Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Իրական նպատակը նոր Սահմանադրությամբ Արցախը, ՀՀ տարածքները Ադրբեջանին զիջելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու համար իրավական հիմքեր ստեղծելն է»

«Իրական նպատակը նոր Սահմանադրությամբ Արցախը, ՀՀ տարածքները Ադրբեջանին զիջելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու համար իրավական հիմքեր ստեղծելն է»
07.07.2022 | 07:26

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը` Նիկոլ Փաշինյանը, երկրի գլխավոր օրենքի` Սահմանադրության օրվան նվիրված իր ուղերձում առիթը բաց չթողեց խոսելու 2018-ին Հայաստանում իրականացրած, իր խոսքով` «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության» կարևորության մասին:

Փաշինյանի կողմից «ժողովրդական հեղափոխություն» հորջորջվողը արտաքին ուժերի պատվերով` նրանց ուղղորդմամբ ու ֆինանսավորմամբ իրականացված գունավոր հեղափոխություն էր: Ի դեպ, ֆինանսական հոսքերի զգալի հատվածը ապահովվել էր Թուրքիայից ու Ադրբեջանից` սորոսական խողովակներով:


Աշխարհի տարբեր ամբիոններից Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանն այս անգամ էլ ցինիկաբար հայտարարեց, թե Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ու դա միջազգայնորեն ճանաչված փաստ է: Եվ դա այն դեպքում, երբ երկրում իրավական բեսպրեդել է, երբ բանտերում կան մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, երբ ոստիկանական համակարգը վերածվել է մեկ անձի իշխանությունը պահող, նրան անվերապահորեն ծառայող գործիքի:
Փաշինյանը շռայլորեն պարգևավճարներ է տալիս ուժայիններին, նրանց դարձնելով իր ապօրինությունների, նաև դավաճանությունների մասնակից: Չգիտեմ, այս ծանր բեռը գիտակցո՞ւմ են պարգևավճարներ ստացող ու դրանցով ոգևորվող ոստիկանները, գիտակցո՞ւմ են, որ վաղը նաև իրենց ճակատին է դաջվելու դավաճանի խարանը:
Ինչ վերաբերում է նրան, որ հայաստանյան չեղած ժողովրդավարությունն ընդունվում է միջազգային կառույցների կողմից, սա այլևս զարմացնող չէ: Արևմուտքի ձեռքով իշխանության բերվածն ամբողջությամբ նրանց հովանավորության տակ է, և հե՛նց սա է պատճառը, որ հայաստանյան իրավական, քաղաքական անարդարությունների, ապօրինությունների հարցում լուռ ու համր է ձևացել Արևմուտքը:


Փաշինյանն անամոթաբար հայտարարում է, թե իրենք իրականացրել են Սահմանադրության գլխավոր թեզերից մեկը` «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին. այդ նպատակն իրագործված է»: Նիկոլը ստում է. հայ ժողովրդի թիկունքում, հայ ժողովրդից թաքուն թշնամու հետ դավադիր գործարքներ կնքած ու կնքող, բանավոր պայմանավորվածություններով մեր հայրենիքը Ադրբեջանին մաս-մաս հանձնող Նիկոլը չունի իրավունք խոսելու հայ ժողովրդի անունից: Մեզ հետ զրույցում քաղաքական գործիչ Արա Վարդանյանն այս առնչությամբ դիպուկ նկատեց. «Փաշինյանը չի՛ ներկայացնում հայ ժողովրդին ու նրա շահը, քանի որ ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը Արցախը հանձնելն է: Ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը թուրքի տակ պառկելն է։ Ես չեմ հավատում, որ հայ ժողովրդի շահը ինքնիշխանությունը վաճառելն է, աճուրդի հանելն է։ Եվ ես կոչով դիմում եմ մեր ժողովրդին՝ չլսել վարչապետի աթոռին թառած մարդու խոսքերը, նա ստում է»։


Երկրի թիվ մեկ սուտասանը, որն անկախ դատական համակարգ ունենալը համարում է կառավարության «օրակարգի առաջնահերթությունը», իրականում ամեն ինչ անում է՝ դատական համակարգը հիմնովին ոչնչացնելու, իր գրպանում տեղավորելու ու սեփական անձին ծառայեցնելու համար: Սա՛ է նրա առաջնահերթությունը:
Հայ հասարակությունը ներսից պառակտողը, սևի ու սպիտակի բաժանողը, ատելության խոսք տարածողը, հայհոյախոսության մեծագույն վարպետն այսօր հանդգնում է արդարացնել իր անբարո խոսութը` ասելով. «Ժողովրդավարությունը, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»: Ի՞նչ է ստացվում. ժողովրդավար լինել նշանակում է հայհոյախոսե՞լ, նշանակում է շանտաժի՞ ենթարկել, սպառնա՞լ քաղաքական ընդդիմախոսներին: Դատավորներին վնգստացողներ անվանելը, ընդդիմադիրներին մուրճով «մեխողն ու պոկողը», պատերին ծեփողն ու ասֆալտին խփողը կարո՞ղ է ժողովրդավար համարվել: Իսկ գուցե ա՞յլ են Նիկոլի ու նրա արևմտյան տերերի իրական ընկալումները ժողովրդավարության մասին:
Հիշեցի․ օրեր առաջ էլ Փաշինյանի վաղեմի գործընկեր-համախոհ, բոլոր ժամանակների`1995-ից սկսած, ընտրակեղծարարության հայր, իրավական համակարգում քաղաքական խաղեր տվող, ՀՀՇ-ի կարկառուն դեմք Գագիկ Ջհանգիրյանը ևս փորձում էր արդարացնել իր հայհոյախոսությունները, սպառնալիքները, շանտաժը, որ հնչեցրել էր սենսացիոն ձայնագրության մեջ: Ջհանգիրյանի՝ յուրովի մատուցմամբ հայհոյելը «հոգեբանական հնարք» է, իսկ Փաշինյանի կողմից իրեն տրված հրահանգը` «վզին դնելը», ճիտին պարտք կամ առաքելություն: Անբարոյականությունը իրապես որ սահմաններ չունի… Իսկ ավելի ճիշտ, ա՛յս մարդկանց համար այդ սահմանները ստի, կեղծիքի տիրույթում են:


Հայաստանյան իրականությունն այն է, որ ներկայիս իշխանությունն ամբողջությամբ անտեսում է երկրի գլխավոր օրենքը` Սահմանադրությունը, դրա կարևորագույն դրույթները. և՛ պառակտում է հասարակությունը, և՛ կազմաքանդում պետական ինստիտուտները, և՛ մայր օրենքը մեկնաբանում սեփական նպատակահարմարություններով ու քաղաքական շահերով: Եվ այս ամենում անտեսված է ամենակարևորը`ազգային պետական շահը:
Գործընթացը տանում է Հայկական պետականության քանդման, ինչի ճանապարհով գնում են փաշինյանականները:
Սահմանադրության փոփոխմամբ Փաշինյանն օրինականացնում է Ալիևի հետ ունեցած իր պայմանավորվածությունները:


2018-ին գալով իշխանության, Փաշինյանն սկսեց շրջանառել Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու թեզը: Գործընթացն առավել ակտիվ օրակարգ մտավ 2019-2020 թվականներին: ՔՊ-ականները հայտարարում էին` երկրում կա Սահմանադրական ճգնաժամ, պետք է հաղթահարել` Սահմանադրական հանրաքվե հայտարարելով: Պարզվեց սակայն, որ սահմանադրական ճգնաժամ ասվածը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մի քանի դատավորներին պաշտոնանկ անելն էր և ՔՊ-ի սրտի դատավորներին ՍԴ խցկելը, վերջինս վերահսկելի կառույց դարձնելը:
Սահմանադրության բարեփոփոխումների թեման կրկին քաղաքական օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո: Բայց այս անգամ արդեն թշնամական պետության` Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջ-հրահանգով:


Ի՞նչ է իրականում տեղի ունենում: Հիշեցնեմ, որ Փաշինյանը սկզբում հայտարարում էր, թե պետք է ազատվել Սերժ Սարգսյանի հագով կարված «կոստյումից»` Սահմանադրությունից, ու փոխել երկրի կառավարման համակարգը` խորհրդարանականից անցում կատարելով կիսանախագահականի կամ նախագահականի: Բայց հիմա մտափոխվել է, թերևս համոզվել է, որ խորհրդարանական համակարգն իր համար էլ ոչ պակաս ձեռնտու «կոստյում» է` սեփական իշխանության երկարակեցությունն ապահովելու հարցում: Երեկ հայտարարեց․ «Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թ. իրադարձություններն ապացուցեցին, որ այն գործուն մեխանիզմներ է ապահովում»: Հարց է առաջանում, եթե պահպանվում է գործող խորհրդարանական համակարգը, ուրեմն, ինչո՞ւ է փոփոխվում Սահմանադրությունը: Ասում է` «Սահմանադրությունը զարգացնելու, բարելավելու կարիք ունի»: Միանգամից ասեմ, որ սա կեղծիք է, ժողովրդին շեղելու նպատակ ունի, իսկ իրականությունը բոլորովին այլ է:
Եվ ուրեմն, որտե՞ղ է թաղված շան գլուխը: Ո՞րն է Փաշինյանի նպատակը:
Բանն այն է, որ Սահմանադրությունն ունի դրույթներ` Արցախին, Հայոց ցեղասպանությանը, Հայաստանի տարածքների փոփոխությանը վերաբերող, որոնք կաշկանդում են այս իշխանությանը իրենց ազգադավ գործողություններն իրավական հարթության մեջ ամրագրելու: Հետևաբար, որոշել են Սահմանադրությունը բարեփոխելու անվան տակ ազատվել «կաշկանդիչ» դրույթներից:


Խոսենք փաստերով. նախ Արցախի հետ կապված:
ՀՀ Անկախության Հռչակագրում հաստատված են մեր համազգային նպատակները, ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը, Հայաստան-Արցախ վերամիավորման գաղափարը: Իսկ գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին։ Սա նշանակում է` Հայաստանի որևէ իշխանություն իրավունք չունի մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, դա կհամարվի հակասահմանադրական քայլ:
Սահմանադրության 116-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել Ազգային ժողովի կողմից: Սա նշանակում է, որ Փաշինյանի երազանքը` «խաղաղության պայմանագիր» կնքել Ալիևի հետ` հանձնելով Արցախը, ի չիք կդառնա հենց Ազգային ժողովում: Բացի այդ, «խաղաղության պայմանագիր» կոչվածը պետք է անցնի նաև Սահմանադրական դատարանով, իսկ ՍԴ-ն չի կարող հաստատել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը, ու դավադիր գործարքը անվավեր կհամարվի:


Եվ ուրեմն, Արցախն ամբողջությամբ թշնամուն հանձնել պատրաստվող Փաշինյանին մեկ ճանապարհ է մնում` «բարեփոխումների» անվան տակ ազատվել գործող Սահմանադրությունից: Ինչն էլ այսօր արվում է:
Մյուսը վերաբերում է հայ-թուրքական սիրախաղին: Անկախության հռչակագրը կաշկանդում է Փաշինյանին նաև հայ-թուրքական գործընթացի կազմակերպման, թուրքական կողմի պահանջներին հագուրդ տալու հարցում: Հռչակագրի 11-րդ կետը հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»: Մինչդեռ Փաշինյանն ու իր թիմը անամոթաբար հրաժարվում են պահանջատիրությունից և ընդունում հայրենազրկումը: Այս մասին են փաստում Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հայտարարությունները, թե Հայոց Ցեղասպանության ճանաչումը սփյուռքի մենաշնորհն է: Փաստորեն, այդ կերպ այս իշխանությունն ի կատար է ածում թուրքական կողմի կարևոր նախապայմաններից մեկը:
Փաշինյանի հայադավ քայլերը կաշկանդող սահմանադրական մյուս դրույթը վերաբերում է ՀՀ տարածքների հանձնմանը: Գործող Սահմանադրությունը ամրագրում է` ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով: Եթե այսօր հանրաքվեի դրվի Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը, բնականաբար, մեր ժողովուրդը կմերժի այն: Այսինքն, այս դրույթը ևս խանգարում է Նիկոլին:
Հիշենք, որ Փաշինյանը Ալիևի հետ ունեցած բանավոր պայմանավորվածություններով մեր երկրի տարածքները հանձնել ու շարունակում է հանձնել Ադրբեջանին: Այդպես հանձնվեց Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ռազմավարական ճանապարհները, կարևոր բարձունքներ Սյունիքում, Գեղարքունիքում: Գործող Սահմանադրությամբ Փաշինյան-Ալիև բոլոր պայմանավորվածությունները հակասահմանադրական են: Իր դավաճանական պայմանավորվածություններն օրինականացնելու, դրանց իրավական հիմք տալու նպատակով` Փաշինյանը, Ալիևի խորհրդով, գնում է ՀՀ Սահմանադրության փոփոխման ճանապարհով:


Այսպիսով, երբ Փաշինյանը խոսում է Սահմանադրական բարեփոխումներից ու դա համարում այն բարելավելու նպատակով արվող քայլ` կեղծիք է, սուտ է: Իրական նպատակը նոր Սահմանադրությամբ Արցախը, ՀՀ տարածքները Ադրբեջանին զիջելու, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելու համար իրավական հիմքեր ստեղծելն է:


Հ.Գ․ Ի դեպ, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը փոխելու հերթական դավաճանական արարը բարեհաջող ավարտ ունենա, Նիկոլը ձևավորել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որի կազմում բացառապես ընդգրկվել են իր հավատարիմները. դրանք կամ արևմտամետներ են, կամ Սորոսից ֆինանսավորվող ՀԿ-ների անդամներ, և պարզապես` դավաճաններ:


Արմինե Սիմոնյան

Դիտվել է՝ 8916

Մեկնաբանություններ