«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մեզ մե՛ր չափով են չափելու

Մեզ մե՛ր չափով են չափելու
03.10.2022 | 07:21

Եւ վերջապես, զորացե՛ք Տիրոջով եւ Նրա զորության կարողությամբ. եւ Աստծու սպառազինությունը հագե՛ք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին:

Եփ. 6; 10-11

«Որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ» (Եփ. 6; 12):
Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, որովհետեւ մեր դեմ ևս մարմին ու արյուն չէ, որ պայքարում են:
Աշխարհում չարությունը շատ է, և շատ են մարդիկ, ովքեր տուրք են տալիս աշխարհային այս չարությանը` պաճուճելով այն անգամ արդարության ու մարդասիրության էլեմենտներով: Մարդիկ թշնամանում են միմանց, կռվում միմյանց դեմ` ջուր լցնելով մարդկության Թշնամու ջրաղացին: Մենք պետք է մարդկանց նայենք ինչպես բարի սամարացին էր նայում Երիքովի ճանապարհին ընկածին. մեղավոր մարդը վիրավոր, թալանված, օգնության կարիք ունեցող մարդն է: Մենք բոլորս մեղավորներ ենք: Կարող է մեկիս ոտքն է քերծված, մյուսի գլուխն է ջախջախված, մեկի ողնաշարն է կոտրված, միևնույնն է, անկախ վնասվածքի ծանրությունից, մենք մեկ ուրիշի կարիքն ունենք` ոտքի կանգնելու և լիարժեք կյանքի վերադառնալու համար:

Եթե միմյանց կողքով անցնենք պարտադրված սրտացավությամբ, ստիպողական հոգատարությամբ, խուսափուկ ուշադրությամբ կամ անբռնազբոսիկ ու խանդավառ անտարբերությամբ, մենք հենց նույն կերպ կանցնենք մարդ լինելու այդքան հազվադեպ շռայլվող, բայց ոչ պատահականորեն մեզ ընձեռնված հնարավորության կողքով: Եթե մենք կարողանանք մարդկանց այդ կերպ ընկալել, չարը մեզ չի կարող հաղթել կամ ընկճել: Մանավանդ, երբ հասկանանք, որ մեկ ուրիշն էլ մեզ համար կարող է լինել բարի սամարացի, որովհետև Թշնամին մեկն ու միևնույնն է: Եթե Աստված չի ուրախանում մեղավորների կորստյամբ, այլ կամենում է նրանց դարձի գալն ու ապրելը, ինչպես փաստում է հենց Նրա Սուրբ Խոսքը, ապա մենք ի՞նչ իրավունքով ենք տենչում ուրիշների կորուստը և ուրախանում դրանով, անքանով, որ առանձնապես ջանք չենք թափում դարձի բերելու ո՛չ ծանոթներին, ո՛չ անծանոթներին, ո՛չ մերձավորներին, ո՛չ հեռավորներին: Մարդը անպաշտպան է աշխարհի դեմ, քանի դեռ այն համարում է իր տունը, իր հարազատ միջավայրը: Այդ պատճառով էլ` անգամ կարեվեր խոցված, նա չի գիտակցում իր վիճակի ծանրությունը:
Եկեղեցին ի սկզբանե հալածվում է աշխարհի կողմից, եթե չլիներ այդ հալածանքն ու պայքարը, Եկեղեցի չէր լինի առհասարակ. իսկ ի՞նչ է փոխվել առ այսօր: Աշխարհը դադարե՞լ է հալածել, Եկեղեցի՞ն դադարել է պայքարել: Աշխարհը հալածում է Եկեղեցուն մեզանից յուրաքանչյուրի սրտում: Ամեն մեկս մի թատերաբեմ ենք, մի ողջ տիեզերք: Ճըշմարտությունը կարելի է գտնել միայն Նրա ինքնահայտնությամբ, մարդը իր ջանքերով չի կարող հասնել: Մենք կարող ենք մարդկանց ծանոթացնել Աստծո հետ, սակայն միայն Աստված կարող է ճանաչեցնել Իրեն նրանց: Հետևաբար, ինչ էլ որ անենք մարդկանց Աստծուն մոտեցնելու համար, եթե չպսակվի Աստծուն ճանաչելու և ընդունելու մարդկանց փափագով, մեր ջանքերը զուր կանցնեն: Ինչքան էլ լույս սփռենք մեր շուրջը, ոչինչ չենք շահի, եթե մարդիկ չկամենան բացել իրենց աչքերը:


«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դու՛ք արեք նրանց, որովհետեւ այդ իսկ են օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7; 12): Այս խոսքերից է սկսվում քրիստոնյայի պարտավորությունը մարդկանց հանդեպ, և շատերը դրանք թյուր են ըմբռնում: Երբ մեկի հանդեպ վատ բան է անում նա, ում հանդեպ ինքը միայն լավ բան է արել, միանգամից վիրավորվում է, հիասթափվում, հուսալքվում կամ չարանում` երբևէ չանդրադառնալով, որ գուցե այլ մեկի հանդե՞պ բավարար լավ չի վերաբերվել: Կամ գուցե չի՞ հիշում իր բոլոր սխալ ու վատ արարքները, չի՞ գիտակցում իր չարած բարիքը: Իսկ եթե մեր հանդեպ վատություն են անում, երբ մենք որևէ մեկին վատություն չենք արել, ավելին` չարին բարիով ենք հատուցել, այդ վատությունը մեզ չի հասնի կամ կհասնի` լավության վերափոխված: Այն, ինչ ուզում ենք մեզ անեն մարդիկ, չի վերաբերում մարդկանց մտադրություններին, այլ Աստծո մտահղացումներին և հատուցումներին, որովհետև նախքան մարդկանց հասնելը, մեր կամ ուրիշի արարքը Երկինք է հասնում և, այնուհետև, անտեղից անդրադառնում: Եվ յուրաքանչյուրին վերադառնում է սեփակա՛ն արարքը` ճիշտ արձագանքի սկզբունքով: Իսկ եթե մեկը իրավացիորեն անարդարացի կերպով է տառապում, ուրեմն ինքը գիտի, թե ինչու, և համբերում է: «Ով ինչ անի` իրեն կանի»,- հակիրճ եւ սպառիչ ասում է Աստվածաշունչը սերտած ժողովուրդը: Ուրիշի հանդեպ մեր ցուցաբերած վերաբերմունքը վերադառնալու է մեզ, և առիթ ենք ունենալու վայելելու կամ խորշանքով վանելու այն: «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, եւ չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, եւ ներում պիտի գտնեք Աստծուց, տվե՛ք, եւ պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նու՛յն չափով պիտի չափվի ձեզ համար: «Որովհետեւ չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. եւ դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա. որովհետեւ յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում. որովհետեւ սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը» (Ղուկ. 6; 37-38, 43-45):


Մեզ մե՛ր չափով են չափելու և մե՛ր տվածն են առատ չափով լցնելու մեր գոգը: Եվ եթե մեր գոգը ինչ-որ տհաճ բաներ լցնեն, պետք է պեղենք մեր մեջ ամոթ-աբուռ մի բուռ և մնանք լուռ:

Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 5877

Մեկնաբանություններ