Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կախարդություն, գուշակություն

Կախարդություն, գուշակություն
18.05.2022 | 09:36

Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որ զբաղվի դյութությամբ, գուշակությամբ, կախարդությամբ, կամ էլ վհուկ ու սուտ մարգարե լինի, մեռելահարցությամբ զբաղվի, որովհետեւ Տիրոջ համար գարշելի է նա, ով այդպիսի բաներով է զբաղվում:

Բ. Օրենք 18; 10-12

Այսօր շատ մեռելոտի մեղքերի կողքին մեր ազգի մեջ տարածված է կախարդության մեղքը, այսինքն՝ մարդկանց կողմից սատանայական չար ուժերի միջոցով ապագան կանխագուշակելով, իրենց նպատակին նենգությամբ ու չարությամբ հասնելու անհագ ցանկությունը:


Շատ անմիտ մարդիկ իրենց կյանքի, ընտանեկան անախորժությունները հարթելու նպատակով դիմում են գիր կապող-քանդողների, կախարդների և այլ վհուկների, որոնք զանազան ձևերով «օգնում» են թակարդ ընկած այդ խեղճ զոհերին, որոնք չեն էլ պատկերացնում, որ նման ձևով երջանկության հասնելու համար կապվել են չար սատանային, որն իր ծառաների՝ կախարդների միջոցով իշխանություն է ստանում այդ մոլորյալների ու նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց կյանքը դրանից հետո դառնում է ավելի դժնդակ, լի զանազան փորձանքներով և դժբախտություններով: Իսկ շատերն էլ` փուչ հետաքրքրությունից դրդված, զբաղվում են, ըստ իրենց, «անմեղ» ոգեհարցությամբ, որին Սուրբ Գիրքը կոչում է մեռելահարցուկություն: Նմանները չեն հասկանում, որ այդ ձևով նրանք հարաբերվում են անձամբ դևերի հետ, որոնք ինչ-որ մեռածի անունով նրանց մի քանի հարցերին պատասխանելով՝ մտնում են այդ անձանց ներաշխարհն ու հետզհետե իշխանություն բանեցնելով, դրդում են զանազան անցանկալի մեղքերի, իսկ վերջում էլ արդեն անօգնական ու կամազուրկ դարձած այդ հոգիներին կարող են մինչև անգամ ինքնասպանության դուռը հասցնել: Այս բոլորի պատճառը այն է, որ տասնյակ տարիներ, ազգովի կտրված լինելով մեր ազգային արմատներից, ճշմարիտ հավատքից, ճշմարտության խոսքից՝ Աստվածաշնչից, կամա թե ակամա հաղորդակից ենք դարձել սատանայի մոլորեցուցիչ գործերին։ Եվ չունենալով տարրական հոգևոր կրթություն ու շփվելով ոգեղեն դիվական այդ ուժերի հետ` դրանք մանկամտորեն ընդունել ենք որպես աստվածային զորություն ու ընկել դևերի ճանկը։ Մեզանից շատերն անձամբ են շփվել, այսպես կոչված, «պայծառատեսների», «ոգեկանչների», «մոմ թափողների», «վախ չափողների», «թուղթ ու գիր կապող-քանդողների», «թալիսմաններով զորացնողների», «սուրճի բաժակի մրուրով գուշակողների», «խաղաթղթերով բախտ բացողների» և այլոց հետ։ Շատերը, այցելելով նրանց «աշխատավայր»` զարդարված զանազան սրբապատկերներով, մոմերով ու խաչերով, որ միամիտ այցելուների համար ստեղծում են բարեպաշտության կեղծ մթնոլորտ, պարզամտորեն հավատալով` խաբվել են: Իսկ ոմանք էլ, իրենց հոգեկան անխաղաղության պատճառով, դիմել են բազմաթիվ «էքստրասենսների», որոնք Աստծու անունը հոլովելով, որպես ստության որդիներ հենց նրա` սատանայի միջոցով էլ գործում են։ Բոլորիս համար պարզ է, որ եթե նրանց, այսպես կոչված, «բուժման» ընթացքում մի կատու տանենք, նրանք ոչինչ չեն կարող անել և ամիջապես կպահանջեն, որ կատուն հանեն սենյակից, որովհետև հայտնի է, որ կատուն բացասական էներգիա կլանող է:

Մի հոգևոր ախտ էլ կա տարածված. մարդկանց որդիներից շատերը, լինելով սնոտիապաշտ, որ կախարդության դուստրն է, իրենց անձնական մեքենաներում կամ, ավելի վատ, նորածինների օրորոցներում «աչքի ուլունքներ», ոմանք էլ տան շեմին կենդանիների պայտեր կամ դաշտային փշի խրձեր են կախում, մտածելով, որ դրանցով պաշտպանվում են չար աչքից: Ասենք միանգամից. դրանով դուք միայն սատանայի չարախինդ ծիծաղն եք հարուցում, քանզի նա ոչնչից չի վախենում, այլ միայն Հիսուս Քրիստոսի Ամենազոր Անունից, Նրա Զորավոր Խաչից, Սուրբ Տիրամոր ու բոլոր սրբերի բարեխոսությունից և այն ամենից, ինչ կապված է ճշմարիտ Աստծո հետ: Իսկ վերջին ժամանակներում, մեր հայազգի մտավորականների ու մշակութային ոլորտի ծառայողների մեջ, թերթերի, ռադիո-հեռուստատեսային հաղորդումների միջոցով չարորակ քաղցկեղի պես տարածվում է մոլորակների կամ երկնային կենդանակերպերի՝ համաստեղությունների միջոցով աստղագուշակության ախտը, որը կռապաշտության ամենատարածված երևույթներից է:

Մինչդեռ լուրջ մարդիկ, քննելով դրանց հետ կապված զանազան դիպվածները, իմաստնաբար հրաժարվել են այդ ախտից, քանի որ երջանիկ բախտ և հաջողություն խոստացված բազում մարդկանց հանկարծահաս ու աղետալի մահերը ապացույց են դարձել, որ այդ մոլորությունը միայն հիմարների համար է: «Աստղագետներից ոմանք պնդում են, թե մոլորակներից այս կամ մյուսի տակ ծնվողները բարի կամ չար են լինում, ըստ նրանց ազդեցության, որը սուտ է, քանի որ բազում անգամներ տեսնում ենք՝ մեկ աստղի տակ, նույն պահի ծնվածներից մեկը բարի է լինում, մյուսը՝ չար» (Եզն. Կողբացի, «Եղծ աղանդոց»): Վարդան Այգեկցին հստակ նշում է. «Դիվահարները փախչում են Եկեղեցուց, Խաչից, Ավետարանից, քահանայից, աղոթքից, պահքից, որն Աստված որպես դեղ հրամայեց մեր հոգու եւ մարմնի բազմաթիվ ախտերի դեմ»: Այսուհետև իմանանք, թե ով է մեր թշնամին, և թե ում ենք վստահում մեր անմահ հոգիները, քանի որ այդ մութ ուժերի հետ շփվելիս նախ խաթարվում են մեր հոգիները, հետո դրա հետևանքներն ենք կրում մարմնապես, ապա և՝ հավիտենապես։ Հովհաննեսի Հայտնության մեջ ասվում է. «Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտնություն 21;8): Աստծո գալիք դատապարտությունից փրկվելու համար, մնում է կամովին հրաժարվել սատանայի հետ կապող այդ բոլոր հնարքներից. այսինքն, գնալով եկեղեցի` քահանային զղջումով խոստովանել անգիտությամբ կատարած այդ մեղքերը` ապաշխարությամբ թողություն ստանալու համար: Իսկ եթե դեռևս կախարդության հետ կապված գրքեր, թալիսմաններ, աչքի ուլունքներ, պայտեր, փշեր, թուղթ ու գրեր կամ նման այլ բաներ կան տանդ, ապա առանց ափսոսալու, ինչպես հնում արեցին նորադարձ քրիստոնյաները՝ նախ քո, հետո դրանց վրա Տիրոջ Խաչի նշանը արա և, «Հայր մեր» աղոթքը ասելով, տար ու մի առանձին տեղ այրիր, որ հետքն իսկ չմնա: Այնուհետև զորացի՛ր Տիրոջ հուսադրող այս խոսքերով. «Քաջասիրտ եղե՛ք, Ես հաղթեցի աշխարհին»,- որովհետեւ. «Աստծո Որդին հայտնվեց, որպեսզի քանդի սատանայի գործերը» (Հովհ.16;33, Ա Հովհ. 3;8):


Մենք անհրաժեշտ համարեցինք մեր ընթերցողին վերստին ներկայացնել կախարդությունն իր դրսևորումներով, որպեսզի հեռու մնան մեռելոտի մեղքերից և ճշմարիտ Աստծո Խոսքը կատարեն:

Տեր Ահարոն քահանա Մելքումյան
Գորիսի տարածաշրջանի Հոգևոր Հովիվ

Դիտվել է՝ 6751

Մեկնաբանություններ