Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իվան Իլյին. ՈՒնեցվածքը պետք է ծառայի մեզ ու ենթարկվի

Իվան Իլյին. ՈՒնեցվածքը պետք է ծառայի մեզ ու ենթարկվի
12.05.2022 | 07:35

Դուք չե՞ք ճանաչել նախապապիս։ Ափսո՜ս։ Նա բարի ու գրավիչ մարդ էր։ Արդեն 76 տարեկան էր, երբ Տերը կանչեց նրան։
Փորագրում էր փայտի վրա` մեծ վարպետ էր, և նրա նուրբ աշխատանքները պարզապես ապշեցնում էին, կարծես ժանյակ լինեին, զարմանալի ճաշակով ու սիրով էին արված։ Շա՜տ էր ուրախանում, երբ նրբագեղ, փոքրիկ ինչ-որ իր կարողանում էր նվիրել որևէ տաղանդավոր մարդու։ Նման դեպքում նա քթի տակ դնդնում էր. «Ես մտա նրա կյանք, նրան օգնեցի գտնելու մի փոքրիկ կտոր ուրախություն»։


Ահա՜, ուրեմն դուք տեսել եք նրան։ Այո՛, այո՛, դա հենց ինքն էր` երկար, սպիտակ մազերով։ Բարձր ճակատ, երազկոտ, մի փոքր բացակայող աչքեր և անմոռանալի մի ժպիտ։ Այո՛, վերջին տարիներին նա մի քիչ կռացած էր քայլում։ Հենց նրա մասին էլ ուզում եմ պատմել ձեզ։
Գիտե՞ք, երբ դիտում եմ այսօրվա կյանքը, ինձ թվում է, որ մարդիկ հաճախ չափից ավելի մեծ նշանակություն են տալիս իրենց ունեցվածքին, հարստությանը, ասես մեծ կարողությունը հավասարազոր է մեծ երջանկության, ինչն ամենևին էլ ճիշտ չէ։ Ով այդպես է մտածում, նա, ամենայն հավանականությամբ, դժբախտ է։ Այդ իրողությունը ես սովորեցի իմ հանգուցյալ նախապապից։


Նրան ամբողջ կյանքում վիճակված էր ապրուստ հայթայթել, ինչը հաջողվում էր։ Իհարկե, երբեմն դժվարությամբ, ու չնայած դրան, նա աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկն էր։
Կհարցնեք` իսկ ինչպե՞ս էր հաջողվում նրան։ Նա կոչում էր դա «տիրելու արվեստ» կամ առատաձեռնություն։
Նա իր ընտանիքում, որտեղ միայն տղաներ էին, յոթերորդն էր, ընդ որում, ամենակրտսերը։ Ավագ եղբայրները, առանց բացառության, խստասիրտ էին ու ժլատ։ Նրանք վերևից էին նայում իրենց կրտսեր եղբորն ու ոչինչ չէին տալիս։ Ծնողները շուտ մահացան, և նա հազիվ կարողացավ ձգել մինչև դպրոցն ավարտելը։ Դրանից հետո եղբայրները հայտարարեցին. «Բարեհաճի՛ր ինքդ քեզ համար ապրուստ գտնել»։ Վիճել ու հակաճառել նա չէր սիրում և սկսեց սովորել այն, ինչին հակված էր` փորագրել փայտի վրա և ջութակ նվագել։ Փորագրումը միանգամից ստացվեց. նրա սարքած իրերը դուր էին գալիս մարդկանց։ Նա այսպես էր բացատրում. «Ես ամեն ինչ սրտանց եմ անում, սիրով, իսկ մարդիկ զգում են այդ նրբությունը։ Չէ՞ որ նրանք բոլորն էլ այս կյանքում սեր են փնտրում, ավելի ճիշտ` սով են զգում, դրա համար էլ նրանց դուր է գալիս իմ պատրաստածը»։


Մեկ տարի անց նա ոչ միայն իր հացն էր վաստակում (կյանքն այն ժամանակ էժան էր), այլև վճարում էր ջութակի դասերի համար։ Վերջապես հեռացավ եղբայրներից և սկսեց ապրել անզավակ քեռու մոտ։ Այնտեղ նրան շատ էին սիրում, կոչում էին` «աղավնյակս»։ Եվ իսկապես, նա աղավնու հետ ինչ-որ նմանություն ուներ։ Կրթությունն ավելի ուշ լրացնում էր անհագ ընթերցանությամբ։
Մեկ-մեկ, երբ ձեռքն էր վերցնում աղեղը, բոլորն անշշունջ նստում էին և ունկնդրում ծորացող մեղեդիները։ Բոլորը զմայլվում էին, բոլորի աչքերը թաց էին։ Եվ մոռանում էիր կյանքի դառնությունը. կարծես բոլոր հոգսերն ու հոգնությունները մեկը վերցնում էր վրայիցդ, և միայն սիրտդ էր երգում։


Հարցնում եք «տիրելու արվեստի՞» մասին։ Պատմեմ։ Նա երբեք կարիքի մեջ չէր եղել, բայց և հարուստ էլ չէր։ Երկու անգամ նրան առաջարկել էին ամուսնանալ հարուստ հարսնացուների հետ։ Անձամբ է պատմել ինձ այդ մասին։ «Երկուսն էլ ամուր փայտից էին և կոպիտ փորագրված։ Այդպիսիներին հնարավոր չէ սիրել։ ՈՒ ոչ մի մեղեդի չկար նրանց մեջ։ Սեփականատեր լինելուց էլ բան չէին հասկանում, պաշտում էին սեփական հարստությունը։ Այդ իրողությունը կարծես նրանց աչքերից դուրս էր թափվում։ Չէ՞ որ յուրաքանչյուրիս հոգում եղած գլխավորը նայում է հենց աչքերի միջից, իսկ նրանց աչքերից նայում էր ագահությունը»։
Ավելի ուշ նա ամուսնացավ նախատատիս հետ, և ապրեցին շատ համերաշխ։ Նախատատս շատ բարի էր, աղքատ, բայց խելացի։ Առաջին երգչուհին էր հարսանիքներում, գիտեր բոլոր հնագույն հարսանեկան երգերը ու երբ սկսում էր երգել, բոլորը կլանված լսում էին։
Երբ նախապապս սկսում էր ինչ-որ բան պատմել կամ խորհուրդներ տալ, կարող էի ժամերով լսել՝ առանց շեղվելու։ Հետո սկսեցի նույնիսկ ինչ-որ բաներ գրի առնել` հիշելու համար։ Ահա թե ինչ էր նա ասում տիրելու արվեստի մասին։


«Լսի՛ր, փոքրիկս,-մի օր դիմեց ինձ,-գոյություն ունի իրերին տիրելու յուրահատուկ մի արվեստ, և հենց դրանում է երկրային երջանկության գաղտնիքը։ Այստեղ գլխավորն այն է, որ կախում չունենաս սեփական ունեցվածքից, հավատարմության երդում չտաս նրան։ ՈՒնեցվածքը պետք է ծառայի մեզ ու ենթարկվի։ Այն չպետք է համարձակվի հաղթել մեզ ու իշխել մեզ վրա։ Երկուսից մեկը` կա՛մ դու ես իշխում, կա՛մ նա։ Իսկ նա չափազանց խորամանկ է։ Հենց նկատի, որ դու ծառայում ես իրեն, միանգամից կփորձի տակը կոխել և բոլոր հյութերդ քամել։ Եվ այդ դեպքում իմացի՛ր` կուլ կտա քեզ մարմնով ու հոգով։ Կգա քո վերջը. նա կզբաղեցնի քո տեղն ու կդառնա քո տեր իշխանը, իսկ դու կլինես նրա ճորտը։ Նա կդառնա գլխավորը կյանքում, իսկ դու կլինես նրա հավելուկը։ Ահա ամենակարևորը` մարդը պետք է լինի ազատ ոչ միայն մարդկանց ճնշումից, այլև ունեցվածքի կեղեքումից։ Ի՞նչ ազատություն է` մարդկանցից անկախ, բայց սեփական ունեցվածքի կատարյալ ստրուկ։ Ազատ մարդը պետք է լինի ազատ նաև հարստության մեջ։ Ես հրամաններ եմ արձակում, իսկ իմ ունեցվածքը ենթարկվում է։ Այդ դեպքում ես իսկապես իշխում եմ, քանզի իշխանությունն իմ ձեռքում է։ Այստեղ չի կարելի վախենալ ու երերալ։ Ով դողում է սեփական հարստության համար, նա երերում է նրա առաջ. հանկարծ չփախչի իրենից, հանկարծ չգցի իրեն աղքատության գիրկը։ Այդ դեպքում ունեցվածքը, գիշերային արնախում հրեշի պես, կսկսի քամել մարդուն, ստորացնել նրան և մի օր էլ, գուցե և հենց մահվան պահին, հավիտյան հեռանալ նրանից։
Ես, օրինակ, փորագրում եմ փայտի վրա։ Հաջողվում է։ Եվ այն պատճառով, որ ես տիրապետում եմ քերադանակին, փայտի հետ կարող եմ անել` ինչ կամենամ։ Այդ պատճառով ես կարող եմ փորագրելուս մեջ ներդնել ամբողջ սիրտս ու ցույց տալ մարդկանց, թե ինչ նուրբ գեղեցկություն ու խնդություն կա աշխարհում։
Կամ էլ` վերցնենք ջութակը։ Աղեղն ու լարերը պիտի ենթարկվեն ինձ, նրանք պետք է երգեն այնպես, ինչպես երգում է հոգիս։ Սերն իշխում է ինձ վրա, ես իշխում եմ ջութակիս, դե, ինքն էլ երգում է բոլորի համար կյանքի խնդության և Աստծո գեղեցկության մասին։


Նույնն էլ ունեցվածքի դեպքում է։ Այն մեզ տրվում է ոչ թե այն բանի համար, որ լափի մեր սերը և մաշեցնի մեր սիրտը, այլ հակառակը, կոչված է ծառայելու մեր սրտին, արտահայտելու մեր սերը։ Հակառակ դեպքում, կդառնա բեռ, կուռք, տաժանակրություն։ Զուր չի Ավետարանում ասված մամոնայի (հուն. mammonas - հարստություն) մասին. «Ով հավատում է Աստծուն, նա չի կարող հավատալ հարստությանը, իսկ ով գոնե մեկ անգամ խոնարհվեց ուրիշի կամ սեփական հարստության առաջ, ապա չի էլ նկատի, թե ինչպես կսկսի ծառայել սատանային»։
Խնդիրն այն չէ, որ վերացվի կամ արգելվի յուրաքանչյուր ունեցվածք, ինչը հիմարություն կլինի, անբնական և վնասակար։ Բանն այն է, որ չվերացնելով սեփականությունը, հաղթահարես այն և դառնաս ազատ։ Այդ ազատությունը չի կարող ուրիշ մարդկանց տրվել, այն պետք է հարուստն ինքը ձեռք բերի և ազատագրի սեփական հոգին։ Եթե ինձ համար հեշտ է մտածել իմ ունեցվածքի մասին, ուրեմն ես ազատ եմ։ Ես եմ որոշում սեփական յուրաքանչյուր իրի ճակատագիրը և տնօրինում եմ հեշտությամբ, իսկ այն ենթարկվում է։ Իմ արժանապատվությունը չի սահմանվում իմ ունեցվածքով, իմ ճակատագիրը կախված չէ իմ սեփականությունից, ես նրա համար կապովի շուն չեմ և ոչ էլ գիշերային պահակ, ես մուրացկան չեմ, որը կոպեկ է աղաչում կյանքի յուրաքանչյուր պարագայից և գաղտնի թաքցնում գուլպայի մեջ։ Ամոթ է դողալ սեփական իրերի վրա, իսկ շատ ավելի ամոթ է նախանձել ավելի հարուստներին։ Հարկավոր է ապրել բոլորովին այլ կերպ` որտեղ պետք է, այնտեղ հեշտությամբ ներել պարտքը, որտեղ սիրտը թելադրեց` ուրախությամբ նվիրել, տալ, եթե մեկը կարիքի մեջ է, ուրախությամբ զոհաբերել առանց ափսոսանքի, եղբայրաբար մոռանալ տոկոսների մասին։


Եվ գլխավորը, լսո՞ւմ ես, փոքրիկս, երբեք չդողալ սեփական ունեցվածքի համար. «Աստված է տվել։ Աստված էլ վերցրեց, թող օրհնյալ լինի Նրա կամքը»։ Ով դողում է սեփական հարստության համար, նա նսեմանում է, կորցնում է սեփական արժանապատվությունը։ Իսկ ստոր մարդը` ստոր մտքերով, ավելի լավ է առհասարակ չունենա հարստություն»:
«Խելոք գրքերում գրում են,-մի օր ասաց նա,-որ ունեցվածքը կուտակված աշխատանք է, իսկ, ըստ իս, և՛ աշխատանքը, և՛ սեփականությունը հոգուց են և հոգու համար են։ Իսկ հոգին, նախ և առաջ, սեր է։ Այդ պատճառով իսկական մարդու ունեցվածքը սրտի պաշար է և սիրո գործիք։ Հարուստ մարդուն անհրաժեշտ է ունենալ շա՜տ սիրտ, այդ դեպքում կարելի է համարել, որ նա վաստակել է իր հարստությունը։ Շա՜տ փող և քիչ սիրտ` ծանր ճակատագիր և վատ ավարտ»։
Ինձ թվում է` նախապապս մտածում ու ապրում էր իսկական իմաստունի պես։

Դիտվել է՝ 6587

Մեկնաբանություններ