 26; 40


«Արթու՛ն մնացեք եւ աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք» Մատթ. 26; 41:

Գրեթե բոլոր մարդիկ, հավատացյալ, թե անհավատ, կամա-ակամա աղոթում են: Ոմանք կրոնական բնազդով են զգում, ոմանք էլ հավատքի բանականությամբ գիտեն աղոթքի նշանակությունը, բայց, ըստ էության, ոչ բոլորը գիտեն աղոթելու կերպը և նպատակը: Տերը սովորեցնում է մեզ երկուսն էլ: Մարդիկ աղոթում են այնպես, կարծես պատվերներ են տալիս ու ասում. «Տե՛ր Աստված, դե տես` ինչ ես անում, մենք էլ գնանք մեր գործին»,- քանզի շատերին թվում է, թե աղոթքը զուտ մի խնդրանք է, աղերս է առ Աստած, որ Նա պետք է իրագործի, իսկ մենք պետք է սպասենք, ստանանք ու վայելենք: Երբ աղոթքի ենք կանգնում, մենք հաղորդակցվում ենք մեր Արարչի հետ, Քրիստոսով մեր Հոր հետ, Զորությունների Տիրոջ հետ, և պետք է կանգնենք որպես անզոր ու անկար մեկը, ով օգնության կարիք ունի: Բայց շատերը աղոթքի պահին Աստծուն դիմում են այնպես, ինչպես ռեստորան այցելած օլիգարխը կդիմի մատուցողին: «Աղոթք անելիս շատախոս մի՛ լինեք` ինչպես հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թե իրենց շատ խոսքերի պատճառով լսելի կլինեն: Արդ, նրանց չնմանվե՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտի, թե ինչ է ձեզ պետք, նախքան որ դուք նրանից մի բան ուզեք: Եւ արդ, դուք այսպե՛ս աղոթեցեք. -Հա՛յր մեր ...» (Մատթ. 6; 7-9):

Սակայն, երբ աղոթում ենք` «Եղիցի կամք Քո»,-պետք է ինքներս հետևողական լինենք, որ այդ կամքը կատարենք` մեր անօտարելի ազատ կամքը միահյուսելով Նրա Սրբարար Կամքին. «Հա՛յր Իմ, եթե կարելի չէ, որ այս բաժակը Ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. Քո կա՛մքը թող լինի» (Մատթ. 26; 42): Այլապես, ինչպե՞ս Նա կօգնի մեզ, եթե մենք համառենք մեր կամակոր ընթացքի մեջ: Կա ընդհանրական աղոթք և առանձնական աղոթք, և երկուսի դեպքում էլ չպետք է լինել ցուցամոլ, այլ աղոթել սրտի փակ դռների ետևում. «Եւ երբ աղոթես, չլինե՛ս կեղծավորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում աղոթքի կանգնել, որպեսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղոթիր քո Հորը, եւ քո Հայրը, որ տեսնում է` ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ հայտնապես» (Մատթ. 6; 5-6):


Աղոթքի նետով մենք մի քանի նշանակետի ենք խփում. դուռ ենք բացում մեր խնդիրների լուծման համար, հաղորդակցվում ենք Հավիտենական Աստծո հետ և սնում մեր հավիտենական հոգիները, խուսանավում ենք վտանգներից ու խուսափում փորձություններից, օգնութան ձեռք ենք մեկնում չարից փորձվող մեր եղբարներին ու քույրերին և ամեն մի մարդու, և էլի բազմաթիվ ու բազմապիսի են աղոթքից ստացված օգուտները: Աղոթքը անհրաժեշտ է մեղավորին` մեղքերից ազատվելու, և արդարին` արդարության մեջ հաստատ մնալու համար:
«Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացեք եւ Ինձ հետ հսկեցե՛ք» (Մատթ. 26; 38):
Արթուն մնանք Տիրոջ հետ և հսկենք, և թող մեր յուրաքանչյուր աղոթքը դառնա զգաստության սյուն և ուրախության շող:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6461

Մեկնաբանություններ