ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բոլորս նույն կաթսայում ենք

Բոլորս նույն կաթսայում ենք
18.11.2022 | 07:32

Մինչ քաղաքական գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է իշխանություն վերցնելու և Հայաստանը կառավարելու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը քանդում են երկրի ամբողջ պետական համակարգը՝ ավերակների վերածելով այն ամենը, ինչ կոչվում է ազգային անվտանգություն և պետականություն։


Մինչ ազգային մտածողություն ունեցող գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է ավելի հայրենասերի տիտղոս կրելու համար՝ հաճախ փնովելով միմյանց ու մեղադրելով նախկին լևոնական, նախկին թալանչի, նախկին ԼԳԲՏ աջակից, նախկին նիկոլական ու նմանատիպ բաների համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են Հայաստանի ազգային ամբողջ արժեհամակարգը, բարոյազրկում հանրային միտքը, մարդկանց զբաղեցնում անբարո սկանդալներով ու հայհոյանքով։
Մինչ Արցախի պահպանության համար կռիվ տվող գործիչների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով է ավելի շատ սիրում Արցախը՝ հրաժարվելով ճանապարհ գնալ ուրիշների հետ, միայն իրեն համարելով առաջամարտիկ ու ծաղրելով մնացած ամեն բան ու ամեն մեկին, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ոչնչացնում են Արցախի հայկականության քաղաքական ու ռազմական բոլոր համակարգերը, իրենց հայտարարություններով թշնամու համար ստեղծում են բոլոր նախադրյալները, որ ապացուցեն, թե Հայաստանն է հրաժարվել Արցախից, ձգտում են փոխել Հայաստանի անկախության հռչակագիրը՝ հրաժարվելով ազգային պետականության բոլոր հիմքերից։
Մինչ մշակույթի գործիչների ու գիտնականների մեծ մասը մրցավազքի մեջ է՝ Հայաստանի իշխանության հետ ավելի մոտ լինելու և վարչապետի կամ մեկ այլ Ճ դասի պաշտոնյայի հետ ժպտերես լուսանկար ունենալու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ մշակույթը և գիտությունը, փակում են թանգարաններ, համալսարաններ ու գիտական կենտրոններ, ոչնչացնում ամբողջական ուղեղային կենտրոններ։
Մինչ դասախոսների ու դեկանների մեծ մասը մրցավազքի մեջ է ուսանողներին քաղաքական գործընթացներից հեռու պահելու և զրկելու քաղաքացիական ու ազգային գիտակցումից՝ որպես նպատակ ունենալով միայն սեփական աշխատանքի պահպանումը, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ բարձրագույն կրթական համակարգը, փակում են համալսարաններ, ուսանողական առաջին դեմքեր դարձնում բարոյական ու արժեքային ոչ մի գիտակցում չունեցող, մարդկանց վրա ապօրինի գործ սարքող թոռնիկներով։
Մինչ ուսուցիչների մեծ մասը մրցավազքի մեջ է դպրոցներում Նիկոլ գովելու կամ գոնե կարծիք չունեցող երեխաների կրթելու համար՝ ոգևորվելով աշխատավարձի բարձրացումներից, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են ամբողջ կրթական համակարգը, դպրոցական դասագրքերից աստիճանաբար հանում ազգային դաստիարակությունը՝ ձգտելով ձևավորել ամբոխ կամ ուղղակի դդում։


Մինչ գործարարների մեծ մասը մրցավազքի մեջ է ավելի չեզոք երևալու և այդկերպ Հայաստանի իշխանության ուշադրության կենտրոնում չհայտնվելու, հարկային մարմինների ուղղորդված ստուգումների ու անօրինական տուգանքների չենթարկվելու և ավելորդ գլխացավանքից հեռու մնալու համար, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը քանդում են տնտեսությունը, արտաքին հարաբերությունները փչացնելու հետևանքով ոչնչացնում են արտահանումը և անվստահելի դարձնում երկիրը ներդրումների համար։


Մինչ հայ գյուղացիների մեծ մասը մրցավազքի մեջ է իրենց գյուղերում առաջին անգամ ասֆալտ լինելու համար աստվածացնելու մերօրյա նեռին, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը թշնամու զորքերը մոտեցնում են հայկական գյուղերին այնքան, որ ծնողները վախենում են իրենց երեխաներին տանից դուրս թողնել, իսկ կենդանիները պարբերաբար անհետանում են ու հայտնվում թշնամու մոտ, օրեցօր դատարկվում են հայկական գյուղերը։
Մինչ ոստիկանների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով ավելի դաժանաբար կծեծի ցուցարարներին, որ կարմիր բերետավորն ավելի անմարդկային վարքով կհայհոյի ու կհարձակվի մարդկանց վրա՝ հանուն մի քանի հազար դրամ անաղուհաց պարգևավճարի, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են երկրի ամբողջ ներքին անվտանգությունը, ստորացնում ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, նիկոլական պաշտոնյաները հայհոյում ու պոկում են ոստիկանի ուսադիրները՝ որևէ կերպ չպատժվելով։
Մինչ զինվորականների մեծ մասը մրցավազքի մեջ է, թե ով առաջինը պատվի կառնի իրենց զորամաս այցելող թշնամի վարչապետին ու «ես իմ ծառայությունն եմ անում» ասելով՝ կկատարի բանակի կազմաքանդման հրահանգները, Նիկոլ Փաշինյանն ու նրա ավազակախումբը ավերում են մեր բոլորիս քրտինքով ու արյամբ վերստեղծած ազգային բանակը, քանդում են առաջնագիծը՝ թշնամու առաջ անպաշտպան թողնելով շարքային զինվորին, ամեն ինչ անում են, որ բանակը ձախողի՝ ինչպես միշտ, դրա համար մեղադրելով ու բանտարկելով իրենց հրահանգները կատարած սպաներին։
Ձեզ տեսնո՞ւմ եք որևէ խմբում։ Եթե այո, ապա Նիկոլ Փաշինյանի ու նրա ավազակախմբի չափ մեղավոր եք հայրենիքի աղետի համար։ Հնարավոր է, նաև չեք տեսնում, ձեռնտու չէ տեսնել, բայց հոգին միշտ արդար է, հոգին հանգիստ չի տա։


Հիշեք, որ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է, ես կասեի՝ ինքնազոհողության պատրաստ լինելու մեջ։ Զոհաբերեք պաշտոնի, փողի, ասֆալտի, պարգևավճարի ու մյուս բոլոր արատավոր ամբիցիաները՝ հանուն պետության ու հայրենիքի փրկության, այլապես բոլորս միասին նույն կաթսայում եփվելու ենք որպես շնագայլերին տրվող միս։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7215

Մեկնաբանություններ