Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Չկա մի հարց, որ մենք չկարողանանք լուծել, եթե միասնական ենք»

«Չկա մի հարց, որ մենք չկարողանանք  լուծել, եթե միասնական ենք»
11.01.2013 | 00:32

Օրեր առաջ հնչեց 2012-ի վերջին «դասն» ավետող զանգը։ Ավարտվեց 2012-ը, որի թողած նստվածքը, մի կողմից, դառնաթախիծ է, մյուս կողմից` հուսալի նախադրյալ` դեպի առաջ և ապահով Հայաստան կառուցելու համար, որտեղ «հարցեր շատ կան, բայց կա հարց լուծողը, և հարց լուծողը մեր ժողովուրդն է` Հայաստանի տերն ու ժառանգը»։
Այսօրինակ հարցերի շուրջ «խոհերս տվեցի» ՀՀԿ-ական պատգամավոր ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ու նա չուշացրեց լավատեսական իր կարծիք-պատկերացումները նաև պատմության գիրկն անցնող տարվա մասին, և դա արեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից մի հատվածի հիշեցումով։

-«Չկա մի հարց, որ մենք չկարողանանք լուծել, եթե միասնական ենք։ Համազգային ջանքերի համադրման դեպքում հաջողությունը միշտ գալիս է։ Արագ թե դանդաղ, բայց գալիս է։ Աշխատենք` իրար օգնելով, իրար թև ու թիկունք լինելով, իրար հույս ու հավատ ներշնչելով։ Այսպես իրար հետ պիտի աշխատեն պատգամավորն ու քաղաքացին, մարզպետն ու քաղաքացին, ոստիկանն ու քաղաքացին, նախագահն ու քաղաքացին»։
-Պարոն Սարգսյան, Դուք հիմա այնպիսի մեջբերում արեցիք, որ առանձին-առանձին «խորանալու» և արդյունքները դիտարկելու դեպքում հնարավոր է երկարաշունչ բանավեճ, բայց... Ընտրելով կարճ ճանապարհը, Դուք ավելի լավ է մի բան ասեք` օրենսդիր ու գործադիր նույնպե՞ս միասնական են` ուս ուսի տված։
-Վերջնական արդյունքում` իհարկե։ Եթե փոխըմբռնում չեղավ, ոչինչ էլ չի լինի։ Միայն ընթացիկ տարվա հետ կապված բազում օրինակներ կարող եմ բերել։ Եվ առհասարակ, երկրի առաջընթացն իշխանությունների միակամության և հասարակական լայն աջակցության արդյունքով է պայմանավորված։ 2012 թ. մենք քիչ ձեռքբերումներ չենք ունեցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Սակայն, ինչպես կարևորեց ՀՀ նախագահը. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ գցած կոռուպցիան ու չարաշահումները»։ Իսկ որպես օրենսդիր, տարվա ձեռքբերումներից ես կառանձնացնեի բազմակուսակցական ԱԺ ունենալու փաստը, որտեղ ներկայացված են քաղաքական դաշտի ազդեցիկ ուժեր։ Ճիշտ է, նրանցից ամեն մեկն իր նկրտումներն ունի, բայց դա, վերջին հաշվով, նպաստում է նաև առողջ քննադատության և տարաձայնության արդյունքում ունենալու ընդունելի որոշումներ, օրենսդրական նախաձեռնություններ։
Նվազ կարևոր չէր բազմակողմանիորեն «քրքրված» (դրական իմաստով եմ ասում) 2013 թ. բյուջեի ընդունումը։ Լիահույս եմ, որ մեր կառավարությունն իր ստանձնած պարտավորությունները` թե՛ գումարների հավաքագրման, թե՛ ծախսային մասով, պատվախնդրությամբ կկատարի, մանավանդ որ ֆինանսական գլխավոր փաստաթուղթը սոցիալական ուղղվածություն ունի։
-Շատ չե՞նք շահարկում սոցիալական կոչվածը։ Եթե ոչ, ապա սոցիալական ոլորտում ինչպիսի՞ տեղաշարժեր կարող եք արձանագրել։
-Չէի ցանկանա թվերի լեզվով խոսել, որովհետև այդ մասին շատ է գրվել և ինքներդ բավականին տեղեկացված եք։ ՈՒստի գերադասում եմ հակադարձել. իսկ Դուք ի՞նչ եք կարծում. եթե բյուջեի զգալի մասն ուղղորդվում է սոցիալական հազար ու մի խնդիրների լուծմանը, ինչպե՞ս կարելի է դրական հետևանքներ չակնկալել։ Փորձեք հետադարձ հայացք գցել ու կտեսնեք, որ մեր տնտեսությունը կամաց-կամաց զարգանում է։ Տեսեք, 2012-ի տարվա համար կառավարությունը նախանշել էր 7 % աճ, ու հիմա դրա ականատեսն ենք։ Առաջընթացը, կարծում եմ, կպահպանվի նաև այս տարի, որքան էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը փորձեն հակառակն ապացուցել։ Նրանց հասկանալ կարելի է։ Առաջիկայում նախագահական ընտրություններն են։ Քաղաքական դիվիդենդներ հավաքելու ամենահեշտ տարբերակը ժողովրդահաճո, բայց և անհիմն քննադատությունն է, անիրատեսական խոստումները։ Կա՞ մեկը, որ չուզի, օրինակ, նվազագույն աշխատավարձի, թոշակների ու նպաստների կրկնակի բարձրացում։ Չկա՛ այդպիսին։ Ցանկությունների և իրական հնարավորությունների մասին, հիշում եք, սպառիչ բացատրություն ԱԺ-ում (և ոչ միայն) տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Մենք մեր ժողովրդին զերծ պետք է պահենք ցնցումներից և արտաքին ռիսկերից։ Սա լրջագույն խնդիր է, և անհրաժեշտ է անպայման հաշվի առնել այն մարտահրավերները, որ այսօր առկա են աշխարհում, և այն ռիսկերն ու վտանգները, որոնք կան տարածաշրջանում»։ Հետևությունը մեկն է` զերծ մնալ գայթակղությունից, սոցիալական ավելորդ ծուղակներից և քայլ առ քայլ իրականացնել արմատական բարեփոխումներ։
-Մինչև հիմա ես չեմ գտել ինձ մտահոգող մի հարցի պատասխանը. խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից, խմբակցություններից, անհատներից ու անկախ պատգամավորներից ստացվել էր 406 առաջարկություն, որոնցից ընդամենը 67-ը ներառվեց բյուջեում։ Կառավարության կատարած ընտրությունը, լրացումներն ու ֆինանսական տեղաշարժերը որքանո՞վ եք համարում արդարացի։
-Ամբողջովին, որովհետև 2013-ի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը լուրջ աչքով է վերանայվել։ Փոփոխությունների, ֆինանսական միջոցների հայթայթման ու դրանց տեղաբաշխվածության մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ձեր հարցադրումը կլիներ արդարացի, եթե Դուք կառավարության վերաբերմունքի ամբողջական հատվածը ներկայացնեիք, ասելով, որ 406 առաջարկությունից 207-ը ենթակա են օգտագործման եկող տարիների ընթացքում, այսինքն` միանշանակ մերժվել են 137-ը։ Փոփոխություն-լրացումները 67 կետով թող չթվա փոքր թիվ։
-Որքան տեղյակ եմ, խորհրդարանական տարվա ավարտին Դուք փոքր-ինչ նեղսրտելու առիթ եք ունեցել։
-Բոլորովին։ Եթե Ձեր ակնարկը վերաբերում է կրթական համակարգի հետ կապված իմ առաջարկին, ես դա ընդունում եմ որպես տարեվերջյան հումոր և բացում փակագծերը։ Դպրոցներից մեկի հիմնանորոգման հարց էի բարձրացրել։ Խնդիրը քննարկվել և տեղափոխվել է 2014 թ.` ինձ համար ընդունելի պատճառաբանությամբ` ֆինանսների սղություն։
-Մեր զրույցի սկզբում Դուք, կարծես թե, ԱԺ-ի քաղաքական գունագեղությունը դրական համարեցիք։ Իսկ գործունեության մասին ի՞նչ կասեք։
-Ընդդիմության պահվածքը համարում եմ նորմալ այնքանով, որքանով որ ընդդիմություն է։ Բազմակարծությունը վնասաբեր չէ, եթե այն բխում է երկրի ընդհանուր շահերից։ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում այսպիսի ձևակերպում կա. «Ով էլ լինի իշխանություն, նրա առաջ ծառանալու են նույն խնդիրները, որ Հայաստանի և հայության խնդիրներն են։ Ով էլ լինի իշխանություն, ունենալու է համաձայնության և հասարակական լայն աջակցության կարիքը` ավելի արդյունավետ գործելու համար»։
-Այժմ, երբ քաղաքական կրքերը հանդարտվել են, և ամեն ինչ իր տեղն է ընկել (նախագահական ընտրությունները չհաշված), ընդդիմադիր դաշտից առանձնացում կարո՞ղ եք անել։
-Դժվար թե, քանի որ այն խնդիրները, որով մտահոգ են եղել «Հանրապետականը», ՕԵԿ-ը, հուզել է նաև Հայ հեղափոխական դաշնակցությանը, «Բարգավաճ Հայաստանին», մեր երկու անկախ պատգամավորներին։ Այսինքն` մեր երկրի, ժողովրդի առաջ ծառացած պրոբլեմները, չլուծված հարցերը նկատելի են բոլորիս, մենք ապրում ենք կողք կողքի, իրականության մեջ։ Տարբերությունն այստեղ լուծման ճանապարհներն են, ժամանակացույցը և կուտակված խնդիրներն առաջնահերթության կարգով համակարգելու միտումը, ինչը և տանում է տարաձայնության։ Սա ևս նորմալ է, և յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է այն իրականացնել հեռանկարային ծրագրերի միջոցով։
-Խորհրդարանական 2012-ի սկզբին արձանագրեցինք երկու բոյկոտ։ Առաջինն ընդդիմությունը նախաձեռնեց, երկրորդը` իշխող կոալիցիան։ Դրանք համարժե՞ք էին իրար։
-Հարցը համարժեքության մեջ չէ, այլ օրինականության։ Այն, ինչի ականատեսը եղանք, ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական պահվածքի շրջանակներում։ Ընդդիմությունը, որ առաջին անգամ չի դիմում նման քայլի, իր գործողությունները համարում է օրինաչափ, իսկ քաղաքական մեծամասնության համարժեք քայլը թիրախավորում է, մոռանալով մի բան. պատգամավորն ինքն է որոշում, թե այս կամ այն հարցի առնչությամբ ինչպիսի վերաբերմունք ցուցաբերի` բարձրացնի՞ իր տեսակետը, թե՞ ոչ, քվեարկի՞, թե՞ չքվեարկի։
-Հիշեցի ՀՀԿ-ի արտահերթ համագումարի միաձայն քվեարկությունը, անցած 5 տարիների միօրինակ և ինքնաբավ վերլուծության գնահատությունները հատկապես մարզային պատվիրակությունների կողմից։ Մինչդեռ նախագահն ինքը խոստովանեց. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ, մենք կարողացել ենք... ձեզ հետ միասին զգալիորեն փոխել մեր երկիրը։ Բայց դա իսկապես քիչ է, շատ քիչ է»։
-Առհասարակ ինքնագոհության կողմնակից չեմ։ Եվ ինչքան էլ ասվի, թե մենք շատ խնդիրներ ենք հիմնովին լուծել, մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը, դեպի հայաստանցին, մեկ է, անելիքների բեռը դեռևս շա՜տ է ծանր։ Ոլորտներ ունենք, որտեղ մեր քայլերը երկչոտ են։ Օրինակ, ստվերի հետ կապված։ Այո, կան ռեզերվներ, որոնք, անշուշտ, կգործածվեն։ Բայց... Տեսեք, մաքսային, հարկային օրենսգրքերում փոփոխություններ կարդացինք։ Հիմա փորձում ենք մաքսիմալ նվազեցնել գործարար-հարկային տեսուչ, գործարար-մաքսավարող անմիջական շփումը և դարձյալ օրենսդրական ճանապարհով։
-Եվ դարձյալ կրիայի քայլերով։
-Համաձայն չեմ Ձեզ հետ։ Եթե նկատի ունեք «խիրուրգիական» մոտեցումը, ապա հարկադրված եմ հիշեցնելու, որ վիրահատական միջամտությունը միշտ էլ ցավոտ է լինում։ Եվրոպական շատ երկրների օրինակը մեզ օրինակ։
-Եվ վերջին հարցը։ Ի՞նչ կկամենայիք Ամանորի առիթով։
-Կցանկանայի բարեկեցություն, որ օրենսդիրներս ժողովրդաշահ օրենքներ շատ ընդունեինք, կառավարությունն իր առջև դրված խնդիրները պատվով կատարեր, ունենայինք նախագահական արդար և թափանցիկ ընտրություններ` հանուն ավելի լավ Հայաստանի։


Զրույցը` Վահե ՄԵԼԻՔՅԱՆԻ

Դիտվել է՝ 5637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ