ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են խորհրդակցությունները միջուկային զենքը պատրաստ վիճակի բերելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ։ «ՆԱՏՕ-ի նպատակն այն է, որպեսզի աշխարհում չլինի միջուկային զենք, բայց քանի դեռ այն գոյություն ունի, մենք կմնանք միջուկային դաշինք, քանի որ աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, դա վտանգավոր աշխարհ է»,- նշել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Ես լռում եմ

Ես լռում եմ
31.03.2024 | 12:53

Հունական սարերում զնգում ու զրնգում էր ուղտերի քարավանը։ Դեղին անապատը իր տեղը զիջել էր կապույտ լեռներին, որի առյուծաբաշ բլուրները իններոդ ալիքի հանգույն բարձրանում, բարձրանում ու, ասես, իր ամեհի հորձանքով փլվում ու փլվելու էր գանձաշատ բեռների վրա։ Սակայն արհավիրքը մի այլ տեղից եկավ։

Թրով, սրով ու հրով զինյալ հրոսկախումբը ծառս եղավ ու աղմուկ աղաղակով, վայրենի սելավի պես իր տակն առավ քարավանը։ Կողոպտվում, թալանվում էր ամեն ինչ, ատլասն ու մետաքսը, ոսկին և արծաթը, բռնաբարվում փառահեղ կանայք, ջահել հարսներն ու դեռատի աղջիկները, ուստրերն և դուստրերը, քերվում ուղտերի սապատը, երկար ու ոլորուն բաշը զարդարող ամենաանշան նշմարն անգամ։ Առևտրականները խուճապահար էին և ահաբեկ։

Սև ամպն էր չոքել ողջ ունեցվածքի` գանձերի, տարիների մաքառումի և ջանքերի վրա։

Կորստյան փոթորիկը սրբում տանում էր ամեն ամենը` ողջ կյանքի արգասիքը։

Ահաբեկյալը ձեռք է մեկնում նույնիսկ հորձանքի փրփուրին, մինչդեռ այդտեղ ներկա էր ու իր աչքով այդ ամենը տեսնում էր մեծագույն իմաստունը` Լողմանը, ում բառն ու բանը Աստծո պարգև էր երկրային մահկանացուների համար։

- Մեծն Լողման,-առևտրականները դիմում են իմաստունին,-դու իսկ տեսնում ես ինչ է կատարվում մեր շուրջը, անպատվում և անարգվում է ամեն ինչ, մեր պատիվն ու արժանապատվությունը, կողոպտվում ու կեղեքվում են անհամար գանձեր, աղաչում ենք, պաղատում` խրատական խոսքով դիմեիք այս ավազակներին, թոկից փախած բաշիբոզուկներին, Ձեր խոսքը հարգված է և վերուստ ընդունված, միգուցե Ձեզ լսեն, ախր ափսոս է այս ամեն, ամենի կորուստը...

Մեծն Լողմանին պատասխանը վերուստ հայտնի էր։

- Ափսոսը միայն գանձերի կորուստը չէ և ոչ էլ մեր պատվի ու արժանապատվության անարգումը,-ասաց,- ափսոս կլինի նրանց իմաստուն խոսք ասելը...

Առակս զի՞նչ կուսուցանե...

Մեր քարավանը դեգերում է արնածուփ մայրամուտում:

Կործանումը հորիզոնից անդին է` այն աշխարհում։

Մեր մեծերը նման դեպքերում դեն են նետել թղթյա շերեփը, առավել ևս, գլխից ու մտքից դուրս շպրտել սև քնարը։ Ես ամենևին էլ Լողման չեմ, որ խրատական խոսք ասեմ, մանավանդ, որ դրա կարիքը ոչ ոք չունի։ Լողման չեմ, բայց միշտ էլ մարգարեական խոսքի կարիքը զգացել եմ։ Դրա համար էլ գրիչս վայր եմ դնում, բերանս փակում և ԼՌՈՒՄ։

Ով խոսալու ձև ունի` թող նա խոսա։

Թող խոսա ուժի լեզվով...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ