Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փրկություն տանող ուղին մեկն է` հավատ առ Քրիստոս

Փրկություն տանող ուղին մեկն է`  հավատ առ Քրիստոս
29.10.2013 | 10:38

Սուրբ ծննդյան տոներից առաջ սովորաբար ընթերցվում-հիշատակվում է Հիսուս Քրիստոսի տոհմաբանությունը, թվարկվում են անցած բոլոր սերունդները։ Իսկ ի՞նչն է տարբերում այն մարդկանց, որոնց անունները հնչուն են բոլոր մյուսներից։ Հավա՛տը, որ գալու է Փրկիչը։ Այդ մեծ հավատն է, որը կապում է հիշատակված շղթան ոչ միայն արյունով, այլև հավատով։ Երբ հարությունից հետո Տերն իջավ դժոխք, բոլոր նրանք, որ սպասում էին Փրկչի խոստացած գալուստին, ցնծացին։ Տերը նրանց դուրս բերեց դժոխքից ու Իր այդ քայլով միավորեց երկու եկեղեցիները` հին ուխտի և նոր ուխտի։
Հավատը բարձրագույն առաքինություն է։ Բոլոր ժամանակներում ու բոլոր ժողովուրդները Աստծուն միանալու միայն մեկ հնարավորություն են ունեցել, որն է հավատը։ Ոչ թե այն փաստի գիտակցմամբ, որ Աստված կա, այլ Տիրոջ հետ ունեցած կենդանի կապի միջոցով։ Եթե մարդն Աստծուն ընդառաջ չի գնում, չի ուզում լսել այն, ինչ Տերն է ասում, նշանակում է` նա հավատ չունի։ Մինչդեռ մարդը որքան շատ է հավատում, որքան համոզված է տեսնում, թե Տերն ինչպես է գործում իր կյանքում, այնքան նա տոկուն է դառնում, ու նրա հոգում ավելի է հզորանում հավատը։ Եթե իրոք կամենում ենք, որ Տերը ծնվի մեր սրտում, հզորանա ու մեզ տանի դեպի Արքայություն, ապա ամեն ակնթարթ պետք է ապրենք հավատով ու անդադար պետք է ամրացնենք և հզորացնենք այն մեր հոգում։ Բայց ինչպե՞ս հասնել դրան։ Ես, օրինակ, ցրված եմ, աղոթել չիմացող մի մարդ, ոչ այնքան առաքինի, շա՜տ հեռու Աստծուց, ոչինչ չզգացող, ողջ կյանքում էլ կամ պառկած եմ եղել, կամ քնած։ Ինձ ինչ-որ մեղքերի համար խիղճս էլ առանձնապես չի տանջում։ Ես ինչպե՞ս կենդանացնեմ իմ հավատը։ Ինչպե՞ս դարձնեմ այն իսկական, այնպիսին, որ հոգումս իսկապես արթնանա երկյուղը Աստծո նկատմամբ։ Միայն պատվիրանները կատարելով։ Անհրաժեշտ է ուշադիր ընթերցել Աստվածաշունչը, ընկալել Աստծո պատվիրանները, պահպանել դրանք։ Հենց այդ ժամանակ էլ Տերը կմոտենա մեզ։ ՈՒ մեր սիրտն աստիճանաբար կարթնանա։ Իսկ ինչպե՞ս է կատարվում այդ արթնացումը։ Բերենք պարզ մի օրինակ. մարդը խեղդվել է, նրան հանում են ջրից։ Նա չի շնչում, սիրտը կանգնած է։ Նրան արհեստական շնչառություն են տալիս, ստիպում, որ թոքերն աշխատեն։ ՈՒ հենց կարողանում են շարժել, թոքերը սկսում են շնչել, աչքերը` կկոցվել և... մարդը կենդանանում է։ Այդպես էլ մենք։ Մեր հավատը շատ նվազ է, կենդանի հավատ չունենք։ ՈՒրեմն ինքներս մեզ պարտավոր ենք արհեստական շնչառություն տալ, որ են Աստծո պատվիրանները։ Պարտավոր ենք կյանքում իրագործել պատվիրանները, նույնիսկ չըմբռնելով դրանց օգուտը, չհասկանալով դրանց ողջ անհրաժեշտությունը։ Ասել է` պետք է գործել հակառակ կողմից։
Մեր կոշտացած հոգուն կկարողանանք շունչ տալ ու արթնացնել Աստծո պատվիրաններով միայն։ Եվ այն կսկսի շնչել, կենդանանալ։ Իսկ մենք աստիճանաբար կմոտենանք Քրիստոսին ու կամաց-կամաց կըմբռնենք, որ գոյություն ունի իսկական հավատ, որը սարեր է շարժում։ Հիշյալ ճանապարհը, որ շատ դժվար է, լի խոչընդոտներով, ահռելի արիություն է պահանջում, միակն է, ուրիշ արահետ չկա։ Փրկություն տանող ուղին մեկն է` հավատ առ Քրիստոս։

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 9893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ