Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայր Աստվածածնի վերափոխումը

Մայր Աստվածածնի վերափոխումը
12.08.2022 | 07:21

(Մաքսիմ Ոսկանյանի գրքույկից)


Սուրբ Վկայությունների համաձայն, սրբուհի Մայր-Աստվածածնի թաղման երրորդ օրը՝ Հիսուս մարմնով Հարություն տվեց Իր եւ մեր սիրելի մորը եւ նրան վերցրեց Իր մոտ՝ Երկնքի թագավորություն:
Այդ տոնը մենք նշում ենք Վերափոխում անունով: Վերափոխման մասին Մովսես Խորենացին մի գրություն ունի, որից էլ մեր հրատարակած հատվածն է:
Արեւելահայերենի վերածեցինք «Վարք սրբոց»-ից
Նա՝ սուրբ կույսը ամենից ավելի փայլեց իր սքանչելի վարքով, Սողոմոնի խոսքի համեմատ, թե. «Շատ դուստրեր մեծություն ստացան, բայց դու, գերազանցեցիր բոլորին», ինչպես որ ավետվեց Նազարեթում՝ Գաբրիելի կողմից:


Նրա կյանքի միհամուռ շրջանը՝ շուրջ վաթսուն տարի եղավ. Տասնհինգ տարեկան էր, երբ ծնեց աշխարհի Փրկչին. այնուհետեւ ավելացրած երեսուներեք տարի՝ մինչեւ Փրկչի խաչելությունը, իսկ Փրկչի համբառնալուց հետո՝ ավելացրած եւս տասներկու տարի: Ուրեմն, նրա կյանքի սկզբից մինչեւ հրաշալի վերափոխումը՝ լինում է վաթսուն տարի:
Հովսեփը քառասուն տարեկան էր, երբ կույսը նրան հանձնվեց: Եվ մեռավ Նազարեթի իր տան մեջ, երբ Փրկիչը երեսունմեկ տարեկան էր:


Սուրբ Կույսին սպասավորում էր Հակոբ արդարը, որ Հովսեփից էր սպասավորելու հանձնարարություն ստացել: Որովհետեւ Հովսեփի ժամանակ էլ նա նույն հեզն ու արդարն էր, որ ծառայաբար հոգ էր տանում սրբուհու համար, մինչեւ որ Քրիստոսի կողմից Հովհաննեսին /Իր աշակերտին/ հանձնվեց:
Եվ Կույսը շատ չարչարանքներ կրեց եւ ենթարկվեց վտանգների եւ հալածվեց Կայիափայի եւ հրեաների կողմից, որովհետեւ չէին թողնում, որ Որդու գերեզմանի վրա գնա աղոթք անելու, եւ ոչ էլ այցելի Գեթսեմանի կամ այն նվիրական վայրերը, ուր Փրկիչն է եղել. եւ ստիպված էր լինում միայն գաղտնորեն գնալ:
Եվ հալածելով Տիրոջ եղբորը՝ Հակոբին, գնացին, կրակ տվեցին նաեւ այն տունը, որի մեջ սրբուհին էր: Բայց հրեաների վառած կրակն իսկ շրջապատեց հենց իրենց եւ յոթը մարդ այրվեց. եւ այրվողների մեջ էին Կայիափան, Աննան եւ Ղեւի քահանայապետը, իսկ տանը կրակը բնավ վնաս չտվեց: Եվ Աստծո այս պատժից խրատվելով, այլեւս չհամարձակվեցին դավ նյութել սրբուհու անձի դեմ:


Սակայն Տիրոջ մկրտության տոնի օրը, հրեա հրոսակների ամբոխը Հորդանան գնաց, որպեսզի բռնի Տիրամորը եւ Հովհաննեսին, բայց Աստծո հրեշտակը սրբերին վերցնելով՝ դրեց գետի մյուս ափը, եւ երբ հրեաները ուզեցին գետն անցնել, նրանցից քսան հոգի Հորդանանում խեղդվեց:
Իսկ Տիրոջ համբարձման տոնի օրը, Ձիթենյաց լեռան վրա, հրեաները քարերով հարձակվեցին սուրբ Կույսի վրա, բայց Աստծո հրեշտակը քարերի ուղղությունը փոխեց եւ իրենք իրենց քարկոծեցին, և հրեաներից հիսուն հոգի մեռան, իսկ Տիրամայրն անվնաս մնաց:
... Սրբուհին հրավիրված էր վերափոխվելու իր Որդու մոտ, այդ գիտեին առաքյալները եւ ավետարանիչը կիպարիսե մի փայտ գտնելով, փայտ, որից էլ մեր Փրկչի կենսաբեր խաչն էր սարքված, մեծ թախանձանքով ստանում է Տիրամոր համաձայնությունը՝ փայտի վրա նրա պատկերը կերպաձեւելու, որպեսզի Տիրամորից ավետարանիչին սրտամոտ մի նշխար մնա: Որովհետեւ Փրկչի համբառնալուց հետո աշակերտները Տիրամորով էին մխիթարվում, սուրբ Կույսի մեջ տեսնելով նաեւ նրա Որդուն: Նաեւ Պետրոսն ու Պողոսը շատ անգամներ Երուսաղեմ էին ելնում՝ տեսնելու համար սուրբ տեղերն ու Տիրուհուն:


Արդ, աշակերտները համախմբվեցին՝ իրենց Աստվածամորը հուղարկավորելու, ըստ Տիրոջ խոսքի, թե՝ ուր որ մարմինն է՝ այնտեղ պիտի հավաքվեն արծիվները: Նրանք խաչելության ժամանակ թեեւ ցրվեցին, բայց հարության ժամանակ հավաքվեցին, որովհետեւ Տերն ասաց. «Քանդեցե՛ք այս տաճարը եւ ես երեք օրից այն պիտի վերաշինեմ»:
Ապա Հովհաննեսը եւ մյուս առաքյալները, քանի դեռ Տիրուհին չէր ննջել, աղաչեցին նրան, որ փայտեղեն տախտակով նկարը դնի իր աստվածատիպ դեմքին, եւ դիմանկարն օրհնի եւ խնդրի Աստծուց, որ իր վերափոխումից հետո դիմանկարը բարիք գործի աշխարհում, որովհետեւ բորոտության ախտը մեծ չափերով ճարակում էր ամբողջ երկրում եւ մանավանդ Երուսաղեմում:


... Այն ժամանակ, ամենաօրհնյալ սրբուհին, պատկերն առավ իր սուրբ ձեռքերում եւ դեպի երկինք տարածելով իր բազուկներն, ասաց.
-Տե՛ր Աստված ամենակալ, Հա՛յր մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր՝ աշխարհին կյանք պարգեւելու համար, որ մարմին առավ քո անարժան աղախնից, աղաչո՛ւմ եմ, վերցրո՛ւ մարդկանց միջից բորոտության ախտը ձեռամբ այս նկարյալ պատկերի, նրա վրա տպավորելով՝ ամենասուրբ Երորդությանդ զորությունը եւ կատարի՛ր այս ընտրյալների խնդրանքները, որպեսզի նրանք էլ լինեն քեզ երկրպագողները եւ փառաբանիչները Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու, հավիտյանս, ամե՛ն:
Եվ նույն ժամին լուսեղեն մի կամար կանգնեց սրբուհու վրա եւ խաչանման, ամպեղեն մի լույս կաթեց պատկերին: Ապա սուրբ Պետրոսը եւ Պողոսը պատկերը վերցրին սրբուհու ձեռքից:
Եվ երբ Սրբուհի Կույսը հոգին ավանդեց, հրեաների ամբոխն սկսեց գրգռվել եւ առաքյալների վրա խուժելով, ուզեց Սրբուհի Կույսի մարմինն հափշտակել: Եվ ահա, հարձակվողները, ամենքն էլ կուրացան եւ այդպես պատժվեցին:


Սոփոնիա անունով մի մարդ բռնեց դագաղը, որ առաքյալներն էին տանում եւ արգելում էր, որ տանեն: Եվ ահա Սոփոնիայի այն ձեռքը, որով դագաղն էր արգելում՝ արմունկից կախված մնաց, եւ այսպես այս մարդը ողորմելիորեն ավաղ էր տալիս իր գլխին՝ մինչեւ հասան գերեզման:
Պետրոսն ասաց.
-Ո՛վ մոլորյալ հրեաներ, մինչեւ ե՞րբ պիտի մնաք մոլորյալ եւ համառ: Ինչու՞ ձեր սրտերում չեք զղջում եւ անկոտրում ու հպարտ եք մնում, ինչպես ձեր հայրը՝ սատանան:
Եվ մինչ հրեաները լալիս էին, Պողոսը նրանց ասաց.
Դեպի Տիրոջ կո՛ղմ դարձեք եւ խոստովանեցե՛ք, թե Աստվածածինն է այն Սուրբ Կույսը, որից Էմմանուելը պիտի ծնվեր, եւ Տերն այդժամ պիտի գթա ձեզ:
Ամբոխն աղաղակեց եւ ասաց.
-Խոստովանո՛ւմ ենք, որ Քրիստոսը Հայր Աստծո Որդին է, որ մարմին առավ անճառապես Սուրբ Կույսից, եւ մե՛նք Քրիստոսին խաչեցինք, Նրան Աստծո հակառակորդը կարծելով: Խոստովանում ենք, միայն թե ողորմի՛ նա մեզ:


Այն ժամանակ Պետրոսը բռնեց այն մարդու ձեռքը, որ արմուկից կոտրվել, կախ էր ընկել եւ մերձեցրեց կոտրված տեղին եւ ահա առաջվա պես իրար միացան:
Կուրացածների աչքերն այդժամ վերստին լույս ստացան եւ հրեաներն ու հեթանոսները մեծ բազմությամբ մկրտվեցին եւ քաղաքի մեջ գտնվող բորոտները, ովքեր առաքյալների մոտ էին գալիս, օծվում էին յուղով եւ սուրբ պատկերի առջեւ խաչակնքվելով՝ իսկույն բժշկվում էին իրենց հիվանդություններից:
Սակայն Բարդուղիմեոս առաքյալը՝ մեկը տասներկուսից, երբ մյուս առաքյալներն ու աշակերտները համահավաքվեցին Սուրբ Կույսի մոտ, նրանց հետ չէր, այլ Ս. Թովմասի հետ Հնդկաստան էր գնացել: Եվ Տերն ուզեց, որ այդպես լինի:
Հետո, ուշացումով, առաքյալների մոտ, Երուսաղեմ գալով, ստիպեց նրանց, որ ցույց տան Սուրբ Կույսի աճյունը: Եվ նրանք հոժարելով կատարել իրենց եղբոր փափագը, բացեցին գերեզմանը, բայց աստվածակիր մարմինը գերեզմանում չգտնվեց: Եվ ամենքով հիացած հասկացան, որ հրեշտակների սաղմոսերգության դադարելուց հետո, թաղումից երեք օր անց, հրեշտակները Տիրուհու սուրբ մարմինը փոխադրել են երկինք:


Այս բանը տեսնելով մեծապես տխրեց Բարդուղիմեոսը, որ չկարողացավ ժամանակին Սուրբ Կույսին տեսության հասնել եւ ո՛չ էլ նրա վերջին օրհնությունն ստանալ, եւ ո՛չ էլ գերեզմանում գտավ նրան, վերջին անգամ գոնե աճյունը տեսնելով՝ մխիթարվելու համար:
Եվ երանելի առաքյալները, ուզելով մխիթարել իրենց եղբորը, նրան տվեցին Տիրամոր փայտի վրա նկարված պատկերը: Բարդուղիմեոսը մեծապես ուրախացավ եւ Սուրբ Հոգու հրամանով մեկնեց Հայաստան, ուր Սանատրուկ արքան արդեն սպանել էր տվել Ս. Թադեոսին՝ Արտազ գավառում:

Դիտվել է՝ 7307

Մեկնաբանություններ